HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Այս ամենի հետևում Էներգետիկայի փոխնախարարն է»,- կարծում է վտարվող կինը

Այսօր «Հետքին» ահազանգեց Աղայան 12 ա շենքի, բնակարան 1-ի բնակչուհի Կարինե Մկրտումյանը` պատմելով, որ Դատական ակտերի հարկադիր ծառայության աշխատակիցներն իրենց պատուհանով ներս են մտել` բացելով տան դուռը, այն բանից հետո, երբ Կարինեի մայրը` տիկին Տանյան, վախեցել է դուռը բացել նրանց առջև: Իսկ երբ կինը վատացել է, ասել են` ոչինչ, մենք շտապօգություն կկանչենք: Կարինե Մկրտումյանին ու նրա մորը վտարելու որոշում է կայացվել, քանի որ նրանց գույքն օտարվել է էլեկտրոնային աճուրդի միջոցով, իսկ գնորդը ոչ այլ ոք է, քան հարևանությամբ ապրող իրենց բարեկամուհին` Իզաբելլա Մկրտումյանը, և նա պահանջել է ազատել արդեն իրեն պատկանող բնակարանը:

Ինչու՞ է հարցը վտարման հասել, ինչպե՞ս է պատահել, որ 1960թ.-ից նշված հասցեում ապրող Կարինե Մկրտումյանը, ով հորից նվիրատվությամբ է ստացել բնակարանը, հայտնվել է վտարվողի կարգավիճակում: Երեք բարեկամական ընտանիքների միջև գույքի տնօրինման համար արդեն 10 տարի տևող պատմությանը «Հետքն» անդրադարձել է շաբաթներ առաջ` գրելով, որ երկու կանայք շուտով կարող են դրսում հայտնվել:

Ահազանգի հետքերով «Հետքն» այսօր եղավ նշված հասցեում, որտեղ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները գույքագրում էին բոլոր իրերն ու փաթեթավորում` բարձելով բեռնատարի մեջ: Հարցին, թե ուր են տարվելու երկու կանանց` մոր ու դստեր իրերը` ԴԱՀԿ օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը պատասխանեց. «Պահեստավորվում են ԴԱՀԿ-ի պահեստներում, հետո երբ քաղաքացին ցանկանում է ետ վերցնել իր գույքը, պետք է վճարի 3 անգամ ավելի ու վերադարձնի իր միջոցներով»: Այս ամենը լսելով` Կարինե Մկրտումյանը նշեց, որ չի ցանկանում, որ իր գույքը տանեն ԴԱՀԿ-ի պահեստ. «Ավելորդ գումար չունեմ, որ դեռ վճարեմ 3 անգամ ավել ու հետ բերեմ իմ ունեցածը»: Բնակարանի երբեմնի տերերը որոշեցին, որ տան եղած-չեղածը կտանեն գյուղում բնակվող ծանոթներից մեկի տուն:

«Բայց կարևորն այս գույքը չէ, այլ վերաբերմունքը մարդկանց, քաղաքացիների նկատմամբ: Տեսեք` գույքի հարցը խնամքով լուծում են, մեքենա են բերել, տանում են, մտածել են գույքը տեղավորելու մասին, գոնե պահեստ են ստեղծել, իսկ մարդկանց մասին չեն մտածում, մի գույքի չափ էլ չկանք: Իսկ ես ու ծեր, հիվանդ մայրս թե որտեղ պիտի մնանք, պետության մտահոգությունների մեջ չի մտնում: Հայաստանում, փաստորեն, այսպես հեշտ կարող են քաղաքացուն զրկել վերջին կացարանից: Հիմա մեզ վտարում են այնպես, ինչպես Բաքվից էին հայերին վտարում»:

Տիկին Կարինեն կարծիք հայտնեց, որ այս ամենի հետևում Էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալստյանն է, ով իրենց բարեկամներից է և Իզաբելլա Մկրտումյանի հասցեից բաժնեմաս ունի: Մեր նախորդ զրույցի ժամանակ տիկին Կարինեն հայտնել էր, որ փոխնախարարն իրեն ասել է` քեզ պիտի հանենք այդ տնից: «Ես 30 տարուց ավելի դասախոս եմ աշխատում, մի դրամ չունեմ հետ գցած, որ կարողանամ մի իր գնեմ, ինչպե՞ս է կարողացել Իզաբելլան տուն գնել էլեկտրոնային աճուրդով` երբևէ չաշխատելով: Ես կարծում եմ, որ այս ամենի հետևում Արեգ Գալստյանն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Կարինե Մկրտումյանը:  


Այս պահին Վերաքննիչ քաղաքացիական դատաարանի վարույթում է Կարինե Մկրտումյանի հայցը` էլեկտրոնային աճուրդը անվավեր ճանաչելու պահանջով, քանի որ գույքը, որը վաճառվել է, արգելանքի տակ է եղել: Սակայն աճուրդի վիճարկումը դատարանում դեռ հիմք չէ, որ վտարման գործընթացը կասեցվի: Այն կարող է կասեցվել միայն դատարանի որոշմամբ: Նման պարզաբանում տվեց ԴԱՀԿ-ի պաշտոնյան` նշելով, որ կանայք գումար ունեն ԴԱՀԿ-ի դեպոզիտում: Այդ գումարը Կարինե Մկրտումյանի ու նրա մոր` տան վաճառքից գոյացած բաժնեմասի գումարն է, որի մասին, ինչպես վտարվող երկու կանայք տեղեկացրին, պատշաճ չեն ծանուցվել, որ ժամանակ ունենային բնակարան փնտրել ու գնել, թեպետ տունը վաճառվել է դեկտեմբերին: Նրանք այսօր են միայն տեղեկացել, որ մյուս բաժնետերերը դեռ հունվարի սկզբին են ստացել իրենց գումարները:

Կարինե Մկրտումյանն ու մայրը չգիտեին, թե ուր են գնալու, որտեղ են գիշերելու: «Իմ հայրը ինձ նվիրել էր այս տունը, որ ես ապահով ծերություն ունենամ, բայց Հայաստանի Հանրապետությունում մարդուն այսքան հեշտ կարող են զրկել իր իսկ հայրական տնից»,- ասաց Կարինեն: 

Մեկնաբանություններ (1)

HASMIK
es amen@ tesnelov,zgalov u aprelov mi ban em haskacel,vor hayreniqs mez chi sirum,cavov em asum,bayc heranum enq viravorvac,bayc menak mi bani hamar em apsosum ,vor patuhanic IM MASIS@ el chi erevalu

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter