HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Հրայր Թովմասյանի՝ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան

Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը հրավիրել էր իր առաջին մամուլի ասուլիսը, որի ընթացքում լրագրողները նրան խնդրեցին գնահատական տալ նաեւ Մարտի 1-ի իրադարձություններին: «Որպես մարդ` ես ցավում եմ, որ իմ երկրում նման դեպք պատահեց»,- ասաց Թովմասյանը` ընդգծելով, թե իբրեւ նախարար` փորձելու է այնպես անել, «որ այսուհետեւ մեզանում հետընտրական նման զարգացումներ չլինեն»:

Իսկ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն: Հարցի կապակցությամբ նախարար Թովմասյանը նախ նշեց, որ քաղբանտարկյալ հասկացությունը քաղաքական է. «Դա կար սովետական տարիներին, այսօր դա գոյություն չունի: Հետեւաբար, որպես իրավաբան` ասում եմ, որ նման հասկացություն մենք չունենք: Եվ կարիք չկա, որ նման հասկացություն սահմանվի. դա քաղաքական տերմինալոգիա է եւ քաղաքական գործիչների կողմից օգտագործվող»:

Այնուամենայնիվ, նորանշանակ նախարարի կարծիքով` Հայաստանում չկան այնպիսի անձինք, ովքեր դատապարտվել են իրենց քաղաքական հայացքների համար: Ավելին, մեր մամուլը նույնիսկ կավատության համար դատապարտվածին ներկայացնում է իբրեւ քաղբանտարկյալ:

Վաղը Երեւան կժամանի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգը, ինչի առնչությամբ լրագրողները Հրայր Թովմասյանին խնդրեցին պարզաբանել, թե իր ստանձնած պարտավորություններից որոնք Հայաստանը դեռ չի կատարել:

«Հանդիպում եմ ունենալու նաեւ Համարբերգի հետ, եւ, թերեւս, ինքը կամփոփի, թե պարտավորություններից որոնք չեն կատարվել: Եվ ես հարցադրումները կգնահատեմ այն տեսանկյունից, թե որոնք կարող էին կատարվել եւ թերացել են,- ասաց արդարադատության նախարարը:- Համեմատության համար ներող եղեք, բայց ամուսնությունից 3 ամիս հետո երեխա մի սպասեք, այլ եկեք հետեւենք` հղիությունը նորմա՞լ է ընթանում, թե՞ ոչ»:

Այս տեսակետից Թովմասյանը կարեւորում է այն հարցի դիտարկումը, թե արդյոք մենք ճի՞շտ ուղղությամբ ենք շարժվում, եւ ինչքանո՞վ են բավարար ձեռնարկվող քայլերը. «Ոչ ոք չի ասելու, որ այդ խնդիրները չկան: Ցանկացած ոլորտում ես ինքս այդ խնդիրները տեսնում եմ: Իսկապես այստեղ պետք է գնահատվի` կա՞ն մարդիկ, կա՞ քաղաքական իշխանություն, որը պատրաստ է քննարկել եւ ցանկություն ունի այդ խնդիրները լուծել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ կա այդ կամքը, կա այդ ուժը, եւ ինքներդ առաջիկայում կտեսնեք ու կհամոզվեք»:

«Ի՞նչ է, մեզանից 3 ամսում երեխա՞ են սպասում. պահանջներն այդքան անհնարի՞ն են»,- շարունակեցին լրագրողները: «Դուք ասացիք»,- եզրափակեց նորանշանակ նախարարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter