HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկրաբան. «Հանքավայրերը նախագծելիս հաշվի առեք անցյալի սխալները»

Պատասխանատու հանքարդյունաբերության թեմայով Երևանում տեղի ունեցած երկօրյա համաժողովն ավարտվեց հապճեպ, այսպես ասած, ոտքի վրա տեղի ունեցած մամուլի ասուլիսով: Միջազգային 6 փորձագետների հրավիրեցին մի սենյակ, որտեղ ցաքուցրիվ աթոռներ էին, մի փոքր սեղան: Օտարերկրյա հյուրերը ստիպված էին կանգնած պատասխանել հարցերին: Հյուրերը կիսաշրջանաձև կանգնել էին նախ սենյակի դռան մոտ: Նրանցից ոմանք ապշահար նայում էին սենյակի խառնաշփոթին, աղոտ լուսավորմանը, փոշոտ օդին: Ամերիկացի հյուրերից մեկը խորհուրդ տվեց նրանց սենյակի կենտրոն տեղափոխվել, որտեղ գոնե դռան բացուխուփ անելը չէր խանգարի: Հյուրերն ինքնահոժար հետևեցին այդ խորհրդին:

Հարցուպատասխանի համար ստեղծված դաշտը, որ ստեղծվել էր նրանց և լրագրողների միջև, անհարմարավետ էր: Կիսաշրջանաձև կանգնած միջազգային փորձագետները մի տեսակ դարձել էին գրատախտակի մոտ կանգնած աշակերտներ: Նրանցից ոմանց ձեռքերի անհանգիստ շարժումները  լարվածություն էին ստեղծում: Ասուլիսի կազմակերպիչը լրագրողներին հիշեցրեց, որ 15 րոպե ժամանակ է տրված և յուրաքանչյուր լրագրող 1 հարց տալու հնարավորություն ունի: Իսկ սենյակում կար 5 լրագրող:

«Հետքի» հարցին, թե ինչպես կձևակերպեք Հայաստանում հանքարդյունաբերության ներկա վիճակը, լեռնահանքային ճարտարագիտության պրոֆեսոր Բերն Քլայնը պատասխանեց. «Ընդամենը երկու օր է, որ Հայաստանում եմ, բայց զրուցել եմ մի քանի գործընկերների հետ, ովքեր այցելել են ինչ-որ հանքավայրեր և կարծիք են կազմել դրանց մասին: Կարծում եմ, որ հին և նոր գործելաոճերի խառնուրդ կա այս երկրում, այսինքն՝ հնուց եկած խնդիրներ և դրան զուգահեռ՝ նաև նոր գործելաոճ»: Նա նոր գործելաոճը համարեց դրական հնարավորություն, որը տալիս է նոր պրակտիկա հանքարդյունաբերողներին:

«Նոր պրակտիկան պետք է խրախուսվի, և միգուցե հները նույնպես ընդունեն այդ պրակտիկան, բայց չգիտեմ, թե այդ ճնշումները որտեղից են գալու, որպեսզի հներն ընդունեն»,- եզրահանգեց նա:

Քուինսլենդի համալսարանի ընդերքի կայուն կառավարման ինստիտուտի ղեկավար Քրիս Մորանն էլ ասաց, որ իր ստացած տեղեկատվությամբ՝ Հայաստանում չկա մեծածավալ հանքարդյունաբերություն: Նա որպես օրինակ նշեց աշխարհի ամենամեծ պղնձի հանքավայրը, որտեղից ամեն օր 1,2 մլն տոննա նյութ է տեղափոխվում:

«Հաշվի առնելով պատասխանատու հանքարդյունաբերության պրակտիկան ուրիշ երկրներում՝ Հայաստանը պետք է այնպես անի, որ ծավալները չափազանց մեծ չդառնան, որպեսզի հնարավոր լինի այն կենսունակ պահպանել, այսինքն՝ ծավալները մնան Հայաստանի սահմաններում: Բազմաթիվ անգամ բարձրացվեց այն հարցը, թե Հայաստանին քանի հանքավայր է անհրաժեշտ, բայց դա լավ ձևակերպված հարց չէ»,- ընդգծեց փորձագետը:

«Միներալ լենդզ» ընկերության սեփականատեր, խորհրդատու երկրաբան Մայքլ Բըրնսայդն էլ, ասուլիսի սկզբում «Էկոլուրի» լրագրողի  հարցին պատասխանելով, ասաց, որ եղել է Ախթալայի հանքավայրում, որտեղ իր տեսածը չէր համապատասխանում ԱՄՆ-ի ստանդարտներին: «Կարծում եմ, որ այնտեղ կան քիմիկան նյութերի հնարավոր արտահոսքի խնդիրներ: Մանրամասն ուսումնասիրություն պետք է անել, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ»,- նկատեց նա:

Իսկ Հայաստանում հանքարդյունաբերության ներկա վիճակի մասին նշեց, որ Հայաստանում ավելի շատ նախկինից մնացած խնդիրներ կան՝ հնուց մնացած բազմաթիվ հանքեր, պոչանքներ: Բըրնսայդի ասելով՝ անցյալից մնացած խնդիրները որոշ դեպքերում զուգորդվում են նոր հանքերի հետ:

«Քննարկման ժամանակ ասացի, որ խորհուրդ եմ տալիս հնուց մնացած հանքերի կապակցությամբ ինչ-որ բան փորձել անել և ստանալ գործող հանքերի, հանքարդյունաբերական ընկերությունների օժանդակությունը, փորձել հաշվի առնել, թե անցյալում հանքարդյունաբերության մեջ ինչ սխալներ են թույլ տրվել, օրինակ պոչանքները սխալմամբ որտեղ են տեղակայվել, ինչպիսի հետևանքների են ունեցել այդ սխալի պատճառով: Եվ հնարավորինս փորձեք այդ նույն սխալը չկրկնել, հանքավայրերը նախագծելիս հաշվի առեք անցյալի սխալները, չկրկնել դրանք՝ ապագայում խուսափելով նոր խնդիրներից»,- ասաց Մ. Բըրնսայդը:

Ասուլիսից հետո նրանք արագ հեռացան սենյակից: Միջազգային համաժողովի կազմակերպիչները գոնե պետք է հաշվի առնեին ասուլիսի սենյակ ընտրելու հանգամանքը, այդ մարդկանց ոտքի վրա չկանգնեցնելու և լարված չպահելու դետալների նրբությունները:

Մեկնաբանություններ (1)

barséghian
Midjazgayn avazagabéd, gacharagér odar bédoutiounérou, penoutian, kurérou, odar azgayn djart, jebtalov, xapélov MIYAYN POR kanim régavarnérou kerban irents dramadounérou ardasahman

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter