HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Մովսես Հակոբյան. « Մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը»

Հարցազրույց ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ

- Պարոն Հակոբյան, նախ` շնորհավորում եմ Շուշիի ազատագրման տոնի առթիվ, եւ եկեք զրույցը սկսենք հենց այդ իրադարձությունից: Ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը Ղարաբաղի համար:

- Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ղարաբաղի համար Շուշիի ազատագրման նշանակությունը կարելի է դիտարկել մի քանի տեսանկյունից: Որպես հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավար` ես դրանցից կառանձնացնեի միայն երկուսը: Նախ` Շուշիում տարած հաղթանակը հայ մարդու մեջ վերականգնեց հավատը սեփական ուժերի հանդեպ եւ նրան մղեց ապավինելու մեկ ճշմարտության, այն է` ցանկանու՞մ ես օգտվել այլոց հարգանքից ու պատկառանքից, տիրապետիր ինքդ քեզ պաշտպանելու եւ անհրաժեշտության դեպքում թշնամուդ սանձելու արվեստին: Երկրորդ` Շուշիի ազատագրման օպերացիան ցույց տվեց, որ հաջողությունն անխուսափելի է, եթե ունես ղեկավարվող ուժ, ասել է թե` բանակ` իր բոլոր կառույցներով հանդերձ: Ահա այն երկու կարեւոր դասերը, որ հայը սերտեց 1992-ի մայիսի 9-ին եւ արդյունքում կերտեց իր հետագա փայլուն հաղթանակները...

- Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է: Դա չի՞ խախտում, արդյոք, ուժերի հարաբերակցությունը: Ի՞նչ քայլեր են արվում հավասարակշռությունը պահպանելու համար:


- Վերջին շրջանում բազմիցս առիթ եմ ունեցել պատասխանելու այդ հարցին ու, պետք է ասեմ, որ, իրոք, Ադրբեջանի կողմից ռազմական բյուջեի տարեցտարի ավելացումը մտահոգիչ է: Այդ հանգամանքը մեկ անգամ եւս փաստում է Բաքվի ագրեսիվ մտադրության մասին: Սակայն ասվածին ավելացնեմ նաեւ, որ յուրաքանչյուր ռազմական բյուջեի կատարողականի վերջնական գնահատականը տալիս է մարտադաշտը: Ի դեպ, ոչ հեռավոր պատերազմական տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեն քանիցս գերազանցում էր մեր ռազմական ծախսերին, բայց ինչպես հայտնի է, Բաքվին այն որեւէ հաջողություն չբերեց: Չեմ կարծում, որ միայն ռազմական ծախսերի ավելացմամբ կարելի է հասնել առավելության կամ ուժերի հարաբերակցության խախտման: Հաջողության են հասնում ոչ այնքան ռազմական բյուջեի մեծացման, որքան ունեցած միջոցները նպատակային եւ արդյունավետ օգտագործելով: Իսկ դա, հավաստիացնում եմ, մեզ հաջողվում է: Հակառակ դեպքում, դժվար թե 14 տարի շարունակ Ադրբեջանը հանդուրժեր հրադադարի ռեժիմը:

- Վերջերս ամերիկահայ վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն իր մի հոդվածում ասաց, որ Ադրբեջանի բանակի պատրաստվածությունն ավելի ցածր է, քան ռազմական ծախսերը: Դուք համաձա՞յն եք այս գնահատականի հետ: 


- Եթե ես չլինեի բանակի հրամանատար, բայց ադրբեջանական զինուժի մասին ունենայի այն բոլոր տեղեկությունները, որոնք հիմա իմ ձեռքի տակ կան, գուցեեւ համաձայնեի պարոն Կիրակոսյանի հետ: Բայց պետության մեջ իմ գրաված պատասխանատու դիրքը ստիպում է մեր հավանական հակառակորդի հնարավորությունները գնահատել ավելի բարձր, քան նա ունի: Թերագնահատել հակառակորդին, նշանակում է` սխալվել: Իսկ մենք սխալվելու իրավունք չունենք:

- Տարբեր հետազոտությունների արդյունքներով` Հարավային Կովկասի տարածաշրջանն ամենառազմականացվածն է Եվրասիայում: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ: Եվ առհասարակ, սպառազինության մրցավազքն այսօր սպառնալի՞ք է, թե՞ անվտանգության երաշխիք:


- Իհարկե, քանի որ մեր տարածաշրջանում դեռեւս առկա են մի շարք չլուծված հակամարտություններ, ուստի սպառազինության մրցավազքն անխուսափելի է: Մենք ստիպված ենք գործընթացն ընդունել եւ՛ որպես սպառնալիք, եւ՛ անվտանգության երաշխիք... Դա է այսօրվա վիճակը, եւ մենք պարտավոր ենք մեր բոլոր հաշվարկները կատարել հենց այդ վիճակից ելնելով: 

- Ղարաբաղի բանակը համարվում էր Անդրկովկասում ամենամարտունակը: Այսօր այն շարունակու՞մ է մնալ այդպիսին: 


- Ես չէ, որ պիտի խոսեմ այդ մասին... Մենք ունենք վերադաս, ով պարբերաբար հետեւում եւ գնահատում է մեր կատարածը: Բայց այն, որ տարիներ շարունակ, առանց որեւէ երրորդ ուժի միջամտության, մեր բանակը կարողանում է հակամարտության գոտում պահպանել հրադադարի ռեժիմը եւ ապահովել ժողովրդի անվտանգ կենսագործունեությունը, անհերքելի իրողություն է եւ խոսում է մեր բանակի բարձր մարտունակության մասին: Իսկ առիթից-առիթ բանակին հասցեագրված գերազանց գնահատականները մեզ ոչ այնքան հրապուրում, որքան պարտավորեցնում են: Ինչ վերաբերում է տարածաշրջանի բանակների հետ համեմատությանը, ապա, ինչպես միշտ, այդ մասին կցանկանայի լսել ուրիշներից:

- Ռուսաստանի բարձրագույն ռազմական հաստատություններում Ղարաբաղյան պատերազմի փորձը դարձել է ուսուցման դասընթաց: Ի՞նչ առանձնահատկություն ունի այդ պատերազմը, որն այն դարձրել է ռուսական ռազմագիտության նյութ: 

- Ընդհանրապես, բարձրակարգ ռազմագիտություն ստեղծելու համար պատերազմների թողած դասերի ուսումնասիրությունն անհրաժեշտություն է: Պատահական չէ, որ դեռեւս 2007 թ. մեր հանրապետության զինված ուժերում հայտարարվեց «Բանակային փորձի վերագնահատման եւ լավագույն ավանդույթների արժեւորման տարի», որի ընթացքում գլխավոր շեշտը դրվեց արցախյան ազատամարտում մշակված եւ կյանքի կոչված այնպիսի ռազմագործողությունների վրա, որոնք իրենց ինքնատիպությամբ եւ իրականացման առանձնահատկություններով կարող են գրավել դասական ռազմարվեստով քիչ թե շատ զբաղվող ցանկացած մասնագետի: Մասնավորապես հետաքրքրական է փոքր ստորաբաժանումների կիրառման հանգամանքը, դրանց արագ տեղաշարժը ռազմաճակատից ռազմաճակատ, մարտական գործողություններին զուգընթաց բանակային կառույցների ստեղծման առանձնահատկությունները եւ այլն: Իհարկե, սրանք սոսկ նեղ մասնագիտական հարցեր են, որոնց ուսումնասիրությունն ու տարածումը ժամանակ է պահանջում: Համոզված եմ, որ մեր պատերազմի փորձը մոտ ապագայում դեռ շատերի համար կլինի ուսուցման նյութ:

- Ինչպե՞ս եք գնահատում բանակցային գործընթացը:

- Համոզված եմ, որ ԵԱՀԿ շրջանակում իրականացվող բանակցային գործընթացը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ ճանապարհն է:

- Հնարավոր համարու՞մ եք Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսումը, թե՞ ադրբեջանական կողմի հայտարարություններն այդ մասին նախընտրական քարոզչություն է: 

- Անկախ նրանից, թե պատերազմի վերսկսման հետ կապված ինչ հայտարարություններ են անում Ադրբեջանի պաշտոնյաները, եւ ինչ նպատակ են հետապնդում դրանք, մեր զորամասերը մշտապես գտնվում են պահանջվող մարտական պատրաստականության վիճակում եւ անհրաժեշտության դեպքում լիարժեք կատարելու են իրենց առջեւ դրված ցանկացած մարտական խնդիր: Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսման հավանականությանը, ապա ես ի պաշտոնե պարտավոր եմ դրան սպասել նաեւ հենց հիմա` ձեզ հետ զրուցելու պահին...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter