HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

15-ամյա Շահեն Հարությունյանին կանչել են ոստիկանության գլխավոր քննչական վարչություն

Ապրիլի 4-ին` ժամը 11-ին, Շանթ Հարությունյանի որդուն` 15-ամյա Շահենին, կանչել են ոստիկանության գլխավոր քննչական վարչություն` երեկ նրա նկատմամբ առաջադրված խուլիգանության հատկանիշներով մեղադրանքի շուրջ քննչական գործողություններ կատարելու նպատակով: Քաղաքացիները ֆեյսբուքում կոչ են արել հավաքվել ոստիկանության քննչականի շենքի դիմաց`սատարելու Շահենին, նաև պահանջելու դադարեցնել քաղաքական հետապնդումները Շանթ Հարությունյանի ընտանիքի ու մյուս քաղբանտարկյալների նկատմամբ: «Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, չենք կարող հանդուրժել նման անօրինությունը… Հայաստանի Անկախության, Արժանապատվության համար պայքարող քաղաքացիները չպետք է գտնվեն Անկախ Հայաստանի բանտերում՝ իրենց քաղաքական հայացքների համար»,- ասված է կոչում:

«Հետքի» հետ զրույցում 15-ամյա Շահեն Հարությանյանի մայրը` Ռուզաննա Բադալյանը, նշեց, որ որդուն մեղադրանք առաջադրելով` նախաքննական մարմինը ցանկանում է հոգեբանական ճնշում գործադրել: «Նախաքննությունն արդեն պիտի ավարտվեր, և առավել քան տարօրինակ է, որ Շահենի հետ կապված նախաքննության մարմինը նման որոշում է կայացրել նախաքննության ավարտից առաջ: Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում մեր ընտանիքի հանդեպ»,- շեշտեց Ռուզաննան:

Նա պնդեց, որ նոյեմբերի 5-ին իր որդին ծեծված է եղել, և այդ ամենի մասին վկայող նյութեր կան. «Նրա ականջի հետևի մասում մեծ վնասվածք կար, բռնության հետքեր` մարմնի վրա, մեզ ասացին, որ դատաբժշկի ուղեգիր կտան, որն այդպես էլ չտվեցին, իսկ ես ինքս այդ առումով հետևողական չեղա, քանի որ որևէ վստահություն չունեմ դատական համակարգի նկատմամբ»:

Ռուզաննա Բադալյանը «Հետքի» հետ զրույցում պատմեց նաև, որ այս 5 ամիսներին Շահենի նկատմամբ ճնշումների դեպքեր են եղել` հիշելով նաև դպրոցի ռազմագիտության ուսուցիչ, կոչումով մայորի հետ կապված միջադեպը: Այս ամենը Շահեն Հարությունյանի մայրը գնահատեց որպես ճնշումներ Շանթ Հարությունյանի ու իրենց ընտանիքի նկատմամբ:

«Շանթ և ազատություն» բարեգործական հիմնադրամը ևս հայտարարություն է տարածել` նշելով. «Դեպքերից 5 ամիս անց անչափահաս երեխայի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը որակում ենք որպես ճնշման հերթական և ամոթալի գործողություն` քաղաքական գործիչ և քաղաքական բանտարկյալ Շանթ Հարությունյանի դեմ, ինչպես նաև քաղաքական հետապնդում Հայաստանի Հանրապետության անչափահաս քաղաքացու դեմ: Խստորեն դատապարտում ենք ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընտրողական վարքագիծը՝ ակնհայտ անհիմն մեղադրանքի առաջադրումը Շահեն Հարությունյանի նկատմամբ: Հաստատակամորեն առաջարկում ենք ձեռնպահ մնալ քաղաքական մանրախնդիր և վրիժառու պատվերի կատարումից և գործող իշխանություններին հորդորում ենք էլ ավելի չխայտառակել իրենց»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter