HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցույց Լոս-Անջելեսում` ի պաշտպանություն տեղահանված քեսաբահայության

Կարինե Դանիելյան

Մենք բոլորս քեսաբցիներ ենք այսօր… բարձրաձայնենք աշխարհին  Քեսաբում կատարվող վայրագությունների  մասին» 

Լոս-Անջելեսում թուրքական դեսպանատան առաջ սփյուռքի հասարակական-քաղաքական  մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հուժկու ցույց` ի պաշտպանություն իրենց բնակավայրից տեղահանված քեսաբահայության: Ողջ ընթացքում, ավելի քան 3 ժամ, հսկա երկնաքերի 20-րդ հարկում տեղավորված թուրքական հյուպատոսության կողմից ոչ մի արձագանք չեղավ, ինչպես, ի դեպ, լինում է ցեղասպանության տարելիցերին կազմակերպվող ամենամյա ցույցերի ժամանակ: Լոս-Անջելեսի ոստիկանությունն ընդհանրապես փակել էր հսկա երկնաքերի ելումուտը: Հայկական մեդիայից զատ` ցույցը լուսաբանողների մեջ էին նաեւ Կալիֆոռնիայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Ցուցարարները կրում էին անգլիատառ պաստառներ, որոնք բովանդակում էին մեղադրականներ ու կոչեր ցեղասպանությունից 100 տարի հետո հայամերժման ու հայատյացության նույն քաղաքականությունը շարունակող թուրքական կառավարության դեմ:

 «Թուրքիան  հովանավորում է Ալ- Քաիդայի զինյալներին», «Թուրքիան պետք է վերջ տա ցեղասպանության շղթային», «Փրկենք Քեսաբը», «Մենք ուզում ենք արդարություն Քեսաբի համար»: Բողոքի ակցիայի ողջ ընթացքում մասնակիցները, որոնց մեջ էին Հայ Երիտասարդաց Դաշնակցության պատանիները,  վանկարկումներով հնչեցնում էին իրենց պահանջները: Նրանք երկայնակի շարքեր կազմած, ակցիայի սկզբից մինչեւ վերջ անընդմեջ քայլարշավ արեցին թուրքական հյուպատոսարանի առջեւ: Հայկական եռագույններով մոտոցիկլավարների շքերթը ցույցի ուղեկից եւ տպավորիչ մասն էր:

Ճանաչված հասարակական-քաղաքական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ Հարութ Սասունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց. «Մենք չենք կարող լուռ մնալ, երբ  մեր ժողովուրդը հալածվում ու հեռացվում է իր պապենական տներից: Մենք փորձում ենք հասնել այն բանին, որ զինադադար լինի եւ Քեսաբի շուրջը միջազգային կազմակերպություններն ու Ամերիկան ապահով մի գոտի ստեղծեն, որպեսզի ոչ մի զինյալ ոտնձգություն  չլինի ոչ Թուրքիայի, ոչ էլ տեռորիստների կողմից»:

Լոս-Անջելեսի քաղաքապետարանի խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանն իր ելույթում հայտարարեց. «Մենք բոլորս քեսաբցիներ ենք այսօր»: Նա ցավ հայտնեց, որ աշխարհն այսօը ոչ մի ուշադրություն  չի դարձնում, թե ինչ է կատարվում  Քեսաբում եւ կոչ արեց բոլորին հնարավորինս շատ տեղեկատվություն տարածել սոցիալական ցանցերով, մեդիայով, նույնիսկ հեռախոսային զրույցներով՝ պատմելով իրենց ամերիկացի հարեւաններին, խոսելով մարդկանց հետ, որոնք ոչ մի գաղափար չունեն այս ամենի մասին:

Նախընթաց օրը ամերիկահայ սփյուռքի քաղաքական, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնախումբը հանդիպել էր ԱՄՆ-ի արտգործնախարարության պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում հանձնախմբի անդամները ներկայացրել են քեսաբահայության ապահովության խնդիրներ: Նրանք առաջարկել են արտգործնախարարության ներկայացուցիչներին պահանջ ներկայացնել Թուրքիային, որպեսզի վերջինս  հսկողության տակ դնի սահմանը եւ չարտոնի զինյալների եւ զինամթերքի մուտքը Քեսաբ: Նրանք նաեւ կարեւորել են անմիջական օգնության տրամադրումը Լաթաքիա ապաստանած քեսաբցիներին:

Քեսաբցիներին զորակցության ցույցի կարեւոր պահանջներից մեկը նույնպես ուղղված էր ամերիկյան իշխանություններին` կոչելով նրանց աչք չփակել կատարվածի վրա: Հենց ցույցի օրը՝ մարտի 28-ին, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մերի Հարֆը հայտարարեց պաշտոնական Վաշինգտոնի խոր մտահոգության մասին Սիրիայում արձանագրվող վայրագությունների վերաբերյալ, որոնք վտանգում են սիրիահայ համայնքի ապահովությունը:

Մամլո ասուլիսի ժամանակ Մերի Հարֆը  հավաստել է Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության հետ կապված խմբերի մասնակցությունը Քեսաբի իրադարձություններին եւ ընդգծել, որ Վաշինգտոնը մտահոգված է մասնավորապես ազգային փոքրանմասնությունների ճակատագրով եւ  հավաստիացնում է, որ նրանց իրավունքները չեն ոտնահարվի:

Ցույցին մասնակցում էին նաեւ Լոս-Անջելեսի Քեսաբի հայրենակցական միության անդամները:

«Տեղահանված քեսաբցներին օգնելու համար տարբեր միություններ ու անհատներ նյութական օժանդակություններ են կազմակերպում, բայց այս պահին պայքարի միակ եւ առավել կարեւոր ուղին աշխարհով մեկ բարձրաձայնելն է Քեսաբի ողբերգության մասին, որպեսզի զինյալ ահաբեկիչները ետ քաշվեն այնտեղից եւ բռնի տեղահանվածները վերադառնան իրենց օջախները», - ասում է քեսաբահայ Սոսի Փոլադյանը:

Մեկնաբանություններ (1)

Георг
Апрек Hаер )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter