HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սամվել Ավագյան

Հայկական գինին փորձում է հաստատվել միջազգային շուկայում (ինֆոգրաֆիկա)

Հայաստանում գինու արտադրությունը 2013 թ. ընթացքում աճել է 12.3%-ով, և կազմել մոտ 6.4 մլն լիտր: Ընդհանուր առմամբ՝ վերջին 3 տարիների ընթացքում հանրապետությունում գինեգործությունն աշխուժացել է, ինչին նպաստել են խաղողի բարձր բերքը և արտահանման աճը: Ցավոք՝ այս տարվա ցրտահարությունը հավանաբար վնասել է նաև խաղողի այգիները, ինչը հավանաբար կանդրադառնա  գինեգործության վիճակի վրա:

Գինու սպառումն աշխարհում աճում է սրընթաց կերպով (տարեկան 10-15 %-ով), ինչին նպաստեցին կարմիր գինու օգտակարության մասին բազմաթիվ հրապարակումները: Դա լավ առիթ է Հայաստանի համար՝ հաստատվելու միջազգային շուկաներում: Հայաստանը գինու արտադրության հին ավանդույթներ ունի, սակայն հայկական գինին միջազգային շուկաներում ճանաչված չէ: 

2013 թ. ընթացքում կարծես թե նկատվում է բեկում՝ արտահանվել է մոտ 2 մլն շիշ գինի, ու դա վերջին 10 տարում երկրորդ լավագույն ցուցանիշն է; Փաստորեն՝ Հայաստանում արտադրվող գինու յուրաքանչյուր երրորդ լիտրն արտահանվում է: Գինին արտահանվել է 1 շիշը միջինը 4.4 դոլար մաքսային արժեքով, ինչն ի դեպ՝ զիջում է նախորդ տարվա 5 դոլար ցուցանիշին: Սա, միջազգային չափանիշներով, միջին գին է, և վկայում է, թե այլ շուկաներում հայկական գինին որ սեգմենտներում է դիրքավորվում:  

Create Infographics

Մաքսային վիճակագրությունը փաստում է, որ հայկական գինու արտահանման ծավալներն աճել են շնորհիվ Ռուսաստանի: Այս երկրին բաժին է ընկնում Հայաստանից արտահանվող գինու մոտ 88%-ը: 2013 թ. Ռուսաստան է արտահանվել 1.76 մլն շիշ գինի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.36 մլն շշի համեմատ: Ռուսաստանը 2008 թ. արգելեց վրացական գինիների ներկրումը, սակայն հայկական ընկերություններին բավական երկար ժաամանակ պահանջվեց այդ բացը փոքր ի շատ լրացնելու համար: Իրականում՝ վրացական գինիների բացակայությունից օգտվեցին առավելապես Չիլիի ու Իտալիայի գինեգործները: Ռուսական շուկան, կարծում ենք, դեռեւս հսկայական պոտենցիալ ունի՝ գինու սպառումն այդ երկրում շատ արագ է աճում, ու գերազանցում է տարեկան 1 մլրդ լիտրը: Փաստորեն՝ Հայաստանը կարողացել է այդ սպառման աճի մի փոքր մասը բավարարել, թեեւ ռուսական շուկայում մեր մասնաբաժինը մոտ 0.3%-ի շրջանակում է: Համեմատության համար՝ Չիլին իր մասնաբաժինն ավելացրել է մինչեւ 5%, ու դա ընդամենը 5 տարում: Հայաստանից Ռուսաստան արտահանվոող գինու մաքսային արժեքը կազմել է 3.9 դոլար:

Ամենամեծ ու հեռանկարային շուկան աշխարհում համարվում է Չինաստանը, սակայն գործնականում այդ երկիր գինի չենք արտահանում: Ի դեպ՝ Հայաստանը 2013 թ. ընթացքում կորցրել է Ուկրաինայի, Չեխիայի ու Չինաստանի շուկաները, ուր 2012 թ.̙ արտահանել ենք մոտ 35 հազար շիշ: 

Որքան էլ զարմանալի է՝ հայկական գինու երկրորդ խոշորագույն սպառողը Վրաստանն է՝ մոտ 40 հազ. շիշ, մաքսային արժեքը՝ 2.6 դոլար: Այդ երկրին հետևում է Լիտվան, որը 2013 թ. հայկական գինու սպառման ծավալներով գերազանցել է ԱՄՆ-ին: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Լիտվա արտահանում ենք համեմատաբար էժան գինիներ (արտահանումը՝ մոտ 35 հազ. շիշ ՝ 2.4 դոլար մաքսային արժեքով): ԱՄՆ արտահանումը 2013 թ. նվազել է գրեթե կրկնակի ու կազմել է մոտ 31 հազ. շիշ՝ 6.9 դոլար մաքսային արժեքով; 

Create Infographics

Հայկական ամենաթանկ գինիները սպառվում են Իտալիայում՝ մաքսային արժեքը  15.1 դոլար: Հատկանշական է, որ 1 տարվա ընթացքում հայկական գինու արտահանումն այդ երկիր ավելացել է 5 անգամ ու կազմել մոտ 8000 շիշ: Մոտ 11 հազ. շիշ էլ արտահանվել է Ֆրանսիա, սակայն նախորդ տարվա համեմատ արտահանման ծավալը նվազել է 2.5 անգամ:

Դատելով այս վիճակագրությունից՝ հայկական գինիները մեծ պահանջարկ չեն վայելում նույնիսկ այն երկրներում, ուր հոծ հայկական գաղթօջախներ կան: Մյուս կողմից՝ գինեգործական մոտ երկու տասնյակ ընկերությունները հասկացել են, որ հարկավոր է առաջնորդվել ոչ թե Սփյուռքի կարիքներով, այլ կողմնորոշվել դեպի ավելի լայն սպառողական շրջանակներ: Գինեգործությունն այն եզակի ոլորտներից է, ուր վերջին տարիներին զգալի ներդրումներ են իրականացվել: Հայկական գինեգործարանների մեծ մասում տեղակայվում են նորագույն սարքավորումներ, ինչը նպաստում է գինու որակի բարձրացմանը: Ընկերությունները մեծ ուշադրություն են դարձնում նաև գինու շշի դիզայնին: Այս ներդրումներն արդեն արդյունք են ապահովում, սակայն պետք է հաշվի առնել, որ ներկայում Հայաստանը մոտ 15 անգամ ավելի քիչ գինի է արտադրում, քան 1980-ական թվականներին, երբ արտադրության ծավալները հասել էին տարեկան 90 մլն լիտրի: 

Մեկնաբանություններ (2)

ed
unfortunately Armenian wine makers have no quality control. ... I prefer to not explain in details what i mean by cheating ...
Կարմեն
1-in, սպասում ենք ձեր բացատրություններին, շատ հետաքրքիր է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter