HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Օրանժ»-ի ղեկավարությունը ժյուրիից պահանջել է քվեարկության չդնել Մհեր Ենոքյանի ստեղծագործությունը

«Օրանժ» գրքի մրցանակի պատմվածքի ժանրում այս տարի ներկայացված էր նաեւ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» ստեղծագործությունը, որը հայտնվել էր լավագույն եռյակում, սակայն մրցանակի չարժանացավ:

Մրցանակաբաշխությանն առնչվող «Հետքի»աղբյուրը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ մրցույթի վերջին փուլում, երբ ավարտվել է օնլայն քվեարկությունը, եւ ժյուրին պետք է վերջնական որոշում կայացներ, «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հանդիպել է ժյուրիի անդամներին եւ պահանջել Մհեր Ենոքյանի գործը «բաց թողնել» եւ քվեարկությունը կազմակերպել առանց այդ ստեղծագործության:

Աղբյուրը պատմում է, որ ժյուրիի անդամներն ընդդիմացել են՝ նշելով, որ դա միակ գործն է, որի օգտին բոլորը միահամուռ պատրաստվում էին քվեարկել: «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրենը ի պատասխան նշել է, թե անձնապես ինքն էլ ոչինչ չունի այդ ստեղծագործության դեմ, բայց բոլորը գիտեն թե իշխանության եւ թե հասարակության վերաբերմունքը այդ մարդու հանդեպ:

«Միգուցե անձնապես բոլորս էլ հավանում ենք նրա գործը, բայց կազմակերպության հեղինակությունն ընկնում է, երբ այդ կազմակերպությունը մրցանակ է տալիս մի մարդու, ով մարդասպան է ընկալվում»,- մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Արամ Մկրտչյանը:

Աղբյուրի հավաստմամբ՝ «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրենն ինքն էլ, հնարավոր է, որոշ ճնշումների է ենթարկվել, քանի որ նշել է, թե հետագայում որեւէ ֆոնդի հայթայթման միջոցով կտպեն Մհեր Ենոքյանի գիրքը, բայց ոչ հիմա:

Մրցանակաբաշխության ժամանակ «Հետքը» խոսեց «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի հետ: Հարցին, թե ի՞նչ ցուցում է տրվել ժյուրիին եւ ինչո՞ւ, Մկրտչյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ պատմականորեն այնպես է եղել, որ երբեք «Օրանժը» որեւէ կերպ չի ներգրավվում ժյուրիի գործերին, այսինքն, ճիշտն ասած՝ չգիտեմ, թե որտեղից է այդ ինֆորմացիան, բայց նման բան չեմ կարող մեկնաբանել որեւէ կերպ: Ժյուրին գործում է իր մասնագիտական ցուցանիշներից ելնելով»:  

Ժյուրիի անդամներից Կարինե Չոբանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ինքը լավագույն եռյակ անցած երեք գործն էլ հավասարաչափ է գնահատել: «Բայց ինչ վերաբերում է մնացածին, մենք պայմանագիր ենք ստորագրել «Օրանժ»-ի հետ, որ ժյուրիի աշխատանքը «Օրանժ»-ի հետ կամ ցանկացած բան, մնում է ներսում: Նման հարցերի պատասխանելով՝ ես պայմանագիր եմ խախտում»,- ասաց Կարինե Չոբանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ ցուցում են ստացել «Օրանժ»-ի ղեկավարությունից Մհեր Ենոքյանի գործի վերաբերյալ:

Ժյուրիի մեկ այլ անդամ՝ Անի Չիբուխչյանը, նշեց, որ նման ցուցում չի եղել. «Քանի որ եթե այդպիսի ցուցում լիներ, ապա ավելի տրամաբանական կլիներ, որ մինչեւ լավագույն եռյակ անցնելը լիներ, որպեսզի հանրային քննարկման առիթ չհանդիսանար եւ ֆեյսբուքյան լայքեր չհավաքեր»:

Ժյուրիի անդամներից Երազիկ Գրիգորյանը, պատասխանելով Մհեր Ենոքյանի ստեղծագործության վերաբերյալ «Հետքի» հարցին, ասաց. «Ես որքան գիտեմ՝ «Օրանժ»-ի ժյուրիի անդամներից մի քանի հոգի ինձ զանգել են եւ պատմել, որ իրենց նման հարց են տվել: Իրենք զարմացած էին շատ ու սրտնեղած: Մենք այդպիսի ցուցում չենք ստացել: Մենք քվեարկել ենք…ես կոնկրետ, չեմ մեղանչել բոլորովին իմ գրական ճաշակի ու համոզմունքների առաջ»,- նշեց Երազիկ Գրիգորյանը:

Մհեր Ենոքյանը ցմահ բանտարկյալ է, 18 տարի գտնվում է «Նուբարաշենի» բանտում: Այժմ սովորում է Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսում:

Մեկնաբանություններ (3)

Հովհաննես Վարդանյան
Իրականում խնդիրն այլ է․ փորձեք այն երկկողմանի դիտարկել։ Անձամբ ծանոթ չեմ Մհեր Ենոքյանի ստեղծագործությանը ու որևէ կարքիք արտահայտել չեմ կարող։ Բանն այն է, որ ես իրոք կասկածում եմ, որ Հայաստանում հեռահաղորդակցման ոլորտի առաջատար օպերատորը իրեն թույլ կտար կեղծել մրցույթ արդյունքները։ Այո, ինչպես նյութում նշել էր ժյուրիի անդամներից մեկը, եթե լիներ իրենց նման պահանջ ապա մինչև եզրափակիչ փուլ չէր հասնի ստեղծագործությունը։ Անկախ ամեն ինչից․ որևէ կարծիք արտահայտելուց առաջ վստահորեն մի փորձեք այն դարձնել հանրության սեփականությունը՝ համոզված լինելով, որ դուք դրանով օբյեկտիվ ինֆորմացիա եք փոխանցում։ Ցանկացած նման արձագանք կարող է ազդել նման մրցույթների կայացմանը։ Բոլորդ էլ գիտեք, որ Հայաստանում Օրանժ գրքի մրցանակը Հայաստանում միակն է։ Անձամբ ծանոթ լինելով բջջային օպերատորի գործունեությանը երբեք չեմ հանդիպել անարդար մոտեցումներով խնդիրների․․․․
GEv
Hayastanuma karoxa lini , incha eel vor , es erkum akara lini karo en stipel kasharel, ev miak arajatar operatorn el chi , kapi arumov el chei asi lavna
Margarita
Hazar amot Orange-i xekavarutyan@ , espes shat aveli azdetsin irents hexinakutyan vra, qaxaqeni mtatselakerpov, voch ardar yev voch joxvrdavar motetsmamb...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter