HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատություն տենչացող մարդն անազատության մեջ

Արդեն 5 ամիս է հայրիկին՝ Վահե Մկրտչյանին, այսպես համբուրելու հնարավորություն չունեն 4 ու 5 տարեկան Նարեն ու Ագնեսան: Անցյալ տարվա նոյեմբերի 5-ից հետո, երբ նրան, 13 այլ տղաների հետ ձերբակալեցին, Մարգարիտան՝ Վահեի կինը, ստիպված արեց մի բան, որ երբեք չէր արել: «Ես ճարահատյալ խաբեցի երեխաներին, թե հայրիկը գնացել է ուրիշ տեղ աշխատելու: Նրանց համար արդեն սովորական էին դարձել այդպիսի լուրերը, քանի որ մեր հարազատներից, մտերիմներից ոմանք այդ ժամանակ իրար հետևից հեռանում էին երկրից»,- պատմեց Մարգարիտա Ստեփանյանը:

Ովքե՞ր են Շանթ Հարությունյանի հետ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված ու արդեն 5 ամիս անազատութան մեջ, իրենց ընտանիքներից հեռու ապրող 13 տղաները: Հանրությունն առավելապես ծանոթ է նրանց առաջադրված մեղադրանքներին, հոդվածներին, սակայն այդ հոդվածների հետևում մարդկային պատմություններ են, կարոտ, պայքար, սեր: «Հետքն» այս անգամ կպատմի 5 ամիս «Նուբարաշենի» բանտում կալանքի տակ գտնվող Վահե Մկրտչյանի ու նրա ընտանիքի մասին: Վահեի կինը հատ-հատ ցույց է տալիս ընտանեկան ալբոմի լուսանկարները, համատեղ կյանքի անմոռանալի պահերն ու հիշում ամեն լուսանկարի պատմությունը:

«Տեսե՛ք, երկու լուսանկարներում նույն մարդիկ են՝ ես և Վահեի սիրելի հորաքույրը՝ լուսանկարված 4 տարվա տարբերությամբ: Մարի հորաքույրը, ով կանադահայ է, 2000 թ-ին Ջերմուկում պատահաբար ինձ հանդիպելով, ասաց, որ առաջին անգամ է տեսնում հայի իսկական աչքեր ու ինձ նվիրեց սև մարգարտաշղթա: Մենք լուսանկարվեցինք, անցավ 4 տարի, Վահեն ու ես հանդիպեցինք իմ հայրենի Ջերմուկ քաղաքում, սիրահարվեցինք, նշանվեցինք: Եվ ահա նույն Մարի հորաքույրը այս անգամ ինձ նվիրեց սպիտակ մարգարտաշղթա: Ու ես հիշեցի այդ կնոջը՝ հասկանալով, որ, այս ամենը պատահական չէ, որ, իրոք, ճակատագիրը միացրեց Վահեին ու ինձ»:

Վահե Մկրտչյանը արվեստի մարդ է, գեղարվեստական փորագրության վարպետ, Ղարաբաղյան պատերազմի մասինակից, ով եղբոր հետ 15 տարեկանում փախչելով տնից՝ գնացել է հայրենիքը պաշտպանելու. «Հայրենիքի հանդեպ սերը նրա էության մեջ ներդրվել է ծնողներից, Վահեն ինձ շատ է պատմել իր երազած Հայաստանի մասին: Ինձ համար էլ հայրենիք սիրելը դարձել է այստեղ ապրելը, երեխաներ ծնելը, դաստիարակելը: Դեռ 15 տարեկանից նա ապրել է այդ գաղափարներով, իր ավագ ընկերների, Շանթ Հարությունյանի հետ պայքարել ուժեղ Հայաստան կերտելու համար: Նայե՛ք, այս նկարները, այստեղ նրաք ուխտ են տալիս, այստեղ Վահեն դեռ 15 տարեկան է»:

«Կարծում եմ՝ ազատություն տենչացող մարդը չպիտի լինի անազատւթյան մեջ: Շանթի, Վահեի, մյուսների պայքարը փորձում են արժեզրկել այս ձերբակալություններով, ինչ-որ քրեական հոդվածներով: Վահեն հայացքներ, սկզբունքներ փոխող մարդ չէ, այս կուսակցությունից մյուսը վազող տեսակ չէ: Նա քաղաքացու բարձր արժանիքների տեր է»,-ամուսնու անցած ճանապարհի մասին հպարտությամբ ու աչքերի փայլով էր արտահայտվում Մարգարիտա Ստեփանյանը:  

Մարգարիտան պատմեց նաև ամուսնու ընկերասիրության մասին. «Մեր երկու ընկերներն իրենց առաջնեկների անունները, ի պատիվ Վահեի կոչեցին: Իսկ այս նկարում, տեսե՛ք նրա ընկերներից  մեկը մաղով ջուր է կրում գետից, լցնում մեր ձեռքերին մեր հարսանիքի հաջորդ օրը, քանի որ խոստացել էր Վահեի հարսանիքին մաղով ջուր կրել՝ ի նշան երախտիքի: Առաջին անգամ տեսա այդ ասացվածքի ուղիղ կիրառումը: Շատ հետաքրքիր էր»:

Նոյեմբերի 5-ից հետո Մարգարիտան՝ 4 ու 5 տարեկան Նարեի ու Ագնեսայի հետ ապրում են առանց սիրելի ամուսնու ու հայրիկի:

«Երբ տեսակցությունների արգելանք էր դրվել, Վահեն ևս միացել էր հացադուլին: Եվ ահա հունվարին հանվեց տեսակցությունների արգելանքը: Մենք միանգամից գնացինք Վահեին տեսակցության: Ապակե երկու շերտերից այն կողմ տեսնում էինք իրար, զրուցում հեռախոսներով: Երեխաները փորձում էին հրել բոլոր փակ մասերը, որ մոտենան հայրիկին, նրանք մտածում էին, որ կարող են դռները բացել ու գրկել Վահեին...Հոգեպես շատ ծանր է, նաև Վահեն ընտանիքի միակ կերակրողն է, սակայն այս ամիսներին մեր ընկերները, նաև պարզապես անծանոթ մարդիկ ցույց տվեցին իրենց նվիրումը Վահեին, այս պայքարին:

Չեմ մոռանա, երբ մեր դուռը թակեցին անծանոթ երիտասարդներ: Նրանք նույնիսկ իրենց անունները չասացին: Ինձ ծրարով գումար փոխանցեցին երեխաներիս քաղցրավենիք գնելու համար: Ես էլ կիսեցի այդ գումարը Վահեի հետ ձերբակալված այն ընտանիքների հետ, ովքեր նույնպես փոքր երեխաներ ունեն»,- պահ առ պահ թացացող աչքերը խոնհարելով՝ պատմում էր երիտասարդ կինը:

Սիրելի կնոջ ծննդյան օրն այսպես է շնորհավորել 5 ամիս կալանքի տակ գտնվող, Շանթ Հարությունյանի համախոհներից Վահե Մկրտչյանը՝ բանտից ընկերոջ միջոցով ուղարկելով ձեռքի աշխատանք 9 վարդերը՝ որպես երախտիք համատեղ ապրած 9 տարիների համար:

Ապրիլի 7-ին փոքրիկ Ագնեսայի ծննդյան օրն է, նա որոշել է ծննդյան օրը դիմավորել հայրիկի հետ՝ այցելելով նրան իր ծննդյան մեծ տորթով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter