HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետական ռեկե՞տ. ինչո՞ւ են գեղանկարները սեփականատիրոջից խլում

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանը ժամանակին եղել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյանի հարեւանը ու վերջինիս հետ ունեցել ջերմ, ընկերական հարաբերություններ: 

Արար I

2009 թ. մայիսին նա գիտնականին հայտնել է, որ նկարիչ Խաչատուր Եսայանի 100-ամյակի առթիվ պատկերասրահը կազմակերպելու է ցուցահանդես ու խնդրել է, որպեսզի Ստեփան Սահակյանն իր անձնական հավաքածուում գտնվող Եսայանի գործերը ներկայացնի ցուցադրության: Նույն խնդրանքով Ս. Սահակյանին դիմել է նաեւ նկարիչ Խաչատուր Եսայանի հոգեզավակը՝ Աստղիկ Մամբրեյանը: Պրոֆեսորը չի մերժել եւ մայիսի 29-ին Եսայանի հեղինակած 7 նկար ստացականով հանձնել է պատկերասրահին:

«Ցուցադրության օրերին՝ գնալ-գալու ընթացքում, Փարավոն Միրզոյանը խոսակցություն բացեց, որ գործերից երկուսը վաճառեմ՝ լավ գին տվող կա: Ես ուշադրություն չդարձրի եւ ասացի՝ ոչ»,- հիշում է Ստեփան Սահակյանը: «Դա արդեն անամոթություն է. նման բան տեղի չի ունեցել»,- հակադարձում է Փարավոն Միրզոյանը:

«Ցուցահանդեսից հետո հայրս գնաց նկարները բերելու, սակայն պատկերասրահի տնօրենը տարբեր պատճառաբանություններ է բերել ու ամեն անգամ ասել՝ հետո կգաս,- պատմում է Ստեփան Սահակյանի դուստրը՝ Սիրանուշը,- ի վերջո, հասավ այն պահը, որ ծնողներիս հետ գնացինք պատկերասրահ եւ վճռականորեն ասացինք՝ վերջ, խնդրում ենք մեր նկարները վերադարձրեք, մինչեւ չտաք, ոչ մի տեղ չենք գնա»:

Կողմերի միջեւ ծագած վիճաբանության արդյունքում «դեպքի վայր» են ժամանել մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը եւ ոստիկանության ԿՀԴՊԳՎ (6-րդ վարչություն) մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցներ Գ. Ազիզյանը եւ Հայկ Գալստյանը (մականունը՝ Պիկասո):

«Նրանք ասում էին, որ գեղանկարներից երկուսը (որոնք հայրիկիս առաջարկել էին վաճառել) գողացված է: Նույնիսկ սպառնում էին, թե կարող ենք ենթարկվել պատասխանատվության ու մի բան էլ պետք է գոհ լինենք, որ միայն նկարներն են վերցնում,- պատմում է Սիրանուշը:- Սկզբում կանչեցին Նորա Դայանին ու նրա հետ սկսեցին համոզել, որ այդ երկու նկարից հրաժարվենք: Տեսան՝ չի ստացվում, Նորա Դայանը զանգեց 6-րդ վարչություն՝ Հայկ Գալստյանին, եւ ասաց՝ Ֆիզիկայի ինստիտուտից գողացված գործեր ենք հայտնաբերել, արի»:

«Դրանք արդեն իրենց կողմից հավելումներ են. ոչ ոք Ֆիզիկայի ինստիտուտի անուն չի տվել ու ոչ մի սպառնալիք չի եղել: Իսկ այն, որ այդ նկարները գողացված են, փաստ է»,- ասում է Ազգային պատկերասրահի գլխավոր ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը: Նա մանրամասնում է, որ հենց առաջին օրը, երբ ստացականով ընդունել է նկարները, դրանցից երկուսի հետեւի մասում նկատել է պետական հաշվառանիշեր:

«Ստեփան Սահակյանին ասացի՝ սրանք պետական սեփականություն են, պետական հավաքածուի նկարներ, ի՞նչ գործ ունեն Ձեզ մոտ: Ասաց՝ իսկ ինչո՞ւ չեն կարող ինձ մոտ լինել: Մտածեցի՝ երեւի ինքը կամ չհասկացավ՝ ինչ եմ ես ասում, կամ չուզեց հասկանալ,- պատմում է ֆոնդապահը եւ նշում, որ այդ պահին իր աշխատասենյակում եղել են երեքով՝ ինքը, Աստղիկ Մամբրեյանը եւ Ստեփան Սահակյանը,- Մամբրեյանն էլ տեղից վեր թռավ եւ ասաց՝ ոչ, ոչ, ոչ, այդ նկարները մասնակցել են ցուցահանդեսների, եւ հետեւի գրառումները ոչ թե գույքահամարներ են, այլ ցուցահանդեսին մասնակցած տարեթվեր»:

Թե Սահակյանը եւ թե Մամբրեյանը վստահեցնում են, որ նման խոսակցություն առհասարակ չի եղել: «Եթե Վեհանուշն այդպիսի բան ասեր, Ստեփանը նկարները ցուցադրության չէր տա. նույն պահին կվերցներ եւ կգնար»,- ասում է Աստղիկ Մամբրեյանը եւ շեշտում, որ եթե իրականում հիշյալ նկարները երբեւէ ինչ-որ տեղից գողանային, իրեն՝ որպես Խաչատուր Եսայանի դստեր, անպայման կտեղեկացնեին:

Վերոնշյալ կոնֆլիկտի օրը՝ 2009 թ. հուլիսի 14-ին, հենց պատկերասրահում մայոր Գ. Ազիզյանը կազմել է արձանագրություն՝ Խաչատուր Եսայանի վրձնին պատկանող «Առավոտը Սեւանում» (1956 թ.) եւ «Սեպտեմբեր» (1960 թ.) «գեղանկարները ներկայացնելու եւ վերցնելու մասին»: Այս նկարների առնչությամբ քրեական գործ հարուցվել է դրանից 3 ամիս անց, հետեւաբար՝ ոստիկանի կազմած արձանագրությունն ու «նկարները վերցնելն» ուղղակի ապօրինություն է: Սիրանուշ Սահակյանն այդ մասին բացմիցս բարձրաձայնել է, սակայն որեւէ բան այդպես էլ չի փոխվել:

Եսայանի մյուս 5 գործերը վերադարձվել են Սահակյաններին, իսկ երկուսի մասով պատկերասրահը կրկին տվել է ստացական: Առաջին ստացականում հստակ նշվել է, որ 7 գործերը վերցվում են դրանց սեփականատեր Ս. Սահակյանից: Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նշվել սեփականատեր բառը, եթե Վեհանուշ Փունարջյանն արդեն նկատել էր նկարների դարձերեսի պետական հաշվառանիշերը եւ պարզել, որ դրանց սեփականատերը պետությունն է: Կամ ինչո՞ւ առաջին ստացականում գեղանկարների չափսերի հետ միասին առկա չէ նաեւ հաշվառանիշերի գրառումը («Սեպտեմբեր» (ՖՈՒ-3018), «Առավոտը Սեւանում» (ԱՎՖ-2483) 1956 թ.), ճիշտ այնպես, ինչպես դա արվել է երկրորդ ստացականում:

Հետագայում հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված փորձաքննությունը գեղանկարների դարձերեսին առկա գրառումների վաղեմությունը չի կարողացել պարզել: Իսկ Խաչատուր Եսայանի հոգեզավակը քննչական մարմնին ուղղված հայտարարությունում բառացիորեն գրել է. «...Կտավների շրջերեսի նշումները հայտնաբերել են ցուցահանդեսի փակումից մի քանի օր հետո: Անհավանական է, որ մինչեւ ցուցահանդեսի փակումը նշումների առկայությունը վրիպեր արհեստավարժ ու փորձառու ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանի աչքից: Հետեւաբար, կատարվել է չարագործություն: Ինչ-որ մեկի կողմից անհայտ հանգամանքներում կտավների շրջերեսին արվել են մատիտով նշումներ: Հատկանշական է, որ մատիտով արված նշումները հաստատված չեն կնիքով կամ ստորագրությամբ: Նշված չեն նաեւ, թե երբ են արվել այդ նշումները եւ ում կողմից»: Աստղիկ Մամբրեյանը քննիչին խնդրել է իր այս հայտարարությունը համարել վկայի գրավոր ցուցմունք եւ կցել քրեական գործին:

«Շատ բան կարելի է ենթադրել, բայց ենթադրություններով հարց չեն լուծում: Կարո՞ղ է պատահել, որ ես ցանկացած առարկայի վրա ինչ-որ թիվ գրեմ եւ հետո հանկարծ այդ թիվը պատահական համընկնի 7 տեղ գրանցված գույքամատյաններին, քարտերին: Չի համընկնի»,- ասում է Վեհանուշ Փունարջյանը եւ շեշտում, որ թանգարանի բոլոր փաստաթղթերը՝ հիմնադրման առաջին իսկ օրվանից, պահվում են, եւ իր ասածները հիմնավորվել են հենց փաստաթղթերով: 

Արար II

Անհայտ անձի կողմից «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» կտավները հափշտակելու փաստի առթիվ ոստիկանության Երեւանի քննչական վարչության կենտրոնականի բաժնում 2009 թ. հոկտեմբերի 12-ին հարուցվել է քրեական գործ: Սակայն դրանից առաջ Ստեփան Սահակյանը քաղհայցով դիմել է Կենտրոնի դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Ազգային պատկերասրահին վերադարձնել իր երկու գեղանկարները: Դատավոր Արայիկ Մելքումյանը, սակայն, դատական նիստերն այնքան է հետաձգել, մինչեւ հարուցվել է քրեական գործը, ինչի հիմքով էլ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

Նախաքննության ընթացքում գործի վարույթը կասեցվել, այնուհետեւ կրկին վերսկսվել է: Քննիչ Ռոբերտ Նազարյանը պարզել է, որ Խ. Եսայանի հեղինակած «Առավոտը Սեւանում» գեղանկարը 1960 թ. Ազգային պատկերասրահի (այն ժամանակ՝ պետական պատկերասրահ) կողմից ընդունման-հանձնման ակտով մշտական օգտագործման համար հանձնվել է կուլտուրայի մինիստրությանը (ներկայիս մշակույթի նախարարությանը): Իսկ 1962 թ. նույն կերպ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի հաշվեկշռին է փոխանցվել «Սեպտեմբեր» կտավը:

Դպրոցում երկար տարիներ տնօրեն աշխատած (1967-2003 թթ.) Պետրոս Հայկազյանը ցուցմունք է տվել, որ նկարները պահվել են դպրոցի պահեստում, եւ տարիների ընթացքում դրանցից մի քանիսն անհետացել են: Ու քանի որ հայտնի չի եղել, թե կոնկրետ երբ եւ ինչ հանգամանքներում են անհետացել, փաստը չի արձանագրվել եւ իրավապահներին ոչինչ չեն ասել:

Քննիչն արձանագրել է, որ 2002 թ. նոյեմբերին դպրոցում ստեղծվել է հանձնաժողով, որն իր հաշվեկշռից դուրս է գրել ոչ պիտանի գույքը եւ մի շարք նկարներ, այդ թվում նաեւ «Սեպտեմբերը»: Սակայն իրականում 2002 թ. նոյեմբերի 28-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում կազմվել է «Ապրանքանյութական արժեքների դուրս գրման ակտ», որով հաշվեկշռից դուրս է գրվել ոչ թե «Սեպտեմբեր», այլ «Սեպտեմբեր-Աշուն» նկարը: Թե ինչպես են այս կտավները նույնականացվել, պարզ չէ: Այնուամենայնիվ, եթե քննիչը չի սխալվել եւ դուրս գրվածն իրոք «Սեպտեմբերն» է, նշանակում է, որ այն դեռ 2002 թ.-ից այլեւս պետական սեփականություն չէ:

Ինչ վերաբերում է առ այսօր մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող  «Առավոտը Սեւանում» կտավին, ապա Խ. Եսայանի կատալոգում առկա է նույն վերնագրով 3 գեղանկար, որոնցից երկուսի տարեթիվը նույնն է (1956 թ.): Ընդ որում՝ նույն կատալոգում նշված է, որ 3 նկարներից երկուսը մասնավոր հավաքածուներում են: Անհասկանալի է, թե ինչպես է քննիչը որոշել, որ նախարարության բալանսում առկա նկարը հենց Ստեփան Սահակյանից վերցված եւ այժմ պատկերասրահին ի պահ տրված կտավն է:

Քննիչ Նազարյանը միաժամանակ պարզել է, որ մինչեւ 2004 թ. նախարարությունում հաստիքացուցակով նախատեսված է եղել տնտեսվարի հաստիք, որը պատասխանատու էր աշխատակազմի գույքի հաշվառման համար. «Բայց նախարարությունում որեւէ տեղեկատվություն չկա, թե տվյալ աշխատողի վրա հրամանով դրվա՞ծ է եղել արդյոք գույքի պահպանման պատասխանատվությունը»:

«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են հափշտակության փաստով քրեական գործ հարուցել: Ինչո՞ւ են բացառում, որ այդ նկարները կարող էր պետական մարմինը յուրացնել: Ամեն տարի յուրաքանչյուր պետական գույքի նկատմամբ տեղի է ունենում գույքագրում: Հետեւաբար, անհնար է, որ փոփոխվող պաշտոնատար անձանցից որեւէ մեկը չնկատեր, որ տվյալ նկարներն այլեւս գոյություն չունեն»,- ասում է Սիրանուշ Ստեփանյանը:

Նրա հայրը Եսայանի հիշյալ երկու գործերը 1990-ականների սկզբին գնել է Վերնիսաժում՝ Էդուարդ Բաղդասարյանից, որը 2007 թ. ինֆարկտից մահացել է: Նախաքննական մարմինը լսել է նաեւ վերջինիս կնոջը: Ի վերջո, արդյունքի չհասնելով, անցյալ տարվա օգոստոսին քրեական գործի վարույթը կրկին կասեցվել է: Իր որոշման մեջ քննիչ Նազարյանը նշել է, որ անհայտ անձը (անհասկանալի է, թե ինչու անձը, այլ ոչ թե անձինք) 1990-ականներին Սայաթ-Նովայի անվան դպրոցից եւ մշակույթի նախարարությունից գաղտնի հափշտակել է «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարները՝ պատճառելով ընդհանուր առմամբ 1 մլն 900 հազար դրամի վնաս:

Այստեղ կա մեկ այլ ուշագրավ հանգամանք. եթե հանցանքը կատարվել է մոտ 20 տարի առաջ, ուրեմն դրա վաղեմության ժամկետը վաղուց արդեն լրացել է: Սիրանուշ Սահակյանը, որ մասնագիտությամբ փաստաբան է, օգտագործել է նաեւ այս հիմքը՝ միջնորդելով քրեական գործի վարույթը կարճել: Սակայն նախաքննական մարմինը, հղում անելով Քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածին, նշել է, որ «վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչեւ նշված ժամկետներն անցնելը անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք»: Զավեշտն այն է, որ ենթադրյալ հանցագործն անհայտ է, իրավապահներն էլ կրկին ենթադրում են, որ նա նշյալ ժամանակահատվածում հնարավոր է՝ կատարել է նաեւ այլ հանցագործություն:

«Նկարներն ի պահ են հանձնել պատկերասրահին, քրեական գործն էլ կասեցրել են, եւ 900 տարի այն չի բացահայտվի: Եվ մենք դրա նկատմամբ որեւէ գործողություն չենք կարողանում կատարել,- ասում է Սիրանուշը եւ հավելում,- իրականում ոչ թե ապացուցված չէ, թե ով է հանցանքը կատարել, այլ առհասարակ ապացուցված չէ արարքը, որի համար առնվազն անհրաժեշտ է՝ արարքի կատարման վայր, ժամանակ, եղանակ: Հանցագործության օբյեկտիվ կողմի այս 3 կարեւորագույն հանգամանքներն ապացուցված չեն»:

Կենտրոնի դատարանը նույնպես գործի վարույթը կարճելու հայցապահանջը մերժել է: Սակայն բողոքը մասնակիորեն բավարարելով՝ դատավոր Գագիկ Պողոսյանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել  է «վերացնել Ստեփան Սահակյանի սեփականության իրավունքի խախտումը՝ նրա պատասխանատու պահպանմանը հանձնելով իրեղեն ապացույց ճանաչված «Սեպտեմբեր» եւ «Առավոտը Սեւանում» գեղանկարները»: Անցնելով դատական եռաստիճան համակարգը՝ հուլիսին այս որոշումը ստացել է օրինական ուժ:

Անցել է մոտ 3 ամիս, բայց պատկերասրահը նկարներն այդպես էլ չի վերադարձնում՝ չնայած այն հանգամանքին, որ քննիչ Ռոբերտ Նազարյանը 3 անգամ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանին գրավոր խնդրել է՝ «վերը նշված գեղանկարները վերադարձնել Կենտրոնականի քննչական բաժին»:

«Քննիչի հանձնարարականը ես էլ ունեմ: Ես նամակով դիմել եմ նախարարին՝ խնդրում եմ Ձեր գրավոր հանձնարարականը: Թող ինձ գրավոր գրեին՝ տուր, ես էլ ձեռքիս տակ հիմք ունենայի եւ տայի»,- ասում է ֆոնդապահ Վեհանուշ Փունարջյանը եւ նշում, թե կարգավիճակն է իրեն ստիպում դիմել նախարարությանը:

«Այսինքն՝ կարգավիճակով նախարարությունը կամ նախարարի հանձնարարականը Ձեզ համար ավելի բա՞րձր է օրինական ուժ ստացած դատական ակտից: Իմիջիայլոց, դատարանի որոշումը չկատարելը ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- ասացինք ֆոնդապահին:

«Ուրեմն ինձ կդատեն: Մենք պետք է տեղյակ պահեինք նախարարությանը, հատկապես, եթե առարկաները նրա հավաքածուից են գնացել, նախարարության սեփականությունն է: Ես կարծում եմ, որ մենք իրավաբանորեն ճիշտ քայլեր ենք ձեռնարկել»,- ասաց Վ. Փունարջյանը:

«Այդ դեպքում ինչո՞ւ չեք դիմել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցին, որովհետեւ քննիչի որոշմամբ դպրոցի փոխտնօրենը ճանաչվել է տուժող» հարցին ոչ գլխավոր ֆոնդապահը, ոչ էլ Փարավոն Միրզոյանը կոնկրետ պատասխան չտվեցին: Վերջինս միայն ընդգծեց, որ իրենք նույնիսկ մտադրություն էլ չունեն այդ կտավները պահել պատկերասրահում եւ պատրաստ են ցանկացած պահի վերադարձնել՝ միայն նախարարության միջոցով:

Արդեն չորրորդ անգամ՝ սեպտեմբերի 2-ին, քննիչ Նազարյանի անմիջական վերադասը գրավոր դիմել է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին. «Խնդրվում է Ձեր հանձնարարությունը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ չխոչընդոտել դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման կատարմանը եւ վերը նշված գեղանկարները անհապաղ վերադարձնել կենտրոնականի քննչական բաժին»: 

Արար III

Այս ամբողջ պատմությունը Սիրանուշ Սահակյանը համեմատում է թատերական ներկայացման հետ, որի երրորդ արարը սկսվել է դատարանի որոշմանը նախարար Հասմիկ Պողոսյանի արձագանքից: Ի պատասխան քննիչի գրության՝ նա դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: «...Դատարանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննության ընթացքում չի ապացուցվել՝ արդյոք իրեղեն ապացույց ճանաչված գեղանկարները նույնակա՞ն են այն գեղանկարներին, որոնք պատկանում են պատկերասրահին ու հանձնվել են դպրոցին եւ ՀՍՍՌ կուլտուրայի մինիստրությանը»,- գրել է նախարարը եւ խնդրել Աղվան Հովսեփյանի հանձնարարականը՝ «քրեական գործով համապատասխան փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ նույնականացման միջոցով Եսայանի գեղանկարների՝ պատկերասրահի ֆոնդում գրանցված լինելու եւ պետությանը սեփականության իրավունքով պատկանելու հանգամանքը պարզելու համար»:

Ստացվում է, որ նույնիսկ նախարարն է գործն այնպես ընկալել, որ հիշյալ նկարները նույնական չեն: Մնում է արդեն կռահել, թե ինչով են այսքան ժամանակ զբաղվել իրավապահները, եւ ինչի համար են դեռեւս չնույնականացված գեղանկարները ճանաչել որպես իրեղեն ապացույց:

«Այս տարի Աթոյանի ցուցահանդեսին մենք 3 տղաներով էինք, եւ Միրզոյանը մոտեցավ ու 3-ի ներկայությամբ ինձ ասաց՝ «հենց նոր Գառնիկիչը (Աղվան Հովսեփյանը) զանգեց, հետը նկարների մասին էի խոսում, ասում է՝ այդ նկարներից վազն անցիր»: Երեք վկա կա, այդ օրը երեքիս նա իր կատալոգը նվիրեց: Իսկ ես ասացի՝ ոչ, եթե նորմալ խնդրեիք, ես նույնիսկ նկարները կնվիրեի պատկերասրահին, բայց հիմա դա իմ արժանապատվության հարցն է»,- պատմում է Ստեփան Սահակյանը:

Թե ինչպիսին է եղել դատախազության արձագանքը, եւ իրադարձություններն ինչպես են զարգացել, կպատմենք «Հետքի» հաջորդ համարում: Հավանաբար, կներկայացնենք նաեւ մշակույթի նախարարության մեկնաբանությունը, քանի որ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ թեմային տիրապետում է Նորա Դայանը, որը մոտ օրերս վատառողջության պատճառով աշխատանքի չի լինի, իսկ նախարարը գործուղման մեջ է:

Հ.Գ. Սիրանուշ Սահակյանն ասում է, որ դատարանի որոշումը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար պատրաստվում է հաղորդում ներկայացնել, որպեսզի պատկերասրահի, նախարարության եւ ոստիկանության համապատասխան պաշտոնյաները ենթարկվեն քրեական պատասխանատվության:

Մեկնաբանություններ (2)

lika
tipik haykakan patmutyun, menak hayery karox en espisi xaytarakutyunner kazmakerpel, ev verjum el dataranov ardaracnel...arajin sxal gorcoxnery da mer datakan hamakargn e, ov hzor e na e chisht tarberakov en arajnordvum.... es patmutyan mot patmutyun el menq enq unecel. ev boxoqarkumy animast dardzav....
ara
Հետաքրքիր է ինչ բախտ ունեցավ Հրազդանի պատկերասրահը: Հրազդանի արվեստագետները տաղանդավոր են, նրանք արժանի չէին նրան, որ պատկերասրահը թալանվեր, ավելին մինչ այսօր մնաց չբացահայտնված: Աստված չանի նույնը թատրոնի հետ կատարվի, այնտեղ աշխատում է տաղանդավոր Աշոտ Սարգսյանը իր ինքնատիպ արտիստներով: Հրազդանը բարձր է նկարիչ Հայկ Բարսեղյանով, բանաստեղծ Հակոբ Հարությունով: Պղծվի այն մարդը, ով ձեռք է բարձրացնում Հրազդանյան արվեստի վրա: Երիցս պղծվեն հայտնաբերող չցանկացողները: Հուսանք նոր ոստիկանապետը միջոցներ կձեռնարկի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter