ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ըստ շինարարի` տոկոսով գումարի դիմաց ուրիշի բնակարան գրավադրելը սովորական պրակտիկա է Հայաստանում



Այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք պետք է տար «Նորաշեն 2007» ՍԿ-ի գործով մեղադրյալներից Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանը:

Նա նախ հանդես եկավ հայտարարությամբ, որն ավելի շատ հռետորական հարցի էր նման: Սամվելյանը հայտարարեց, թե դատախազ Արթուր Երիցյանը ինչպես է կարող անկողմնակալ ձեւով մեղադրանք պաշտպանել, եթե կապ ունի ՀՀ քաղավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի հետ, որը, ինչպես վերջերս գրվել էր մամուլում, տոկոսով փող տալու դիմաց տիրացել է նույն Սամվելյանի բնակարանին: Այդ գործն այժմ լսվում է վերաքննիչ դատարանում: Սակայն դատախազը հերքեց, թե ինքը որեւէ ազգակցական կապ ունի այդ անձի հետ, պարզապես ազգանուններն են նույնը:

Նշենք, որ տարբեր պաշտոնյաներից տոկոսով փող վերցնելու եւ այդպես շինարարությունն ավարտին հասցնելու սխեման են ժամանակին գործի դրել սպառողական կոոպերատիվի ղեկավարները: Տոկոսով գումարները վերադարձնելու երաշխիք, գրավ էլ ծառայել են կառուցվելիք բնակարանների առքուվաճառքի ձեւական պայմանագրերը պարտատերերի հետ:

Այսօրվա նիստում Սամվելյանը հայտարարեց, որ Հայաստանում շենք կառուցող բոլոր գործարարներն էլ բնակարանները գրավադարելու դիմաց տոկոսով գումարներ են վերցնում գործն ավարտելու համար, իսկ վերջում` բնակարանները իրական տերերին իրացնելուց հետո, իրենց պարտքը վերադարձնում են «տոկոսչիներին»: «Նորաշեն 2007»-ի դեպքում, սակայն, ըստ ամբաստանյալի, վաշխառուներին ձեռնտու չի եղել առքուվաճառքի ձեւական պայմանագրերում ցածր գներով (կոոպերատիվի ղեկավարներին տրված գումարի չափով) ձեւակերպված բնակարանները ձեռքից բաց թողնել, ու, օգտագործելով իրենց իշխանական լծակները, պարտատերերն այնպես են արել, որ հիմա իրենք նստեն ամբաստանյալի աթոռին:      

Սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանը դատարանին ներկայացրեց 36 հոգու ցուցակ, որոնք, ըստ նրա եւ Սամվելյանի, մինչեւ իրենց ձերբակալվելն ունեցել են բնակարանների սեփականության վկայականներ, սակայն հայտնվել են տուժողների ցանկում, իսկ մեղադրանքում նշվել է, որ իրենք այդ անձանց գումարները հափշտակել են: Սամվելյանը նաեւ այս հանգամանքը նշեց իբրեւ մեղադրող կողմի կողմնակալության դրսեւորում: Դատավոր Մարինե Մելքոնյանն էլ հայտարարեց, որ ցանկության դեպքում կարող են բացարկ հայտնել դատախազին:

Այնուհետեւ իր ցուցմունքում Սամվելյանը բնակարան առ բնակարան նշեց, թե դրանք ում եւ ինչպես են հանձնվել, եւ կոնկրետ շահառուների հանդեպ իրենք ինչ պարտավորություններ ունեն: Հընթացս ամբաստանյալը պարբերաբար հիշեցնում էր, որ «տոկոսչիներն» այսօր նստած չեն մեղադրյալի աթոռին, որովհետեւ իրենք ժամանակին չեն տվել այդ մարդկանց անունները` նպատակ ունենալով կառուցել բնակարանները, հանձնել դրանք նախավճարի պայմանագրեր ունեցող իրական տերերին, իսկ տոկոսով փող տվածներին վերադարձնել պարտքը: Սամվելյանը, ուղղվելով դեպի դահլիճը, հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, իրենք դատվելու են խարդախության մեղադրանքով, սակայն «ժողովուրդն» իր տները չի ստանալու, եւ միակ շահողը լինելու են վաշխատու իշխանավորները:  

Դատական հաջորդ նիստը կկայանա ապրիլի 4-ին: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ