HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Կեչառիսի շինարարությունը կշարունակվի՞. Մայր Աթոռը դեմ չէ

Կեչառիս եկեղեցու տարածքում շինարարություն իրականացնելու նախագիծը ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է: Համարվել է, որ կառուցապատմանը տրված է պատմամշակութային համալիրին ոչ հարիր տեսք: Փորձեցինք պարզել, թե Մայր Աթոռը ինչ միջոցներ է ձեռնարկելու` տարածքը նախկին տեսքին բերելու համար: Սակայն  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը «Հետքի» հարցմանը պատասխանելիս` նշել է, որ նախագիծը դեռեւս քննարկման փուլում է: Այսինքն, մշակույթի նախարարության մերժումը դեռեւս չի նշանակում, որ Կեչառիսում կառուցապատում չի իրականացվելու: 

Ստորեւ ներկայացնում ենք Տ. Վահրամ քահանա Մելիքյանի գրավոր հարցման պատասխանները: 

ՀՀ մշակույթի նախարարը սույն թվականի հոկտեմբերի 4-ին, գրավոր պատասխանելով ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի հարցմանը, նշել է, որ Կեչառիս պատմամշակութային համալիրի տարածքում սննդի օբյեկտի կառուցապատման նախագիծը չի դրվել քննարկման նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում: Պատճառն այն է, որ նախագիծը ոչ ամբողջական է եղել, ինչպես նաեւ կառուցապատմանը տրվել է պատմամշակութային համալիրին ոչ հարիր կառուցվածք: Դուք տեղյա՞կ եք այդ մասին:

Այո, այդ մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ է: Կեչառիսի վանքի տարածքի կառուցապատման առնչությամբ Մայր Աթոռում շաբաթներ առաջ գումարվել էր Ճարտարապետական խորհրդի նիստ, որտեղ ներկայացվել էր նաև ՀՀ Մշակույթի նախարարության համապատասխան կառույցների եզրակացությունը: Առկա նախագիծը քննելուց հետո խորհուրդը հանձնարարական տվեց կառուցապատողներին վերանայել ներկայացված նախագիծը` համապատասխանեցնելու այն վանական համալիրի միջավայրին:

Պատրաստվո՞ւմ է արդյոք Մայր Աթոռը դիմել համապատասխան մարմիններին` տարածքը նախկին տեսքին բերելու համար:

Նախագիծը քննարկման փուլում է և վերջնական եզրակացություն դեռ չի կատարվել: Սակայն, նշեմ, որ Մայր Աթոռն իր առջև տարածքը նախկին տեսքի բերելու խնդիր չի դրել: Պատմական վանքեր և եկեղեցիներ ուխտատեղիներ են: Բացի այդ դրանք նաև զբոսաշրջության կենտրոններ  են և ունեն ճանաչողական նշանակություն ինչպես հազարավոր հայորդիների, այնպես և օտարազգիների համար: Այս նկատառումով հրամայական է դրանց հարակից տարածքներում սպասարկման անհրաժեշտ կառույցների ստեղծումը, որոնց բացակայությանը նաև տարբեր առիթներով մտահոգությամբ անդրադարձել է հայրենի մամուլը: Ճիշտ այդ ենթակառուցվածքների ստեղծմանն են ուղղված Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և թեմերի նախաձեռնած քայլերը: Սակայն անհրաժեշտ կառուցապատման պարագային, անշուշտ, սրբավայրերի միջավայրին հարիր բոլոր սկզբունքները պետք է պահվեն:

Հնարավո՞ր է արդյոք չեղյալ համարել «ԿԱՐԻԳԱԳ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագիրը:

Կրկնում եմ նախագիծը քննարկման փուլում է: Հաջորդ քայլերի մասին կարելի է դատողություն անել քննարկման արդյունքներն ունենալուց հետո:

Բնապահպան-կամավորների մի խումբ ցանկանում է օգնել եկեղեցուն` տարածքը նախկին տեսքին բերելու եւ այնտեղ ծառատունկ իրականացնելու համար: Խումբը նաեւ ցանկություն ունի հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ` ինչպես Կեչառիսի, այնպես էլ այլ անտարբերության մատնված եկեղեցիների վերականգնման, տարածքի մաքրման հարցեր քննարկելու: Ինչպե՞ս կարելի է իրականացնել սա:

Ողջունելի են եկեղեցիների ու վանքերի տարածքների  մաքրությանն ու բարեկարգմանն ուղղված երիտասարդական նախաձեռնությունները:  Ուրախալի է, որ այս երևույթը հատկապես վերջին շրջանում լայն տարածում է գտել Հայաստանում. տարբեր երիտ. եկեղեցական միություններ, բնապահպանական կազմակերպություններ, ուխտավորներ Եկեղեցու հետ համագործակցաբար իրականացնում են նման ծրագրեր: Տվյալ պարագային ևս հարկ է դիմել Կոտայքի թեմի առաջնորդարան և կամ Կեչառիսի վանքի հոգևոր հովվին` գործընթացը քննարկելու համար: Այլ պարագաներում հարկ է դիմել հոգևոր իշխանությամբ օժտված համապատասխան անձերին, թեմերի պարագային թեմակալ առաջնորդներին, իսկ որոշ վանքերի պարագային` Մայր Աթոռի վանորեից տեսչությունը:

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպման համար հարկ է խնդրանքով դիմել Կաթողիկոսարանի ընդունելությունները կազմակերպող գրասենյակին:

Մեկնաբանություններ (1)

razmik
Փողերը լափել են, էլ ինչ մերժեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter