HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը շարունակում է «չնկատել» Ճոճկանի պոչամբարը

Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը «Հետքին» հայտնեց, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը շարունակում է պոչանքները թափել Դեբեդ գետը, որի ջրերով  էլ ոռոգվում են  ճոճկանցիների այգիներն ու դաշտերը: Ըստ գյուղապետի` ընկերության պոչանքները մեծ վնաս են հասցնում ճոճկանցիների առողջությանն ու արտադրած գյուղմթերքներին: Այդ պատճառով էլ գյուղապետը գտնում է, որ կոմբինատը համայնքին պետք է վճարի փոխհատուցում:

Փոխհատուցման խնդիրը գյուղապետը պարբերաբար բարձրացնում է, սակայն այն առսյժմ ոչ մի արդյունքի չի հասել: Արկադի Թամազյանի կարծիքով` լավ կլինի, եթե կոմբինատը չվտանգի  Ճոճկանի բնակչության առողջությունն ու չաղտոտի հողերը:

«Եթե Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը տնօրինությունը դա չի ցանկանում կատարել, ուրեմն  պարտավոր է փոխհատուցել իր պատճառած վնասների համար»,- ասում նա: Վերջինս իր մտահոգությունը հայտնեց նաև Ճոճկանի պոչամբարի վիճակից: «Պոչամբարի տարածքում բնական խմելու ջրի աղբյուր ունենք: Մեր և Մեծ Այրում գյուղի գյուղացիները այդ աղբյուրից խմելու ջուր են վերցնում դույլերով, շուտով պոչանքներով կփակվի այդ աղբյուրը: Ճոճկանը խմելու ջուր չունի, գյուղացիները դույլերով խմելու ջուր են կրում գյուղի երկու լեռնային և պոչամբարի մոտ գտնվող այդ աղբյուրից»,- բացատրեց  գյուղապետը:

Արձանագրվել են դեպքեր, երբ երկու գյուղերի գյուղացիների անասուններից ընկել են պոչամբար: Դրանց անդրադարձել է նաև «Հետքը»: Արկադի Թամազյանը գտնում է, որ ԼՀԿ-ն պոչամբարը պետք է ցանցապատի`  գյուղացիների և անասունների  անվտանգությունը ապահովելու համար: Դրա համար գյուղապետը մի քանի անգամ գրություններ է ուղարկել ԼՀԿ-ի տնօրինությանը, հանդիպել է ընկերության ղեկավարների հետ: «Իրենք ասում են, որ պոչամբարի տարածքի մեկուսացումը ընթացքի մեջ է, բայց առայժմ ոչ մի աշխատանք չի կատարվել այնտեղ: Անասունը դեռ ոչինչ, բա որ, Աստված  չանի , անասունի հետևից գնացող  գյուղացիները հանկարծ ընկնեն պոչամբար, ով է պատասխան տալու դրա համար»,- իր մտահոգությունը հայտնեց  գյուղապետը: 

Երեկ այցելեցինք նաև Ճոճկանի պոչամբար: Մեծ Այրում գյուղի սարալանջով դեպի պոչամբար գնացող մի խողովակից ուղիղ պոչամբար էին թափվում պոչանքնաջրեր: Բաց էին խողվակաշարերի պոչանքներով լեցուն փոքրիկ դիտահորերը: Պոչանքային տարածքն ինչպես դիտահորերի մոտ, այնպես էլ Ճոճկանի և հարևան Մեծ Այրումի սարալանջերից դեպի ձորում գտնվող պոչամբար  ճանապարհը բաց էր:

Պոչանքային բաց խողովակի հոսքերի մասին հարցին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Գագիկ Գևորգյանը երեկ հեռախոսով  հայտնեց. «Արտեզյան ջրեր են դրանք, գյուղացիները ջուր են տանում էդտեղից»: Վերջինիս բացատրեցինք, որ խոսքը լեռնային աղբյուրի մասին չէ: Նա մի քանի րոպե ժամանակ խնդրեց խնդիրը պարզելու համար: Մի քանի րոպե հետո պարոն Գևորգյանը հայտնեց. «Ֆաբրիկան այս պահին չի աշխատում, այս պահին մաքրվում է պոչամբարի պոչատար խողովակները»: Գագիկ Գևորգյանին հարցրինք նաև պոչամբարը ցանցապատելու մասին. «Դուք կարող եք ինձ աշխարհում ցույց տալ մի պոչամբար, որը ցանցապատված է` էնտեղ մարդ չընկնելու կամ կով չընկնելու պատճառով: Սատկած կովերը իրենք (գյուղացիները) են գցում պոչամբար: Էդ սաղ մեր գլխին են կոտրում: Մենք պոչամբարում պահակներ ունենք, նրանք վերահսկում են պոչամբարի անվտանգությունը»,- վրդովված պատասխանեց ԼՀԿ-ի տնօրենը:  

«Շրջական բնակավայրերի բնակչության անվտանգությունը ապահովելու համար գործող պոչամբարները պետք է ցանցապատվեն և մեկուսացվեն այն  շահագործող ընկերությունների կողմից: Դա օրենքի պահանջ է»,- ասում է ՀՀ ԳԱԱ-ի  էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Ես իմ այգում 165 ծառ ունեմ: Էս խվոստի ջուրը լցնում են Դեբեդ, մենք էլ չիմանալով էդ ջրով ջրում ենք մեր այգիները, էդ ջուրն ուժեղ վնասում  է ծառերը, մի 15 ծառ է իմ այգում չորացել խվոստից: Անցյալ տարի նոր տնկիներ եմ դրանց փոխարեն դրել: Տեսքներից էլ երևում են, տնկիները  շատ նվազ են»,- ասում է Մեծ Այրում գյուղի բնակիչ Բորիկ Բուդաղյանը: 

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը իր պատաճառած վնասների համար որևէ փոխահատուցում չի վճարում նաև Մեծ Այրումի: Իսկ բնապահապանության նախարարությունն էլ  շարունակում է աչք փակել Ախթալայի լեռնահաստացման կոմբինատի բնապահպանական ապօրինությունների նկատմամբ:  

Մեկնաբանություններ (1)

Armen
Es urish normal baner chuneq animast baner eq arden grum, te imast@ vorna ches haskanum, mi hodvaci mej heriqa eli an@ndhat krknvox baner greq u joxovrdin tyurimacutyan mej gceq. Miqich mtaceq u azg@ zargacreq nkari mej erevuma vor sovorakan jur en bc toxnum pochambar, dra mej voch mi ban chka. Mi moraceq vor mer marzum miak ashxatox kazmakerputyunnerica u gone mer qaxaqic tox artahosq chlini.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter