HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 20-ը ապրիլի

Առավոտյան կրկին անձրեւում էր: Կարծես արդեն սովորական էր, որ պիտի անձրեւի ուղեկցությամբ գնանք մեր հանդիպումներին, որոնք նախապես ծրագրվել էին «Ինտերնյուս»-ի եւ GPOT կենտրոնի կողմից (5 հայաստանցի լրագրողներս Ստամբուլ էինք ժամանել «Հայ-թուրքական երկխոսություն» ծրագրի շրջանակներում): Թաքսիմ հրապարակում նստեցինք փոքրիկ կարմիր տրամվայը, որը պիտի կտրեր-անցներ Իսթիկլալ պողոտան՝ հասնելով նրա մյուս ծայրը՝ Բեյօղլու: Տեղացիների եւ հատկապես տուրիստների շրջանում մեծ համբավ ունեցող այս փոխադրամիջոցը կոչվում է «Նոստալգիկ տրամվայ»: Առանձնապես չտպավորվեցի տրամվայից, բայց թերեւս նոստալգիայի նման մի բան զգացի: Իջանք Բեյօղլուում:

Տեղանունները նշելիս ընթերցողին շփոթության մեջ չգցելու համար ասեմ, որ Ստամբուլը Բոսֆորի նեղուցով բաժանված է երկու մասի՝ ասիական (արեւելյան) եւ եվրոպական (արեւմտյան): Ասիական հատվածից հայերին քաջ ծանոթ կլինի Սկյութարը: Եվրոպական հատվածն իր հերթին Ոսկեղջյուր ծովախորշով բաժանված է երկու մասի՝ հին քաղաք (բյուզանդական) եւ նոր քաղաք: Վերջինիս կազմում են Բեյօղլու եւ հայաշատ Շիշլի շրջանները, որոնք իրենց տարածքային նշանակությամբ համարժեք են Երեւանի համայնքներին: Այդ շրջաններն էլ իրենց հերթին բաժանվում են թաղերի, ինչպես, օրինակ, Կենտրոնում՝ Կոնդը, Շրջանայինը: Մեր Կենտրոնի նման Բեյօղլուն էլ բաժանված է այնպիսի թաղերի, ինչպիսիք են Թաքսիմը, բուն Բեյօղլուն (Փերա), Կարաքյոյը (Ղալաթիա կամ Գալաթա):

 Բեյօղլուում ճոպանուղի նստեցինք: Սա այն չէ, ինչ Երեւանում ժամանակին եղածը: Ստամբուլում երկու ճոպանուղի կա, երկուսն էլ ստորգետնյա: Մեկը Թաքսիմը կապում է Կաբաթաշին, իսկ մյուսը, որ կոչվում է Թյունել, Բեյօղլուն միավորում է Կարաքյոյին (այլ կերպ ասած՝ Փերան՝ Ղալաթիային): Երեւանյան ձեւաչափով դա կարելի է այսպես պատկերացնել. Շրջանայինից առանց կանգառի ստորգետնյա ճոպանուղին Խանջյանի տակով հասնում է «Այրարատ» կինոթատրոն: Ընդ որում՝ Ստամբուլում ոչ մետրոյի, ոչ էլ ճոպանուղու գնացքները երեւանյանների նման չեն աղմկում, ընթանում են բավականին սահուն ու փափուկ, թունելն էլ լուսավորված է:   

Սակայն մոռացա նշել, որ Բեյօղլուում (բառացի՝ բեյի տղա) մենք, տրամվայից իջնելով, անմիջապես ճոպանուղի չնստեցինք, այլ քայլեցինք դեպի քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Գալաթայի աշտարակը: 66 մետր բարձրություն ունեցող աշտարակը կառուցվել է այս վայրերում ճենովացիների իշխանության օրոք՝ 14-րդ դարում: Շրջակա տարածքն ու ծովախորշը հսկող աշտարակն այդ ժամանակ եղել է քաղաքի ամենաբարձր կառույցը եւ ունեցել է ռազմավարական նշանակություն: Ճենովացիներն այն կոչել են Հիսուսի աշտարակ, իսկ Օսմանյան Թուրքիայի օրոք ստացել է Գալաթայի անունը: Ծառայել է որպես աստղադիտարան, այժմ վերին մասում ռեստորան է:

Բայց մեր նապատակն ամենեւին էլ աշտարակ  բարձրանալն ու այնտեղ ճաշելը չէր, այլ մի քանի փողոց այն կողմ գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) տարածաշրջանային գրասենյակ հասնելը, որտեղ պիտի հանդիպեինք ՄՃԽ-ի եվրոպական ծրագրի ղեկավար Սաբինա Ֆրայզերին:

Ղարաբաղում բլիցկրիգ (կայծակնային պատերազմ) չի լինի

Միանգամից նշեմ, որ Հայաստանում այս կնոջն ու նրա կառույցին, մեղմ ասած, չեն համակրում, քանի որ, ըստ գնահատականների, ՄՃԽ-ն ԼՂ հակամարտությանը վերաբերող իր զեկույցներում դրսեւորում է թուրքաադրբեջանամետ կողմնորոշում: Երբ այդ մասին հարցրի տիկնոջ կարծիքը, ասաց, թե նույնը բանը լսում է եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Թուրքիայում, ինչը փաստում է անկողմնակալության մասին:

Մեր զրույցի ընթացքում պարզվեց, որ տկն Ֆրայզերը 2009-ից հաստատվել է Ստամբուլում: Դա նա բացատրում է իր՝ տարածաշրջանի խնդիրներով զբաղվողի համար օգտակարությամբ. «Լինել Ստամբուլում՝ նշանակում է լինել ամեն ինչի կենտրոնում, որովհետեւ Ստամբուլը կարծես տարածաշրջանի մայրաքաղաքն է: Դու այստեղ այնպիսի էներգիա ես զգում, որը նույնիսկ Բրյուսելում, կարող եմ ասել, չես զգա: Բրյուսելում այժմ նայում են Եվրամիության ներքին խնդիրներին, եւ այնտեղի քննարկումների մեծ մասը միայն ԵՄ-ի մասին է, եւ այնքան էլ շատ չեն խոսում Կովկասում ԵՄ-ի քաղաքականության մասին»:

«Մենք մեր վերջին զեկույցում նշել ենք, որ ԼՂ խնդրի առումով իրավիճակը վատանում է,- ասում է Ս. Ֆրայզերը:- Մեր կազմակերպությունը աջակցում է հիմնարար սկզբունքներին, մենք հավատում ենք, որ եթե դրանք երկու կողմից համաձայնեցվեն, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն կլինի: Բայց, ցավոք, կարծում ենք, որ գործընթացներն այս պահին սխալ ուղով են ընթանում. խնդիրը պահպանվում է երկու կողմից էլ՝ Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մնա իր կազմում, իսկ Հայաստանը, անշուշտ, պնդում է, որ ԼՂ-ն պետք է ինքնորոշման իրավունք ստանա: Մենք առաջարկում ենք հետաձգել կարգավիճակի հարցը՝ 5, 10 կամ 15 տարի հետո հանրաքվեով որոշելու համար, մինչեւ իրավիճակը կկայունանա, մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները, եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ փոխադարձ վստահություն կառաջանա: Հիմնարար սկզբունքներն էլ ասում են, որ այդ հարցը պետք է հետաձգվի: Բայց Հայաստանի կարծիքով՝ անհնար է դուրս գալ օկուպացրած տարածքներից, մինչեւ որոշակի վստահություն չլինի, որ Ղարաբաղը կարող է մի օր անկախանալ:  

Շփման գծում բռնությունների, սպանությունների թիվն աճում է, Ադրբեջանը ավելի ու ավելի է զինվում, մեծացնում է ռազմական բյուջեն: Անշուշտ, նույնը տեղի է ունենում Հայաստանում, բայց նվազ չափով, որովհետեւ Ադրբեջանի բյուջեն շատ ավելի մեծ է»: ՄՃԽ-ի անդամի դիտարկմամբ՝ եթե 5 տարի առաջ ոչ ոք չէր մտածում պատերազմի վերսկսման հնարավորության մասին, ապա այժմ դրա վտանգը գնալով աճում է:  

Նա հավանական է համարում Ադրբեջանի կողմից փոքրիկ միջադեպեր հրահրելու եւ Հայաստանի կողմից կոշտ արձագանքելու դեպքում պատերազմի վերսկսումը. «Մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա»:

Ս. Ֆրայզերը շեշտում է, որ պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը շատ կոշտ է արձագանքելու եւ ռմբակոծելու է ադրբեջանական տարածքները, ինչը խուճապ կառաջացնի ազերիների շրջանում: Ադրբեջանցիների ակնկալած արագ հաղթանակը փորձագետը բացառում է եւ օրինակ բերում ռուս-վրացական վերջին պատերազմը, երբ Վրաստանը մի քանի ժամում տարածքներ գրավեց, բայց հետո անմիջապես կորցրեց:

Ըստ նրա՝ ժամանակ առ ժամանակ կողմերից ինչ-ինչ խոստումներ ստանալը դեռեւս խաղաղության երաշխիք չէ: Անհրաժեշտ է մեծ թվով մշտական ներկայացուցիչներ պահել հակամարտության գոտում՝ հասկանալու համար, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Սակայն կողմերը, Ֆրայզերի կարծիքով, չեն ուզում դա, հատկապես՝ ազերիները, որովհետեւ վերջիններիս համար չեզոք ուժերի տեղակայման դեպքում շփման գիծը կկայունանա: Այս պատճառով է նաեւ, որ ազերիները հետ չեն քաշում դիպուկահարներին:

 Հարցիս, թե արդյոք Մինսկի խումբը այս հակամարտության լուծման արդյունավետ ֆորմատ է, Ֆրայզերը պատասխանեց, որ այս պահին ավելի արդյունավետ ձեւաչափ չի կարող լինել. «Եթե երեք հզոր պետություններ չեն կարողանում հարցը լուծել, ապա ի՞նչ պետք է անեն մյուսները»: Վերջինս բացասաբար է վերաբերվում Թուրքիայի՝ Մինսկի խմբի համանախագահ դառնալու հնարավորությանը. Անկարայի դերը պարզապես պետք է լինի Բաքվի հետ ավելի սերտ աշխատել ու վերջինիս խրախուսել շարժվել դեպի հարցի լուծում: Եթե կողմերն այսօրվանից սկսեն եռանդով աշխատել սկզբունքների շուրջ, ապա ամբողջական կարգավորումը, ըստ Ֆրայզերի, շուրջ 20 տարի կտեւի: Վերջինս դրական չի արտահայտվում նաեւ «օկուպացված» շրջաններում վերաբնակեցման մասին, քանի որ դրանց հանձնումից հետո այսօրվա վերաբնակները նորից տեղահանվելու են: Սաբինա Ֆրայզերը համաձայն է, որ վերաբնակեցման մոնիտորինգ պիտի արվի նաեւ ադրբեջանական կողմում, մասնավորապես՝ Շահումյանում, բայց եւ հռետորական հարց է հնչեցնում, թե հայերն այդտեղ վերադառնալու են իբրեւ Ադրբեջա՞ն, թե՞ հայկական պետություն:  

Հայ-թուրքական մերձեցման գործընթացի սառեցման մեջ Ֆրայզերը տեսնում է երկու կողմերի սխալները: Հայաստանի կողմից դա Սահմանադրական դատարանի որոշման մեջ Արեւմտյան Հայաստանի մասին հիշատակումն էր, ինչը թուրք ազգայնականների քննադատության թիրախ դարձավ: Թուրքիայի կողմից էլ խնդիրը ընդդիմության կեցվածքն ու հուշագրերը խորհրդարանում չվավերացնելն էր, ինչպես նաեւ ազերիների կողմից գազի վաճառքի գործոնն ու դեմարշը:

Ըստ Ֆրայզերի՝ խնդիր է նաեւ այն, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացումն այսօր վարչապետ Էրդողանի կուսակցության, նաեւ ընդդիմության, առաջնահերթություններից չէ: Սակայն մյուս կողմից՝ նա կարծում է, որ տարածաշրջանում իսկապես մեծ խաղացող դառնալու համար Թուրքիան պետք է լավացնի կապերը Հայաստանի հետ: Եվ այնուամենայնիվ, Ֆրայզերի համոզմամբ, ադրբեջանական գործոնի պատճառով Թուրքիան չի բացի սահմանները, մինչեւ Հայաստանը չազատի «օկուպացված» տարածքները:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter