HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրանժի ժյուրիի անդամների վրա ճնշում է եղել. Արծվի Բախչինյանը հաստատեց

Այսօր Hayeli.am-ի հետ զրույցում «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը հաստատել է, որ ընկերության ներկայացուցչի կողմից ճնշում է եղել, և ժյուրին չի քննարկել ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատատություն» պատմվածքը: «Այո՛, ճնշում եղել է: Մենք չենք քննարկել և չենք քվեարկել  Մհեր Ենոքյանի գիրքը»,- ասել է Արծվի Բախչինյանը:

Նշենք, որ «Օրանժ» գրքի մրցանակի պատմվածքի ժանրում այս տարի ներկայացված էր նաեւ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն»ստեղծագործությունը, որը հայտնվել էր լավագույն եռյակում, սակայն մրցանակի չի արժանացել:

Մրցանակաբաշխությանն առնչվող «Հետքի» աղբյուրը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, «Հետքի» հետ զրույցում պատմել է, որ մրցույթի վերջին փուլում, երբ ավարտվել է օնլայն քվեարկությունը, եւ ժյուրին պետք է վերջնական որոշում կայացներ, «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը հանդիպել է ժյուրիի անդամներին եւ պահանջել Մհեր Ենոքյանի գործը «բաց թողնել» եւ քվեարկությունը կազմակերպել առանց այդ ստեղծագործության:

Աղբյուրը պատմում է, որ ժյուրիի անդամներն ընդդիմացել են՝ նշելով, որ դա միակ գործն է, որի օգտին բոլորը միահամուռ պատրաստվում էին քվեարկել: «Orange Armenia»-ի մարքեթինգի տնօրենը ի պատասխան նշել է, թե անձնապես ինքն էլ ոչինչ չունի այդ ստեղծագործության դեմ, բայց բոլորը գիտեն թե իշխանության եւ թե հասարակության վերաբերմունքը այդ մարդու հանդեպ:

«Միգուցե անձնապես բոլորս էլ հավանում ենք նրա գործը, բայց կազմակերպության հեղինակությունն ընկնում է, երբ այդ կազմակերպությունը մրցանակ է տալիս մի մարդու, ով մարդասպան է ընկալվում»,- մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նշել է Արամ Մկրտչյանը:

Մնում է սպասել, թե Արծվի Բախչինյանի այսօրվա հարցազրույցից հետո, ինչ են ասելու ժյուրիի մյուս անդամները: Եթե նրանք «չխոսեն», գուցե ներկայացնենք նաեւ, թե նրանցից  ով ինչպես էր արձագանքել Արամ Մկրտչյանի այդ հայտարարությանը:

Նշենք նաև, որ  լրագրող Վահան Իշխանյանը դիմել է «Orange Գրքի մրցանակ 2013-ի» ժյուրիի  անդամներին՝ կոչ անելով չեղյալ հայտարարել մրցանակաբաշխության արդյունքը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter