HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի կառավարությունը խնդիր է դրել ցանքատարածություններն ընդարձակել 1,5 անգամ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ աշնան ցանքի և գալիք գարնանացանի հարցերն են քննարկվել: Քննարկմանը ներկա էին հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներ և շրջվարչակազմերի ղեկավարները:

Օրակարգին անդրադառնալուց առաջ վարչապետը բարեհաջող գործունեություն մաղթեց Մարտակերտի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Լևոն Չալյանին՝ ընդգծելով, որ Մարտակերտը Արցախի ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն ունեցող շրջաններից է, և այնտեղ հրատապ է բարեխիղճ ու արդյունավետ կառավարումը:

Աշնանացանի ընթացքի վերաբերյալ տեղեկություններ հաղորդեցին ԼՂՀ գյուղատնտեսության փոխնախարար Վլադիմիր Զաքիյանը և շրջվարչակազմերի ղեկավարները: Գյուղնախարարության պաշտոնյան ի մասնավորի նշել է, որ հանրապետության դաշտերի մեծ մասում բավական դանդաղ են ընթանում աշնան հերկի աշխատանքները, ինչը կարող է ձախողել նախատեսվող ցանքը:

Կառավարության ղեկավարը հրահանգեց ակտիվացնել աշնանացանի ընթացքը և այն ավարտել սահմանված ժամկետներում: Վարչապետի ցուցումով՝ հիմիկվանից պետք է նախապատրաստական աշխատանքներ կատարել գարնանացանը հաջողությամբ իրականացնելու համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ հստակ խնդիր դրվեց գալիք տարի գարնան մշակաբույսերի ցանքատարածություններն ընդարձակել 1,5 անգամ՝ հասցնելով դրանք 20 հազար հեկտարի: Պահանջվեց հատուկ ուշադրություն սևեռել ցանքաշրջանառության մեծացման խնդրին՝ նորանոր մշակաբույսեր ընդգրկելով հողագործական ցանկում:

Վարչապետը շահագրգիռ մարմիններին հորդորեց ընդլայնել հատկապես եգիպտացորենի ցանքատարածությունները, ձեռնամուխ լինել արևածաղկի, սոյայի, հնդկաձավարի, ոլոռի և գարնան այլ մշակաբույսերի ցանքին:

Ա.Հարությունյանը հայտարարել է, որ պետությունը կօգնի վարկերով և մասնագիտական մշտական խորհրդատվությամբ, և հավելել, որ բերքի իրացման դժվարություններ չեն լինի: Մանրամասնվեց, որ պետական վարկավորում կտրվի սեփականաշնորհված հողատարածքների համար, իսկ վարձակալները կօգտվեն աջակցության այլ ծրագրերից:

Վարչապետը շեշտել է, որ բոլոր միջոցները պետք է օգտագործել աշնան և գարնան ցանքերի նախկին ցուցանիշները զգալիորեն գերազանցելու համար: Նա հայտնեց, որ առաջիկա ամիսներին Արցախ կներկրվի մեծ քանակությամբ գյուղատնտեսական նոր տեխնիկա, ընդհանրապես գյուղտեխնիկայի խնդիրը կլուծվի մինչև 2013 թվականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter