HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

53 մլն` պետության գրպանից

2007 թ. փետրվարին «Հետք»-ում հրապարակված «Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել» եւ «Ըստ նախարարության` մեղավորը շահառուներն են» հոդվածներում ներկայացված խնդիրներով շուրջ մեկ տարի անց հետաքրքվել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը:

2003 թ.-ից ՀՀ կառավարությունը մանկատան շրջանավարտներին ապահովում է բնակարաններով` այդ խնդրի լուծման համար տրամադրելով հսկայական գումարներ:

Բնակարաններ ձեռք բերելու համար յուրաքանչյուր տարվա սկզբին ՀՀ պետական գնումների գործակալությունը հայտարարում է մրցույթ, որին մասնակցում են եւ՛ անհատներ, եւ՛ կազմակերպություններ: 

Երեք տարի անընդմեջ բյուջեից հատկացված գումարներով, առանց մրցույթներում շահելու, բնակարաններ ձեռք բերելու հնարավորությունը տրվել է «Սոկոլ Գրուպ» ընկերությանը, որն առավել հայտնի է բենզինի ներկրմամբ: Ուրիշ կազմակերպություններ նույնպես մասնակցել են մրցույթներին, սակայն միշտ մերժվել են: 

Այսպիսով, 2004, 2005 եւ 2006 թթ. բնակարաններ ձեռք բերելու համար ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջեւ ստորագրվել են եռակողմ պայմանագրեր: 

Այդ պայմանագրերի համաձայն` «Սոկոլ Գրուպ» ընկերությունը պարտավորվել է ընդհանուր առմամբ 746.230.000 դրամ գումարով ձեռք բերել եւ նախարարությանն ու վարչությանը հանձնել 132 բնակարան:

Մեկ տարի անց ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել է, որ բնակարանների գնման ընթացքում տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում, եւ ծավալվել է ապօրինի ձեռնարկատիրություն, ինչի արդյունքում պետությունը կրել է 53 մլն դրամի վնաս: 

Դատախազության ապրիլի 28-ի հաղորդագրության մեջ նշված է, որ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանը, որը նախարարության անունից կնքել է պայմանագրերը, խախտել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջները. մասնավորապես կնքված պայմանագրերում չի սահմանել գնումների գործընթացի նկատմամբ հսկողության եւ գների ճշտման մեխանիզմներ, ինչպես նաեւ` ձեռք բերվող բնակարանների գտնվելու կոնկրետ տարածքներ, ինչի հետեւանքով «Սոկոլ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Լյովա Աղաբաբյանը, առանց հատուկ թույլտվության, զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ: 

«Արդյունքում` պայմանագրով նախատեսված միայն 12 բնակարաններ ձեռք են բերվել շուկայական գներից շուրջ 53 մլն դրամ ավելի գներով, որի հետեւանքով պետությանը պատճառվել է վնաս»,- գրված է դատախազության հաղորդագրության մեջ: 
Այդ առիթով վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորությունների չարաշահում) եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներով: 

Նախաքննությունն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն:

Մի շատ կարեւոր հանգամանք դատախազության հաղորդագրության մեջ չի բացահայտվում. օրինակ` չի նշվում, թե ինչպե՞ս են բնակարանները ձեռք բերվել շուկայական գներից բարձր արժեքով: Իրականում տեղի է ունեցել այլ բան. այդ բնակարանների ձեռք բերման համար ընկերությունը ցույց է տվել մեծ գումար, բայց իրականում ձեռք է բերել շատ ավելի քիչ գումարով: Այդ տարիներին ձեռք բերված մի քանի տասնյակ բնակարաններ եղել են վթարային վիճակում եւ գնվել են շատ ցածր գնով: Օրինակ` մանկատան շրջանավարտ Իգոր Կամեշկոյի` Չարենցավանի 6-րդ թաղամասում գտնվող բնակարանը 2003-2005 թթ. ընթացքում ձեռք է բերվել ընդամենը 1100 ԱՄՆ դոլարով: Դա հաստատեցին այդ բնակարանի հարեւանները, որոնք ճանաչել են բնակարանի նախկին տիրոջը: Ավելի էժան բնակարան երեւի թե հնարավոր չէր գտնել: Մեզ այդպես էլ չհաջողվեց պարզել, թե «Սոկոլ Գրուպ»-ն ինչքանո՞վ է ձեռք բերել այդ բնակարանը: Ընկերության ներկայացուցիչները կտրականապես մերժել էին հայտնել բնակարանների ձեռք բերման գները: Դա չէր հաջողվել պարզել նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանից: Բնակարանների գնման գներն անհասկանալի պատճառներով գաղտնի էին պահվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter