HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր էթնոհոգեբանական արատներից մեկի մասին-2

Սարո Սարոյան,
քաղաքական վերլուծաբան 

Սկիզբը

Կարծում եմ` շատերն ինձ հետ կհամաձայնեն, որ հայերի մեծամասնությունը ցանկացած իրադարձության վերաբերյալ իր հրապարակային տեսակետը կամ կարծիքը հայտնում է` ելնելով նախապես արդեն իսկ ունեցած սեփական դիրքորոշման դիտանկյունից: Ըստ էության, նման կայուն դիրքորոշման համար, օգտագործելով նոր տեղի ունեցած իրադարձության այս կամ այն սեգմենտը, ձեւակերպվում են փաստարկները: Նպատակը դառնում է ամեն գնով սեփական դիրքորոշման հիմնավորվածությունն ու անսխալականությունն ապացուցելը: Այդ իսկ պատճառով կարելի է նկատել, որ «սկզբունքային դիրքորոշումը» հայերի շրջանում կարծես թե սակրալ բնույթ ունի ու նրանից շեղումը ոտնձգություն է համարվում անձի անվտանգության ներքին համակարգի նկատմամբ: Ինչ-որ առումով սեփական «սկզբունքային դիրքորոշման» պաշտպանությունը մեր կոլեկտիվ անգիտակցականում ինքնապաշտպանական կայուն մեխանիզմի է վերածված:

Այսպիսով ստացվում է, որ ոչ թե որեւէ քաղաքական իրադարձության հետ կապված նախադրյալները, տրամաբանական պնդումներն ու ըստ այդմ կազմված եզրահանգումներն են դիրքորոշում ձեւավորում, այլ հակառակը` տվյալ իրադարձության ցանկալի մեկնաբանությունն ապահովելու համար կայուն դիրքորոշումն է նոր փաստարկներ ծնում: Այդ ընթացքում գիտակցված անտեսվում են այլոց կողմից բերվող հակընդդեմ փաստարկները: Հենց դրա օրինակն են արտաքին քաղաքական իրադարձությունների` տվյալ դեպքում Քեսաբի հարցում շրջանառվող փաստարկներն ու հայության կայուն դիրքորոշումները` ձեւակերպված Արեւմո՞ւտք, թե Արեւելք (Ռուսաստան) կողմնորոշումների տեսքով:

Հազարավոր տարիներ լինելով աշխարհի քաղաքական գործընթացների առաջնագծերում` հայերն արտաքին կողմնորոշումների հարցում ունեն հստակեցված տեսլականներ: Ուստի հանրության շրջանում այդ հարցում քարացած «ճշմարտությունների» փոխանցումն, անշուշտ, առավել դյուրին է: Սակայն նույն խնդրին մենք բախվում ենք նաեւ ներքաղաքական ցանկացած իրադարձության դեպքում: Մարդիկ օբյեկտիվ իրականությունը սեփական պատկերացումների հետ ներդաշնակության բերելու ընթացքում ցանկություն ունեն ամեն գնով ապացուցել իրենց սուբյեկտիվ «ճշմարտությունները»:

Եթե սա քաղաքական ծրագրի իրացման կոնկրետ դրսեւորում լիներ, ապա նման վերաբերմունքը կարելի էր կուսակցական ծրագրով ու փիլիսոփայությամբ առաջնորդվող մարդու գիտակցված վարքին վերագրել: Ի վերջո, քաղաքականութան մեջ սուբյեկտների նպատակային ակտիվ վարքն է ապահովում հետապնդած արդյունքը: Եւ քանի որ քաղաքականապես ակտիվ շատ քաղաքացիներ գործընթացներին հետեւում ու գործում են սեփական թիմի որդեգրած քաղաքական գծից ելնելով, այդ իսկ պատճառով դիմացինին «սխալ հանելու» ցանկությունը միմիայն այլակարծության դեմ կենաց-մահու պայքարի համատեքսում դիտարկելի կլիներ:

Սակայն ինչպես վերաբերենք քաղաքական ծրագրեր չհետապնդող կամ խմբային շահեր չունեցող քաղաքացիների հարանման վարքին ու նույնաբովանդակ մեկնաբանություններին: Չէ որ ներքաղաքական որեւէ իրադարձություն մեկնաբանելու ժամանակ դիմացինին «սխալ հանելու» ու սեփական դիրքորոշումն ապացուցելու նրանց ցանկությունը կապված չէ ոչ արտաքին կողմնորոշումների եւ ոչ էլ խմբային շահերի հետ: Ուստի պետք է արձանագրենք, որ հայության շրջանում սեփական «սկզբունքային դիրքորոշումը» պաշտպանելու վարքագիծը համատարած ինքնաբուխ բնույթ ունի եւ երբեմն ընդամենը համընկնում է առանձին անհատների կամ խմբերի կողմից իրենց շահերի գիտակցված իրացման հետ: Այն մեր ողջ քաղաքական մշակույթի բաղկացուցիչն է:

Մեր խնդրի տեսանկյունից հարկ է ուշադրություն դարձնել անձանց տվյալ նպատակային վարքին: Ի՞նչ է իրենից ներկայացնում ամեն գնով սեփական դիրքորոշման հիմնավորվածությունն ու անսխալականությունն ապացուցելու ցանկությունը: Խորքային առումով այն հանուն ճշմարտության պայքար է: Սակայն, ինչպես տեսնում ենք մեր ողջ կոլեկտիվ անգիտակցականը ոչ թե ուղղված է ճշմարտության վերհանմանը, այն է` Է. Ֆրոմի մատնանշած` աշխարհի յուրացման (իմացության) մարդկային ձգտմանը, այլ մեր մեջ քարացած ու անբեկանելի «ճշմարտության» պաշտպանությանը: Սեփական «ճշմարտության» հանդեպ նման սակրալ վերաբերմունքը կրոնական ֆանատիզմ է հիշեցնում եւ հիմք է տալիս պնդելու, որ մեր քաղաքական մշակույթում խոր արմատներ է ձգել դիմացինին ամեն գնով «սխալ հանելու» ու սեփական քարացած դիրքորոշումն ապացուցելու արատավոր ցանկությունը:

Ժողովրդի մտավոր ու հոգեւոր ունակությունները քաղաքական գործընթացում իրացվելիս խնդիր ունեն առաջին հերթին մեր էթնոհոգեբանական արգելապատնեշները հաղթահարել: Ոչ մի հոյակապ միտք կամ գաղափար չի կարող կյանքի կոչվել, եթե այն միջավայրը որտեղ ներդրվում է այն, լցված է դրանք ամեն գնով ոչնչացնելու ցանկությամբ: Հետեւելով քաղաքական սուբյեկտների վարքին` կարելի է նկատել, որ նախկինում կայացած համախմբումները երբեւէ փլուզվել են, հենց ի հայտ է եկել, որ դրանք կառուցված են եղել քարացած «ճշմարտությունների» շուրջ կամ վերափոխվել են անբեկանելի «ճշմարտության» եւ հարկ է եղել պայքարել ներքին այլակարծության դեմ: Այդուհետ մենք ականատես ենք եղել արդեն միակ «ճշմարտության» ինքնադրսեւորվող «կրոնական ֆանատիզմին»` կիրառված արդեն ուղղափառ ուղուց հեռացածների նկատմամբ: Միաժամանակ ականատես ենք եղել նաեւ հեռացածների «կրոնական ֆանատիզմին», ովքեր լինելով նույն քաղաքական մշակույթի կրողները, պայքար են ծավալել արդեն սեփական սկզբունքային դիրքորշման անսխալականությունը հաստատելու համար:

Այսօր եւս որեւէ խնդրի շուրջ հանրային համախմբումը թույլ մակարդակի վրա է, քանզի անհատական թե խմբային մակարդակում քաղաքականապես ակտիվ անհատների ու խմբերի բացարձակ մեծամասնությունը շարժվում է սեփական քարացած ու անբեկանելի «ճշմարտությունները» բարիկադավորելու ճանապարհով: Մեր քաղաքական մշակույթի այս արատը` ամեն գնով սեփական դիրքորոշման անսխալականությունն ապացուցելու ու այլոց սխալականությունը պնդելու ցանկությունը, թույլ չի տալիս, որ լիարժեք դրսեւորվեն հաղորդակցության, աշխարհի յուրացման (իմացության), ստեղծագործական մեր մարդկային պահանջմունքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter