HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը». Վարդան Պետրոսյան

Վարդան Պետրոսյան 

«Այնքան հասկանալի և այնքան միակողմանի…»

Նայեցի «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն. հատուկ դեպքեր»  հաղորդման մարտի  16-ի  թողարկումը: Նայեցի սրտի խորը կսկիծով: Վերապրեցի նորից զոհված տղաների ծնողների անտակ վիշտը: Մտքիցս դեռ դուրս չեն գալիս Էդուարդի մոր խոսքերը, որ վիրահատվող աղջկանից թաքցրել է եղբոր մահը, իրեն ուրախ է պահել, որ աղջիկը ոչինչ չկռահի … ականջիս մեջ հնչում է նաև Էդգարի մոր ձայնը՝  «Աստված պահի քո բալին …»:

 Չեմ ուզում խոսել հաղորդման գեղարվեստական որակի մասին, որն իր «բեմադրությամբ ու դերասաններով» մարդկային ամենածանր ողբերգությունը վերածեց անհաջող սերիալի: Չեմ խոսելու ինձ վաղուց այնքան հասկանալի այդ «հասկանալի միակողմանիության» մասին, որի մասին հեղինակն ասաց հաղորդման վերջում: Ուղղակի հաղորդման ընթացքում անընդհատ արծարծվում էր այն միտքը, թե ինչո՞ւ իմ կողմից չեղան Հակոբյան ընտանիքին մոտեցման փորձեր: Չէ՞ որ փաստաբան վարձելու փոխարեն կարելի էր մարդկայնորեն գնալ, նրանց հանդիպել,  «խնդրել, աղաչել»: Եվ, կարծես, ի պատասխան այդ հարցադրման՝ ֆիլմի վերջում որպես արդարացում գրվեց, որ ֆիլմի ցուցադրումից տասը օր առաջ ես զանգել և ցավակցել եմ Հակոբյաններին և իմ օգնությունն առաջարկել վիրահատված աղջկան:

Ո՞րն էր ֆիլմի գլխավոր նպատակը: Ցույց տալ Հակոբյան ընտանիքների վշտի իրական չա՞փը… չէր հաջողվել: Ցույց տալ, որ ես ցավակցելու, մարդկային մոտեցման փոխարեն փաստաբա՞ն եմ վարձել, սու՛տ է: Չէ՞ որ ողբերգության առաջին իսկ օրերից, երբ ես դեռ անգիտակից պառկած էի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում, իմ ընտանիքն ու ընկերները հանդիպել են Հակոբյան ընտանիքի անդամների հետ: Դեռ այսօր էլ շարունակում են հանդիպել: Ես ուզում եմ մեկ առ մեկ թվել այդ հանդիպումները:

  • 2013թ. հոկտեմբերի 22-ին (ես դեռևս անգիտակից էի), իմ ընտանիքը կապ է հաստատել Հակոբյան ընտանիքի  բարեկամ Արթուրի հետ և ցանկություն հայտնել մասնակցելու Էդգարի և Էդուարդի թաղմանը և մյուս բոլոր արարողություններին: Պատասխանել են, որ այս պահին նպատակահարմար չէ, որովհետև ահավոր լարված իրավիճակ է:
  • 2013թ. հոկտեմբերի  22-ին քույրս իր ՖԲ - ում մեր ընտանիքի անունից ցավակցություն է հայտնել Հակոբյանների ընտանիքներին:
  • 2013թ. հոկտեմբերի  25-ին news.am-ում տպագրվել է հարցազրույց ավագ եղբորս՝ Արմեն Պետրոսյանի հետ, որտեղ մասնավորապես ասված է. «Կապվել ենք ընտանիքի երկու ազգականի հետ, ցավակցել, առաջարկել հանդիպել, խոսել: Պատասխանել են, որ դա ճիշտ կլինի մի քանի օրից, երբ կրքերը մի քիչ հանդարտվեն: Ցավոք, այդ մասին նրանք ընտանիքի բոլոր անդամներին չէ, որ տեղյակ են պահել: …Եվ վերջում կրկնեմ՝ ես եւ մեր ողջ ընտանիքը սգում է եւ ցավակցում հանգուցյալների եւ վիրավորների բոլոր հարազատներին ու մերձավորներին: Թեեւ մենք, թվում է, թե հակադիր դիրքերում ենք, բայց, իրականում, կապված ենք նույն ողբերգությամբ»:
  • 2013թ. հոկտեմբերի 27-ին մերոնք  ուզել են գնալ իրենց հետ գերեզմաններ, բայց մերոնց առաջարկել են հանդիպել առանձին և խոսել: Հանդիպումը կայացել է Պարոնյան թատրոնի դիմացի այգում՝ կենտրոնական բանկի հարևանությամբ: Հանդիպմանը եկել են Հակոբյան ընտանիքից՝ ավագ եղբայր Արայիկը, Տաթևիկի քեռին՝ Ավստրալիայից և իրենց բարեկամ Արթուրը: Իմ ընտանիքից եկել են  ավագ եղբայրս՝ Ռուբենը, քույրս՝ Աշխենը և ընկերս՝ Ժան Նշանյանը: Մերոնք ցավակցություն են հայտնել և առաջարկել մեր զորակցությունն ու աջակցությունը ամեն հարցում, մասնավորապես Տաթևիկին Ամերիկա ուղարկելու և այնտեղ բուժվելու համար: Մեզ պատասխանել են, որ էստեղ էլ հիմա ամերիկացի բժիշկներ կան, որոնք քննել են Տաթևիկին և Ամերիկա  տեղափոխելու կարիքը հիմա չկա, բայց կարող է մի քանի ամսից լինի: Նաև նշել են, որ ծնողները տեղյակ չեն, որ իրենք եկել են մերոնց հանդիպելու, ապա մերոնց հարցրել են՝ ինչ առաջարկ ունեք մեզ: 
  • Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել 2013թ.  նոյեմբերի 7-ին Կասկադում: Հանդիպման են եկել Հակոբյանների եղբայր Արայիկը, հորեղբորորդի Գագիկը և  բարեկամ Արթուրը: Մեր կողմից՝ քույրս՝ Աշխենը  և եղբայրս՝ Արամը:  Նորից որոշել են հանդիպել մի քանի օր անց:
  • 2013թ. նոյեմբերի 9-ին ինձ կալանավորեցին: Դրանից  երկու օր անց քույրս զանգել է Արայիկին և ասել, որ  հանդիպումը այս պահին չի կարող տեղի ունենալ հասկանալի պատճառներով: Ինքը պատասխանել է, որ մի քանի օրից ինքը կարող է Հայաստանում չլինել, գնալու է Ռուսաստան: Քույրս ասել է, որ իր բացակայության ժամանակ  կկապվի հորեղբորորդի Գագիկի հետ:
  • 2013թ. նոյեմբերի 10-16 –ի շաբաթվա մեջ Հակոբյանների ընտանքին  Աշտարակում այցելել են հանրահայտ և վաստակաշատ  արվեստագետներ՝ իմ ընկերները, Տիգրան Հեքեքյանը, Աննա Հեքեքյանը, Ռուբեն Բաբայանը, Սոֆիկ Սարգսյանը, Ժան Նշանյանը, Զարուհի Մուրադյանը, Աշոտ Ղազարյանը, Հարություն Մովսիսյանը, մարդիկ, ովքեր  խորապես ցավակցել են նրանց անհուն վշտին, ովքեր խոր մտահոգությամբ  և անկեղծորեն ցանկացել են սփոփել նրանց կորուստը և ձեռք մեկնել զորակցության: Այս հանդիպումը կազմակերպել օգնել էր Աշտարակի իմ ընկերը՝ Գագիկ  Փարադյանը:
  • 2013թ.  նոյեմբերի 25-ին դերասաններ Աշոտ Ղազարյանը, Հարություն Մովսիսյանը և Ջուլիետա Բաբայանը քրոջս հետ այցելել են Տաթևիկ Հակոբյանին՝ Հանրապետական հիվանդանոցի տրավմատոլոգայի բաժանմունքում՝ նույն նպատակով: Սակայն քույրս նրբանկատորեն սպասել է դրսում:
  • 2013թ. նոյեմբերի 29-ին Էդգարի և Էդուարդի քառասունքին գնացել են Աշոտ Ղազարյանը և Հարություն Մովսիսյանը: Քույրս խնդրել է նրանց անպայման ծնողների հետ խոսել և  ասել, որ մեր ընտանիքը  անպայման ուզում  է իրենց հանդիպել: Չի ստացվել:
  • 2013թ. դեկտեմբերի 6-ին կինս և քույրս հանդիպել են երգչուհի Արմինկայի հետ, որը մտերիմ է Հակոբյանների Երևանի ընտանիքի հետ, և խնդրել, որ նա կազմակերպի Տաթևիկի ծնողների հետ հանդիպում, երեխային անհրաժեշտ բուժօգնություն ապահովելու համար: Հաջորդ օրը մեզ պատասխանել են, որ դեռ պատրաստ չենք ձեզ հետ հանդիպելու և կտրականապես արգելել են երեխային այցելել:
  • 2014թ. հունվարի 2-ին և 9-ին քույրս հանդիպել է Վահագն Հովնանյանի հետ, որ ինքն իր նախաձեռնությամբ անձամբ գնացել էր Հակոբյանների տուն Աշտարակում և ցավակցել:  Հովնանյանը զանգահարել է Հայկ Հակոբյանին և ասել, որ Վարդանի քույրն ուզում է իրենց այցելել: Պատասխանել են՝ «Ո՛չ: Մենք չենք ուզում, որ Վարդանի քույրը գա: Թող Վարդանն ինքը գա: Թող հեռուստատեսությամբ մեղա գա և ներողություն խնդրի մեզնից»: Սա ասվել է այն պարագայում, երբ ես արդեն երկու ամիս գտնվում էի կալանավայրում:
  • Փետրվարի 19-ին մերոնք հանդիպել են Հակոբյանների հորեղբորորդի Գագիկի և բարեկամ Արթուրի հետ:  Բայց հանդիպմանը չեն եկել Հայկ Հակոբյանը և Արթուր Հակոբյանը՝ չնայած նախնական պայմանավորվածության: Նորից երկարատև բանակցել են և ասել, որ ուզում ենք հանդիպել ծնողների հետ: Հանդիպմանը ներկա են եղել՝ եղբայրս՝ Արամը, կինս՝ Անին և քույրս՝ Աշխենը:
  • Փետրվարի 26-ն կինս՝ Անին, քույրս՝ Աշխենը, եղբայրս՝ Արամը և մտերիմ ընկերս՝ Գափոն հանդիպել են Աշտարակ քաղաքում Հայկ Հակոբյանի ընտանիքին, Արթուր Հակոբյանին, հորեղբորորդի Գագիկին, Հայկի և Արթուրի քրոջը և նրա ամուսնուն: Գնացել են գերեզմաններ՝ տղաների շիրիմին ծաղիկներ դրել, խունկ են ծխել , այնուհետև գնացել են Հայկ Հակոբյանի տուն և հանդիպել կնոջը՝ Աննային, աղջկան՝ Էմմային: Ցավակցել են, նստել, լաց են եղել միասին, փարվել են իրար: Կարդացել  են իմ ցավակցական նամակը ուղղված իրենց: Առաջարկել են աջակցություն ու զորակցություն: Մերժում չեն ստացել:  Երեկոյան եկել են Երևան և այցելել Արթուր Հակոբյանի ընտանիքին: Հանդիպել են կնոջը՝ Նաիրային, դստերը՝ Տաթևիկին և Նաիրայի մորը՝ Անահիտին:  Առաջարկել են մեր օգնությունը Տաթևիկի բուժման հարցում: Մերժում չեն ստացել:
  • Կազմակերպվել է հանդիպում բժիշկների հետ, որպեսզի Տաթևիկին տանեն Հայաստանի լավագույն բժիշկների մոտ: Արթուր Հակոբյանն ինքը գնացել է հանրապետական հիվանդանոց Տաթևիկի ռենտգենը վերցնելու, որպեսզի մերոնք այն ուրիշ բժիշկների էլ ցույց տան: Սակայն 2 օր անց Արթուր Հակոբյանը զանգահարել է եղբորս  և ասել, որ չեն ուզում ոչ մի բժիշկ և ոչ մի օգնություն և առաջարկել հաջորդ օրը հանդիպել առանց Անիի և Աշխենի:
  • Մարտի 1-ին եղբայրս ՝ Արամը և ընկերս՝ Գափոն հանդիպել են Արթուրին և Հայկին և նորից քննարկել մեր կողմից իրենց աջակցության հարցը: 
  • Մարտի 6-ին ես կալանավայրից զանգահարել և խոսել եմ Արթուր Հակոբյանի և Հայկ Հակոբյանի հետ՝ առանձին-առանձին: Ցավակցել եմ իրենց՝  հնարավորինս արտահայտելով իմ զգացածը :
  • Մարտի 11-ին, ըստ նախնական պայմանավորվածության, մերոնք պետք է նորից հանդիպեին Աշտարակում Հայկի և Արթուրի հետ: Սակայն վերջին րոպեին Հայկը  զանգահարել է եղբորս՝ Արամին և ասել, որ հանդիպումը տեղի չի ունենա:
  • Մարտի 12-ին Աբովյանի դատարանում քույրս նորից իր առաջարկը կրկնել է Տաթևիկի մորը՝ այն է՝ բժշկական օգնություն ապահովել Տաթևիկի համար:

 

Այս մասին Հակոբյանները հրաշալի գիտեին և լռեցին…Իսկ հիվանդանոցից հետո, ես ընդամենը մեկ օր եմ եղել «ազատության մեջ», շտապօգնության բժիշկների հսկողության տակ: Հաջորդ օրը ձերբակալություն, նորից հիվանդանոց և հակառակ բժիշկների թույլտվության՝ դատարան, որտեղից էլ պատգարակի վրա անգիտակից՝ կալանավայր…

…Ես հինգ ամիս շարունակ լռել եմ՝ շատերին զարմանք պատճառելով, չեմ խոսել (բացառությամբ  մեկ հարցազրույցի), որովհետև Հակոբյանների վիշտն ավելի բարձր եմ դասել և դասում այն ամենից, ինչ կատարվել է ինձ հետ: Այո՛, ամեն ինչից բարձր:

Բայց դատարանում բոլոր հարցերի պատասխանները տրվելու են. թե ինչո՞ւ մեր ձեռնարկած հաշտության քայլերը ոչնչի չբերեցին, թե ինչո՞ւ ես փաստաբան վարձեցի, ինչո՞ւ ես Ֆրանսիայից փաստաբաններ եմ հրավիրել, և ինչո՞ւ առանց նրանց հրաժարվել եմ դատական նիստից: Եվ պարզ կդառնա, որ դա ո՛չ վախ է, ո՛չ էլ շոու: Բառ, որ այնքան սիրում է գործածել Հակոբյանների փաստաբան՝ Ռ. Բալոյանը: Իսկ ինձ համար շոուն այն էր, որ նա՝ փաստաբան Ռ. Բալոյանը նախապես տեղեկացած լինելով և քաջ իմանալով, որ առաջին դատը հետաձգվելու է (օրենքը պարտադրում է դատը հետաձգել, եթե մեղադրյալի փաստաբանը ներկա չէ), դեռևս ապաքինվող Տաթևիկին տասը րոպեի համար բերել էր դատարան ի ցույց բոլորի՝ թե տեսեք, տեսեք… ի՜ նչ անբարո է դատի այս հետաձգումը: Սա՛ էր ինձ համար շոուն: Երբ մարդու հիվանդությունն ու ողբերգությունը շահագործվում են…

Իսկ քույրս, դատից հետո, այնուամենայնիվ, մոտեցել և ջերմորեն զրուցել է  Տաթևիկի մոր՝  Նաիրայի հետ, ևս մեկ անգամ առաջարկել բժշկական օգնություն երեխային՝ ասելով՝ անկախ այն բանից, թե այս դատավարությունն ինչ ավարտ կունենա, մենք պատրաստ ենք և ուզում ենք օգնել Տաթևիկին:  

Վերջաբան 

Ի՞նչը ստիպեց գրել ինձ այս ամենը: Հինգ ամիս լռել էի և էլի կարող էի լռել…

Նախ ուզում եմ, որ փարատվի հաղորդման ստեղծած այն թյուր տպավորությունը, թե իմ կողմից մոտեցման ու հաշտության ոչ մի քայլ չի արվել: Եվ երկրորդ՝ իմ փաստաբանների «առատությունը»  ուղղված է ոչ թե Հակոբյանների ընտանիքների դեմ, այլ արդյունքն է դատաքննչական մարմինների՝ իմ դեմ կիրառած անօրինական գործողությունների և ուղղված է պաշտպանելու ինձ: Ես ոչ մի թշնամանք չեմ տածում ոչ մեկի հանդեպ և Հակոբյան ընտանիքների ողբերգությունը կա և մնալու է իմ ու իմ ընտանիքի ողբերգությունը:

Մեկնաբանություններ (9)

Ani
Այստեղից հետևություն , Արմենիա հեռուստաընկերություն , հեռուստաընկերություն , հետևաբար Վարդանի ձերբակալումը բխում է պետական շահերից և այո , ինչու ոչ հետապնդում քաղաքական ենթատեքստ , այո կա վիշտ , կա ողբերգություն , բայց կա բացահայտ դիտավորություն Վարդանի հանդեպ , ես համոզված եմ , որ մահացածնբերի ծնողներին անձամբ փաստաբանները թույլ չեն տալիս հաշտության եզրեր գտնել Վարդանի հետ...հետևաբար կան ավելի խորը արմատներ :Անխոս վիշտը սարսափելի է , բայց յուրաքանչյուր ցավի մեջ կա ներելու մեծ պարգև , և իրենց հոգուը խորքում Վարդանին ներել են վշտի մեջ գտնվողները ...Իսկ դատաստանն Աստծունն է ...
Ս. Պետրոսյան
Ցավալի և անդարձելի կորուստներ են եղել, ես անձանմբ ցավակցում և մխիթարում եմ դժբախտ պատահարի զոհերի ընտանիքներին: Ուղակի ցանկանում եմ իմ կարծիքը ասել, կարծես թե սկսվում է ինչ որ բան շահարկվել, համացանցում, դատապաշտպանների շուրթերով և հնարավոր այլ միջոցներով: Պետք է ուակի հասկանալ զոհվածների հարազատներին, պետք է համբերել և ժամանակը ամեն ինչ կկարգավորի: Իմ կարծիքով կամայական հանրային քննարկում կամ խոասկցություններ այս հարցի շուրջ կբերեն ինչ որ ձևով սպիացող վերքերի բորբոքման: Մեկ բան ել եմ ցանկանում նշել, Վ. Պետրոսյանի դատապաշտպանը ագրեսիվությություն ցուցաբերելու փոխարեն, պետք է նրբանկատություն ցուցաբերի և փորձի հասկանալ մյուս կողմի հոգեբարոյական վիճակը:
Liana Bulghadaryan
Vardan jan, menq qez chat sirum enq, chat anhangstanum enq qo aroxchutyan yev hogekan aprumneri hamar. Yev chenq kaskatsum qo mardkaynutyan@ & aznvutyan@. Yev imatsir vor Montreal-i & Laval-i @nkernerd qez het aprum en ays anhachoxutyun@.
GRIGOR
Mkhitarank djbakht patahari ardyounk zohvats yerekheki @ntanikin, aroghchoutyoun Datevikin, hamberoutyoun yev tokounoutyoun mez shat sireli Vardanin.
Հասմիկ
Հարգելի՛ Վարդան Պետրոսյան, շնորհակալ եմ , որ այս դժվար պահին կարողացաք Ձեր մեջ ուժ գտնել ու գրել այս նյութը , բայց դրա անհրաժեշտությունը չկար... Դուք ճշմարիտ մտավորական եք և ամեն ինչ կտայիք ,որպեսզի այս ծանր ողբերգությունը տեղի ունեցած չլիներ...Իսկ ինչ վերաբերում է հաղորդմանը, ապա , որպես երիտասարդ լրագրող կարող եմ ասել , որ այն , իսկապես, կառուցված և մատուցված էր շատ սխալ ձևով: Տեսանյութի հեղինակները պարտավոր էին հանդիպել նաև Ձեզ հետ, որպեսզի Դուք չստացված հանդիպման փոխարեն գո՛նե էկրանից Ձեր սրտի խոսքն ուղղեիք Հակոբյանների ընտանիքին, ինչի կարիքը նրանք ունեին .../ դա կկոչվեր համակողմանի ինֆորմացիա. սա հատուկ իրենց համար/ : Ոչ ոք իրավունք չունի մարդկանց մեծագույն վիշտը շահարկելով՝ փորձել որևէ կերպ ինքնահաստատվել: Ինչևէ: Համբերություն եմ ցանկանում Ձեզ...և սրտանց ցավակցում եմ Հակոբյանների ընտանիքին...
Լուսինե
Հարգելի Վարդան Պետրոսյան, Մեծ Մարդ, այս դժբախտությունը բոլորինս է, ոչ միայն Հակոբյանների ընտանիքինը, ոչ միայն Ձերն ու Ձեր ընտանիքինը։ Ես չեմ կարող Ձեզ կամ Հակոբյանների ընտանիքին գնահատական տալ այս իրադարձությունների ֆոնի վրա, քանի որ սա այն դեպքն է, երբ մարդ ցավից ուղղակի լռում է։ Ես միշտ բարձր եմ գնահատել Ձեր արվեսը, իսկ այդպիսի արվեստագետը չի կարող բարձր արժանիքներ չունենալ։ Ձեր մեծությունն այնքան բնական է, որ նույնիսկ չի ստացվում սպասելի բառն օգտագործել։
ZAVEN
VARDAN AMOT KEZ .ES AMENI POXAREN TXAMARDKUTYUN UNECIR ASA VOR XMAC ES EXEL U HOXACACKUM KANGNAC MEKENAYIN 140 I TAK XPECIR GLUXNER@ KERAR .KYANK@ BUMERANGE MI OR HETA GALU KEZ LAV IMACIR CHES MARSELU STERT
Ani
Ejanagin bemadrutyun dardzrecin mardkanc djbaxtutyune... Hargel er petq gone erexaneri hishatake!!!
NUNE
VARDAN JAN DU VOR CHASESEL MENQ GITENQ QO MARDKAYIN TESAK@ VOR DU AMPAYMAN GNATCATC KLINES , MENQEL SHAT NEGHVETCINQ ET SERYALITS , ETE KARELI E ETDZEZ ASEL , KAGHATCOGHNERNEL EIN ANKAP , KNEREQ BAYTC PITI ASEM , EREVI IRANTTC DUR EKAV ET KINON INCH ASEM , BAYTC PITI ASEM QEZ VARDAN JAN ES INCH ANETSQ ER , ES INCH KRAK U PATIJ ER QEZ , QEZ HAMBERUTYUN VARDAN JAN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter