HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Գրիգորյան

38 մլն-ը ծախսվել է, սակայն ջրագիծը չի նորոգվել

2007 թ. սեպտեմբերին 1 մլրդ 366 մլն դրամ հատկացվեց Կոտայքի մարզին համայնքներում առաջնահերթ խնդիրների լուծման համար: Գազաֆիկացման ու ասֆալտապատման աշխատանքներից, հարթ տանիքների նորոգումից, դպրոցների հիմնանորոգումից բացի նախատեսվում էին խմելաջրի ներքին ցանցի հիմնանորոգման աշխատանքներ:

Մարզի ջրագծերի մեծ մասը կառուցվել է 1960-61 թթ. եւ հիմնանորոգման չի ենթարկվել: 

Ծրագրված աշխատանքներն ավարտվեցին մինչեւ 2007 թ. դեկտեմբերի 30-ը: Ըստ Կոտայքի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության` Քաղսի համայնքում ծրագրով նախատեսված աշխատանքներին զուգահեռ համայնքն իր միջոցներով ներկայումս իրականացնում է կառուցված ջրատարից կողային միացումներ բնակելի տնտեսություններին, իսկ Ալափարսում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն պոմպակայանում իրականացնում է վերանորոգման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակներում կառավարությունը պետական բյուջեից 35 մլն դրամ տրամադրել էր Գառնի գյուղին խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգման եւ 4 կմ ջրագծի կառուցման համար: Այդ աշխատանքների իրականացման համար Գառնիի համայնքապետարանը, Կոտայքի մարզպետի գրության համաձայն, սեփական բյուջեից ներդրել էր 3.5 մլն դրամ: Շինարարությունն իրականացրել էր «Հանքավան» ՀՋԳ ԲԲԸ-ն: Աշխատանքների պաշտոնական ավարտն արձանագրվել է 2007 թ. դեկտեմբերի 30-ին, սակայն ջրագիծը փաստորեն, գոյություն չունի:

«35 մլն գումար էին տրամադրել, 2 ծրագիր կատարեցինք: Մեկը ջրագծից գնում էինք դեպի նոր թաղամասեր, որտեղ ընդհանրապես խողովակ չկար: Մյուսը` մեր ներտնտեսային ցանցում փտած խողովակներ կային, ըտեղ մոտ 1 կմ-ի չափով խողովակ անցկացրինք»,- պատմեց Գառնի համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը:

Ջրագծերի վերջին նորոգումների մասին գյուղացիները չհիշեցին, միայն պատմեցին, որ նախորդ տարվա մայիս ամսին աղբյուրից դեպի տաճարը ջրագիծ էին անցկացնում, բայց խողովակները ճնշմանը չդիմացան, պայթեցին, ու ջրագիծն այդպես էլ մնաց չգործարկված: «Բերին ըտեղ տրանշեն քանդեցին, տրուբեքը կապրոնից գցեցին, նապորը տվեցին, ջուրը մեջը տրաքավ: Տրուբեքի մեծ մասը հողի տակն ա, ըտենց էլ մնացել ա»,- պատմեց գառնեցի Դ. Հովհաննիսյանը:

Ծրագրի իրականացման եւ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ գյուղում ոչ մի տեղեկատվություն չկար: Գառնեցիների խոսքով` ինչ-որ բարերար էր ծրագիրը ֆինանսավորել, իսկ համայնքապետն այն իրեն վերագրեց: «Դա ես էի արել: Էդ խողովակները չարդարացրին, դրանից հետո մարզպետարանը նորը բերեց, դրա համար էլ ռետինե խողովակների տեղը մետաղյա դրեցինք»,- պատմեց համայնքապետը:

«Հանքավան» ՀՋԳ ԲԲԸ տնօրեն Լեւոն Հակոբյանի ասելով` Գառնիում ջրագծի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ծավալից ավելի: Նախատեսված 1600 մ-ի փոխարեն իրենք կառուցել են 2800 մ ջրագիծ, այն փորձարկել են, եւ ամեն ինչ բարեհաջող է ստացվել: Շինարարական նախագծով նախատեսված էր հիմնանորոգել նաեւ 1600 մ ջրագիծ, որից, նրա ասելով, իրականացվել է 800 մ-ը: Այս աշխատանքը չավարտելու պատճառը Լեւոն Հակոբյանը համարում է նախագծողի հետ Գառնիի համայնքապետի ունեցած անհամաձայնությունը: Վերջինս շինարարական կազմակերպությանն առաջարկել է շեղվել նախագծից եւ նախատեսված 100 մմ տրամաչափի խողովակների փոխարեն տեղադրել 200 մմ տրամաչափի խողովակներ, որին գումարը չի բավականացրել, եւ իրենք կիսատ են թողել աշխատանքը: Մեր այն դիտողությանը, որ խողովակների չափերի փոփոխությամբ պայմանավորված լրացուցիչ ֆինանսական ներդրում է կատարվել համայնքապետարանի բյուջեից` 3,5 մլն դրամ, «Հանքավան» ՀՋԳ ԲԲԸ տնօրեն Լեւոն Հակոբյանը հայտնեց, որ Գառնիի համայնքապետի հետ իրենք պայմանագիրը կնքել են, սակայն նա մինչ օրս պայմանավորված գումարից 2,5 մլն դրամ է տվել: Պրն Հակոբյանի ասելով` կառավարության ֆինանսավորումը բավարար չէր նշված ծրագիրն ավարտին հասցնելու համար, եւ լրացուցիչ ֆինանսավորման դեպքում ջրագիծն ավարտին կհասցվի:

Լեւոն Հակոբյանը միակը չէ, ով խոսում է ՀՀ կառավարության հիշյալ ծրագրերի թերֆինանսավորման մասին, չնայած կառավարության համապատասխան որոշման մեջ չկա ոչ մի տող, որ ծրագրված աշխատանքների ֆինանսավորումը կատարվելու է փուլ առ փուլ: Բացի այդ, նշված նախագծերով հաշվարկվել է ծրագրերից յուրաքանչյուրի բյուջեն, եւ Պետական գնումների գործակալությունն այն ներկայացրել է մրցույթի: Մրցույթը շահած կազմակերպությունները, փաստորեն, ընդունելի ու տրամաբանական են համարել ներկայացված նախահաշիվը եւ, ըստ այդմ, շահել են մրցույթում: Սակայն, ներկայումս ծրագրերը թերի կատարելու կամ չիրականացնելու պատճառը համարում են ծրագրերի թերֆինանսավորումը:

Փաստացի կառավարության տրամադրած ֆինանսավորումից հետո փորձ էր արվել կրկին կառուցել «չստացված» ջրագիծը: Որքանո՞վ է այն «ստացվել» այս անգամ, դժվար է ասել, քանի որ, ինչպես հավաստիացրին գառնեցիները, նոր խողովակներով ջուր չի հոսում: «Նորի մեջ ջուր չկա, կիսատ ա խողովակը, չեն վերջացրել,- ասաց Ռազմիկ Գ—որգյանը` ավելացնելով, որ գյուղի դիրքից ելնելով` գառնեցիներից շատերը տանը պոմպեր ունեն` ջուրը տուն հասցնելու համար:-Ստեղ համարյա բոլորն էլ նասոսով են մղում: Ջրագիծը ներք— ա, ջուր չի հասնում, Էս նոր ջրագիծն էլ ընդհանրապես ձեռնտու չի»:

Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանի գնահատմամբ` «հաջողությամբ» ավարտված ծրագրի շահառուների թիվը մոտ 280 է: Դրանց մի մասը նոր թաղամասում են, մյուսները` գյուղամիջում: Եվ եթե նույնիսկ շահառուների թվում են, այնուամենայնիվ, գյուղամիջի բնակիչներին նոր խողովակաշարով ջուր առայժմ չի մատակարարվում:

Ինչ վերաբերում է նոր թաղամասի ջրաֆիկացմանը, այստեղ, համայնքապետի խոսքով, ջուր են ստանում ճանապարհի եզրերին բնակվող 5-6 ընտանիքներ: Փաստորեն, 35 մլն դրամով հնարավոր է դարձել ջրով ապահովել ընդամենը 5-6 ընտանիքի:

Իհարկե, համայնքապետը խոսեց ծրագրի շարունակելիության, այլ միջոցներով գյուղում նոր ջրագիծ կառուցելու մասին: «Շուտով էնքան ջուր կունենան, որ խողովակները չեն դիմանա»,- հուսադրեց համայնքապետը: Իսկ որքանո՞վ էր հիմնավորված կառավարության տրամադրած 35 մլն դրամի ուղղումը այդպես էլ չգործարկված ջրագծի հիմնանորոգման վրա, եթե ջուրն այսօր էլ հոսում է հին խողովակներով, իսկ գյուղացիներն էլ շարունակում են բողոքել, որ իրենք ոչ թե ջուր, այլ կեղտ են խմում: «Ում տունը փոս ա, իրան գյոլի ջուր գալիս ա, դրանից էլ շան հոտ ա գալիս, խմել չենք կարողանում»,- պատմեց Մեխակ Գրիգորյանը:

Հ.Գ.
Նախորդ հոդվածներից մեկում անդրադարձել էինք Գառնիի տաճարի մոտակայքում փակցված քարտեզին, որի վրա Իբերիան էր, Կոլխիդան ու Ալբանիան, մինչդեռ քարտեզը վերնագրված էր «Մեր պատմությունը»: Ըստ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Արամ Բաբայանի` հարեւան պանդոկի գովազդային նպատակով արված քարտեզը կարող էր հակասական կարծիքներ ստեղծել զբոսաշրջիկների մոտ: Դեռ ապրիլ ամսին համայնքապետը խոստացավ, որ շատ արագ քարտեզը կհանվի: Չորս ամիս անց քարտեզը կրկին իր տեղում էր: «Տաճարի տնօրենը փաստարկ բերեց, որ դա Վրաստանի հետ կապված չի, Հայաստանի հետ է կապված: Վրաստանի պատմությունը չենք ներկայացնում, Հայաստանի պատմությունն ենք ներկայացնում»,- արդարացավ Ա. Վարդանյանը: Արամ Բաբայանը հերյուրանք համարեց այս ամենը` նշելով, որ ինքն արդեն հոգնել է անվերջ նույնը կրկնելուց: Իսկ գյուղացիներից մեկը պատմեց, որ համայնքապետին մի քանի անգամ տեսել է պանդոկից դուրս գալիս: Եվ հարցն այսպես էլ լուծվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter