HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Old band. hայկական ֆոլկլորն ու մեր ժամանակը

«Մեր առջև մենք հստակ խնդիր էինք դրել` անել մի բան, որը լսելի կլինի և կհետաքրքրի ոչ միայն ավագ սերնդին, այլ նաեւ մեր հասակակիցներին, եւ միաժամանակ չփչացնել, չաղավաղել»,- նշում է կատարողներից Անուշ Հարությունյանը։

Բենդի կազմում 4 կատարողներ են՝ Անուշ Հարությունյանը, Ալեքսանդր Իրադյանը, Արամ Հարությունյանը եւ Լիլիթ Հարությունյանը։

Խումբն արդեն համերգով հանդես է եկել ՀՄալյանի անվան կինոդերասանի տանը։ Բացի մենակատարներից համերգային ծրագրում ընդգրկված են Վահագն Ամիրխանյանը (կիթառ), Գրիգոր Քարտաշյանը (բլուլ)։  Ցանկում ընդգրկված երգերի հիման վրա ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը բեմադրել է համերգի ողջ ընթացքը։

Լիլիթ- Համերգի երգացանկը բավականին բազմազան է: Խմբի անդամներով քաջ գիտակցում ենք, եւ կուզեի, որ բոլորը իմանան, որ հայ ժողովրդական երաժշտական ժառանգությունն ահռելի է: Այն ընդգրկում է մարդու կյանքի բոլոր ոլորտները, արտացոլում է առանց բացառության բոլոր ապրումներն ու գործողությունները: Դա ժողովրդականի կենսական պահանջն է՝ շնչելու, խոսելու նման:

Մեր ծրագրի շրջանակներում մի փոքրիկ փունջ է այդ երգերի գանձարանից: Ժողովրդական ստեղծագործության բազմաթիվ ժանրերից կոնկրետ այս ծրագրում ընդգրկված են պարերգեր («Գորանի», «Իմ խորոդիկ յար», «Համբարձման երկուշաբթին», «Մայրամ», «Մըր տան իդև»), քնարական երգեր («Ջաղացս պատիկ-պատիկ», «Էս գիշեր», «Քելեր ցոլեր»), կան նաեւ քաղաքային ֆոլկլորի ժանրին հարող ստեղծագործություններ («Լուսնակ գիշեր»):

Քաղաքային երգերի բանաստեղծական տեքստը կարող է հայտնի հեղինակ ունենալ, իսկ մեղեդին լինի ժողովրդական (ի տարբերություն ժողովրդական երգերի, որոնց եւ խոսքի, եւ մեղեդու հեղինակն անհայտ է): Հետևաբար, քաղաքային ժողովրդական երգերն աչքի են ընկնում իրենց ոչ-բարբառային բանաստեղծական տեքստով: 

Խմբի անդամների համար  «Old Band»-ը այլընտրանքային տարբերակ է երաժշտական նկրտումներին հագուրդ տալու համար։ Ալեքսանդրը մասնագիտությամբ դիրիժոր, կոմպոզիտոր է։ Նշում է, որ իր համար մասնագիտական տեսանկյունից բավականին դժվար էր իր ձայնը հարմարեցնել ժամանակին չմշակված ձայն ունեցող մարդկանց կատարումներին, երգրերին, որոնք երգել է մայրը՝ երեխային քնեցնելիս, տատիկները եւ պապիկները, հնձվորը՝ աշխատանքից հետո։

Ալեքսանդր-այդպիսի դժվարություն ունենում եմ հատկապես այն պահերին, երբ տեքստն առաձնապես չի հուշում, թե ինչպիսի ձայնով կամ ինչպիսի ինտոնացիայով պետք է երգվեն երգերը, քանի որ վերջիններս փոխանցվել են սերնդեսերունդ՝ ենթարկվելով տարբեր փոփոխությունների։

Լիլիթ- Այո, նման դժվարություն կա եւ տրամաբանական է:Մեր երգերի հայրենիքը պատմական Հայաստանի տարբեր տարածաշրջաններն են: Մասնավորապես՝ Շատախը, Մուշը, Սասունը: Դրանք մեզ հասել են մեր ֆոլկլորագիտության երախտավորների՝ Կոմիտասի, Սպիրիդոն Մելիքյանի եւ բազմաթիվ այլ մարդկանց շնորհիվ:

Ահռելի է նաև ժողովրդական երգիչ Հայրիկ Մուրադյանի դերը, ով Շատախից խնամքով պահպանել ու բանավոր ավանդույթով փոխանցել է երգերը մեր ընտանիքի ավագ սերնդին: Երջանկությամբ կարող ենք ասել, որ անձամբ երգել ենք նրա հետ ու իր պատգամի կրողն ենք:

Արամ- Մանկուց եղել եմ այդ  երաժշտության կրողը, մեծացել նրա ներքո՝ անարատ ու մաքուր կատարումներով, որովհետեւ ընտանիքի ավագ սերունդը  դրա կրողն ու փոխանցողն է եղել։ Դրանից է գուցե, որ մտավախություն կար առաջին համերգից առաջ, բայց ամեն բան համերգից հետո տեղն ընկավ․ ստացանք շատ բարի ու դրական արձագանքներ։

Հիմա ավելի պարտավորված ենք մեզ զգում եւ գիտենք, որ կա մի նուրբ սահման, որը ոչ մի դեպքում չի կարելի անցնել, որ հանկարծ մատուցվող ֆոլկլորային երգը չվերածվի ինչ-որ անհասկանալի, աղավաղված տարբերակի, որով լցված է մեր այժմեական երաժշտական իրականությունը։ Գալիք համերգին այս պատասխանատվությամբ ենք սպասում հանդիսատեսին։

Անուշ-  Այո, իսկապես, համերգը շատ սպասված է եւ մեր, եւ հանդիսատեսի կողմից: Առաջին համերգից հետո, որը տեղի ունեցավ Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոնում, բավականին շատ արձագանքներ եղան: «CinYou project»-ի կողմից բարեգործական համերգով հանդես գալու առաջարկ եղավ, որի ողջ հասույթը կտրամադրվի նախագծի կայքի ստեղծմանը։ Շատ ոգևորված ենք, հուսով ենք՝ կգոհացնենք հանդիսատեսին։

Խոսելով խմբի առանձնահատկություններից՝  Անուշն առանձնացնում է հետւեւյալը

Անուշ- կարելի է ասել, որ սա ընտանեկան ժառանգություն է, որին միացան մեր ընկերները` մարդիկ, ովքեր հեռու էին ֆոլկլորից, բայց հրաշալի տիրապետում են երաժշտության գաղտնիքներին:

Ներկայացնում ենք  այն երգերը, որ մանկուց ենք երգել՝ ավելի ուրիշ մոտեցմամբ, նոր շեշտվածությամբ և գործիքավորմամբ: Ինչքանո՞վ է դա մեզ հաջողվում… Մեր ընտանիքի անդամները միշտ մեր քննադատներն են եւ խորհրդատուները: Նրանց խորհուրդներին հետեւելով էլ պատրատվում ենք գալիք համերգին։

Սամվել -Բեմադրության հիմքում երգերի մթնոլորտն է, ըստ որի ամբողջ բեմը ողողվում է պատկերներով, տեսաշարերով, որոնք սիմվոլիկ բնույթ են կրում, ոչ թե երգի բառերի սոսկ իլուստրացիա կամ դեպքերի կոնկրետ պատկերում:

Այլ տեսանկյունից եմ նայել մեր ժողովրդական երգերին, փորձել փոխել քարացած պատկերացումները՝ դնելով նոր ֆորմայի և մտածողության մեջ։

Ամենակարևոր սկզբունքը կապի պահպանումն է հանդիսատեսի հետ, էմոցիաների փոխանցումը: Սա է պատճառը, որ ի սկզբանե անվանում ենք իրադարձությունը համերգ-ներկայացում, որտեղ կա սեր, որը խտացված է այս երգերում եւ, որը բոլոր հնարավոր ձեւերով փորձում ենք փոխանցել հանդիսատեին։ Կրկին այս ծրագրով հանդես գալու «СinYou project»-ի առաջարկը  եւ մեզ, եւ նախագծի համար, կարծում եմ, առաջին ամուր քայլը կլինի։

ՀԳ «СinYou & Old Band» խորագիրը կրող բարեգործական համերգ-ներկայացումը կկայանա ապրիլի 2-ին, ԵԹԿՊԻ Ուսումնական  թատրոնի դահլիճում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter