HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի եղբոր մահվան պատճառով

Այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պիտի հարցաքննվեր «Նորաշեն 2007»-ի գործով գլխավոր մեղադրյալներից Լուսաբեկ Սամվելյանը: 12:30-ին նշանակված նիստը սկսվեց ավելի քան կես ժամ ուշացումով, քանի որ ամբաստանյալներին ուշ հասցրին դատարան: Ավելի ճիշտ կլինի ասել ամբաստանյալ Արմեն Թադեւոսյանին, քանի որ մյուսը՝ Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը, դատարանին ուղեկցող ջոկատի միջոցով հանձնված նամակով հայտնել էր, որ մահացել է եղբայրը, եւ ինքն ի վիճակի չէ ներկայանալ դատարան:   

Դատավոր Մարինե Մելքոնյանը որոշեց նիստը հետաձգել մեկ շաբաթով՝ նշանակելով ամսի 28-ին: Սա առաջացրեց դահլիճում հավաքված բազմաթիվ տուժողների դժգոհությունը, ինչին դատավորը հակադարձեց, որ այլ պարագայում կարող էր նրանց հասկանալ, սակայն այս անգամ չի կարող այլ կերպ վարվել:

Հիշեցնենք, որ «Նորաշեն 2007» ՍԿ-ի ղեկավար Ա. Թադեւոսյանը եւ նրա տեղակալ Լ. Սամվելյանը մեղադրվում են կառուցվելիք բնակարանների շահառու քաղաքացիներին խաբելու եւ նրանց վճարած գումարների դիմաց բնակարաններով չապահովելու մեջ: Եվս 4 մեղադրյալի մասով գործն անջատվել է եւ քննվում է առանձին:   

Ըստ մեղադրանքի՝ Ա. Թադեւոսյանը և Լ. Սամվելյանը կոոպերատիվի կողմից կառուցվող բազմաբնակարան շենքերում բնակարաններ վաճառելու պատրվակով 2007-2011 թթ. ընթացքում բազմաթիվ անձանց հետ կնքել են նախնական և նախավճարի պայմանագրեր, դրանց հիման վրա գանձել և հափշտակել են ընդհանուր առմամբ 2.475.425.269 դրամ: Բացի դրանից՝ նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ կոոպերատիվի նախագահը չարամտորեն խուսափել է 50.784.820 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Թադեւոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով  (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) եւ 205-րդ հոդվածի 2-րդ մասով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ), Լ. Սամվելյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter