HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Արմեն Մովսիսյանը խոստացել է Գայի բնակիչներին

Քիչ առաջ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից դուրս եկան Գայ գյուղի բնակիչները և ասացին, որ նախարարն իրենց խոստացել է ստեղծել հանձնաժողով, որի ներկայացուցիչները վաղը կգնան Գայ գյուղ և տեղում կստուգեն խնդիրը: Կպարզեն, թե ինչպես է ստացվել, որ գյուղացիների հաշիվներին այդպիսի պարտքեր են կուտակվել:

Գյուղացիները գոհ էին, որ նախարարության ներկայացուցիչներն իրենք են կանչելու էլեկտրիկներին, վերջինների հետ պարզելու, թե ինչպես են պարտքեր կուտակվել և հարկ եղած դեպքում պատժելու: Գյուղացիներն ասում էին, որ այդկերպ իրենք կխուսափեն էլենտրիկների վրա «գործ տալուց»:

Նախարարության մոտ սպասող գյուղացիներից ոմանք դժգոհ էին նախարարի հետ հանդիպման արդյունքներից: Նրանք զարմացել էին, թե կարիք կա հանձնաժողովի միջոցով ստուգել խնդիրը, եթե այդ պարտքերը «պարզապես գրել են»: Նրանք կարծում են, որ պարզապես պետք է գտնել մեղավորներին, քանի որ այս ամենը ֆարս է, և հավելում, թե այդ ինչպե՞ս ատացվեց, որ իրենց հոսանքն անջատում են 100 դրամ պարտքի պատճառով, իսկ այժմ, երբ, ըստ «Հայաստանի էլեկտրական ցանցերի», հարյուր հազարավոր դրամի պարտքեր են կուտակել, իրենց հոսանքը չեն անջատում:

«Մենք պիտի ասենք, որ մինչև էսօր մենք պարտք չունենք, էդ պարտքերը իրանք սարքել են մեր գլխին, վերջ: 10 տարի ա, հորեղբորս տղեն չի ապրել, 35 հազար պարտք որտեղի՞ց: Նույնիսկ ես մարդ գիտեմ, որ կարող ա օրը մի 52 կվտ լույս չի վառել, բայց էսօր իրա վրա 50 հազար գրած ա: Դրա համար ես զարմանում, որ ընդհանրապես չի վառում լույս: Էլեկտրացանցը էդ գումարը կերել ա, հիմա ժողովրդի հաշվից ուզում ա դուրս գրի էդ փողը»,- ասում էին գյուղացիները:

Նախարարության շենքից դուրս եկավ մի պաշտոնյա, ով գյուղացիներին ասաց. «Հանձնաժողով կստեղծվի, և էդ հանձնաժողովը բոլորի հարցերը կնայի հատ-հատ: Ով հարց կունենա, կմոտենա հանձնաժողովին, բոլորի հարցերը կնայի: Վերջ, հարցը լուծման սկիզբը էս ա: Գնացեք հանգիստ տները, ընթացքը կգնա»: Պաշտոնյան, առանց պատճառաբանելու, «Հետքին» մերժեց ներկայանալ, սակայն գյուղացիներն ասացին, որ նրա ազգանունը Եփրեմյան է:

Նա նաև հրաժարվեց մեկնաբանել, թե ինչպես է ստացվել, որ 70 դրամ պարտքի դիմաց գյուղացիների հոսանքն անջատել են, իսկ 100 հազար դրամ պարտքի դիմաց` ոչ: «Եթե ես ինձ թույլ տամ հիմա որևէ բան ասել, կնշանակի` ես առաջ եմ ընկնում մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներից»,- ասաց պրն Եփրեմյանը:

Գյուղացիներն ասացին, որ եթե իրենց հարցը չլուծվի, ապա իրենք կշարունակեն գալ նախարարության մոտ և բողոքի ակցիաներ անել արդեն հազար հոգով: Այսօր ակցիայի մասնակիցները քիչ էին, քանի որ գյուղում երկու թաղում կա: Գայի բնակիչներն ասացին, որ գյուղը 4-5000 բնակիչ ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter