HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Գունավոր թելեր, դազգահի ռիթմեր. արցախյան գորգերը՝ միջազգային շուկայում

Ստեփանակերտի նախկին «Ղարմետաքսկոմբինատի» մասնաշենքերից մեկի առաջին հարկը վերանորոգված է, իսկ ներսից դազգահներից ռիթմիկ ձայներ են լսվում: Այստեղ «Ղարաբաղ կարպետ» գորգագործական ընկերությունը գործում է մոտ 9 ամիս. այն նպատակ ունի վերականգնել արցախյան ազգային նախշերով գորգերը՝ գորգահավաքների կողմից պահպանված լուսանկարների եւ հին գորգագործների օնությամբ:

Յուրաքանչյուր նոր աշխատող առաջին ամսում նախ ուսուցողական փուլ է անցնում արտադրամասի վարպետ-գործողների մոտ, որից հետո կապում է իր գորգի հանգույցներն ու սկսում աշխատել:

Գորգագործ վարպետները նշում են, որ թելի հետ աշխատանքը հաճելի, բայց հեշտ գործ չէ. «Մի շարք նրբություններ ու գաղտնիքներ կան, որ կարող ես տարիների ընթացքում բացահայտել միայն: Որքան էլ գործես, մեկ է` միշտ սովորելու տեղ ունես»,- ասում է մոտ 30 տարվա փորձ ունեցող Լենա Առաքելյանը:

Բացի Ստեփանակերտից՝ «Ղարաբաղ կարպետ» ընկերությունը գորգագործական արտադրամասեր ունի նաեւ Շուշիում եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում: Ընկերությունը 150 աշխատող ունի, որոնց թվում ոչ միայն տեղացիներ են, այլեւ վերաբնակիչներ Սիրիայից, Վրաստանից, Ռուսաստանից եւ Հայաստանի Հանրապետությունից:

Սիրիահայ Մարին 7 ամիս է, ինչ Երեւանից ամուսնու հետ տեղափոխվել է Ստեփանակերտ: Գորգերի արտադրամասում նա դեռ ուսուցողական փուլն է անցնում. «Երկրորդ օրն է, ինչ սովորում եմ ու արդեն շատ սիրեցի այս գործը: Ճիշտ է՝ թելերից մի քիչ ալերգիա ունեմ, բայց բոլորի մոտ էլ լինում է, հետո՝ անցնում: Շատ հետաքրքիր գործ է, կարեւորը՝ գունավոր թելերով»,- ասում է Մարին:

Նրան ուսուցանող վարպետ Լենա Առաքելյանը պնդում է, որ Մարին շատ ընդունակ աշակերտուհի է, քանի որ երկու օրում ինքնուրույն կարողանում է օգտվել նկարից եւ ճիշտ նախշերը գործել:

Բացի գորգ գործելուց՝ տիկին Լենան Մարիին սովորեցնում է նաեւ Արցախի բարբառը եւ ազգային ճաշատեսակերը. «Մենակ գորգ գործել չեմ սովորեցնի. ժենգյալով հաց թխել էլ կսովորեցնեմ, մեր լեզուն էլ կսովորեցնեմ, որ իրեն իսկական արցախցի հայ զգա»,- ասում է Լենա Առաքելյանը:

Արտադրամասի աշխատողներին վճարում են գործավարձային սկզբունքով. մեկ քառակուսի մետր գործելու դեպքում՝ 58 հազար դրամ: Քանի որ աշխատողների մեծ մասը նոր են գորգ գործել սովորել, նրանց մոտ 30 տոկոսն է ամսական 58 հազար դրամ ստանում: Ընկերության գործադիր տնօրեն Սեւակ Խաչատրյանը հավաստիացնում է, որ մեկ տարի անց նվազագույն աշխատավարձը կկազմի 70-80 հազար դրամ:     

Արցախյան գորգերով հետաքրքրվում են աշխարհի տարբեր երկրներից անհատներ եւ գորգի առեւտրով զբաղվող ընկերություններ: Շուշիում, Ստեփանակերտում եւ Ճարտարում գործվող գորգերն արտահանվում են Միացյալ Նահանգներ: Վաճառքի պայմանագրեր կան նաեւ Ավստրիայի, Իտալիայի, Եգիպտոսի եւ այլ երկրների ընկերությունների հետ: «Ղարաբաղ կարպետ»-ը պատրաստվում է նաեւ գորգերի խանութներ բացել Լոս Անջելեսում եւ Երեւանում:

Օպերատոր՝ Սարո Բաղդասարյան

Լուսանկարիչ՝ Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանություններ (1)

գագիկ
չի կարելի քառակուսի մետրով վճարել-կա նախշերի բարդության խնդիրներ, գույների,և այլն, ընենց որ 58 հազարը շատ քիչ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter