HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Խավարը հեշտ է թագավորել

Եթե հավատալու լինենք ավագանիների կայացրած որոշումների իսկությանը, համայնքային բյուջեները սոցիալական ուղղվածություն ունեն:

Իսկ եթե հավատալու լինենք այդ որոշումների տրամաբանությանը, համայնքապետարանների մեծ մասը հարկերը հավաքում է նույն բնակչությանն իբրեւ օգնություն բաժանելու համար: Համայնքապետերի բացատրությունն այն է, որ բնակիչները կարիքի մեջ են, եւ նման դեպքերում նրանց դրամական օժանդակություն է ցուցաբերվում:

Իհարկե, մեր ուսումնասիրությունները պարզեցին նաեւ, որ դրանք զանազան մարդկանց անուններով դուրս գրված գումարներ են: Սա մեկ կամ երկու համայնքապետարանի գործելաոճ չէ, առավել եւս մեկ մարզի խնդիր չէ: Այս տպավորությունը ստացել ենք հանրապետության 5 մարզերի (Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Արարատ, Կոտայք) ավելի քան 50 համայնքներում մեր կատարած ուսումնասիրության արդյունքում:

Սակայն, ամենացավալին այն է, որ ավագանին շատ հաճախ վավերացնում է մի որոշում, որի բովանդակության մասին տեղեկություն չունի: Տեղեկություն չունի, որովհետեւ իրականում ավագանու նիստ տեղի չի ունեցել, եւ նման հարց չի քննարկվել: Առավել մտահոգիչ է այն, որ համայնքներից ոչ մեկում չհանդիպեցինք ավագանու կայացրած մի որոշման, որտեղ օրակարգային թեկուզ մի հարցի վերաբերյալ այլ կարծիք արտահայտված լիներ:

Համայնքապետի բոլոր առաջարկներին ավագանու անդամներն անվերապահորեն կողմ են քվեարկել: Այս երեւույթը մի քանի բացատրություն կարող է ունենալ` բարձրացված հարցերից ավագանու անտեղյակությամբ, առաջնահերթ այլ հարց բարձրացնելու անկարողությամբ, կամ համայնքապետը դժգոհ չի թողնում ավագանուն: Թվարկվածներից որն էլ ամենահավանականը համարվի, հետեւությունը մեկն է` տեղական ինքնակառավարման մարմիններում (ՏԻՄ) միանձնյա կառավարում է իրականացվում, որի հետեւանքով էլ մարզերում զարգացում չի ապահովվում: 

Ստեղծված իրավիճակում միակ լուծումը կարող էր ՏԻՄ-երի գործունեության թափանցիկությունը լինել, որի շնորհիվ համայնքային բնակչությանը հնարավորություն կտրվեր մասնակից դառնալ տեղական նշանակության հարցերի լուծմանը, իրականացվելիք ծրագրերի առաջնահերթությունների որոշմանը, որից էլ կախված է նրանց կյանքի բարելավումը: Սակայն համայնքապետերը, ովքեր հարկեր չվճարած բնակչին հրաժարվում են տեղեկանք տրամադրել անգամ «Փարոս» համակարգում ընդգրկվելու համար, չեն ցանկանում հաշվետու լինել կամ իրենց գործունեության մասին իրազեկել այն հանրությանը, որի քվեն իրենք ստանում են, եւ որի տված հարկային գումարներով է վարձատրվում աշխատակազմը: 

Վերջին տարիներին հարկերի հավաքագրումը գյուղական համայնքներում նկատելիորեն ակտիվացել է: Համայնքների ղեկավարներն իրավական եւ ոչ իրավական բոլոր մեթոդները կիրառում են հարկերը հավաքագրելու համար, որովհետեւ կառավարությունում եւ մարզպետարաններում համայնքապետերի աշխատանքը գնահատելու չափանիշը հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելն է, իսկ թե որքանո՞վ նպատակային կծախսվեն հավաքագրված գումարները` կարեւոր չէ:

Երբ համայնքապետերին հարց ես ուղղում իրենց աշխատանքային խնդիրների մասին, մեծամասնությունը դժգոհում է ավագանու կրթական մակարդակից եւ հարկերի հավաքագրման դժվարություններից, որի համար հարկադրված են լինում հարկադրանքի մեթոդներ կիրառել: Մեր այն դիտողությանը, թե այդ ամենի փոխարեն կարելի է կիրառել ժողովրդավարական երկրներում գործող ամենապարզ տարբերակը` ապահովել թափանցիկ գործելակերպ, այն է` հաշվետու լինել հարկատու բնակչությանը, եւ աշխատանք տեսնելով` բնակիչներն ավելի շահագրգիռ կլինեն ու պարտավորված կզգան հարկերը վճարելու հարցում, նրանք հակադարձում են` մարդիկ հետաքրքրված չեն մեր աշխատանքով:

«Այս տարի հայտարարություն էինք փակցրել, եւ տարեկան բյուջեի քննարկմանը մի բնակիչ եկավ մասնակցեց իրենց շենքի կողմից եւ իրենց խնդիրները ներկայացրեց: Ինչ-որ տեղ հաճելի էր, որ հետաքրքրություն է առաջացրել բնակչի մոտ»,- Բյուրեղավանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պատմածը կարող է պատասխան լինել բոլոր այն համայնքապետերին, ովքեր պնդում են, թե բնակիչները հետաքրքրված չեն իրենց գործունեությամբ:

15 տարին քիչ ժամանակ չէ ՏԻՄ-երի կայացման ու զարգացման համար, եւ նրանցից ոմանք, շնորհիվ կառավարման հմտություներին շատ թե քիչ տիրապետող ղեկավարների, որոշակի առաջընթաց ապահովել են: Հաջողվում է հավաքագրել հարկերը, համայնքային բյուջեի միջոցներով բարեկարգման ծրագրեր են իրականացնում, մանկապարտեզ, մշակույթի տուն կառուցելու նախաձեռնություն են ցուցաբերում, աղբահանում, լուսավորություն են իրականացնում, գյուղտեխնիկա, մեքենա են ձեռք բերում եւ այլն: Անգամ համայնքապետարանի շենքն են վերանորոգում: 

Համայնքների մյուս մասը, որոնք դեռեւս չեն կարողանում հարկերի հավաքագրման բավարար մակարդակ ապահովել եւ ոչ մի ծառայություն չեն մատուցում բնակչությանը, եթե նկատի չունենանք սոցապծառայության համար տեղեկանքներ լրացնելը, նույնպես իրենց բյուջեին սոցիալական ուղղվածություն են հաղորդել: Ընդ որում` կարող են, օրինակ, 300 հազար դրամ հատկացնել համայնքային նշանակության որեւէ հարց լուծելուն, միաժամանակ իբրեւ օգնություն նույնքան գումար բաշխել 5 անձի միջեւ:

Այդպիսի «կառավարում» իրականացնող համայնքապետը դժգոհում է, որ գյուղում մանկապարտեզ, մշակույթի տուն կառուցելու համար պահանջված 10-15% ներդրումը չի կարողանում ապահովել, այդ պատճառով էլ հրաժարվում է առաջարկված ծրագրից: Եթե նրան հուշես, որ գումարը մասնավոր անձանց միջեւ բաժանելու փոխարեն կարելի է նպատակաուղղել զարգացման ծրագրերին, որը կարող է շահեկան լինել համայնքի ողջ բնակչության համար, կհետեւի պատասխանը` բնակչությունն աղքատ է, չի կարող մերժել դիմողին: Եթե իրականությունը սա է, ուրեմն անհասկանալի է, թե ինչու գոնե «Ընտանեկան նպաստի համակարգ»-ում ընդգրկվածներին կառավարությունը չի ազատում հողի հարկից: 

Համայնքային բյուջեն համալրելու կամ զարգացման որեւէ ծրագիր իրականացնելու համար հիմնական միջոց է համարվում հողերի աճուրդային վաճառքը կամ վարձակալության տալը: Համայնքապետերը, որպես կանոն, իրական աճուրդ չեն կազմակերպում, գնորդի հետ պայմանավորվում են իրեց ցանկալի գումարի շուրջ եւ ձեւական աճուրդ իրականացնում: Այդ ամենից համայնքային բյուջե չնչին գումարներ են մտնում, հետեւաբար, համայնքային զարգացման այն ծրագրերը, որոնք պետք է լուծվեին համայնքային գույքի կամ հողերի վաճառքից ստացված եկամուտներից, այդպես էլ իրականություն չեն դառնում: 

ՏԻՄ-երի գործունեության մասին լավագույնս պատկերացում են տալիս ավագանու կայացրած որոշումները: Համայնքներում բնակիչները պարբերաբար խմելաջրի, փտած խողովակների, աղբահանության, լուսավորության եւ այլ հարցեր են բարձրացնում եւ տարիներ շարունակ նույն պատասխանը ստանում` բյուջեում գումար չկա աշխատանքներ կատարելու համար: Բնակչության բարձրաձայնած այս դժգոհությունները, որ մշտապես արձանագրում են լրագրողները, տեղ չեն գտնում ավագանու նիստերի օրակարգում:

Նրանց հիմնական մասը նիստերի մասին արձանագրություններ է պատրաստում միայն այն պատճառով, որ օրենքը պարտավորեցնում է երկու ամիսը մեկ անգամ ավագանու նիստ գումարել: Քարտուղարը խնամքով լրացնում է արձանագրության մատյանը, իսկ ավագանու անդամներն ազատ ժամանակ են գտնում իրենց ստորագրությունը որոշումների տակ դնելու համար: Կան համայնքապետարաններ, որոնք այս մեթոդով անգամ տարեկան բյուջե են հաստատում: 

Ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ համայնքապետերի համար պարտադիր են դառնում այն միջոցառումները կամ փաստաթղթերի ընդունումը, որը նրանց պարտադրվում է վերեւից` տարածքային կառավարման նախարարության կամ մարզպետի հրամանն է: Նկատելի էր, որ ավագանու կանոնակարգ ընդունելու մասին նախարարության որոշումը կատարելու համար համայնքապետարանները նույնիսկ արտահերթ նիստ էին գումարել: Սակայն ոչ մի համայնքում չհանդիպեցինք մի դեպքի, որ համայնքային նշանակության մի կարեւոր հարց լուծելու համար արտահերթ նիստ հրավիրվեր եւ քննարկման արդյունքում գրություն ուղարկվեր այն հիմնարկին, որից ակնկալվում էր հարցի լուծումը: Ինչպես, օրինակ, խմելաջրի կամ ոռոգման ջրի բարելավման հարցն է, որը խնդիր է համայնքների հիմնական մասի համար:

Ակնհայտ է, որ կառավարում ասվածը համայնքապետերի գերակշիռ մասը չի պատկերացնում, ինչի հետեւանքով էլ բյուջեի հիմնական միջոցներն ուղղում է կաշառքներին, իր սպասարկման ծախսերին` բենզին, հեռախոսավարձ եւ այլն: Արդյունքում ստացվում է, որ աղքատության տոկոսով գերակշռող մարզային բնակչությունն իր չունեցած եկամուտներից մասհանում է անում միայն համայնքապետերի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:

Այլ կերպ չես բացատրի, քանի որ նույն համայնքը մի քանի տարի շարունակ տուգանվում է չնախատեսված տեղերում աղբը կուտակելու, խմելաջրի մաքրության սահմանված նորմերը չպահպանելու եւ այլ բացթողումների համար, սակայն միջոցներ չի ձեռնարկում` հարցին լուծում տալու: Պատճառներից մեկը նրանց սրտացավ չլինելն է, որովհետեւ տուգանքներն ու կաշառքները ոչ թե սեփական գրպանից, այլ համայնքային բյուջեից են տրվում:

Համայնքապետարաններից յուրաքանչյուրի գործունեության մասին պատկերացում կարելի է կազմել անգամ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տպագրված հայտարարություններից: Կան համայնքներ, որոնց հայտարարությունները միայն համայնքային ունեցվածքը` հող, գույք եւ այլն, օտարելու մասին է: Մեկ ուրիշը դրա կողքին գնահարցում է կատարում, օրինակ, լուսավորություն, շինարարություն իրականացնելու վերաբերյալ: Այսինքն` նա համայնքային գույքի օտարումից մուտք եղած գումարը նպատակաուղղում է համայնքի համար մեկ այլ ծրագիր իրականացնելուն: 

Տեղական բյուջեների նախագծերի քննարկումները կարեւորվում են այն իմաստով, որ բնակչությունը տեղյակ լինի ե՛ւ իրեն պատկանող գույքն օտարելու անհրաժեշտության մասին, ե՛ւ պլանավորված տարեկան միջոցառումներին, ե՛ւ այն գերակայություններին ու ծրագրերին, որ պետք է իրականացնի տվյալ համայնքապետարանը:

Հանրության իրազեկվածությունը թույլ կտա ճշտելու համայնքապետարանի գործողությունների առաջնահերթությունները, պարզելու, թե ինչու՞ են մանկապարտեզները միայն տարվա կեսը գործում, ինչու՞ մշակույթի տան հետ կապված բարեկարգման որեւէ աշխատանք չի կատարվում, խմբակներ չեն գործում, ինչու՞ տասնամյակներ շարունակ չվերանորոգված գրադարանները գոնե նոր գրականությամբ չեն համալրվում, աղբահանում չի իրականացվում, լուսավորություն չկա եւ այլն: 

Համայնքները հիմնականում չունեն ոչ մի փաստաթուղթ` սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագիր, ֆինանսական կառավարման ռազմավարություն, համայնքի կարիքների վերլուծություն եւ գնահատում, որից պարզ դառնա, թե ինչպիսի համայնք է ձգտում ունենալ տվյալ ղեկավարը: Նույնիսկ նրանք, ովքեր ունեն, ձեւական բնույթ է կրում, քանի որ դրանք երբեք չեն կիրառվել բյուջեի մուտքերն ավելացնելու համար:

Չցանկանալով ընկալել այն պարզ ճշմարտությունը, որ չկա իրավունք առանց պարտականության, համայնքապետերը շարունակում են տարակուսել, թե ինչու՞ պետք է հաշվետու լինեն այն բնակչությանը, որից հարկեր են պահանջում: Եվ հակադարձում են, թե դրանից անպարտաճանաչ հարկատուների պատասխանատվությունը չի բարձրանա: 

Անարդյունավետ ծախսումները եւ կոռուպցիան կանխելու լավագույն միջոցը տեղեկատվության հրապարակայնությունն է: Ավագանու խորհրդի չգործելու դեպքում միակ վերահսկողը բնակչությունն է: Որպեսզի վերջինս համոզվի, որ չաշխատողն իր ընտրած համայնքապետն ու ավագանին չեն, այլ ավելի բարձր օղակում է անտեսվում համայնքային բնակչության բարձրացրած հարցը, պետք է ծանոթ լինի իր ընտրած տեղական խորհրդի` ավագանու գործունեությանը:

Այս առումով զարմանալի է նաեւ Հայաստանի կառավարության դիրքորոշումը, որը թափանցիկ կառավարում ասելով միայն կառավարության նիստերի հրապարակայնությունն է պատկերացնում: Կառավարության անդամներն ու նախարարներն անմատչելի են մարզային բնակչության համար: Համայնքային բնակչությանը հետաքրքրում են անմիջականորեն իր կյանքին ու կենցաղին վերաբերող խնդիրները, որոնց լուծումը պետք է տա տեղական ինքնակառավարման մարմինը: Մարզային բնակչությունը հիմնականում առնչվում է համայնքապետարանների, կադաստրի, նոտարի, ՔԿԱԳ ծառայությունների, անձնագրային վարչությունների հետ, որտեղ ոչ միայն տեղեկատվություն չկա մատուցվող ծառայությունների սակագների մասին, այլեւ ծառայությունների մատուցման կուլտուրա չկա:

Ինչ-ինչ, բայց նրանք լավ գիտեն, որ թաքցված ինֆորմացիան ինքնին փող է: «Միայն մեզնով ոչինչ չի փոխվի, մինչեւ այդ ծառայությունները կանոնավոր չգործեն, այս երկրում դրական ոչինչ չի կարող լինել»,- ավագանու որշումները հրապարակելու մեր առաջարկին ի պատասխան` ասում է համայնքապետերից մեկը եւ ավելացնում, որ, օրինակ, նոտարների չկանոնակարգված վճարների պատճառով գյուղացիները չեն ցանկանում հողեր վարձակալել: Մեկ տարով հողը վարձակալելու համար համայնքային բյուջե է մուծվում 15-20 հազար դրամ, նույնքան էլ պետք է վճարի նոտարին` պայմանագիրը վավերացնելու համար: Գյուղացին նախընտրում է չվարձակալել հողը, քանի որ երաշխավորված չէ, որ նրանից ստացված եկամուտները կարդարացնեն իր ծախսն ու չարչարանքը:

Վերջին շրջանում միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ որոշ ՀԿ-ներ մարզային համայնքների գործունեությունը թափանցիկ դարձնելու ծրագրեր են իրականացնում, որը լրացնում կամ նպաստում է մեր նախաձեռնած աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելուն: Մասնավորապես, ՀԿ-ներից երկուսը ստենդներ են տեղադրել մարզերի քաղաքային համայնքներում, որոցից շատերն ընդգրկված են մեր ծրագրում: Դրանով պետք է որ վերանան համայնքապետերի այն պատճառաբանությունները, որ համայնքային բյուջեները հնարավորություն չեն տալիս միջոցներ հատկացնել ստենդներ պատվիրելու համար, այդ իսկ պատճառով իրենք չեն կարող իրականացնել օրենսդրության պահանջը, ըստ որի` տեղեկատվական ստենդները համայնքներում պետք է տեղադրվեն 300 բնակչի հաշվով: 

Իհարկե, համայնքապետարանների գործունեությունը թափանցիկ դարձնելուն խոչընդոտողը տեղեկատվական ստենդների բացակայությունը չէ, քանի որ քաղաքակրթության հետ քիչ թե շատ առնչություն ունեցող համայնքապետերն իրենց գործունեության որոշակի թափանցիկություն ապահովում են` երբեմն ավագանու որոշումները, աճուրդների մասին հայտարարությունները համայնքապետարանների պատին փակցնելով, տարվա բյուջետային ծրագրում ընդգրկվող հարցերը համայնքային ժողովում քննարկելով, բյուջեի հաշվետվություններին կամ բյուջեի նախագծի քննարկումներին համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցներին մասնակից դարձնելով: Սակայն, սրանք մասնավոր դեպքեր են: 

Մարզային բնակչության առնվազն 95%-ն անտեղյակ է ՏԻՄ ոլորտի օրենսդրությանը, իր իրավունքներին, որից էլ օգտվում են համայնքապետերը եւ ջանում ամեն ինչ անել նրանց խավարում պահելու համար, որովհետեւ խավարը հեշտ է թագավորել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter