HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ամեն ինչ սկսվում է տարրական վերաբերմունքից

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անբաժան մասը տնտեսական համագործակցությունն է, որն այսօր, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, այնուամենայնիվ, գոյություն ունի: Երեւան-Ստամբուլ-Երեւան ու Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ ամենշաբաթյա չվերթերը դրա մի բաղադրիչն են: Հայաստանյան կողմից չվերթի պատվիրատուն «Բագրատտուր» գործակալությունն է, իրականացնողը՝ «Արմավիա» ավիաընկերությունը: Թուրքական կողմից չվերթը կազմակերպում են համապատասխանաբար «Tower Aviation and Travel» եւ «Atlasjet» ընկերությունները: Չվերթերը կայանում են ամեն կիրակի եւ չորեքշաբթի:

Այս կիրակի Ստամբուլ-Երեւան-Ստամբուլ հերթական չվերթը նախատեսված էր Ստամբուլի ժամանակով ժամը 23:45-ին, այսինքն՝ Երեւանի ժամանակով ժամը 01:45-ին: Այս չվերթով Երեւան պետք է վերադառնային նաեւ մի խումբ լրագրողներ, որոնք Թուրքիա էին մեկնել նույն «Atlasjet»-ով: Մեկնումը տեղի էր ունեցել առանց որեւէ խնդիրների, սակայն վերադարձի ժամանակ լրիվ այլ էր:

Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում գրանցում անցնելուց հետո սպասում էինք նշանակված թիվ 214  դարպասների (gate) մոտ, որտեղից պետք է ինքնաթիռ նստեինք, սակայն դրանք այդպես էլ փակ մնացին, քանի որ հետաձգվեց ոչ միայն չվերթը, այլեւ փոխվեցին դարպասները: Ընդ որում՝ այս մասին սպասասրահում չհայտարարվեց ոչ մի բառ, այնինչ մյուս հետաձգումների մասին ոչ միայն հայտարարվում էր, այլեւ գրվում հենց դարպասների մոտ տեղադրված էկրաններին: Մասնավորապես, այդպես եղավ Սեուլի չվերթի պարագայում, երբ թիվ 214 դարպասի էկրանին գրվեց, որ այն հետաձգվում է: Իսկ Երեւանի թռիչքի մասին կարելի էր տեղեկանալ միայն սրահի մեծ էկրաններից: Ինչեւէ, թռիչքը հետաձգվեց տեղական ժամանակով մինչեւ 00:55-ը, իսկ մեզ տեղափոխեցին օդանավակայանի՝ առաջին հարկ՝ թիվ 311 դարպասների մոտ: Մեր հարեւանությամբ էին սպասում նաեւ Թբիլիսի ու Սանկտ-Պետերբուրգ մեկնողները: Այս չվերթերը նույնպես հետաձգվեցին ընթացքում, ինչի մասին հայտարարվեց թուրքերեն ու անգլերեն, ուշացման համար նաեւ ներողություն խնդրեցին:

Որոշ ժամանակ անց այս երկու չվերթերն էլ կայացան, իսկ Երեւան մեկնողները դեռ սպասում էին: Ու կրկին առանց հայտարարման չվերթը հետաձգվեց այս անգամ մինչեւ 02:45-ը, հետո՝ 03:30-ը, 03:45-ը ու հասավ մինչեւ 03:55-ին: Սա ուղղակի ծաղրի էր նման: Այլեւս չդիմանալով՝ մի քանի հոգով, գլխավորապես լրագրողներով, որոշեցինք բարձրանալ «Atlasjet»-ի գրասենյակ ու հիմնավորում պահանջել անկազմակերպ ու անլուրջ սպասարկման համար: Այդ ընթացքում խոսակցություններ տարածվեցին, որ «Atlasjet»-ի՝ Երեւան մեկնող օդանավը տեխնիկական խնդիրներ ունի: Բայց զարմանալի էր, թե միջազգային չվերթեր իրականացնող ավիաընկերությունն ինչպես է հույսը դնում մեկ ինքնաթիռի վրա ու ժամերով հետաձգում չվերթը՝ անգամ ներողություն չհայցելով իր ուղեւորներից: Մի՞թե ընկերության ավիապարկում  չկար մի ինքնաթիռ, որ շուրջ 200 հոգի պիտի սպասեին, թե օդանավակայանում երբ վայրէջք կկատարի «Atlasjet»-ի օդանավերից մեկը, որով կարող էին հասնել Երեւան:

Եվ ահա երբ այս հարցերի պատասխանը ստանալու համար արդեն բարձրանում էինք երկրորդ հարկ, տեղեկացանք, որ այս անգամ էլ նորից փոխել են դարպասները՝ 311-ից տեղափոխելով 215: Քանի որ երկրորդ հարկ հասնելու համար անցել էինք անվտանգության համակարգի միջով, այս վերջին լուրը ստանալուց հետո ստիպված եղանք նույն կերպ հետ վերադառնալ 311-ի մոտ՝ պայուսակները վերցնելու համար: Սակայն անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին անցնել՝ առանց պատճառաբանության: Դա պարզապես զայրացրեց մեզ: Անգլերենով սկսեցինք հասկացնել նրանց, որ պետք է վերցնենք մեր իրերը: Այս ընթացքում բողոքելու համար մեզ միացած հայ կանանցից մեկը փորձեց սաստել լրագրողներիս՝ թե պետք չէ վիճել աշխատակիցների հետ, նրանք իրենց գործն են անում, նույնիսկ եթե ուզեն, մեր տոմսերը կվերցնեն ու չեղյալ կհայտարարեն, փոխարենը ավելի հանգիստ տոնով կարելի է բացատրել իրավիճակը (ինչը, սակայն, անվտանգության աշխատակիցները լավ չէին պատկերացնում ու ոչինչ չասող դեմքերով մեզ էին նայում): Այս տիկնոջը միացավ եւս մեկը: Դատելով մի շարք հանգամաքներից՝ նրանք, ամենայն հավանականությամբ, առեւտրականներ էին: Պարզապես ծիծաղելի էր լսել, թե ինչպես էին երկուսով փորձում մեզ հասկացնել, որ Թուրքիան ու Հայաստանը ոչ դրացի երկրներ են, ու պետք չէ հավելյալ խնդիրներ ստեղծել մեզ ու նաեւ մյուս ուղեւորների համար:

Չարչիական մտածելակերպն ու թուրքական շուկաներից կախում ունենալը հայ մարդուն հասցրել է նրան, որ նա կարող է մոռանալ սեփական արժանապատվության, ինքնասիրության մասին ու ամեն նվաստացում ընդունել գլուխը կախ ձեւով: Անիմաստ էր շարունակել այս կանանց ինչ-որ բան հասկացնել:

Ժամը 03:55-ին նշանակված չվերթի ժամը հերթական անգամ փոխվեց ու դարձավ 03:30: «Atlasjet»-ի՝ մեկ այլ թռիչք նոր ավարտած ինքնաթիռը մոտեցավ սպասասրահին, ու դրանով ավարտվեցին Երեւան մեկնող ուղեւորների՝ 4 ժամ տեւած վազվզոցն ու նյարդերի քայքայումը: Եվ այս ամենը մի երկրի գլխավոր օդանավակայանում, որի հետ Հայաստանը փորձում է հարաբերություններ կարգավորել, սակայն նույնիսկ ամենասովորական մակարդակում այս երկրի քաղաքացիները հանդիպում են մի տեսակ արհամարհանքի այն երկրի կողմից, ով խոսում է հարեւանների հետ 0 խնդիր ունենալու մտադրության, ավելին՝ քաղաքականության մասին: Իհարկե, միշտ չէ, որ այսպես է լինում, սակայն բազում խնդիրներ ունեցող հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորումը սկսվում է հենց ամենաստորին՝ շարքային քաղաքացիների, սովորական մարդկային շփումների ու ամենակարեւորը՝ վստահության հաստատմամբ: Այնինչ վերոնշյալ օրինակը դրա օգտին չի խոսում:

Հ.Գ. Օդանավը Երեւանում վայրէջք կատարեց երկուշաբթի 07:50-ին՝ նախապես հայտարարված 03:45-ի փոխարեն:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter