HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղյան գագաթնաժողովը եւ Արեւմուտքի թափանցիկ ակնարկը Երեւանին-1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը (James Warlick) իր Twitter-յան էջում գրառում է թողել այն մասին, որ Հաագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնություն է ձեռքբերվել առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթնաժողով (հասկանալիորեն խոսքը ԵԱՀԿ շրջանակներում գագաթնաժողովի մասին է) անցկացնելու վերաբերյալ: Համանախագահ Ուորլիքը հայտնել է, որ ընդամենը մնում է ճշտել գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը: 

Այն, որ հատկապես հետխորհրդային տարածքում ցանկացած հակամարտության բռնկում, դրա վերաբերյալ պաշտոնական Երեւանի եւ միջազգային հանրության գնահատականները ազդում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զարգացումների ու դրա բանակցային գործընթացի վրա, կասկածից վեր է: Հարավկովկասյան տարածաշրջանի դինամիկայի վրա ազդող այդպիսի հզոր գործոն այսօր դարձել է ռուս-ուկրաինական, Արեւմուտք-Ռուսաստան խոշորամասշտաբ դիմակայությունը, այդ թվում՝ Ուկրաինայից Ղրիմի անջատումն ու նրա «ինքնորոշված միացումը» Ռուսաստանին:

Այդ զարգացումների խորապատկերին շարունակում է մտահոգիչ մնալ Հայաստանում մտածված կերպով այն թեզի շրջանառության մեջ դնելը, թե Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքերը նույնական են իրենց նախապատմությամբ եւ «ինքնորոշման» ու «կամաարտահայտության» իրավունքի իրացմամբ: Ով՝ ով, բայց Ադրբեջանը իրեն միշտ «կազմ-պատրաստ» մարզավիճակում է պահում նման դեպքերում իրեն «տարածքային ագրեսիայի ու անեքսիայի զոհի» վիճակում դնելու, ապաեւ՝ տվյալ պահին աշխարհին մտահոգող հակամարտության լուծումների փնտրտուքում միջազգային հանրությունից ու առաջնորդներից «համարժեք» վերաբերմունք «հայցողի» կեցվածք ընդունելու համար:  Ուստի Ղրիմը եւ ներկայիս միջազգային լարվածությունը նրա համար կատարյալ պատեհություն է...  

Հակամարտությունները եւ պաշտոնական Երեւանի մարտահրավերները

Հայաստանի համար այսպիսի բարդ իրավիճակ ստեղծվեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո, երբ շատերն էին մտահոգված այն եռանկարից, որ լարվածության աճ կարող է արձանագրվել նաեւ ԼՂ հակամարտության գոտում, ինչը կարող է վերաճել կողմերի միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Ոչ միայն միջազգային դիվանագիտական ու փորձագիտական շրջանակները, այլեւ Հայաստանն ինքն էլ այդ շրջանում մտահոգություններ ուներ, որ Ադրբեջանը կարող է գայթակղությանը չդիմանալ ու ռազմական արկածախնդրության գնալ, հետեւաբար ծափահարություններով էր ընդունում աշխարհի ցանկացած անկյունից հնչող հայտարարություններն այն մասին, թե «հակամարտությունները ռազմական լուծում չունեն, ինչպես ցույց տվեցին Աբխազիայի ու Հարավային Օսիայի դեպքերը»:

2012թ. աշնանը Մայենդորֆյան հռչակագրի ստորագրումը, ապաեւ՝ Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների պարբերական հանդիպումները Սանկտ-Պետերբուրգում, Սոչիում կամ Կազանում առաջին հերթին միջազգային հանրության կողմից ընկալվում էին իբրեւ հակամարտության կողմերի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող երկրի՝ Ռուսաստանի կողմից ակտիվացված գործիք հակամարտությունը եթե ոչ վերջնականապես կարգավորելու, ապա գոնե կառավարելի պահելու համար:

Երեւանի համար ոչ պակաս մարտահրավեր էր Աբխազիայի ու Հարավային Օսիայի միակողմանի ճանաչումը Ռուսաստանի կողմից: Կրեմլը տեսանելիորեն նույնատիպ պահանջ-խնդիր էր դրել բարեկամ ու դաշնակից պետությունների, այդ թվում՝ Երեւանի առջեւ: Մինչդեռ Հայաստանի շահերից չէր բխում հարեւան Վրաստանի հետ հարաբերությունների թունավորումն ու վտանգումը, հատկապես երբ նրա տարածքով են անցնում արտաքին աշխարհին կապող հաղորդակցական ուղիները: Չնայած բարդություններին, Երեւանը կարողացավ զգուշորեն անցնել այդ լարված շրջափուլը, պաշտոնապես հայտարարելով, որ «Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ կատարվածը, այդ տարածքների ու ռուս-վրացական դիմակայության հանդեպ աշխարհի մեծացած ուշադրությունը Ադրբեջանը փորձեց օգտագործել միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ՆԱՏՕ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ-ում ղարաբաղյան խնդիրը նշյալ հակամարտությունների հետ «նույն զամբյուղի մեջ դնելու» եւ բանաձեւեր պոկելու նպատակով: Արժանահիշատակ են, թե ինչպես ի համանմանություն աբխազական ու հարավօսական հակամարտությունների, Բաքուն երկու ձախողված փորձ նախաձեռնեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ղարաբաղի հարցով բանաձեւ շրջանառության մեջ դնելու ու ընոդւնելու ոււղությամբ, ինչը կանխվեց հայկական պատվիրակության կողմից, ապա՝ փորձ կատարվեց ԵԽԽՎ-ում թուրք նախագահող Չավուշօղլուի օգնությամբ վերակենդանացնել Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները: 

Հարկ է նշել, որ այդ շրջանում Ադրբեջանի ձորձերն ապարդյուն դարձան նաեւ այն հիմնական պատճառով, որ Արեւմուտքը՝ ԱՄՆ-ը եւ Եվրոպան Հայաստանի ու նրա անվտանգության խնդիրների, կամ որ նույնն է՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի հանդեպ առանձնահատուկ «զգայունակություն եւ նրբանկատություն» էին ցուցաբերում, քանի որ Երեւանը ներգրավվել էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման նոր մեկնարկած գործընթացում, ինչպես նաեւ՝ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ մեկնարկած բանակցություններում:

Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրներով Երեւանի շրջահայաց ու ողջամիտ դիրքորոշումը բարձ գնահատեցին ոչ միայն Արեւմուտքը, այլեւ անգամ Վրաստանը: Դրա հետ մեկտեղ պարբերաբար ողջույնի խոսքերի արժանացող Հայաստանի եվրոպական առաջքայլերը, ըստ էության, չափազանց առանցքային դեր էին խաղում Հայաստանի անվտանգության խնդիրների հանդեպ միջազգային հարգանք եւ ճանաչում ապահովելու տեսանկյունից: 

Դժվար թե Ադրբեջանը չիմանար Հայաստանի «հաջողությունների» պատճառը, որը նրան էլ ավելի շահագրգիռ էր դարձնում թե հայ-թուրքական մերձեցման գործընթացը ավելի եռանդագին սպանելու, թե Ռուսաստանի հետ միասին բացահայտ ու անբացահայտ եվրոպական քաղաքականությունների համար տարատեսակ խոչընդոտներ հարուցելու  հարցերում: Բաքվի առաջնային եւ հիմնական նպատակը եղել եւ մնացել է նույնը. հասնել/տեսնել միջազգայնորեն, տնտեսապես ու քաղաքականապես թլացված Հայաստան, որից հնարավոր կլինի խլել Արցախը, այդ նպատակով անգամ օգտագործելով մոտ եւ հեռու զարգացումների ու Ղարաբաղյան խնդրի «զուգահեռները»:

Այս առումով արժե ընհուպ հիշել Ադրբեջանի ջանքերը 2012թ. մերձավորարեւլյան սրացող զարգացումներին զուգընթաց, երբ նա բացահայտ դիմեց տարածաշրջանում պատերազմի ռիսկերն ավելացնելու գործողությունների՝ փորձելով համաշխարհային առաջնորդների ու միջազգային կազմակերպությունների օրակարգում սիրիական խնդրի հետ մեկտեղ առաջնայնություն հաղորդել նաեւ ղարաբաղյան խնդրին: Այդ առումով չափազանց խոսուն էր 2012թ. սիրական ճգնաժամի «գարնանային սրացման» շրջանում Բաքվի պավածքը, երբ այդ խնդրով մտահոգ տարածաշրջանային այց կատարող ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին հունիսի սկզբին դիմավորեց Հայաստան-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան սահմանագծի ընդարձակ հատվածում սադրանքների ու հրաձգության կատարյալ հրավառությամբ: Այդ ժամանակ նրա փոխարեն ավագ գործընկեր Թուրքիան աշխարհին փոխանցեց հիմնական ասելիքը, թե «մեծ վշտով ու մտահոգությամբ դիտարկում են, թե ինչպես են Ադրբեջանի գրավված տարածքներում շփման գծի վրա տեղի ունեցած եւ մարդկային կյանքեր խլած միջադեպերը տարածվում մինչեւ երկու երկրների համատեղ սահմանը», ինչը «վերստին ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բացակայության լուրջ եւ անդառնալի հետեւանքների մասին» եւ կոչ արեց հրատապ լուծում տալ հակամարտությանը: Ասել է թե՝ քանի դեռ աշխարհը եւ հակամարտության կողմերը չեն կարգավորել այդ հակամարտությունը, ապա այդպիսի մահաբեր ու անդառնալի միջադեպեր կրկնվելու են: «Ավագ եղբոր» այդ հայտարարությունը բացարձակ նույնաբովանդակ էր նրա հետ, որը մեկ տարի առաջ արեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյանորովը երկու երկների նախագահների սանկ-պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո Բաքվի սանձազերծած մեկ այլ արյունալի սադրանքի կապակցությամբ՝ «քանի դեռ չեք կարգավորել հակամարտությունը, նման բաներ լինելու են/անելու ենք» ուղերձով:

Եթե Ադրբեջանը փորձել է նման հեռակա ճգնաժամերն օգտագործել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հրատապություն հաղորդելու համար, ընդհուպ մեծացնելով պատերազմի ռիսկերը ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու «գնով» կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման կապակցությամբ կրքերը թեժացնելու եղանակով, անշուշտ նա առավել եւս բաց չի թողնելու Ղրիմի ու Ղարաբաղի «անջատողականությունը» եււ «տարածքային բռնակցումը» նույն հարթության վրա դնելու պահը:

Իսկ այդ պահը առավել քան տարբերվում է 2008թ-ից: Հայաստանը խախտել է իր արտաքին քաղաքական կողմնորոշումների հավասարակշռությունը. 2013թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ գործող նախագահը հայտարարել է Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին, որի ադյունքում նոյեմբերին Վիլնյուսում չնախաստորագրվեցին 3,5 տարվա բանակցությունների արդյունք հանդիսացող Ասոցացման համաձայնագիրն ու նրա բաղկացուցիչ մասը հանդիսացող Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագիրը, ԵՄ-Հայաստան հարաբերությունները մինչ օրս խարխափում են անորոշության մեջ, եւ դրան էլ հավելած՝ պաշտոնական Երեւանը հրապարակավ Ղրիմի հարցով աջակցություն է հայտնել օրավուր խստացվող միջազգային պատժամիջոցների թիրախ դարձած Ռուսաստանի դիրքորոշմանը:

Այսպիսի իրավիճակում արդյո՞ք վտանգավոր չէ Ղարաբաղի խնդրով գագաթնաժողովի անցկացումը, երբ Երեւանը այլեւս Արեւմուտքի «սիրելիների» շարքում չէ... Ինչպե՞ս կարող է շտկել Երեւանն այս իրավիճակը, եւ ո՞րն է ելքը...

(շարունակություն)

Լուսանկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից

Մեկնաբանություններ (2)

hով
Այսինքն՝ ոչ հովին նստեինք ոչ էլ արեւին - Ստյոպա ջան? Ինչ պիտի անեին էս անարժանները, կամ հիմա ինչ անեն? (բացի ճանաչելուց, որից դժվար թե լավ բան դուրս գա)
Ստյոպա Սաֆարյան
Հարգելի Հով, հաջորդ երկու մասերում հենց ներկա իրավիճակի մարտահրավերներն ու լուծումներն են լինելու: Շնորհակալ եմ արձագանքելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter