Ծծմբային անհիդրիդով հագեցած արտանետումներ Ալավերդիում
Երեկ երեկոյան «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանում վթարային իրավիճակ էր:
Ժամը 18:30-ի սահմաններում գործարանի երկու`Կոշաբերդ սարի գագաթին տեղադրված նոր` 20 մետր և գործարանի տարածքում տեղադրված նախկին` 100 մետր բարձրությամբ խողովակներից միաժամանակ սկսեցին դուրս ժայթքել ծծմբային անհիդրիդով հագեցած արտանետումները:
Արտանետումներ սկսվեցին նաև գործարանի մետալուրգիական արտադրամասից: Նման արտադրական վթարների ալավերդցիները ականատես են լինում պարբերաբար: Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ է բարձրացվել 2011թ.-ին: Ըստ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պաշտոնյաների՝ նախկին 100 մետր բարձրությամբ ծխնելույզի համեմատությամբ գազերը Կոշաբերդից արտանետվում են 218 մետր ավելի բարձր կետից:
«Եթե մինչև նոր ծխնելույզի տեղադրումը Ալավերդի քաղաքում ծծմբային անհիդրիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան(ՍԹԿ) գերազանցում էր 10-12 անգամ, ապա 2011թ.-ի հոկտեմբերից ծծմբային անհիդրիդի ՍԹԿ-ի գերազանցումը կազմում է առավելագույնը 1,3-1,5 անգամ»,-նշված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կայքում:
«Վալլեքս» խմբի ընկերությունների մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանը «Հետքին» հայտնեց, որ պարբերաբար կրկնվող արտադրական վթարների մասին պարզաբանում կտան գրավոր:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել