HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրանժի» մրցանակը` Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքին

«Orange Գրքի մրցանակ 2013»-ի մրցանակաբաշխությունն անարդար է եղել, և մենք այն չեղյալ ենք հայտարարում: «Օրանժի» ղեկավարությունը ճնշում է գործադրել ժյուրիի վրա, որ երկրորդ փուլ անցած երեք պատմվածքներից մեկը՝ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը հանեն քվեարկությունից, քանի որ հեղինակը ցմահ դատապարտյալ է, և եթե նա մրցանակ ստանա, դա կխփի իրենց կոմերցիոն շահերին: Այդպիսով՝ քվերկության չի դրվել Մհերի պատմվածքը, ընտրությունը կատարվել է երկու մյուս պատմվածքների միջև: 

Այդ փաստը հաստատվեց այն բանից հետո, երբ մենք կոչ արեցինք ժյուրիին ասել ճշմարտությունը և ստացանք երկու արձագանք.
Ժյուրիի անդամ Արծվի Բախչինյանը hayeli.am կայքին հայտնեց, որ, իրոք, «Օրանժի» ղեկավարությունը ճնշում է գործադրել, և ժյուրին քվեարկության չի դրել Մհեր Ենոքյանի պատմվածքը: 

Ժյուրիի մեկ այլ անդամ Կարինե Չոբանյանը FB-ում պատասխանեց. «Օրանժի» հետ պայմանագիր ունի կնքած, ուստի ժյուրիի աշխատանքի վերաբերյալ ցանկացած բան ենթակա չէ հրապարակման, հետևաբար հավատարիմ մնալով ստորագրությանը՝ կլռի: Չհայտնել ճշմարտությունը, հղելով ստորագրությանը, անուղղակի խոստովանություն է, որ եղել է ճնշում:

Այս անարդարությունը Հայաստանի անարդար համակարգի մի օղակն է, որի պատճառով Մհեր Ենոքյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման և 18 տարի գտնվում է բանտում: Նա հետևողականորեն պայքարում է արդարության վերականգնման համար, բարձրաձայնում բանտում հայտնված անմեղ դատապարտյալների մասին: Այս անգամ էլ իրավապահների անարդարությանը միացավ բիզնեսը՝ հանձին «Օրանժի»: 

Մեր ուժերից վեր է այս պահին բանտից ազատել Մհերին, բայց մենք հիմա կարող ենք վերականգնել «Օրանժի» կողմից կատարված անարդարությունը: Մենք՝ քաղաքացիներս, «Օրանժի» մրցանակը տալիս ենք Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքին:

Մհեր Ենոքյանի մրցանակի համար կատարելու ենք հանգանակություն՝ հավաքելով այնքան գումար, ինչքան սահմանել էր «Օրանժը»՝ 300 հազար դրամ պատմվածքի տպագրության նպատակով՝ վճարելով ով ինչքան կցանկանա: Տպագրելով պատմվածքն ու այն նվիրելով Մհեր Ենոքյանին՝ մենք կվերականգնենք արդարությունը:

Ուրեմն՝ հանդիպում ենք Մաշտոցի պուրակում ապրիլի 8-ին՝ երեքշաբթի, ժամը 13:00-ից մինչև 14:00: Իսկ այն քաղաքացիներն, ովքեր չեն հասցնի գալ, թող հետո մեկ շաբաթվա ընթացքում մոտենան «Հետքի» խմբագրություն՝ Բուզանդի 1/3, 8-րդ հարկ, ՆՓԱԿ-ի հարևանությամբ: Կարող եք նաև զանգել «Հետք»  010 56 33 63 հեռախոսահամարով:

Մեկնաբանություններ (1)

Hovlily
Isk ete khndreq, karox eq patmvatsqi link share anel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter