HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որքան է «Նաիրիտի» պարտքը իրանական ընկերությանը

«Նաիրիտ գործարանը» իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությանը պարտք է շուրջ 27 հազար դոլար: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց SandbadTir INTL Transport Co.LTD ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Վրեժ Խաչիկյանը: Դա մայր գումարն է, որին ավելանալու են նաև տոկոսները և վնասը: Վնասները, ըստ փաստաբանի, դեռ հաշվարկվում են, և առայժմ միայն մայր գումարի պահանջն է ներկայացված:

«Նաիրիտ գործարանը» կաուստիկ սոդա է մատակարարել իրանական SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությանը. «Դա 7-8 տարվա պատմություն է: Ժամանակ առ ժամանակ որոշակի չափաբաժին են տվել, գումար են տվել, ստացել են: 2012 թվականից հետո խնդիրներ են եղել «Նաիրիտ գործարանի»` նման արտադրանքներ տալու հետ կապված, և որոշակի գումարներ են մնացել»,- պատմեց հայցվորի փաստաբանը:

Այսինքն`«Նաիրիտ գործարանը» մինչև 2012թ. սկզբները կաուստիկ սոդան մատակարարել է SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությանը, որը հիմնականում բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերություն է: Վերջինս էլ` իրանական մեկ այլ ընկերության: Վնասները հայտնի կդառնան երրորդ ընկերության հաշվարկներից հետո, երբ վերջինս ներկայացնի վնասի չափը:

Թե ինչու իրանական ընկերությունը քաղաքացիական հայցով չի մտել դատարան` պարտքը պահանջելու, այլ ներկայացրել է սնանկության պահանջ, ըստ Վ. Խաչիկյանի, այդ հարցը քննարկվում է. ««Նաիրիտ գործարանը» հիմնավորում է, որ սնանկ ճանաչելու կարիք չկա, որովհետև իրենք ունեն բավականին ֆոնդային գումար և մեզ առաջարկ են ներկայացրել, որ գումարի բռնագանձման հայցադիմում ներկայացնենք, ոչ թե սնանկ ճանաչելու: Ընթացքում կերևա»:

Այսօր Շենգավիթի դատարանում շարունակվեց «Նաիրիտ գործարանի» դեմ սնանկության հայցով դատաքննությունը: Վրեժ Խաչիկյանը ներկայացրեց իրանական ընկերության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր` Իրանցի արտադրողների և արդյունաբերողների կազմակերպության գրությունը` հաստատված Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան կողմից, որտեղ նշված է, որ SandbadTir INTL Transport Co.LTD-ը գործող ընկերություն է: Նշված է նաև ընկերության հասցեն: Փաստաբանը ներկայացրեց նաև հայաստանյան գործերով տնօրենի լիազորագիրը` տրված իրեն:

Սակայն «Նաիրիտ գործարանի» ներկայացուցիչը ցանկություն հայտնեց մանրամասն ծանոթանալ փաստաթղթերին և դատարանին խնդրեց ժամանակ տրամադրել` հետաձգելով նիստը: Դատավոր Արա Կուբանյանը դատական նիստը հետաձգեց մինչև ապրիլի 11-ը, ժամը` 15:00-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter