HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողը չորս ամիս կալանքի տակ է

«Անցյալ տարվա լավագույն դատավոր ճանաչված Գագիկ Պողոսյանը բավարարեց քննիչ Սամվել Տոնոյանի միջնորդությունը` նոյեմբերի 5-ին Շանթ Հարությունյանի ու նրա համակիրների նախաձեռնած երթի ժամանակ ձերբակալվածներից Տիգրան Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Արա Զաքարյանը՝ համարելով, որ Տիգրանին կալանքի տակ պահելու որևէ հիմք չկա:

Տիգրանը մեկն է այն 14 կալանավորներից, ովքեր 4 ամիս գտնվում են անազատության մեջ: Նրանց մեծ մասին, այդ թվում՝ լրագրող, ակտիվիստ Տիգրան Պետրոսյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 316 հոդված 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով):

«Կոնկրետ Տիգրան Պետրոսյանը մեղադրվում է նրանում, որ մեկ ոստիկանի հրել է: Կենտրոն-Նորք Մարաշ դատարանում քննիչ Տոնոյանն ինչ ասում էր, դատավոր Գագիկ Պողոսյանը համարում էր հաստատված, պաշտպանական կողմի փաստարկների, ապացույցների հետ կապված կողմնապահություն կար: Դատարանն անգամ մերժեց մեր էլեմենտար միջնորդությունը` դատարանում դիտել տեսագրությունները, որտեղ երևում է, որ երբ Շանթ Հարությունյանին գցել էին գետնին, Տիգրանը փորձել է ոստիկանին հրել, որպեսզի Շանթի հանդեպ բռնություն չկիրառվի: Բնականաբար, յուրաքանչյուր հրոց չէ, որ կարող է հանցագործություն լինել: Սակայն դատարանը համարեց, որ տեսագրությունը դիտելու կարիք ընդհանրապես չկա: Ընդ որում, տեսագրություններից երևում է, որ իմ պաշտպանյալը բաժանողի դերում է եղել»,- նշեց փաստաբան Արա Զաքարյանը՝ տեղեկացնելով, որ բողոքարկել է կալանքի որոշումը:

Բացի այդ, 4,5 ամսվա ընթացքում միայն առերեսումներ են եղել այն ոստիկանի հետ, ում հրել է Տիգրան Պետրոսյանը: Ոստիկանը՝ Արա Կարապետյանը, ով դեպքից առաջ և հետո երբևէ չի տեսել նրան, ասել է, որ ճանաչում է Տիգրանին: Հարցին, թե ինչ հատկանիշներով է ճանաչել, ոստիկանն ասել է. «Հիշում եմ սեռի գույնի կուրտկա, բեղեր ու մորուք»: Բայց Տիգրանը մորուք չի ունեցել, կրել է ակնոց, ինչը, ըստ փաստաբանի, չէր կարող չնկատել ոստիկանը:

Կալանավորված, 4.5 ամիս անազատության մեջ գտնվող Տիգրան Պետրոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Նրա խնամքին է 2-րդ կարգի հաշմանդամ հայրը, ով ինքնուրույն տեղաշարժվելու դժվարություններ ունի: Այս ընթացքում ստիպված հարևանները, բարեկամներն են գալիս ու օգնում նրան: Փաստաբանի համոզմամբ` այս հանգամանքը ևս պիտի հաշվի առներ դատարանն ու կալանքի որոշում չկայացներ:

Տիգրան Պետրոսյանը լրագրությամբ զբաղվում է 2007 թվականից, համագործակցել է հայկական մի քանի լրատվամիջոցների հետ, «Ճամպրուկ» լրագրողական մրցույթի դափնեկիր է (3-րդ տեղ 2011 դեկտեմբեր), մի քանի վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ, այդ թվում` «Առնո» ֆիլմի, որը ցուցադրվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում (2013)։ 

Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով երթ էր կազմակերպել դեպի նախագահի նստավայր: Սակայն հենց Մաշտոցի պողոտայում պայթուցիկներ էին պայթել, ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի էր ունեցել քաշքշուկ: Ձերբակալվել էր 38 անձ, մեղադրանք է առաջադրվել 14-ի նկատմամբ: Կազմվել էր քննչական խումբ՝ մոտ 30 քննիչից կազմված: Խումբը ղեկավարում է ՀԿԳ քննիչ Սամվել Տոնոյանը:

Այս ամիսներին քաղաքացիական հանրությունը տարբեր ակցիաներ է կազմակերպում ի պաշտպանություն կալանավորվածների՝ նշելով, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են ու պահանջելով ազատել Շանթ Հարությունյանին ու մյուս կալանավորվածներին:

 Լուսանկարում` (ձախից) դատավոր Գագիկ Պողոսյան, փաստաբան Արա Զաքարյան

Մեկնաբանություններ (1)

Эсмеральда
Тигран не преступник, и творится не суд, а судилище. Налицо грубейшие нарушения: признание априори виновным и заключение в СИЗО, полное отсутствие принципа презумции невиновности и многое, что отмечено адвокатом. Получается что-то вроде показательной порки, чтобы другим неповадно было. Печально.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter