HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քննություն եմ տամ, հինչ եմ անում, ինստուտ եմ ընդունվում, որ բալս հերիք չի անում»

Անահիտ Բաղդասարյան

1989թ. Ադրբեջանում սկսված զանգվածային ջարդերի պատճառով Բաքվից բռնագաղթեց նաեւ Արգենտինա Դավիդյանը: Հայաստան տեղափոխվելով` նա ապաստան գտավ Գորիսում: Տարիները նրա հիշողությունից չեն ջնջել ադրբեջանցիների կիրառած բռնարարքները: «Գալիս դռները ջարդում ու փորձում էին սպանել: Տեսա, որ էլ ապրելու հնար չկա, սաղ թողալ եմ փախալ»,- պատմում է նա:

Այդ տարիներին Արգենտինայի նման այլ փախստականներ եւս ապաստան են գտել Գորիսի տարածաշրջանում: Գորիսի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության 1994թ. հաշվառման տվյալներով Գորիսում կար 2700 փախստական, իսկ 2001թ.-ին նրանց թիվը հասել էր 1200-ի: Տարիների հետ նրանց մի մասը Հայաստանի քաղաքացիություն է ստացել և այժմ Գորիսում փախստականի կարգավիճակ ունի 27 մարդ:

Արգենտինա Դավիդյան

Գորիս տեսափոխվելուց հետո Արգենտինան մի քանի ամիս ապաստան է գտել բարեկամների տանը, որից հետո քաղաքային իշխանությունները, ժամանակավոր բնակվելու պայմանով, նրան բնակարան են հատկացրել  բազմաբնակարան շենքի  կիսանկուղային հարկում: Որոշ ժամանակ անց Արգենտինան սեփականաշնորհել է այն` այսպիսով նաև «ամրագրելով» մշտական բնակության վայր ունենալու հանգամանքը:

Բնակարանային պայմանների բարելավման համար 1991թ.-ից Արգենտինան հաշվառված է Սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալությունում, բայց մինչեւ օրս խնդիրը չի լուծվել:  «Պադվալում եմ ապրում. տարվա մեջ մի երկու ամիս է, որ փեչը չեմ վառում: Թող ինձ մի տոն տան, էքուց վեր մեռնեմ, էդ տոնը իրանց ինի»,- խոնավ պատերը մատնացույց անելով ասում է նա: 

Գորիսի քաղաքային իշխանության սոցիալական հանձնաժողովի անդամ Արմինե Հովիակիմյանի խոսքով՝ չնայած Գորիս քաղաքում սոցիալապես անապահով շատ ընտանիքներ կան, ովքեր բնակարանի կարիք ունեն, բայց, եթե որեւէ ծրագրի շրջանակներում բնակարան է կառուցվում, փորձում են առաջնահերթ փախստականներին բնակարանով ապահովել:

Միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ 2005թ.-ից Գորիս քաղաքում իրականացվում են սոցիալապես անապահով ընտանիքներին կացարանով ապահովելու ծրագրեր, որոնց արդյունքում 2006թ.-ին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի  (ՄԱՓԳՀԳ/UNHCR) աջակցությամբ 40 փախստական ընտանիք ապահովվել է բնակարանով:

Շվեյցարիայի Զարգացման եւ Համագործակցության գործակալության հետ համատեղ 2005թ.-ից Գորիսում հիմք դրվեց «Սոցիալական տուն՝ աջակից պայմաններով» ծրագիրը, որի արդյունքում 2009թ.-ին շահագործման հանձնվեց 2 երկհարկանի շենք՝ 14 բնակարաններով, որոնցից 10-ը բնակեցվեց փախստականներով, իսկ չորսը` համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներով: Այս ծրագրի շրջանակներում 2012թ.-ի հոկտեմբերին շահագործման հանձնվեց մեկ այլ բնակելի շենք՝ 20 բնակարանով: Այն նախատեսված էր առավել խոցելի եւ աջակցության կարիք ունեցող ընտանիքների համար, որոնցից 5-ը փախստական էր:

«Մինչեւ այժմ բնակարաններով ապահովվել են կոմպակտ բնակավայրերում՝ նախկին հյուրանոցում, հանրակացարանում կամ հիմնարկների վարչական շենքերում բնակվող ընտանիքները, որոնց մեջ չեն ներառվել վարձով կամ բարեկամի տանը բնակվողները»,- ասում է սոցիալական ծառայության Գորիսի տարածքային գործակալության մասնագետ Վլադիմիր Ավանեսյանը: Վերջինիս խոսքով` ոմանց Կառավարությունը բնակարան գնելու սերտիֆիկատ-վկայագրեր է տվել, որից օգվել է ընդամենը 8 ընտանիք` չորսը բնակարան է ձեռք բերել Գորիսում, չորսը` Շինուհայր համայնքում:

Տեղահանվածները դժգոհում են նաեւ իրենց սոցիալական վիճակից եւ դժգոհում են, որ սկզբնական շրջանում հաճախակի տրվող սոցիալական օգնություններն ընդհատվել են: Վլադիմիր Ավանեսյանի խոսքով՝ վերջին անգամ 2012թ. սոցիալապես անապահով ընտանիքներին 2 անգամ 3-ական լիտր ձեթ են հատկացրել:

Փախստականի կարգավիճակ ունցողների մեծ մասը միայնակ տարեցներ են, որոնց միակ եկամուտը ծերության թոշակն է: Նրանց հիմնական մասը նաեւ անապահովության նպաստ չի ստանում:

Քնարիկ Արոյանը նշում է, որ մի քանի անգամ դիմել է նպաստ ստանալու համար, պատճառաբանել են, թե բալերը չեն հերիքում: «Քննություն եմ տամ, հինչ եմ անում, ինստուտ եմ ընդունվում, որ բալս հերիք չի անում»,- վրդովված ասում է նա:

Հատկապես ձմռանը փախստականները դժվարանում են ջեռուցման խնդիրը լուծել: Այս տարի ծախսված գազի փոխհատուցման համար Գորիս համայնքի ղեկավարը սոցիալական շենքերից մեկին` 40, իսկ մյուսին` մոտ 130 հազար դրամ է տրամադրել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter