HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենդանիների առևտուրը Հայաստանի Ինտերպոլի համար նորություն էր

Շվեյցարացի լրագրող Կարլ Ամանը (Karl Ammann) և գերմանացի օպերատոր Կլաուս Սփարվասերը (Klaus Sparwasser) ժամանել են Հայաստան` կարմիր գրքում գրանցված կենդանիների հետքերով: Նրանք պատրաստվում են կենդանիների առևտրի մասին հետաքննական ֆիլմ նկարահանել գերմանական ZDF հեռուստաընկերության համար: Նրանց առաջին հանդիպումը ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի հետ էր:  

Ա. Ֆիդանյանը պատմեց, որ Հայաստանի «Ինտերպոլի» ԱԿԲ-ն մաքսանենգ ճանապարհով ներկրված երկու բոնոբոների մասին տեղեկատվությունը ստացել է 2013-ի օգոստոսին Կոնգոյի գործընկերներից: Այնուհետև փոխանցել է համապատասխան իրավապահ մարմիններին, որից հետո հարուցվել է քրեական գործը և այժմ այն ընթացքի մեջ է: Հետաքննության շահերից ելնելով Արա Ֆիդանյանը այլ տեղեկատվություն չտրամադրեց: Գործը հարուցվել է այս տարվա հունվարին, սակայն հարցին, թե որքան կտևի հետաքննությունը, Արա Ֆիդանյանը ուղղորդեց դիմել ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտե, որի վարույթում քննվում է գործը:

Կարլ Ամանը նկատեց, որ պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկությունների համաձայն, Հայաստանից ներկրումն ու արտահանումը Ռուսաստան և Արաբական Միացյալ Էմիրություններ մեծ թիվ են կազմում, և անձը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցված, ունի նաև այլ գործընկերներ Դուբայում: Արդյոք նա արդեն մտցվա՞ծ է Ինտերպոլի ցուցակում,  որ հաջորդ անգամ Կոնգո, Ինդոնեզիա կամ այլ երկիր ժամանելիս, տեղական իրավապահները իմանան այդ մասին և առավել ուշադիր լինեն:

«Սա առաջին անգամ և առաջին տեղեկատվությունն է, որ մեր ԱԿԲ-ն ստացել է այլ երկրների գործընկերներից` կապված կենդանիների առևտրի հետ, և սրանից առաջ մենք որևէ տեղեկատվություն չենք ունեցել ոչ այս անձի, ոչ էլ իր գործունեության մասին: Երբ ստացանք տեղեկատվությունը, դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերներին: Ես հույս ունեմ, որ այս հետաքննությունից հետո մենք այլ դեպքերի մասին տեղեկություններ կունենանք,  որից հետո կկարողանանք համագործակցել այլ երկրների մեր գործընկերների հետ»,- նշեց Արա Ֆիդանյանը: Այս պահին, ըստ ԱԿԲ ղեկավարի, պետք է սպասել հետաքննության արդյունքներին:

Ձախից` Կարլ Ամանը և Արա Ֆիդանյանը

Կարլ Ամանը նշեց, որ խնդիրը բնավ էլ երկու բոնոբորները չեն, այլ բազմաթիվ այլ կենդանիներ: Օրինակ` շիմպանզեները, գիբոնները և մյուս տեսակները նույն կարգավիճակում և իրավական հարթությունում են: Այսինքն` խնդիրը ավելի խորն է, քան երկու բոնոբոները, խնդիրը վտանգված տեսակների պահպանությունն է, որոնք ոչ օրինական ճանապարհով են եկել Հայաստան:

«Մենք տրամադրել ենք տեղեկատվությունը համապատասխան մարմիններին և պետք է սպասենք արդյունքներին»,- արձագանքեց Արա Ֆիդանյանը:

«Հետքի» հարցին, թե արդյոք կենդանիների արտահանձնման պահանջ ստացել են Կոնգոյի իրենց գործընկերներից, Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ այս պահին դեռ չեն ստացել: «Եթե մենք ստանանք տեղեկատվություն, դա մեր աշխատանքն է, տրամադրել տեղեկություններ և համապատասխան միջոցներ ձեռնարկել»,- հավելեց նա:

Հարցին, թե արդյոք Ռուսաստան կամ այլ երկրներ հարցումներ կատարավել են Հայաստանից կենդանիների արտահանման կամ Հայաստան ներկրման համար, Արա Ֆիդանյանը պատասխանեց. «Գործը հետաքննող կառույցը պետք է դիմի մեզ այլ երկրներ համապատասխան հարցումներ կատարելու համար, բայց մինչ այս պահը մենք դեռ որևէ պահանջ չենք ստացել հետաքննող մարմնից և չենք կարող որևէ գործողություն կատարել»,- նշեց Արա Ֆիդանյանը:

Կարլ Ամանը նկատեց, որ երբ առաջին անգամ Կոնգոյի Ինտերպոլը դիմել է Հայաստանի ԱԿԲ-ին, առաջին արձագանքը Հայաստանից եղել է այն, որ Հայաստանում բոնոբո չկա, սակայն «Հետքի» հրապարակումներից հետո, որտեղ թե լուսանկարներ, թե վիդեո էր տեղադրվել, Հայաստանի ԱԿԲ-ն նույնպես արձագանքել է:

Արա Ֆիդանյանը նշեց, որ այս գործով 100-ից ավելի փաստաթուղթ ունեն արդեն և անելու են այն ամենը, ինչ կարող են` պարզելու գործի մանրամասները: Իսկ այդ ամենի համար ունեն թե համապատասխան օրենսդրական ակտեր, թե հոդվածներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter