HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրանք չեն ազատվում բանտից. Սուրեն Խաչատրյանի ազգականը չեն

Մամուլում դեռ տարեսկզբին լուր տարածվեց, որ հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն՝ իր բարեկամ Յուրա Մանուչարյանի հետ լոմով հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացի, բենզալցակայանի աշխատող Վիտալիկ Մեսրոպյանին:

Մեկ օր հետո Ոստիկանությունը  պարզաբանեց, որ ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում, կատարվում է հետաքննություն և հանգամանքները պարզվում են:

Անցել է երեք ամիս, սակայն հանրությունն այդպես էլ չի տեղեկացել տեղի ունեցածի հանգամանքների մասին: Պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ է հետաքննությունը, «Հետքը» դիմեց ՀՀ ոստիկանություն՝ հարցումով, թե արդյոք քրական գործ հարուցվել է դեպքի առթիվ, ի՞նչ հոդվածի հատկանիշներով, լուսաբանվե՞լ է դեպքը «02» հաղորդաշարով: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից մեզ տեղեկացրեցին հետևյալը. «Սյունիքի մարզի քննչական բաժնում, ինչպես նաև Գորիսի քննչական բաժանմունքում Մայիս Խաչատրյանի և Յուրա Մանուչարյանի կողմից Վիտալի Մեսրոպյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել, ուստի և «02» հաղորդաշարով չի լուսաբանվել»:

Ինչպես տեսնում եք, ոստիկանության պատասխանում նշված չէ, թե ինչ հիմքով քրեական գործ չի հարուցվել: Ուստի փորձեցինք հեռախոսազանգով ճշտել: Նույն վարչությունից տեղեկացրեցին, որ քննչական բաժնում առաջնորդվել են քրեական դատավարության 35 հոդվածի, 1-ին մասի, 4-րդ կետով: Այն է՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բացակայում է դիմողի բողոքը:

Փորձեցինք մասնագիտական մեկնաբանություն ստանալ: Փաստաբան Հայկ Ալումյանը  «Հետքի»  հետ զրույցում նշեց, որ հավանաբար տուժողի վնասվածքները համարել են թեթև մարմնական վնասվածքներ, այդ պարագայում օրենսգիրքը նախատեսում է քրական գործի հարուցում ոչ թե փաստի առթիվ, այլ բողոքի հիման վրա: Թեպետ հիշյալ լուրը տարածող Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը նշել էր, որ լոմով ջարդուխուրդ է արվել Վիտալիկ Մեսրոպյանի դեմքը, և նա փախչելով հազիվ է փրկվել: Եվ վերջապես, ինչպես կարող է լոմով՝ երկաթե ձողով հասցված հարվածը թեթև լինել: Լոմի հարվածից մարդ կարող է մահանալ:

 Փաստաբան Հայկ Ալումյանն ընդգծեց, որ նույն Մայիս Խաչատրյանը վերջին տարիներին իրեն հայտնի՝ 104 հոդվածով (սպանություն) դատապարտված միակ անձն է, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է բանտից:

Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը 2004 թ-ին մեղադրվել է իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011 թ-ին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ-ի փետրվարի 29-ի գիշերը:

Երբ օրենքն ընտրովի է գործում

Նշենք, որ քրեակատարողական հիմնարկներից պարբերական են դատապարտյալների բողոքները, որոնք պնդում են, որ պայմանական  վաղաժամկետ չեն կարողանում ազատվել: «Հետքին» դիմած դատապարտյալ Արամ Գասոյանն, օրինակ, ամուսնացել էր բանտում, կին, երեխա ունի, սպասում են երկրորդ երեխային, հիվանդ մայր ունի: Սակայն Արամն արդեն 7 անգամ մերժում է ստանում ու չի կարողանում ազատ արձակվել: Արամի նման շատերը կան բանտերում, ում նկատմամբ համառորեն ու անհասկանալի կերպով չի կիրառվում պայմանական ազատումը:

Հատկապես 104 հոդվածով մենք չենք կարողանում պարզել, թե տարեկան միջին վիճակագրությամբ քանի դատապարտյալ է պայմանական ազատվում: ՔԿՎ-ն պատասխանում է, որ նման վիճակագրություն չեն վարում: Փաստաբանները, իրավապաշտպանները գտնում են, որ նման վիճակագրություն, թերևս, գոյություն էլ չունի: Եվ ստացվում է, որ միայն այն դեպքում, երբ սպանության ու մի շարք այլ հոդվածներով դատապարտվածը հովանավորյալ է, կարող է բանտից պայմանական ազատվել: 

Մեկնաբանություններ (6)

Մինաս Սահակյան
Հասկացեք հարգելիներս , որ Հայաստանում դատարան չկա , կա ընդամենը միջնադարյան էմիրների դատաստան , հիմա այդ էմիրը Սերժիկն է ՝ ինչպես կուզի՝ այնպես էլ կլինի : Հայաստանի ամենամեծ հանցագործներից մեկը Սաշիկն է ,էլ ինչ դատարանի մասին եք խոսում : Ինչպես կարող է Լիսկային պատժել , երբ որ հազար ու մի պարաններով ՝ ոչ թե թելերով կապված են միմյանց :
ՀԱՅՈՒՀԻ
Թուրքերի կողմից սպանված Սիամանթոն կասեր՝ ՈՎ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԹՈՂ ԵՍ ԹՔՆԵՄ ՔՈՒ ՃԱԿԱՏԻՆ
ՀԱՅՈՒՀԻ
դատարաններ, դատավորներ ու արդարադատության սիստեմ ունենք աշխարհը չունի
Առաքել Մշեցի
Կարելի է կարծել որ հայոց իրավակարգի իրական նպատակն է օրինականության ձեւ տալ ակնհայտ անարդարությանը: Շատ ավելի արդարություն կարելի է սպասել ինքնաբուխ ժողովրդական դատարանից (Լինչի դատաստան) քան նման արհեստավարժ, ծախու կամակատարներից: Ճարը չի երեւում, ուղղակի հարկավոր է բոլորովին հույս չկապելով պաշտոնական դատի հետ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ ով իչպես կարող է: «Որտեղ կտրի կապը էնդեղ էլ տիրու պապը»: Հասարակության համար վտանգավոր կենդանիները վաղուց են կապից արձակված ...
Goriseci
esor sra het kapvac cankacac mijadep kam depq, imast chuni verjin bolshevikic ayl qayler pahanjel, animast e, bayc mi ban to imanan, minjev yerb ay .... treq.
Alisa
Враг народа...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter