HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավագանու ընտրություններ Ալավերդիում` քաղաքապետի վերահսկողությամբ

Հոկտեմբերի 19-ին Ալավերդի քաղաքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում առաջադրված 27 թեկնածուներից ընտրվեցին ավագանու 11 անդամներ: Հիշեցնենք, որ Ալավերդիում քաղաքապետի ընտրություններն անց էին կացվել 2008 թ. ապրիլի 6-ին:

Ընտրություններն ակնհայտորեն վերահսկվում էին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից: Նրա ջանքերով տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներն ու տեղակալները շարունակում են մնալ քաղաքապետարանի ու նրա ենթակայության հիմնարկների աշխատողներ: Հանձնաժողովներում Արթուր Նալբանդյանը տնօրինել էր նաեւ դատարաններին տրամադրված 2, ՀՀ նախագահին, ՀՀԿ-ին, առանձին դեպքերում նաեւ` ԲՀԿ-ին հատկացված տեղերը: 


Նրա շատ թիմակիցների համար հանձնաժողովի անդամի աշխատանքը կարծես հաստիքավորված է: Այդպես է թիվ 31/11 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, թիվ 12 դպրոցի տնօրեն Գոհար Ավետյանի դեպքում, հանձնաժողովի անդամ Սեդա Շախկյանի, քաղաքապետարանի աշխատակցուհի Արմինե Շախկյանի, թիվ 31/13 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, քաղաքապետարանի աշխատակից Զավեն Շահմուրադյանի ու նրա որոշ մերձավորների, թիվ 31/10 հանձնաժողովի նախագահի տեղակալ (որը քաղաքապետի աներձագի տղան է), քաղաքապետարանի հարկերի հավաքագրման բաժնի վարիչ Վահե Պարանյանի եւ ուրիշների դեպքում:

Սա քաղաքապետի կողմից նաեւ թեկնածուներին իրենից կախվածության մեջ պահելու միջոց է: Ալավերդիում այս օրերին զավեշտական կարծիքներ են շրջանառվում առաջադրված 27 թեկնածուների եւ ավագանու նորընտիր 11 անդամների շուրջ:

Ընտրված թեկնածուներից ամենից շատ` 601 քվե հավաքել է Սանահինի երկաթուղային դեպոյի պետ Հակոբ Ճուղուրյանը` դեպոյի նախկին պետ Ռոբերտ Ճուղուրյանի որդին: Քանի որ Սանահին կայարանային թաղամասում, որտեղ գտնվում է դեպոն, տարիներ շարունակ, ի շնորհիվ Ճուղուրյանների, իշխանությունների հավանությունը չվայելող որեւէ թեկնածուի չի հաջողվել նշանակալից քվեներ ստանալ, քանի որ Ճուղուրյանները դրանք սկուտեղի վրա հանձնել են իշխանական թեկնածուին, հենց այդ պատճառով էլ, որպես փոխհատուցում, ամիսներ առաջ հոր կենսաթոշակի անցնելուց հետո Հակոբ Ճուղուրյանը ստացավ դեպոյի պետի պաշտոնը: Վերջինս Սանահին կայարանային թաղամասի թիվ 31/8 տեղամասում ստացել էր 456 քվեներ: Մնացած 14 տեղամասերում նա ստացել է 145 քվե:

Ստացած 495 քվեներով երկրորդ տեղում էր «Արմենիա Քափըր Փրոգրամ» ընկերության մետալուրգիական արտադրամասի պետ Մերուժան Աբելյանը: Ավագանու անդամ է ընտրվել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության իրավաբան Հրաչիկ Թանդիլյանը:

Ավագանու նորընտիր անդամների ցանկում է նաեւ Թումանյանի էլ.ցանցի աշխատակից Հրանտ Սարգսյանը:

Նշենք նաեւ, որ Ալավերդու ավագանու ընտրված 11 անդամներից 6-ը նախկինում էլ էին ավագանու անդամներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter