HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքերն իրենց դասագրքերում տպած այլատյացության տողերի շուրջ բանակցում են թիրախ դարձածների հետ

Թուրքայի կրթության եւ գիտության փոխնախարարի օգնական Սադեթթին Սաբազն ասում է, որ իրենք առաջնորդվում են Քեմալ Աթաթյուրքի խոսքերով. «Թուրքիայի մեջ ոչ ոք անուս չպիտի մնա»: Ըստ պաշտոնյանի՝ ԿԳՆ-ի քաղաքականությունը առանց կրոնի, ազգային պատկանելիության խտրականության յուրաքանչյուր աշակերտի համար ուսում ստանալու իրավունքը պաշտպանելն է: Նա այս տեսանկյունից է դիտարկում այն վերջին փոփոխությունը, որ կատարվել է Թուրքիայի քաղաքացի չհանդիսացող հայ երեխաների պարագայում: Հիշեցնենք, որ վերջերս այդ երկրի կառավարության թույլտվությամբ հայաստանցի երեխաները ազատ ունկնդրի կարգավիճակով (ատեստատ չեն ստանում) կարող են հաճախել պոլսահայ դպրոցներ: Այս եւ այլ թուրքահպատակ հաստատություններում օրենքով կարող են սովորել միայն Թուրքիայի քաղաքացի երեխաները:

Թուրքիայում ապրող հայաստանցի երեխաներն այժմ այցելում են Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասում գտնվող Հայ ավետարանչական եկեղեցու նկուղում գտնվող անլեգալ կրթօջախ, որը բաղկացած է 2-ամյա մանկապարտեզից եւ 5-ամյա դպրոցից: Փոխտնօրեն Դոնարա Բեբուրյանն ասում է, որ պոլսահայ դպրոցներ տեղափոխված երեխաները արեւելահայերենի ու արեւմտահայերենի լեզվական ու քերականական տարբերությունների պատճառով կանգնել են դժվարությունների առաջ, ու ծնողների մի մասը նրանց ստիպված վերադարձրել է անլեգալ դպրոց: Մեկ այլ կարեւոր խնդիր է այն, որ պոլսահայ դպրոցներում առարկաները բացի հայերենից դասավանդվում են գերազանցապես թուրքերենով, քանի որ ուսուցիչների՝ հայերենի իմացության խնդիրներ կան:

Ս. Սեբազի փոխանցմամբ՝ իրենց վերջին տեղեկություններով՝ արդեն 40-50 հայաստանցի երեխա է սովորում պոլսահայ դպրոցներում: Նա ասում է, որ ուսումնական տարվա վերջին խորհրդակցություններ են անցկացնելու այն դպրոցների ղեկավարների հետ, որտեղ սովորում են այդ երեխաները. ժողովների նպատակը լինելու է առկա դժվարությունների, խոչընդոտների վերացմանը նպաստելը: Փոխնախարարի օգնականը հավաստիացնում է նաեւ, որ այս ամենն ընդամենը նախափորձ է, ու իրենք ձգտելու են ապահովել քաղաքացի չհանդիսացող երեխաների ուսման շարունակականությունը:  

Թե որքանով այս խոսքերը իրականություն կդառնան, ու որքան արդյունավետ կլինի ներկա իրավիճակը, ցույց կտա ապագան:

Թուրքական դպրոցներում պատմության դասագրքերում այլ ժողովուրդների մասին հայտնվել են այլատյացություն քարոզող տողեր: Խոսքը մասնավորապես հայերի, ասորիների, հույների, բուլղարների ու այն ազգերի մասին է, որոնք Օսմանյան Թուրքիայի ժամանակաշրջանում պայքարել են իրենց իրավունքների ու ազատության համար: Թուրքական դասագրքերում նրանք անվանվում են դավաճաններ, թիկունքից հարվածողներ եւ այլն:

ԿԳՆ-ի պաշտոնյաներն ասում են, որ իրենք տեղյակ են խնդրին, ու այլ երկրների հետ այսօր երկխոսություններ են ընթանում դասագրքերում առկա փոխադարձ ընկալումները ճիշտ ձեւակերպելու համար: Սակայն քանի որ չկան հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ, Հայաստանի հետ նման բանակցություններ չեն տարվում: Ամեն դեպքում Թուրքիայի ԿԳՆ-ում հույս են հայտնում, որ ապագայում այդ խնդրի շուրջ կխոսեն նաեւ Հայաստանի հետ: Սակայն հարց է, թե ինչպես պիտի խնդիրը կարգավորվի, օրինակ, ասորիների պարագայում, որոնք պետություն չունեն, բայց նույնպես ատելության թիրախ են դարձել դասագրքերում: Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ դասագրքերում առկա ձեւակերպումները չէին կարող լույս աշխարհ գալ առանց ԿԳՆ-ի իմացության: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter