HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դեմ եմ»-ի անդամ. «Կուտակայինի հարցը դեռևս փակված չենք համարում»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը

-Դավիթ, ի՞նչ ակնկալիքներ ունեիք Սահմանադրական դատարանից: Սպասո՞ւմ էիք նման որոշման:

-Սահմանադրական դատարանից ակնկալիքներ ունեցել ենք, այո, յուրաքանչյուրն իր չափով, ինչի մասին մշտապես հայտարարել ենք: Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի որոշման վերջնական գնահատական այսօր չենք տա: Մենք պետք է մանրամասն, հոդված առ հոդված ուսումնասիրենք որոշումը, որը դեռ պետք է հրապարակվի իրենց կայքէջում:

Իմ անձնական մոտեցմամբ՝ այս պահին դեռևս մանրամասն չուսումնասիրած լինելով որոշումը՝ ընդհանուր առմամբ, դրական եմ գնահատում այն, որ մեր կողմից բարձրաձայնված բոլոր կետերին անդրադարձ է կատարել Սահմանադրական դատարանը, և այն, որ մի շարք հոդվածներ այս պահին հակասահմանադրական են ճանաչվել, և եթե հղում կատարեմ պարոն Զեյնալյանի մեկնաբանությանը, որից մի փոքր ճշգրտումներ ստացա ՍԴ-ի դիմաց, դա նշանակում է, որ այս պահի դրությամբ որևէ մեկի համար պիտի չկատարվեն  պարտադիր կենսաթոշակային վճարներ և ավելին՝  անգամ պետք է կատարվի վերահաշվարկ, որպեսզի կենսաթոշակային վճարումներ կատարած անձանց վերադարձնեն այդ վճարները:

Եվ անկախ ՍԴ-ի որոշումից՝ մենք ապրիլի 12-ին հավաք ունենք, որտեղ կտանք թե՛ գնահատականները, թե՛ որոշման վերաբերյալ պարզաբանումները, թե՛ հետագա անելիքները՝ հստակ քայլերով և ժամանակացույցով:

-Վիրտուալ հարթակում բավականին ոգևորություն է տիրում: ՍԴ որոշումը համարում են հաղթական քայլ: Դա համարո՞ւմ եք հաղթանակ:

-Այդ որոշումը դեռևս կարող եմ համարել հերթական ճակատամարտի հաղթանակ ընդհանուր պատերազմում: Քանի որ դեռ նոր օրենք է մշակվելու, նոր օրենք է մտնելու օրենսդիր մարմին, մենք պետք է աչալուրջ լինենք, պայքարը շարունակենք, որպեսզի նոր օրենքն էլ հերթական անգամ այս տեսքով չլինի և որևէ կերպ չհակասի թե՛ քաղաքացու շահին, թե՛ Սահմանադրությանը:

-Ի վերջո, պարտադիր բաղադրիչն այս որոշմամբ հանվե՞լ է:

-Հստակ կասեցված է 5-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կերպով մասնակցում են 1974 թ.-ից  հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողներ, նոտարներ, անհատ ձեռնարկատերեր: Ընդ որում՝ սույն մասում նշված անձինք պարտավոր են կուտակային վճարուրմներ կատարել նաև պայմանագրային եկամուտներից՝ սույն օրենքով սահմանված դրույքաչափով: Սա ՍԴ-ի որոշմամբ անվավեր և հակասահմանադրական  է ճանաչվել: Արդեն հստակ է, որ փաթեթի պարտադիր բաղադրիչը չի գործելու, բայց վերջնական գնահատականը մենք կտանք որոշումը մանրամասն ուսումնասիրելուց հետո:

-«Դեմ եմ»-ը շարունակելո՞ւ է պայքարը: Արդյո՞ք հնարավոր է, որ նախաձեռնությունն ընդլայնի իր պահանջների ծավալը՝  չսահմանափակվելով միայնի «կուտակայինով»:

-Բոլոր հարցերի պատասխանները կլինեն ամսի 12-ի հավաքին: Մենք այդ հարցը դեռևս փակված չենք համարում:

Լուս.՝ Դ. Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter