HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թաթարական» խաղաքարտից մինչեւ «հայկական» մանրադրամ մեկ քայլ է

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Երբեմն հարկ է լինում մտածել, որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Ռուսաստանը միեւնույն մեդալի երկու տարբեր կողմերն են ու աշխարհաքաղաքական դիրքավորման, հնարավորությունների, մարտահրավերների, մրցակցության կամ փոխօգնության հարցերում ունենում են գրեթե միեւնույն ելքերը կամ կանգնում են միեւնույն փակուղու առաջ: Իսկապես մեծ է Կոստանդնուպոլսի գրավչությունը` չնկատելու համար, որ բացի պետական էթիկետի, քաղաքական ավանդույթների եւ այլ հարցերում եղած որոշակի ժառանգությունից, նաեւ վերը բերված երեւույթներում է, որ այս երկու տերությունները ունեն գրեթե նույն ճակատագիրը: Ուստի, տրվելով տվյալ երեւույթները «բյուզանդականությամբ» բացատրելու գայթակղությանը, պետք է եւս մեկ անգամ ցուցանել, որ Երրորդ Հռոմը որքան որ Մոսկվան է, գրեթե նույնքան էլ Անկարան է:

Մի կողմ թողնենք երկու տերությունների «զույգ մայրաքաղաքներում» (Սանկտ- Պետերբուգ, Մոսկվա – Ստամբուլ, Անկարա) կայսերապաշտության գործարկմանը կամ ժողովրդավարացմանը միտված որոշակի համընկնումներ արձանագրող ներկա համեմատականները եւ կենտրոնանանք միայն տարածաշրջանային վերջին զարգացումների վրա: Միջերկրական ծովի արեւելյան տարածաշրջանում հեղափոխական ալիքի հետ մեկտեղ նաեւ պատերազմական ալիքի ի հայտ գալը թե՛ Թուրքիային եւ թե՛ Ռուսաստանին տարածաշրջանում իրենց ռազմաքաղաքական դիրքերն ամրացնելու եւ նոր դիրքեր գրավելու քաղաքականության կենսագործման հնարավորություն ընձեռեցին: Այդ տեսանկյունից` քաղաքացիական պատերազմով բռնկված Սիրիան փորձաքար դարձավ երկու երկրների համար: Թուրքիան սկսեց ծրագրել սիրիական պատերազմում իր ներգրավման եւ որոշակի տարածքներ անեքսիայի ենթարկելու դրվագները: Դրա արդյունքում հասցրեց իրեն շրջապատել ոչ բարեկամ երկրներով, եւ ֆիասկո ապրեց նրա «Զրո խնդիր հարեւանների հետ» խոստումնալից արտաքին քաղաքական դոկտրինը: Սակայն միայն իր արտաքին քաղաքականության մեջ չէ, որ Թուրքիան դժվարին օրեր է ապրում:

Թուրքիայում արդեն տեւական ժամանակ է, ինչ գոյություն ունի ներքաղաքական խորը հակադրություն: Այն պայմանավորված է ոչ միայն քաղաքական ուժերի` արդեն տարիներ ձգվող շատ կոշտ մրցակցությամբ, այլեւ քաղաքացիական հանրության դերակատարության անընդհատ մեծացմամբ: Այսօր Թուրքիայում քաղաքական լրջագույն գործոնների թվում ոչ միայն իսլամիստական գաղափարախոսությունը դրոշակ դարձրած կառավարող ուժն է` «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, ոչ միայն Աթաթուրքի գաղափարական ժառանգորդ աշխարհիկ պանթուրքիստական քաղաքական հոսանքներն են, ոչ միայն գյուլենական շարժումն է` հիմնված չափավոր իսլամի, համայնականության եւ բարոյականության վրա, ոչ միայն քրդական ազատագրական պայքարն է, այլեւ Հրանտ Դինքի սպանության հարցում եւ ապա նաեւ Գեզիի պուրակի շուրջ կոնսոլիդացված պրոդեմոկրատական քաղաքացիական լայն զանգվածներն են, որոնց հայացքներն ուղղված են առավելապես դեպի Եվրոպա: 

Նման ներքաղաքական «բեռով բարձված» Թուրքիան, այսպիսով, ընդամենը վերջերս է խոշոր պարտություն կրել արտաքին քաղաքական ճակատում: Սիրիայի շուրջ ընթացող տարածաշրջանային հակամարտությունում սեփական ռազմական միջամտության տապալված ծրագրերը չկարողանալով փոխհատուցել խաղաղարար առաքելությամբ կամ տարածաշրջանում մյուս երկրների նկատմամբ հարմար ռազմաքաղաքական դիրքերի նվաճմամբ` նա այսօր կանգնած է «ուկրաինական իրադարձությունների» պատճառով վարվող իր արտաքին քաղաքական կուրսը բարեհաջող ավարտին հասցնելու մարտահրավերի առաջ: Պաշտոնական Անկարայի համար խնդրի բարդությունն այն է, որ ուկրաինական հեղափոխական վերափոխումները ոչ միայն մշակութային, քաղաքակրթական, արտաքին քաղաքական տարբեր «նրբերանգներ» են պարունակում եւ հարկ է արտաքին ճակատում անընդհատ մանեւրել` չկրկնելու համար սիրիական անհաջողությունը, այլեւ ուղիղ համեմատական են Թուրքիայի ներքաղաքական բեռնվածության պատճառով գոյություն ունեցող ներպետական խնդիրներին: Մեծ է վտանգը, որ հեղափոխական վերափոխումների համար մրցավազքի ելած հանրույթների մեջ միջերկրասեւծովյան տարածաշրջանում հերթական փոխանցիկ ջահակրի դերում կարող են հայտնվել Թուրքիայի արեւմտյան խոշոր քաղաքները:

Նույն զուգահեռները կարելի է տանել նաեւ Ռուսաստանի դեպքում: Սիրիական թնջուկի մասին խոսելիս եւ դրանում պաշտոնական Կրեմլի քաղաքականությունը հիշատակելիս երեւի թե առաջին պլանում է հայտնվում սիրիական քիմիական զենքը Ռուսաստանի «օգնությամբ» ու երաշխավորությամբ Արեւմուտքին բարեհաջող հանձնելու փաստը: Այսօր, երբ ակնհայտ է դարձել, թե որքան հիմնազուրկ են եղել միջուկային զենքից հրաժարվելու դիմաց Ուկրաինային տրված Ռուսաստանի եւ մյուս գերտերությունների երաշխիքները, Սիրիայի` քիմիական զենքից հրաժարումը այդ երկրի ողբերգությունը կարելի է դիտարկել: Բացի այդ, այսօր ողջ միջազգային հանրությունն է ուշադիր հետեւում Իրանի եւ Արեւմուտքի մերձեցմանը: Ուստի ասել, թե Ռուսաստանը սիրիական պատերազմում ունեցել է արտաքին քաղաքական դիրքային ինչ-որ հաջողություններ` միանգամայն դեմ է առկա վիճակին: Ռուսաստանը, Թուրքիայի օրինակով, «բարեհաջող» կերպով ընդամենը կարողացել է իրենից առավել հեռացնել թե՛ Սիրիային եւ թե՛ Իրանին:

Երկու երկրների ներկա ճակատագրերի նմանություններն այսքանով չեն ավարտվում: Ռուսաստանի համար ուկրաինական զարգացումները նույն հարթության վրա են, ինչ սիրիական զարգացումները Թուրքիայի համար: Ռուսաստանի համար Սեւ ծովը գրեթե նույն արժեքն ունի, ինչ Միջերկրական ծովը Թուրքիայի համար: Ներկա սիրիական եւ ուկրաինական վարչակազմերը նույն դերակատարությունն են ստանձնել համապատասխանաբար պաշտոնական Անկարայի ու Մոսկվայի համար: Ընկղմվելով սիրիական հակամարտության հորձանուտի մեջ` Թուրքիան ձեռք է բերել միայն թշնամիներ ու անբարեհաճ մրցակիցներ: Ռուսաստանը եւս, ունենալով ներքին ծանրագույն բեռ (ավտորիտար կառավարման համակարգ, համատարած կոռուպցիա, մարդու իրավունքների ոտնահարում, պետական հովանավորությամբ գործող քսենոֆոբիա, կրիմինալի ու իրավապահ համակարգի սերտաճում եւ այլն) ու դրա հետ մեկտեղ Ղրիմը անեքսիայի ենթարկելով, «հաջողել» է իրեն շրջապատել թշնամիներով ու մոլի մրցակիցներով:

Թվում է, թե ինչպես սիրիական դեպքերի պարագայում, Ղրիմի հարցում եւս Թուրքիայի եւ Ռուսաստանի ճանապարհները խաչվում են: Սակայն, նման մեկնաբանությունը սխալ էր անգամ Սիրիայի դեպքում: Այսօր երկու տերությունները միմյանց կարիքն ունեն, ինչպես մեկ դար առաջ` Առաջին աշխարհամարտից հետո փլուզված աշխարհակարգի պայմաններում: Ներկայում Ղրիմի թաթարների խնդիրը Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցման համար անհրաժեշտ ձգողականությունն է հենց ապահովում: Առերեւույթ միմյանց կապանքների պարանները, իսկ իրականում կապող ու կապակցող թելերն առավել ձգելուց հետո երկուսն էլ գոհ ու շնորհակալ կնետվեն երկակի ստանդարտների տված հնարավորությունները փոխհամաձայնեցված կենսագործելուն: Ի՞նչն է խանգարում Թուրքիային Ղրիմի անեքսիայի օրինակով Հյուսիսային Կիպրոսի խնդիրը Ռուսաստանի հետ համատեղ միջազգային իրավունքի խարխլված դաշտ դուրս բերելու համար: Ղրիմի թաթարների խնդի՞րը:

Վերջինս ընդամենը «գորդյան մի նոր հանգույց» է միմյանց կապն առավել ամուր դարձնելու համար: Կովկասում կա տասնամյակներ առաջ ձեւավորված ու իրավաբանորեն ձեւակերպված փոխադարձ կապանքների մի կծիկ (Նախիջեւան, Աջարիա, Կարսի մարզ ու Սուրմալուի գավառ), հանձին որի Հարավային Կովկասը ծառայում էր (է) որպես բուֆերային գոտի երկու տերությունների համար: Ներկայիս «Ղրիմի թաթարական հարցը» կարծես ուշացած եկավ` փոխլրացնելու տասնամյակներ շարունակ «Հայկական հարցի» ունեցած երեւակայական անհավասարակշռությունը: Միմյանց զսպելու խնդիրը, ինչպես նաեւ փոխադարձ կապվածության ամրապնդումն այսուհետ կկատարվի նաեւ այս էական գործոնի միջոցով: Այսօր, ինչպես ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է իրականացնել արտաքին քաղաքական ճեղքում` դուրս գալու համար Արեւմուտքի պաշարման օղակից: Եւ ինչպես «ֆուտբոլային դիվանագիտության» պարագայում էր, այդ ճանապարհին լավագույն մեքենավարը Թուրքիան է` արդեն «զինված» Ղրիմի թաթարների խաղաքարտով: Թե ինչի դիմաց ճեղքումը կկատարվի` հայտնի չէ: Հավանաբար` կրկին «Հայկական հարցի»: Ի վերջո, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի խնդիրը բախում է Թուրքիայի դուռը: Չնայած` ո՞վ գիտի, միգուցե տվյալ խնդիրը լուծվել էր դեռ նախորդ կուլիսային առեւտրային գործարքների ժամանակ:

Մեկնաբանություններ (1)

Սասունցի․դ
1915 թվականին Ռուսաստանի ձեռքին մենք գործիք էինք․․ԲԱՌԻՑ ԲՈՒՆ ԻՄԱՍՏՈՎ․․ Ռուսաստանը չտուժեց, բայց թե մենք որչափ տուժեցինք, հազար տարի անց էլ չենք մոռանա աա, սա է մեր և դարավոր իբրև եղբայրական ․ԻՀԱՐԿԵ այսօրվա ԴԻԿՏԱՏՕՐ դաշնակից ՌՈՒՍԸ․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter