HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործներն ու նրանց պարտակողները…»

Սկիզբը՝ այստեղ և այստեղ 

Ծաղիկներն ու զամբյուղը պատրաստված են բանտի հացի խմորից: Հեղինակը ցմահ դատապարտյալ, 10 տարի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող, նախկին զինվոր Արթուր Քոչարյանն է, ով ուղարկել է դրանք ազատություն՝ նվիրելով մորը: «10 տարի է՝ մենք պայքարում ենք մյուս երկու տղաների՝ Ավետիքի ու Սուրիկի ծնողների հետ, որ կարողանանք ապացուցել մեր զավակների անմեղությունը: Բայց պետական մարմիններում լուռ են: Սայլը տեղից չի շարժվում: Հույսով սպասում ենք՝ տարեկան մեկ անգամ տեսնելով մեր տղային բանտում: Սարսափելի է...Ա՛խր, ես զինվոր էի տվել հայոց բանակին: Բայց նրան 10 տարի արդեն չեմ կարողանում տուն վերադարձնել»,- «Հետքի» հետ զրույցում պատմում է ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանի մայրը ու ցույց տալիս որդու ձեռքի աշխատանքները՝ ուղարկված բանտից: 

Նախկին զինծառայողներ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը, ովքեր այսօր մոտ 30 տարեկան տղամարդիկ են, դատարտվել են 19 տարեկանում՝ ցմահ ազատազրկման Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Վերաքննիչ քրեական դատարանի դատավճռով Ավետիք Թումանյանի և Սուրեն Չոբանյանի պատժաչափերը փոխարինվել են 15 տարվա ազատազրկման, իսկ Արթուր Քոչարյանինը մնացել է անփոփոխ՝ ցմահ ազատազրկում: Վճռաբեկ դատարանն էլ բողոքը ետ է վերադարձրել: 

Փաստաբաններն, ովքեր զբաղվել են այս գործով, արձանագրել են՝ դատավճռի հիմքում չկա որևէ փորձաքննության տվյալ, ըստ որի ամբաստանյալների հետքերը, նրանցից վերցված նմուշները հայտնաբերված լինեն հանգուցյալ զինվոր Արթուր Մեսրոպյանի մարմնի կամ նրա հագուստի վրա: 

«Հետքը» զրուցեց փաստաբան Վահե Մարգարյանի հետ, ով 10 տարի առաջ երեք զինծառայողներից երկուսի՝ Ավետիքի ու Սուրիկի շահերն է պաշտպանել դատական ատյաններում: Պաշտպանը նշեց, որ դատարանը չի կարողացել ապացուցել երեք տղաների մեղքը. «Պարզ տրամաբանություն է, պատկերացրեք՝ շուրջբոլորը արյուն է եղել, քանի որ զինվորն արդեն իսկ կտրած է եղել իր ձեռքերի երակները, նրան կպած ցանկացած անձ արյան մեջ կկորեր: Իսկ պարզվում է, որ երեք տղաներից վերցված որևէ նմուշ չի հայտնաբերվել Արթուր Մեսրոպյանի դիակի, հագուստի վրա: Երեք զինվորներն էլ միաբերան ցուցմունք են տվել, որ առհասարակ չեն տեսել, թե ինչ է տեղի ունեցել: Երկու անգամ հանդիպել եմ նախկին զինդատախազ Գևորգ Կոստանյանի հետ, ներկայացրել այս գործի հանգամանքները, բայց նրանից լսել հետևյալը՝ անհարժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Դատավարությանը մասնակցելով՝ գիտեմ, թե ինչ կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Գոնե մեկ համոզիչ փաստարկ չկա, որ երեք երիտասարդները մեղավոր են: Միակ հիմքը նախաքննությունն ու դատարանները վերցրել են զինվորներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքները ու գործ սարքել»: 

Դատավճռի վերջում, ինչպես միշտ, կարդում ենք հայտնի արտահայտությունը գործով ձեռք բերված իրեղեն ապացույցները ոչնչացնելու մասին. «Քարը, հողը, 8 ծրարով նմուշները, փայտի կտորի նմուշը, արյան նմուշները, ամբաստանյալների եղունգների տակից վերցված նմուշները, ինչպես նաև հագուստները, Մեսրոպյանի տաբատի գոտին, զինվորական հագուստը, ներքնավարտիքները ոչնչացնել ու դեն նետել»: Այսինքն՝ գիտության զարգացմամբ նոր փորձաքննությունների անցկացման հիմքերը ոչնչացված են: Գործի վերաբացման միակ հիմքը մնում է նոր երևան եկած հանգամանքը: 

Սա հատված է համածառայակցի սպանության մեջ մեղադրված զինվոր Արթուր Քոչարյանի՝ դատարանում արտասանած վերջին խոսքից. «Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները, նրանց պարտակողները, հովանավորողները: Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը, որ այդ պահին նրա կողքին չեմ եղել, որ օգնեմ: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված: Հասկացեք՝ ես մեղավոր չեմ: Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ: Ես չեմ խնդրի մեղմ վերաբերմունք կամ ներում, այլ պահանջը հետևյալն է՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործը ուղարկել ետ քննության: Զղջում եմ նրա համար, որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի, այլ իբրև մարդասպանի: Արթուրի մայրը նայում է մի մարդու, ով համարյա իր իսկ որդու կարգավիճակում է…ես էլ ամեն օր հոգեկա՛ն մահ եմ վերապրում: Մե՛կ է, վաղ թե ուշ, իրական հանցագործը նորից կիրագործի իր չար գործը: Աղոթում եմ, որ Աստված չլքի ոչ թե ինձ, այլ ձեզ այս կարևոր ու վճռական պահին: Ինքս դատապարտում եմ այն արարքը, որ կատարվել է... Սա գալիս է նրանից, որ ոչ մեկին չի հետաքրքրել ճշմարտությունը: Կա մեկը, ով հանգամանքի բերումով համապատասխանում է զոհի դերին, և վերջ, մնացածը էական չէ: Իսկ Անդրանիկի տված ցուցմունքները ոչ այլ ինչ են, քան Հուդայի 30 արծաթը: Տարօրինակ է, բայց Կտակարանի պատմությունը կրկնվում է, անմեղի դատապարտումը, իրական մեղավորի ազատ մնալը»: 

Հ.Գ. «Հետքը» դիմել է ԱՆ Քրեակատարողական վարչություն՝ թույլտվություն ստանալու «Նուբարաշենի» բանտում հարցազրույց անցկացնել ցմահ դատապարտյալ, նախկին զինվոր Արթուր Քոչարյանի հետ: Համաձայնության դեպքում՝ կներկայացնենք հարցազրույցը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter