HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոսովոն, Ղրիմն ու Ղարաբաղը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից

Միջազգային իրավունքն ամենահինն ու ամենաճկունն է: Միջազգային օրենսդիր ու գործադիր մարմին,որպես այդպիսին, իրականում չկա, բայց միջազգային իրավունքն արդյունավետ կերպով գործել ու գործելու է. պարզ պատճառով՝ պետությունները քաոս չեն ցանկանում:

Ոմանք սխալմամբ պնդում են,որ «միջազգային օրենքը չի գործում», երբ  X կամ  Y երկիրը խախտում է այն: Սա, իհարկե, ճիշտ չէ: Եթե որևէ մեկը խախտում է  X երկրի քրեական օրենսգրքի  Y հոդվածը, ապա դա չի նշանակում, որ այդ X երկրի քրեական-օրենսդրական համակարգը չի գործում:  Միջազգային իրավունքում պատժամիջոցներն, իհարկե, այլ են ու երբեմն քաղաքականացված. բայց սա կրկին միջազգային իրավունքի մեղքը չէ, այլ միջազգային քաղաքականության մեղքը: Հետո չպետք է մոռանալ, որ միջազգային իրավունքի ՇԱՏ նորմեր պահպանվում են միջպետական հարաբերություններում:

Ներկայումս միջազգային իրավունքի ամենակարևոր 2 սյուներն են՝ ա) ՄԱԿ-ի համակարգը և  բ) չգրված միջազգային օրենքը (customary international law).այսինքն՝ պետությունների կողմից որպես օրենք ընդունված միջպետական վարք-սովորույթը: Իհարկե՝ միջազգային իրավունքի բոլոր 4 աղբյուրները նշված են ՄԱԿ-ի Կանոնադրությանը կցված Միջազգային Դատարանի Կանոնադրության Հոդված 38(1)-ում (Article 38(1) of the Statute of the International Court of Justice-annexed to the UN Charter).

ՄԱԿ-ի համակարգում ազգերի ինքնորոշումը/self-determination of peoples (Հոդված 1(2) ՄԱԿ Կանոնադրություն  /Article 1(2) of the UN Charter) և երկրների տարածքային ամբողջականությունը/ territorial integrity of states (Հոդված 2(4) ՄԱԿ Կանոնադրություն  /Article 2(4) of the UN Charter) կարևոր սկզբունքներ են:

Կախված կոնկրետ դեպքի առանձնահատկություններից՝ պետությունները երբեմն պատրաստ են առաջնահերթությունը տալ ազգերի ինքնորոշման իրավունքին ու ճանաչել (անջատված) նոր պետությունը: Թեև սա ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում է, բայց մյուս պետությունների կողմից նոր պետության ճանաչումը ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ կախված է նրանից, թե արդյո՞ք անջատված/նոր ստեղծված պետությունը քաղաքական ու ԱՆՇՐՋԵԼԻ ՓԱՍՏ է (recognition is largely dependent on whether secession has become a political and irreversible fact).

Միջազգային իրավունքում կա ԿԱՐԵՎՈՐ տարբերություն՝ ազգերի/ժողովուրդների անկախություն ունենալու ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ու այդ անկախության ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ միջև: Այս տարբերությունը նաև/հիմնականում արտացոլված է միջազգային իրավունքի «right of remedial  secession» դոկտրինում: Այսինքն՝ (հիմնականում) անկախանալու ԻՐԱՎՈՒՆՔ ունեն այն ժողովուրդները,որոնք, որպես (պետական) ճնշումներից/հալածանքներից ազատագրվելու վերջին միջոց, ընտրում են ճնշող/հալածող պետությունից անջատվելու ու անկախ պետություն ստեղծելու ճանապարհը: Այսինքն՝ ունեն «remedial  secession»-ի իրավունք (Հայերեն թարգ.՝ «փրկիչ/դարմանող անջատողականության  իրավունք»- secession as the last resort for ending oppression. ):

Անջատվելու/անկախանալու համար նաև ԱՆՀՐԱԺԵՇՏ է, որ անջատվող ժողովուրդը լինի (կայացած) էթնոս ու լեզվա-մշակութա-կրոնական առումով ՏԱՐԲԵՐ (distinct) ու անհամատեղելի ՝ տվյալ երկրի մեծամասնական ժողովրդի/էթնոսի հետ:

Հետո (նույնիսկ օրինական) հանրաքվեն դեռ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ՝ անկախության ԻՐԱՎՈՒՆՔ ունենալու համար: Դա միայն առաջին քայլն է. վերը նշված մյուս պայմաններն էլ պիտի բավարարված լինեն:

Հաշվի առնելով վերը նշվածը՝  կարող ենք պնդել, որ Շոտլանդիան, Կատալոնիան, Իտալիայի ռեգիոնները, Քվեբեկը (Կանադա) անկախանալու միջազգային իրավունք ՉՈՒՆԵՆ ու նախադեպ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԼՂՀ-ի համար,որովհետև բոլոր այս տարածքներում տվյալ ժողովուրդներն իրենց լեզվա-մշակութա-կրոնական արժեքները պահպանելու ու զարգացնելու օբյեկտիվ/պետական/օրենսդրական երաշխիքներ ունեն: Այսինքն՝ այս ժողովուրդները ՉԵՆ ՀԱԼԱԾՎՈՒՄ, որ ունենան «remedial  secession»-ի իրավունք: Եթե, այնուամենայնիվ, օրինակ Շոտլանդիան հանրաքվեով անկախանալ ցանկանա ու Մեծ Բրիտանիան (որը դեմ չէ այս հանրաքվեին)՝ հիմնվելով այս հանրաքվեի արդյունքների վրա, Շոտլանդիան որպես անկախ պետություն ճանաչի, ապա սա, իհարկե, հնարավոր է. բայց սա  կլինի ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշում՝ Մեծ Բրիտանիայի կողմից:

Նույն ձևի՝ Ղրիմը անկախանալու միջազգային իրավունք ՉՈՒՆԻ ու ՉԻ ԿԱՐՈՂ նախադեպ լինել ԼՂՀ-ի համար: Ղրիմն էլ «remedial  secession»-ի իրավունք չունի, որովհետև Ղրիմի ռուսները ուկրաինական իշխանությունների կողմից (ծրագրված) ՉԵՆ հալածվել այն չափի, որ իրենց ռուսական լեզվա-մշակութա-կրոնական արժեքները կորցնելու ԻՐԱԿԱՆ ՎՏԱՆԳԻ/ de facto փաստի առաջ կանգնած լինեին՝ ինչպես Ղարաբաղի հայերն էին Ադրբեջանում: Իրականում ռուսներն ու ուկրաինացիները քույր ազգեր էին/են: Ուստի՝ ՔԱՆԻ ԴԵՌ Ուկրաինան չի ճանաչել Ղրիմի անկախությունը, Ղրիմի անկախացումը՝ զուտ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ է՝ անկախ հանրաքվեի օրինական/անօրինական լինելուց: Այս պարագայում Ուկրաինան ունի ՄԱԿ Կանոնադրության Հոդված 51-ի ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ իրավունքը (right of self- defence),որովհետև Ռուսաստանը անօրինական կերպով անեքսացիայի է ենթարկել Ղրիմը: Ուկրաինան՝ ըստ նույն Հոդված 51-ի, իրավունք ունի հարձակվել ոչ միայն Ղրիմի ռուսական ուժերի վրա, այլ նաև Ուկրաինայի սահմանի երկայնքով տեղակայված ռուսական ուժերի վրա (նախապաշտպանական հարձակում/pre-emptive strike): Ընդ որում՝ Ուկրաինան իրավունք ունի նաև պաշտոնապես 3-րդ երկրների օգնությունը խնդրել՝ իր երկրի օկուպացված տարածքները դե-օկուպացնելու համար:

Այստեղ կա ևս մի ԿԱՐԵՎՈՐ հարց. Ղրիմի ԺՈՂՈՎՈՒՐԴ (առանձին/distinct էթնոս),  որպես այդպիսին, ՉԿԱ: Այս առումով՝ միա՛յն Ղրիմի թաթարներն ունեն անկախանալու (ու ազգային-ազատագրական պայքար սկսելու) միջազգային իրավունք, ԵԹԵ ենթարկվեն վերը նշված հալածանքներին.այսինքն՝  ունենան «remedial  secession»-ի իրավունք: Հետո՝ Ղրիմը միջազգային իրավունքի ԼԻԻՐԱՎ ՍՈՒԲՅԵԿՏ ՉԷ, քանի որ ՄԱԿ-ի անդամ երկիր չէ: Ուստի Ղրիմը՝ ըստ միջազգային իրավունի՝ ՉԻ ԿԱՐՈՂ օրինական կերպով միանալ այս կամ այն երկրին: ՆՈՒՅՆԸ՝ Կոսովոն, ԼՂՀ-ն, Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը:

ԼՂՀ-ի համար նախադեպ է միա՛յն Կոսովոն, Հարավային Սուդանն ու Թիմորը (Timor-Leste), որովհետև Ղարաբաղն էլ,ինչպես այս 3-ը, ունեին «remedial  secession»-ի իրավունք:

Կոսովոն, ընդհանուր առմամբ, նույնպես անկախացել է օրինական, որովհետև սերբական պետության ու բանակի կողմից ենթարկվել է վերը նշված հալածանքներին՝ ընդհուպ մինչև ինքնավարության վերացում: Այսօր  108 երկրներ արդեն ճանաչել են Կոսովոյի անկախությունը: 2010 թ.-ի հուլիսին Միջազգային Դատարանը Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը ճանաչել է  օրինական՝ միջազգային իրավունքի տեսանկյունից: ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի տարածքի ռմբակոծության օրինական/ոչ-օրինական լինելը այս հարցում որոշիչ չէ, թեև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի դատապարտել ՆԱՏՕ-ի այս ակցիան: Որոշիչ չէ նաև այն,որ Կոսովոյի ալբանացիներն  էլ,իրենց հերթին, հարձակումներ են գործել Կոսովոյի սերբերի վրա: Իմիջիայլոց, Հյուսիսային Կոսովոյի սերբերն էլ անկախանալու միջազգային իրավունք ունեն:

Միջազգային իրավունքում կա նաև humanitarian intervention-ի իրավունք, երբ երկրները, առանց ՄԱԿ ԱԽ-ի մանդատի ու տվյալ երկրի թույլտվության, իրավունք ունեն (ռազմական) միջամտության՝ որևէ երկրում տեղի ունեցող գենոցիդը կամ լայնամասշտաբ-մասսայական կոտորածները դադարեցնելու համար:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության միջազգային իրավունք ունենալը վիճելի է, Մերձդնեստրինը՝ առավել ևս: Իմ անձնական կարծիքն այն է, որ այս 3-ը,այնուամենայնիվ,այդ իրավունքը չունեն:

Ղարաբաղը/ԼՂՀ-ն,առանց կասկածի, ունի անկախության միջազգային իրավունք, քանի որ ուներ/ունի  (նաև) «remedial  secession»-ի իրավունք: ԼՂՀ-ի՝ մինչև հիմա ճանաչված չլինելու ամենահիմնական պատճառներից մեկն այն է,որ այն ԴՈՒՐՍ է մղվել բանակցային կողմ լինելու ստատուսից ու կոնֆլիկտը սկսել է դիտվել որպես ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՎԵՃ: ՀՀ-ն,վաղ թե ուշ, ՍՏԻՊՎԱԾ է լինելու ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը,որովհետև ես չե՛մ կարծում,որ Ադրբեջանը երբևէ պայմանագրով հող կզիջի ՀՀ-ին:

Հետո՝ ՇԱՏ կարևոր է,որ ՀՀ-ի (ու հատկապես ԼՂՀ-ի) համապատասխան պետական մարմինները ԱՄԵՆՈՒՐԵՔ ու ամեն ամբիոնից հայտարարեն այն փաստի մասին,որ Նախիջևանը հայաթափվել ու Նախիջևանում հայկական մշակութային արժեքները ՊԵՏԱԿԱՆ մակարդակով ոչնչացվել են: Այսինքն՝ ԼՂՀ-ն ԵՐԲԵՔ չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ,քանի որ Նախիջևանի օրինակը de facto ԱՊԱՑՈՒՅՑ է, որ դա անհնար է,քանի որ ՆՈՒՅՆ ճակատագրին կարժանանա Արցախի հայությունը («remedial  secession»):

Եվս մի հարց. Ադրբեջանը պնդում է,որ՝ «Ղարաբաղի հանրաքվեն օրինական չէ, որովհետև Ղարաբաղի ադրբեջանցիները չեն մասնակցել դրան»: Կարելի է պատասխանել,որ՝ ա) Ղարաբաղի 2/3-ից ավելին հայեր էին,ուստի ադրբեջանցիների մասնակցությունը չէր ազդի հանրաքվեի արդյունքի վրա,  և բ) որ նույն ձևի՝ Ադրբեջանից փախած հայերն էլ չեն մասնակցել ադրբեջանական որոշումների կայացմանը:

Այսքանով հանդերձ՝ կոչ եմ անում հատկապես ՀՀ/ԼՂՀ իշխանություններին լինել շատ զգույշ՝ Ղրիմի (ու «Ղարաբաղի Ռուսաստանին միանալու»)  իրենց հայտարարություններում. դա ՇԱՏ ԹԱՆԿ կարող է նստել ձեր ու Արցախի վրա:

Վարազ Սյունի

Ամստերդամ, 23.03.2014

Լուսանկարը` theguardian.com-ի

Մեկնաբանություններ (6)

flora
hajastanj inchu chi chanachum karabari ankagutunj.
Ռուզան
Ապրես:
իրատես
Գրագետ հոդված է: Սակայն միջազգային օրենքը, իրավունքը, ընդունված կանոնները մի բան են - իսկ սրանց գործադրությունն ու արհամարելը մի այլ բան: Ցանկացած ազնվագույն օրենք ու վճիռ կարող է ոչ մի նպաստ չբերել հայցվոր կողմին եթե հենց ինքը նվազագույն կարողությունը չունի այդ վճիռն իրացնելու համար: Միջազգային օրենքը, եթե նույնիսկ գրված ու ընդունվում է, ապա դրա անմիջական իրացնողների պարագան է անորոշ ու կամայական մնում: Ով պիտի իրացներ Վիլսոնի իրավարար վճիռն, օրինակ, հայերին ի նպաստ - թուրքիան գուցե, իր բարի կամքով (?) Կամ ով պիտի արգելեր խրուշչին կամ ստալինին այս կամ այն հողը սրան-նրան նվիրելու? Հիմա եկ ու արդեն սրբագրված համարվող այս աղաղակող իրողությունները փորձիր հարթել ընդունված երեսպաշտական, քաղցր-մեղցր կանոնների համատեքստում! Հետեւաբար հղումներն ու հույսերը միայն միջազգային օրենքներին ավելի շուտ մոլորեցնող դեմագոգիա ու փիար ակցիա է իրատես քաղաքագետի ու ղեկավարի համար քան օգտակար զբաղմունք:
իրատես
barséghian - ջան! Հոգուդ մատաղ, գոնե անգլերենի տառատեսակը գօրծածիր, եթե հայերենը չունիս (ինչ մի դժուար բան է տեղադրելը, քիչ թե շատ PC իմացող մեկին խնդրիր, կօգնի) Եղբայր, այսպես շատ կտանջուինք ...
M.K.
Lav hodvac e.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Քեսաբի դեպքերը (ցավալիորեն) ևս մի անգամ եկան ապացուցելու,որ հայի պաշտպանը ո՛չ ռուսն է, և ո՛չ էլ Արևմուտքը: Ղարաբաղի հարցը ՎԵՐՋՆԱԿԱՆՈՐԵՆ ու ՄԵԿԸՆԴՄԻՇՏ լուծվելու է միա՛յն այն ժամանակ,երբ ազատագրված տարածքները ամբողջությամբ վերաբնակեցվեն (political and irreversible fact): Իսկ սա ԴԵՌ ՉԻ կատարվում,որովհետև ՀՀ և ԼՂՀ իշխանությունները ԻՐԱԿԱՆՈՒՄ ծառայում են ռուսի շահին. ՄԻԱՄՏԱԲԱՐ կարծում են,որ ՀԱՊԿ-ը մեջք է կանգնելու ԼՂՀ-ին: Հիշու՞մ եք,որ 1-2 տարի առաջ իբր թե 200 (մուսուլման) հայ ընտանիք Միջին Ասիայից պիտի վերաբնակվեին Արցախում. ՓՈՒՉ շոուներ՝ մարդկանց աչքերին թոզ փչելու համար: Այսօր՝ 20 ՏԱՐԻ հետո, դեռ 10 հազար մարդ էլ չի ապրում ազատագրված տարածքներում:Այսպես ԼՂՀ-ն երբեք միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ չի դառնա: Ռուսաստանաբնակ (ու ռուսա-վասալ) հայ օլիգարխներն ու օլիգարխիկները ամե՛ն սարի ու քարի վրա մի նոր պսպղուն եկեղեցի ու խաչ են տեղադրում՝ միլիոնավոր դոլարներ վատնելով: Հիմա էլ Ստեփանակերտի կենտրոնում են մի պսպղուն ու թանկ եկեղեցի ուզում կառուցել,երբ ազատագրված տարածքներում ՏՈՒՆ ՉԿԱ,որ մարդիկ գնան ապրեն: Այ «հայրենասեր» օլիգարխիկ-ԳՈՆԵ ազատագրված մի տարածքում պսպղուն եկեղեցիդ կառուցիր,եթե այդքա՜ն «աստվածապաշտ» ես:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter