HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդու ժողգործիքների անսամբլը կորցրել իր երբեմնի համբավը

Ալավերդու ժողգործիքների անսամբլը 1953 թվականին ստեղծել է ալավերդցի աշուղ, հանրահայտ դուդուկահար Ռուբիկ Վարդանյանը: Ժողգործիքների անսամբլի  ղեկավարումը 1970-ական թվականներին ստանձնել  է ալավերդցի Լազր Խեչիկյանը: «Անսամբլը բավականին մեծ համբավ ու ճանաչում է ունեցել, ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ  հանրապետությունից դուրս` միութենական փառատոնների մասնակցության առումով: Թվակազմով, հյուրախաղերի, համերգային ծրագրերի ինտեսիվությամբ, իհարկե, անհամեմատելի են էսօրվա եւ նախկինում ունեցած ցուցանիշները»,- բացատրում  է Ալավերդու քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը:

Անսամբլն իր գոյության տարիներին հանդես է եկել 2000-ից ավելի համերգներով: Լազր Խեչիկյանը հպարտությամբ ներկայացնում է անցած տարիների ձեռքբերումները. անսամբլի համար աստեղային է եղել 1977թ.-ը, երբ ինքնագործ խմբերի հանրապետական մրցույթի դափնեկիրի կոչում նվաճելուց հետո կոլեկտիվը իրավունք է ստացել  մասնակցելու  արվեստի եւ գրականության տասնօրյակին` Մոսկվայում: Այստեղ անսամբլին շնորհվել է  համամիութենական առաջին կարգի դիպլոմ, գեղարվեստական ղեկավար Լազր Խաչիկյանին շնորհվել է ոսկե մեդալ, դուդուկահարներ Ժորա Ղարիբյանին եւ Գեւորգ Ճուղուրյանին` բրոնզե մեդալներ, մենակատարներին եւ երաժշտական կոլեկտիվի անդամներին` դափնեկրի կոչումներ: «Դափնեկիր  դառնալուց հետո անսամբլին շնորհվել է ժողովրդական կոլեկտիվ կոչում»,- պատմում է Լազր Խեչիկյանը: Վերջինս իր նվիրյալ աշխատանքի համար 2008թ.-ին արժանացել է Ալավերդու պատվավոր քաղաքացու կոչման:

«Խորհրդային տարիների Ալավերդու ժողգործիքների անսամբլը իր մեծ համբավը ձեռք է բերել նաեւ լեռնամետալուրգիական կոմբինատի, «Ախթալշին» տրեստի եւ քաղաքի մյուս արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական աջակցությամբ»,- հիշում է անսամբլի ղեկավարը: Ետխորհրդային տարիներին պատշաճ ուշադրության  չարժանանալով` ժողգործիքների  անսամբլը կորցրել իր երբեմնի համբավը: Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանն ասում է, որ 2010թ.-ին հասունացել է անսամբլը երիտասարդացնելու խնդիրը եւ դրա հետ կապված ներկայացնում է իր փաստարկները. «Դուդուկահար Ժորա Ղարիբյանը  տեսողության խնդիրներ ուներ, նա գրեթե 80 տարեկան էր, գեղարվեստական ղեկավար Լազր Խեչիկյանը խստապահանջությունը կորցրել էր, խմբի որոշ անդամներ ատամներ չունեին, վերջերս արդեն խումբը չէր նայվում»:

Մշակույթի տնօրենի խոսքից նաեւ պարզվեց, որ խմբի որոշ անդամների չի հաջողվել բեմում միշտ մաքուր պահել իրենց, թերեւս միակ կոշիկները: Մշակույթի կենտրոնի տնօրենը կարծում է, որ անսամբլը որակական մեծ հաջողությունների կարող է հասնել երաժիշտների եւ երգիչ կատարողների հաստիքների ավելացման դեպքում: Երեք երգիչ եւ յոթ երաժիշտ ունեցող  ժողգործիքների անսամբլը մասնագետ-երաժիշտների կարիք ունի: «Եգոր Մնացականյանը ինքնուս երաժիշտ է, մեր շվիահարը գալիս է  Վանաձորի «Հորովել» անսամբլից»,- ներկայացնում է Կարինե Աղաբեկյանը:

Փորձեցինք պարզել Ալավերդու երաժշտական դպրոցների  հնարավորությունները անսամբլին երաժիշտ մասնագետներով ապահովելու հարցում: «Տարիներ շարունակ հարց է բարձրացվել, որ թառ, քյամանչա եւ մյուս ժողգործիքների ուսուցում մենք ինչ որ ձեւով ստեղծենք: Այդ հնարավորությունը չի եղել, որովհետեւ երեխաների ծնողներն ավելի շատ հակված են եղել դաշնամուրային բաժնի, ինչ որ տեղ լարային բաժնի, իսկ ժողգործիքները միշտ հետին պլան են մղվել»,- հայտնեց Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան  երաժշտական դպրոցի տնօրեն Հռիփսիմե Մարգարյանը:

Ըստ տնօրենի 2007-2008 ուստարում մշակույթի նախարարությունը դպրոցին ազգային նվագարանների գծով 10 անվճար տեղ է տրամադրել` այդ թվում  2 շվիի, 4 քանոնի, 2 թառի եւ 2 քյամանչայի տեղեր: Հռիփսիմե Մարգարյանը  ենթադրում էր, որ կրթությունը շարունակելուց հետո այդ երեխաները կաշխատեն Ալավերդու ժողգործիքների անսամբլում: Քաղաքապետարանի մշակույթի ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ անտեսել են ժողգործիքների անսամբլի երաժիշտների ու երգիչների փոխարինողների նախապատրաստման հարցը:

Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը թեեւ կարծում է, որ նախկին եւ ներկա անսամբլների ցուցանիշներն անհամեմատելի են, սակայն ասում է, որ  դժգոհ չէ  անսամբլի ներկա  որակից: Քաղաքապետը Ալավերդի համայնքի 2014թ.-ի բյուջեից 11 հաստիքային միավոր ունեցող Ալավերդու ժողգործիքների անսամբլի տարվա 8 ամիսների աշխատավարձի համար նախատեսել է 6 մլն դրամ: «Հիմա, իհարկե, ժողգործիքների անսամբլի առաջին խնդիրը տարվա 12 ամիսների համար վարձատրության աշխատանքային պայմանագիր կնքելն է»,- ասում է  Արտավազդ Վարոսյանը:

«Մանես» հիմնադրամի տնօրեն Ավետ Թամազյանից տեղեկացանք, որ 2013թ.-ին հիմնադրամի միջոցներից քաղաքի մշակութային հիմնարկներին հատկացվել է 13 մլն դրամ: Դրանից 7,9 մլն դրամը ներդրվել է Ալավերդու գեղարվեստի դպրոցի շենքի նորոգման համար: Գումարի մնացած մասը ծախսվել է մշակութային օջախների միջոցառումները կազմակերպելու եւ սարքավորումներ ձեռք բերելու համար:

Հիմնադրամը 2013թ.-ին ժողգործիքների անսամբլին ֆինանսական նշանակալից աջակցություն չի ցուցաբերել: Ավետ Թամազյանը ակնածանքով հիշեց Ալավերդու ժողգործիքների նախկին անսամբլի համբավը, սակայն կարեւորեց նաեւ վերջինիս երիտասարդացման խնդիրը: Հիշեցնենք, որ հիմնադրամի գլխավոր բարերարը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter