HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ի՞նչ ապագա է խոստանում Հայաստանը երկու տաղանդաշատ եղբայրներին

16-ամյա գեղանկարիչ Միքայել Հարությունյանը պատրաստվում է Թայլանդում հոկտեմբերի 1-ին տեղի ունենալիք իր ցուցահանդեսին: Հնարավոր է, որ այն լինի Թայլանդի թագուհու հովանավորությամբ: Այս մասին Միքայելին ասել են ցուցահանդեսը կազմակերպող թայլանդցի և նորվեգացի կուրատորները: Մինչ ցուցահանդեսը վաճառվելու են Միքայելի բոլոր նկարները: Միքայելն ասում է, որ հնարավոր է՝ ցուցահանդեսն ուղեկցվի իր կոմպոզիտոր եղբոր՝ 18-ամյա Նորայրի ստեղծագործություններով, ով նախորդ տարի իր ստեղծագործություններն է ներկայացրել իտալացի երգիչ Անդրեա Բոչելիին և «Դիփ-Փարփլի» երաժիշտ Իան Գիլանին: Երկուսն էլ իրենց հիացմունքն են հայտնել, որից հետո Նորայրը երաժշտություն է գրել Բոչելիի համար: Առայժմ սպասում է իտալացի երգչի պատասխանին:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի փոքրիկ տներից մեկը գրեթե ամեն օր մարդաշատ է լինում: Այստեղ հիմնականում գնում են արվեստասերները՝ հիանալու երկու եղբայրների արվեստով, ովքեր սկսել են ստեղծագործել 11-12 տարեկանից:

Միքայելը հիմա 16 տարեկան է, նկարչությամբ զբաղվում է 11 տարեկանից, իսկ Նորայրը՝ 18 տարեկան է, կոմպոզիտոր է: Ասում է՝ 12,5 տարեկանից սկսել է երաժշտություն գրել: Նա արդեն հասցրել է երաժշտություն գրել 2 ֆիլմերի համար: Նրանց միացնում է առաջին հերթին համեստությունը: Քչախոս են, կարող են ուշադիր լսել զրուցակցին, երբեմն շիկնել գովեստներից: Միքայելի գործերը տեսնելու, գնելու համար գալիս են Գերմանիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հոլանդիայից, Շվեյցարիայից: Նա պատմում է, որ մի անգամ Շվեյցարիայից մի սևամորթ կին էր եկել իրենց տուն և մոտ 3,5 ժամ խոսել իր ծնողների հետ՝ համոզելով, որ տեղափոխվեն Շվեյցարիա: Սևամորթ կինը նույնիսկ առաջարկել էր հոգալ բոլոր ծախսերը, բայց ծնողները չէին համաձայնել և ասել էին, որ հայրենի հողից չեն կարող կտրվել:

Տղաները պատմում են, որ սկզբից Միքայելն էր նվագում, իսկ Նորայրը՝ նկարում, դրանից հետո փոխվել են «դերերը»՝ Միքայելը սկսել է նկարել, իսկ Նորայրը՝ նվագել: «Բոլոր հոդվածներում շեշտվում է ձեր տարիքը: Երբևէ մտածե՞լ եք՝ ի՞նչ առավելություն է տալիս այն»,- հարցնում եմ նրանց:

«Այն փաստը, որ մենք մինչև չափահաս դառնալն ենք սկսել ստեղծագործել, մեզ հնարավորություն է տալիս համարձակ փորձեր անել՝ իմանալով, որ, կարծես, կորցնելու բան այդքան չկա, ժամանակ քիչ թե շատ կա: Թեև, ընդհանուր առմամբ, ժամանակը միշտ էլ քիչ է: Մեր դեպքում համեմատաբար ավելի շատ էր, և դա մեզ հնարավորություն տվեց համարձակ լինելու մեր փորձերի մեջ, այսինքն՝ չգնալ անշառ ստանդարտների»,- նշում է Նորայրը:

Հյուրասենյակի դեղին լույսն ընկնում է Միքայելի նկարների վրա: Այստեղ կողք կողքի են գտնվում տան անդամների, հարևանների, ծանոթների դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Այս նկարներից շատերը նա նկարել է 11-12 տարեկանում, բայց զարմանալի վրձնահարվածների ուժ կա այնտեղ, դիմանկարներում՝ մարդկանց աչքերի խորը տխրություն: Այդ նկարները նայելիս անգամ երևակայելն է դժվար, որ դրանց հեղինակը 16 տարեկան է: Նա արդեն մի քանի ցուցահանդեսներ է ունեցել, որոնցից երկուսը եղել են ցուցահանդես-համերգներ: Դրանց մասնակցել է նաև Նորայրը:

«Ստեղծագործելիս չենք խանգարում իրար: Շատ ժամանակ Նորայրը իմ նկարներից մեկը վերցնում է, դնում դաշնամուրի առջև ու ոգեշնչվում է: Նույնն էլ ես, շատ-շատ ժամանակ նկարելիս Նորայրին խնդրում եմ իր երաժշտությունը դնել: Իրար օգնում ենք»,- ասում է Միքայելը: Եղբոր խոսքերը հաստատում է ավագ եղբայրը: Երբ հետաքրքրվեցի, թե պատկերացնում են, որ մի կետ կգա, երբ առանձին-առանձին կստեղծագործեն, այսպես ասած, կբաժանվեն իրարից, Նորայրի կարծիքով՝ դա կարող է լինել ուսում ստանալու նպատակով, իսկ հիմնականում համատեղ ստեղծագործելն իրենց ներշնչում է:

Ասում են՝ չնայած իրենց զբաղվածությանը՝ շատ են սիրում հյուրեր ընդունել, շփվել իրենց ընկերների հետ: Դա կյանքում հիմնարար է:

Տեխնոլոգիաների զարգացումը մարդկանց պետք է չկտրի հոգևորից, որովհետև, ըստ Նորայրի, հոգևորը մարդուն մարդ է պահում, գիտակցել տալիս իր մեծությունը և օրինակ ծառայում բոլորին: «Անհատի գաղափարը ցույց է տալիս մեծությունը, կարևորությունը, խորությունը: Երբ ամեն մարդ գտնի իր անհատականությունը, դա կերջանակացնի նրան: Հաստատ բան եմ ասում ձեզ»,- ասում է Նորայրը: Միքայելն էլ ավելացնում է, որ իրեն դուր չի գալիս այսօրվա մարդու վերաբերմունքը դասական արվեստին: «Օրինակ, ինձ համար զարմանալի է, որ 2 տարեկան երեխան ներկեր է լցնում կտավի վրա և դառնում  համաշխարհային նկարիչ: Նա ի՞նչ պետք է հասկանա, թե նկարչությունն ինչ է: Այսօր շատ է շեղվել ուշադրությունը դասական արվեստից: Շատերը նկարիչ են, բայց չեն հասկանում, թե ինչ են անում, այսինքն՝ կտավի վրա աբստրակտ գծեր են քաշում, ասում, որ դա իրենց ոճն է: Բայց նկարիչը պետք է տիրապետի դասական ոճը, որովհետև նկարչության հիմքը դասականն է»,- ասում է 16-ամյա նկարիչը:

Միքայելի սկզբանական շրջանի նկարներն իմպրեսիոնիստական շեշտադրումներով են: Այդ շրջանը նա համարում է փնտրտուքի ժամանակաշրջան: Հիմա զբաղվում է դասական գեղանկարչությամբ:

Երկու եղբայրներն էլ մասնագիտական ուսուցում չեն ստացել՝ ինքնուս են: Նորայրին մասնագիտական խորհուրդներ է տալիս կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանը, շաբաթը մեկ կամ երկու շաբաթը մեկ անգամ նրա մոտ դասի է գնում, իսկ Միքայելին՝ նկարիչ Էդվարդ Սասունը:

«Միքայել, ի՞նչն ես սիրում նկարչության մեջ»,- հարցնում եմ ես: Մի քիչ մտածելուց հետո պատասխանում է՝ «Ներկի հոտը, որ նկարչի արվեստանոցից միշտ գալիս է»: «Տնեցիները չե՞ն բողոքում»,- հետաքրքվում եմ նրանից: «Տնեցիները հաճախ բողոքում են, բայց դե ի՞նչ արած»,- ասում է նա: Նորայրն ընդգծում է. «Տնեցիները բողոքում են երևույթի դեմ, այլ ոչ թե Միքայելից: Հասկանալի է, որ քիմիական գոյանյութեր են: Միայն թե մի քիչ դժվար է լինում ձմռանը, երբ պատուհան հնարավոր չէ բացել»:

Ապա նույն հարցն ուղղում եմ Նորայրին, թե արդյոք իրենից էլ չեն բողոքում, երբ երկար ժամանակ նվագում է: Ասում է, որ չեն բողոքում, բայց երբեմն զգում է, որ տնեցիների «գլուխը տանում է»: Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ ուսումասիրում է իրենց ոչ այնքան հարազատ երաժշտություն, քանի որ գիտակցում է, որ երաժիշտը պետք է լավ ուսումնասիրի ժանրերը: «Չէ, նման բան չկա, բոլորը համարվել են այս հարազատ միջավայրին, այս թվացյալ անհանգստություններին, բայց, իհարկե, ցանկալի կլիներ, եթե ընդհանուր արվեստանոց լիներ ինձ ու Նորայրի համար»,- եղբոր խոսքերին լրացում է անում Միքայելը:

Միքայելի խոսքով՝ իրենց ընդհանուր նպատակը պարզ է՝ արվեստի աշխարհում իրենց հետքը թողնել: «Երբ տեսնում եմ արվեստի բնագավառում հայ մեծերին, որոնց աշխարհն է փորձում ընդօրինակել, հպարտության հրավառություն է տիրում մեր մեջ: Մենք ցանկանում ենք, որ նույնը նաև մենք լինենք, հասնենք մեծ բարձունքների և մեր ազգին անուն բերենք»,-նշում է նկարիչը: «Այսինքն՝ մենք մեր հերթին ավելացնենք երկու ազգանուն հայ մեծերի շարքում»,- ընգդծում է երիտասարդ կոմպոզիտորը, հետո ավելացնում, որ մեծ անհատն է փառք բերում ազգին: «Մեզ առանձնահատուկ ուժ է տալիս մեր հողը, և չենք ուզում լինել այն տեսակը, որ կորցնելուց հետո է հասկանում»,- շարունակում է Նորայրը: Միքայելն էլ, լսելով եղբոր խոսքերը, շեշտում է, որ ցանկանում է՝ Հայաստանում արվեստի նկատմամբ ուշադրությունը մեծանա: «Մենք չենք ուզում ապրել օտար հողում»,- ասում է 16-ամյա ստեղծագործողը: Մեր զրույցի վերջում նա ավելացնում է, որ իրենց կյանքում ծնողների ուշադրությունն է դեր խաղացել, ովքեր ճիշտ ժամանակին իրենց ուղղորդեցին դեպի արվեստ: «Հայ ազգի մեջ չափազանց շատ են տաղանդավոր երիտասարդները, սակայն նրանց պետք է բացահայտել, նրանց հանդեպ պետք է նրբանկատ լինել, բայց շատ ժամանակ կորում են անուշադրության հետևանքով»,- նշում է Միքայելը: «Ամենաահավոր բանն է, երբ տաղանդավոր մարդը կորում է, և նրա մասին չի իմանում ոչ ոք, կամ իմանում են քչերը»- շարունակում է Նորայրը:

Զրույցից հետո խոսեցինք նաև նրանց հոր՝ Գևորգ Հարությունյանի հետ, ով տնտեսագետ է: Հոր հայացքում անասելի հպարտություն կար, ով համեստորեն պատմում էր երկու որդիների հաջողությունների մասին, իսկ աչքերում մի տեսակ խորը թախիծ կար: Հոր պատմելով՝ Հայաստանում շատերը հայտնել են իրենց հիացական վերաբերմունքը տղաների ունակությունների վերաբերյալ, կազմակերպվել են ցուցահանդեսներ ճարտարապետների միությունում, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, Գեղարվեստի ակադեմիայում, սակայն չկա ամենակարևորը՝ ֆինանսական օգնությունը, իսկ նույն ջրաներկերն ու մյուս գունանյութերը, նկարչական պիտույքները օրեցօր թանկանում են: Ըստ Գ. Հարությունյանի՝ ինքը պարբերաբար դիմում է տարբեր պաշտոնյաների, բայց արձագանքները դրական խոսքերից այն կողմ՝ դեպի գործնական դաշտ, չեն անցնում: Այնինչ հայրը շեշտում է, որ բանիմաց մարդը կարող է օտարերկացիների նման կազմակերպել ցուցահանդես-վաճառքներ թե այստեղ, թե դրսում՝ ստանալով իր եկամուտը դրանից:  

Տնից դուրս գալու պահին նա ասաց. «Ես չեմ ուզում, որ իմ տղաների ապագան օտար հողում կերտվի, ուզում եմ, որ նրանց հաջողությունները լինեն մեր հողի վրա»: Երկու որդիները միաժամանակ նայում էին հորը՝ կարծես, հասկանալով հոր ներքին մտավախությունները:

Այս ընտանիքին հրաժեշտ տվեցի, երբ արդեն Մալաթիայի այդ փողոցի ցածրահարկ տների կտուրներին փռվել էր երեկոն: Միայն մի միտք էր անհանգստացնում, թե արդյոք կգտնվեն այնպիսի հայ մարդիկ, ովքեր պատրաստակամ կլինեն տաղանդաշատ տղաներին օգնելու, և արդյոք Հայաստանը կկորցնի ապագայի հեռանկարներ խոստացող երկու երիտասարդ արվեստագետներին:

Հ.Գ. Նորայրի գրած երաժշտությունը կարող եք լսել այստեղ

Մեկնաբանություններ (3)

Inna
Восхищена этими талантливыми ребятами! Успехов им во всем!
Karo
Ex'ici luys, ev ex'ev ...Vox'j leruq APREQ
Անժիկ
Տաղանդավոր տղաներ են: Հպարտ եմ, որ մեր ազգն ունի այսպիսի երիտասարդներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter