HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Փակվել է Ախուրյանի վարչատարածքի միակ գյուղական մանկապարտեզը

«Ե՞րբ է բացվելու մանկապարտեզը»,- կշտամբանքով մանկապարտեզի հիմնադիրներին է դիմում Շիրակի մարզի Ողջի գյուղի բնակչուհի Եսթեր Խաչատրյանը, ում թոռնիկները հաճախել են գյուղի մանկապարտեզը:

Բաքվից բռնագաղթած ընտանիքը, որ հաստատվել է կենցաղային պայմաններից զուրկ, Թուրքիային սահմանակից այդ չքավոր գյուղում, երեխաների համար մեծ բարեբախտություն է համարում գեղեցիկ կահավորանքով ու կենցաղային բոլոր պայմաններով ապահովված մանկապարտեզ հաճախելը: «Ամեն ինչ անում էին երեխաների համար` կերակրում, սովորեցնում, քնեցնում, երեկոյան կուշտ ու մաքուր տուն էին ճանապարհում: Հիմա կորում են գյուղի փողոցներում, ժամերով փնտրում եմ ու հարեւան գյուղից եմ գտնում,- շարունակում է տիկին Եսթերը:

2007 թ. տարեմուտի հանդեսից հետո մանկապարտեզի դռները փակվել են: Բարերար Սեդա Կուկունյանը պարտավորվել էր մանկապարտեզը ֆինանսավորել մինչեւ 2008 թվականը: «Մանկապարտեզ» հիմնադրամը խոստանում է այսուհետ եւս հոգալ շենքի պահպանության ու վերանորոգման ծախսերը, սակայն մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար պահանջվող տարեկան 4.057.200 դրամը չունի:

Ամիսներ առաջ «Մանկապարտեզ» հիմնադրամի նախագահ Շահեն Զեյթունցյանը եւ մանկապարտեզի տնօրեն Ժասմենա Առաքելյանը փորձել են միջոցներ ձեռք առնել մանկապարտեզի գործունեությունն ապահովելու համար, սակայն դրանք արդյունք չեն տվել: Հայաստանում սահմանված կարգի համաձայն` մանկապարտեզները համայնքապետարանների ենթակայության հիմնարկներ են եւ գործում են նրանց ֆինանսավորմամբ: 2007 թ. հոկտեմբերին նրանք գրությամբ դիմել են Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով: Հանդիպման ժամանակ մարզպետին ներկայացվել են մանկապարտեզի պայմանները եւ պահանջվող տարեկան ծախսերը: 

«Նամակը մակագրվել էր մարզպետարանի կրթության վարչության պետ Ս. Մինասյանին, մեր հանդիպման ժամանակ նա առաջարկեց սուբսիդիա տրամադրել Ողջիի համայնքապետարանին, որի միջոցով էլ կապահովվի մանկապարտեզի ֆինանսավորումը, բայց հետո տեղեկացանք, որ համայնքապետը հրաժարվել էր»,- ասաց տնօրենը: Այնուհետեւ առաջարկվել է մանկապարտեզը դարձնել հանրակրթական դպրոցին կից նախապատրաստական դասարան: ժ. Առաքելյանի ասելով` այդ առաջարկին նույնպես չէին կարող համաձայնվել, քանի որ դա չէր լուծում խնդիրը, մանկապարտեզում տարիքային երկու խումբ էր գործում` մեծերի եւ փոքրերի: Եթե առաջարկը կարող էր ընդունելի լինել ավագների խմբի համար, ապա փոքրերի հարցը մնում էր անլուծելի: 

Մինչդեռ, ՀՀ կրթության նախարարության ընդունած ռազմավարության համաձայն` վաղ մանկության զարգացման եւ նախադպրոցական կրթության նկատմամբ պետական հոգածության որդեգրումը ներկայիս փուլում ՀՀ կառավարության կողմից դիտվում է առաջնային խնդիր:

Շիրակի մարզի Ողջի գյուղը 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո լիովին ավերվել է, գյուղը վերականգնել են ուկրաինացիները` առանձնատներ են կառուցել, որտեղ տեղացիների հետ միասին բնակություն են հաստատել մարզի տարբեր բնակավայրերից անօթեւան մնացած եւ Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները: Ուկրաինացիները գյուղում կառուցել են տներ, սակայն, հանրակրթական դպրոցից բացի, կրթական, մշակութային ու կենցաղսպասարկման այլ շինություններ, որոնք գյուղը կդարձնեին իրական բնակավայր, չեն կառուցվել: Այդ կերպ տարբեր երկրների աջակցությամբ վերականգնվել են նաեւ շրջակա գյուղերը, սակայն նրանք նույնպես չունեն կրթական-մշակութային կենտրոններ:

Եվ ահա 2003 թ. սեպտեմբերի 26-ին Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը Ողջի գյուղում մանկապարտեզ բացեց: Մանկապարտեզը կառուցվել է թեհրանաբնակ Սեդա Կուկունյանի նվիրատվությամբ, որն այն հիմնադրել է վաղամեռիկ եղբոր` Հենրիկ Կուկունյանի հիշատակին: 

Հիմնադիրները մանկապարտեզի համար գնել են գյուղի բնակելի տներից մեկը, բարեկարգել են այն ու կից շինությունները, կահավորել` ապահովելով այնպիսի կոմունալ հարմարություններ, որոնցից զուրկ են անգամ մայրաքաղաքում լավագույնի համարում ունեցող մանկապարտեզները: Երեխաները երեկոյան կարող էին տուն գնալ անգամ լողացած, քանի որ մանկապարտեզն ապահովված է շուրջօրյա տաք ու սառը ջրով, այն դեպքում, երբ ողջ բնակչությունը ջուր է տանում գյուղամիջում գտնվող միակ ծորակից: Հարմարավետ խաղասենյակներից բացի, երեխաներն ունեն ամառային ու ձմեռային ճաշասենյակներ, խաղահրապարակ եւ այլն: 
Ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, որտեղ մանկապարտեզների գործունեությունը սեզոնային բնույթ ունի` բացվում է մայիսին ու փակվում նոյեմբերին, անցած 5 տարիների ընթացքում Ողջիի մանկապարտեզը տարին բոլոր գործել է, քանի որ ունի կենտրոնացված ջեռուցում:

Հիմնադիրներն ամեն ինչ արել են երեխաներին հայեցի դաստիարակելու, նրանց ստեղծագործելու ունակությունը (նկարչություն, երաժշտություն, ձեռքի աշխատանք եւ այլն) զարգացնելու, խաղի պահանջը բավարարելու ուղղությամբ: Մանկապարտեզի տնօրինությունը հոգացել էր նաեւ երեխաներին առողջ սննդով ապահովելու մասին. բանջարեղենը մասնակի ապահովում էր սեփական բանջարանոցը, ամսական 1500 դրամ վարձի դիմաց ծնողները բնամթերք էին տրամադրում: «Երեխաներին կերակրում էինք թարմ կաթնեղենով ու բանջարեղենով, նրանք սնվում էին օրը 3 անգամ: Հանդեսներից բացի այստեղ նշում էինք նաեւ երեխաների ծննդյան տարեդարձերը»,- հայտնեց Ժասմենա Առաքելյանը: 

Ողջի գյուղում մանկապարտեզ հիմնելով` հիմնադիրները նպատակ են ունեցել այն կրթության ու դաստիարակության օրրան դարձնել շրջակա 5 գյուղերի մանուկների համար: «Մինչեւ 22 երեխա էր հաճախում, վերջին շրջանում 15 երեխա կար, սակայն հարեւան Վարդաղբյուր գյուղի բնակիչները 10 երեխայի հայտ էին ներկայացրել, որոնց չկարողացանք ընդունել ֆինանսական դժվարությունների պատճառով: Ողջիի շրջակա գյուղերը` Հայկավանն ու Մեղրաշատը, որոնք նույնպես մանկապարտեզ չունեն, այստեղ էին բերում երեխաներին»,- հայտնեց մանկապարտեզի տնօրենը: 

Ողջիում բոլորն անհամբերությամբ են սպասում մանկապարտեզի վերաբացմանը, առավել եւս երեխաները: «Ուզում եմ մանկապարտեզ գնամ»,- ասում է փոքրիկ Մելինեն, որի ծննդյան 3-ամյակն էին նշում հարազատները մեր այցելության օրը: Տարեդարձին հավաքված փոքրիկները, միմյանց հերթ չտալով, ներկայացնում էին մանկապարտեզում սովորած երգերն ու ոտանավորները. 

Կարմիր, կապույտ, ծիրանագույն,
Ասում ենք` վերջ կյանքին անգույն,
Մեր երգերով ուրախ ու տաք,
Կապրենք խաղաղ երկնքի տակ...

«Անգույն» կյանքին վերջ տալու երազանքով ապրող այս մանուկներին դժվար է բացատրել, որ իրենց մանկությունը փոքր-ինչ գունեղ դարձնելու համար պահանջված փոքրիկ գումարը շատ մեծ է Շիրակի մարզպետարանի քսակի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter