HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շախմատային բարդ կոմբինացիա. Սերժ Սարգսյանի աշխարհաքաղաքական շախը Մաքսային միությանը եւ մատը՝ առաջին եւ երկրորդ նախագահներին

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ապրիլի 3-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հրաժարականի ու Սերժ Սարգսյանի կողմից դրա ընդունված լինելու լուրը անակնկալի բերեց բոլորին: Դա պատկերացնել չէին կարող անգամ ՀՀԿ-ական կարկառուն դեմքերը, օրինակ՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կամ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ովքեր ամիսներ շարունակ, ընդհուպ՝ մեկ օր առաջ հերքում էին մոտ ապագայում կառավարության հրաժարականի հնարավորությունը եւ վստահաբար տեղեկացված չէին Սերժ Սարգսյանի մեծ կոմբինացիայից:

Այն նույնքան եւ անսպասելի էր կառավարության հրաժարականի հարցը ապրիլի 28-ին Ազգային Ժողովում, հընթացս նաեւ՝ Ազատության հրապարակում եռօրյա հանրահավաքով բարձրացնել պատրաստվող քառյակի համար: Վերջինս հայտարարված «կառավարության հրաժարականի մեկամսյակ» ծրագրերի շրջանակներում պատրաստվում էր առանց շտապելու այցելություններ ունենալ մարզեր եւ մարզերից մինչեւ մայրաքաղաք ընդդիմադիր ու դժգոհ բնակչությանը նախապատրաստել «բարիկադային» պայքարի, եթե ապրիլի 30-ից հետո պարզ դառնար, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում համաժողովրդական, համաքաղաքացիական ու համաընդդիմադիր ճնշման ներքո փոխել կառավարությունն ու վարչապետին:

Իրադարձությունների նման զարգացման մասին տեղեկատվական արտահոսք այս օրերին չէր եղել ո́չ իշխանություններին, ո́չ էլ քառյակի կուսակցություններին պատկանող կամ սպասարկող ԶԼՄ-ներում: Ավանդաբար, իշխանությունը միշտ արտահոսք թողել է, երբ դա նպատակահարմար է եղել: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի նախօրեին նման բան տեղի չունեցավ: Անգամ այդ նիստին գնացողները չէին կարող պատկերացնել, թե ինչ են լսելու այնտեղ: Փաստացի, գործ ունենք միանգամայն այլ իրավիճակի հետ, երբ ամբողջ ծրագրի ու դրա հետապնդած նպատակների մասին, թերեւս, իմացել է երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանը, իսկ միգուցե՝ միայն Սերժ Սարգսյանը...

Հրաժարականի հարցականներ պարունակող հիմնավորումները

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, թե «դեռեւս մեկ ամիս առաջ նա (Տիգրան Սարգսյանը-Ս.Ս.) նման խնդրանքով դիմել է Նախագահին, սակայն հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում, Նախագահը խնդրել էր շարունակել պաշտոնավարումը, եւ այսօր արդեն նրա դիմումը բավարարվել է»: Նա ավելացրել է, թե վարչապետն ինքն իր քայլը համարել է «կշռադատված որոշում, այլ ոչ` պահի տակ կայացված», նաեւ՝ «անձնական որոշում»: Դրանից րոպպեներ անց վարչապետն ինքը գրառում թողեց ֆեյսբուքայն էջում, որտեղ տեղեկացրեց, թե «դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել` մի շարք կարեւոր պետական միջոցառումների եւ ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով»: Տիգրան Սարգսյանը վերջում շնորհակալություն էր հայտնել իր հետ աշխատած մարդկանց, առաջին հերթին Հանրապետության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն իրեն վստահելու համար, «հայրենանվեր եւ արդյունավետ աշխատանք» էր մաղթել նոր Կառավարությանը:

Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ վարչապետի հրաժարականն ընդդիմության նախաձեռնած անվստահության գործընթացի եւ ընդդիմության օրակարգի հետ ընդանրապես կապ չունի: Նա նաեւ հերքել է, թե դա պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությամբ. «Իհարկե՝ ո´չ, որովհետեւ ՄՄ-ին անդամակցելը քաղաքական որոշում էր, եւ մենք կարծում ենք, որ ընդունված եւ նախատեսված ժամկետներում Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին»:

Թերեւս, Շարմազանովը իրավացի լինի իր մյուս հաստատագրումներում, սակայն ոչ վերջինի մասով: Վարչապետի հրաժարականի ու դրան հաջորդող սահմանադրական գործընթացների արդյունքում դժվար թե «ընդունված ու նախատեսված» ժամկետներում տեղի ունենա ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը: Այս առումով, թերեւս, արժե հիշատակել ՀՀԿ խոսնակի մեկ այլ պատասխան. «նոր վարչապետի եւ Կառավարության հարցը ԳՄ նիստում չի քննարկվել, որովհետեւ ըստ Սահմանադրության՝ ՀՀ Նախագահը պետք է կոնսուլտացիաներ անցկացնի քաղաքական մեծամասնության եւ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ: Դրանից հետո միայն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, ՀՀ Նախագահը կնշանակի վարչապետ եւ նոր Կառավարություն»: Ասել է թե՝ Սերժ Սարգսյանը չի շտապում նոր կառավարության կազմ քննարկելու հարցում, թեպետ վարչապետի փոփոխության մասին գիտեր մեկ ամիս առաջ...

Հիրավի, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն «Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը <...> վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը», այնուհետեւ՝ «Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում»:

Եթե վարչապետի հրաժարականն ընդունելու օր համարենք ապրիլի 3-ը, դա կնշանակի առավելագույնը տասնօրյա խորհրդակցություններ ԱԺ խմբակցությունների հետ եւ նոր վարչապետի նշանակում ամենաուշը ապրիլի 13-ին: Որից հետո՝ նոր կառավարության կազմավորում քսանօրյա ժամկետում, ամենաուշը՝ մայիսի 3-ին: Այնուհետեւ դրան կհաջորդի ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածով սահմանվածը. «Կառավարությունն իր կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։ Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո՝ հնգօրյա ժամկետում»: Դա նշանակում է մայիսի 3-ին էլ գումարել առնվազն 25 օր՝ ստանալով ամենաուշը մայիսի 28: Վերջին փուլին զուգընթաց տեղի կունենան հանձնում-ընդունումներ նախարարություններում, որով, հավանաբար, մայիսը կավարտվի, ու կգա ամառ:

Կասկածից վեր է, որ Տիգրան Սարգսյանի հետ պաշտոնները կլքեն հատկապես նրա թիմի՝ ֆինանսատնտեսական բլոկի նախարարները, ովքեր էլ հենց «արագացված» իրականացնում էին Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագիրը՝ «ճանապարհային քարտեզը»  եւ գործողությունների ժամանակացույցը:

Իսկ մայիս ամիսն այդ առումով առանցքային նշանակություն ունի Հայաստանի եւ Մաքսային միության հարաբերություններում:

Մայիս, կամ վերջնաժամկետ Մաքսային միության հետ Հայաստանի ստորագրելիք պայմանագրի համար

Դեկտեմբերի 30-ին հրապարակված «Համատեղ նոր գրո՞հ կառավարության վրա» վերլուծականում ուշադրություն էի հրավիրել երկու ուշագրավ փաստի վրա: Կառավարության դեկտեմբերի 26-ի մամլո հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հյուրընկալվել էր ԱԳՆ դիվանագիտական դպրոցում եւ հանդես եկել «Հայաստանի ինտեգրումը եվրասիական տարածքում» թեմայով դասախոսությամբ:

Նա «անդրադարձել էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանն առնչվող հարցերին, մանրամասներ ներկայացրել ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների, ինչպես նաեւ հետագա քայլերի ու զարգացումների վերաբերյալ»: Ապա, նույն խնդրի կապակցությամբ օրեր անց իր տարեվերջյան մեգա-ասուլիսի ժամանակ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե Մաքսային միության հետ Հայաստանի ստորագրելիք պայմանագիրը պատրաստ կլինի մայիսի դրությամբ: Այս երկու փաստերի հիման վրա մասնավորապես եզրակացրել էի, որ «այդ կերպ նա ոչ միայն Կրեմլին, այլեւ իր ընդդիմախոսներին «իրազեկեց», որ ինքն է ավարտին հասցնելու Հայաստանի «շահերից» բխող «ճանապարհային քարտեզը», եւ Ռուսաստանի հետ կոնֆլիկտը լուծված է: Սա մեկ բան է նշանակում. Ազգային ժողովում «գազային համաձայնագրերը» վավերացնելուց հետո դեկտեմբերի 24-ին Մոսկվա մեկնած Սերժ Սարգսյանը ոչ միայն իր, այլեւ Տիգրան Սարգսյանի համար է լուծել իշխանության գլխին մնալու խնդիրը»:

Թերեւս, այդպես էլ կար. ի հեճուկս բազում կանխատեսումների, թե Կրեմլը կպնդի նախկինում եվրաինտեգրատոր վարչապետի անհապաղ փոփոխությունը, իրականություն չդարձան: Տիգրան Սարգսյանն իր թիմով այնպես լծվեց Հայաստանի եվրասիական ինտեգրացիային, որ սկսած Ռուսաստանի նախագահից ու վարչապետից, վերջացրած Մաքսային միության ներկայացուցիչները պարբերաբար զարմանք, հիացմունք ու գոհունակություն էին արտահայտում առ այն, որ «Հայաստանը այնքան արագ է շարժվում անդամակցության ճանապարհին, որ գործընկերները նույնիսկ չեն հասցնում»:

Դրանից անգամ սրտնեղեց տարեվերջին վարչապետի ու կառավարության վրա անձամբ գրոհած երկրորդ նախագահը: Փետրվարի 24-ին իր հարցազրուցային շարքի հերթական մասում նա նախեւառաջ դեմ արտահայտվեց Հայաստանի եվրաասոցացմանը հենց ռուսահաճո հիմնավորման համատեքստում. «Ես գիտակցաբար կանգ չեմ առնում այն բանի վրա, թե Հայաստանի համար ինչ վարկանիշային կորուստներով սկսվեց միացումը Մաքսային Միությանը՝ տարակուսանքի առիթ դառնալով մեր եվրոպացի գործընկերների համար: Դա այլեւս չես շտկի: Չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ: Դա գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց: Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր»: Ապա կողմ արտահայտվելով Մաքսային միությանն անդամակցելուն` Ռոբերտ Քոչարյանn անուղղակի քննադատեց, թե Մաքսային միությանը միանալու հարցում կառավարությունն իր փութաջանությամբ եւ տնտեսության խնդիրները վատ իմանալու պատճառով վնաս կպատճառի տնտեսվարողներին, ներկրողներին, տնտեսության որոշակի ճյուղերի: Ըստ այդմ՝ նա ակնարկեց, թե պետք չէ շտապել ու հախուռն, արագ ընթանալ դեպի Մաքսային միություն. «Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված եւ առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար»:

Ռոբերտ Քոչարյանին հանգույն՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին «ուշացումով» ու «հետահայաց» արտահայտվեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ի հանրահավաքում. «Չորս տարի շարունակ Եվրաասոցացման ճանապարհով խրոխտաբար ընթացող Հայաստանի իշխանությունները մեկ օրում կտրուկ շրջադարձ կատարեցին եւ պատրաստակամություն հայտնեցին անդամակցելու Մաքսային միությանը: Ընդամենը ամիսներ առաջ նրանք երդվյալ արեւմտամետ ու եվրաինտեգրման ջատագովներ էին, իսկ այսօր նույնքան երդվյալ ռուսամետ ու Մաքսային միության ջատագով են դարձել, այն աստիճան, որ իրենց անսահմանորեն շոյված են զգում, երբ ռուս պաշտոնյաները ոչ միայն զարմանում, այլ նաեւ հիանում են իրենց փութաջանությամբ, ինչպես նախկինում շոյվում էին Արեւմուտքի շռայլած գովեստներից»: Ապա Տեր-Պետրոսյանը հավելեց. «Խոսքը բոլորովին չի վերաբերում Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ կատարված ընտրությունը դրական կամ բացասական գնահատելուն, այլ այն նվաստացուցիչ ու վտանգավոր հանգամանքին, որ Հայաստանը, փաստորեն, Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով, ինչի վկայությունն է, թեկուզ, վերը հիշատակված գազային պայմանագիրը»: Հետեւաբար, ասվածի հիման վրա ՀԱԿ առաջնորդը եզրահանգում ու առաջարկում է. «Հասկանալի է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եվրաինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին», «Հայաստանն այսօր կանգնած է Մաքսային միությունում այնպիսի արժանապատիվ իշխանությամբ ներկայանալու խնդրի առջեւ, որը, թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին աշխարհում վայելած հարգանքի ու վստահության շնորհիվ, ի վիճակի է այդ միության ընձեռած հնարավորություններն առավելագույնս ծառայեցնելու մեր ազգային շահերին, իսկ բացասական անդրադարձումները` հասցնելու նվազագույնի»:

Սակայն, ի հեճուկս երկու նախկին նախագահների` Սերժ եւ Տիգրան Սարգսյանները ջանում էին ավելի շատ ապացուցել այդ գործընթացում իրենց գերշահագրգռվածությունը, հաստատված ժամանակացույցի մեջ տեղավորվելու եւ «գերազանցիկ» լինելու հանգամանքը: Նրանք պետք է Կրեմլի առջեւ առնվազն այդպիսի տպավորություն ստեղծեին եւ դրա վերաբերյալ նվազագույն կասկածն իսկ փարատեին: Այդպիսի հանդիսավոր հնարավորություն ծառայեց մարտի 29-ին հրավիրված ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը, որի մասին ոչ պատահականորեն ակնարկում է Տիգրան Սարգսյանը, քանի որ դա նրա համար կարեւոր նշանակության ավարտական հանդեսի նման մի բան էր:

Հեռակա մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ստեղծելով եվրասիական ինտեգրմանը նվիրվածության ապացույցներ...

ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովը մեկնարկեց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ողջույնի ուղերձով, իսկ այնտեղ հրավիրյալի եւ բանախոսի կարգավիճակ ուներ եվրասիական ինտեգրման գործընթացները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Տատյանա Վալովայան: Վերջինս բարձր գնահատեց ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ Հայաստանի ջանասիրությունը եւ դա վառ օրինակ համարեց անդամակցության ձգտող մյուս երկրների համար։ Հատկանշական է, որ ՀՀԿ առաջին տնտեսական համաժողովում ընթերցվեց ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի ողջույնի խոսքը, իսկ հրավիրյալ էր ընդլայնման հարցերով նրա խորհրդական եւ ԵԺԿ արտաքին հարաբերությունների հարցերով քարտուղար Նիկոլա Բրիեկը: ՀՀԿ այդ համաժողովի գերիշխող թեման Հայաստանի եվրաինտեգրումն ու Ասոցացման համաձայնագիրն էին: Այս երկրորդ համաժողովում Տիգրան Սարգսյանն ուղղակի ցնցեց իր հայտնած տեսակետներով, քանի որ դրանք տրամագծորեն հակառակ էին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հնարավորության եւ օգուտների վերաբերյալ նախկինում հոդվածներում կամ բանավոր հնչեցրած դիրքորոշումներին: Հերթական անգամ նա նաեւ առիթն օգտագործեց վարվող արտաքին քաղաքական ուղղության վերաբերյալ Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հեռակա պատասխանելու համար: Այսպես, անուղղակի խոսելով ՄՄ-ին անդամակցելու արդյունքում որոշ տնտեսվարողների պատճառվելիք վնասների մասին երկրորդ նախագահի հնչեցրած քննադատության մասին, նա հայտարարեց, որ թեեւ այս քայլով որոշ ներկրողների բարդ վիճակի մեջ են դնում, բայց սպառողների համար հարցի լուծումը գտել են. «Մենք պետք է ուղղվածությունը փոխենք դեպի Մաքսային միության շուկաներ եւ նախապատվությունը այդ առումով տանք հենց Մաքսային միության երկրների կողմից արտադրված ապրանքներին եւ ծառայություններին»: Ազդարարելով, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին դժվարություններ ու թանկացումներ է բերելու որոշ ապրանքների գծով, Տիգրան Սարգսյանը միաժամանակ հավաստիացրեց, թե Մաքսային միության առավելությունները թերություններից շատ են, եւ այսօր Հայաստանի անդամակցությանը որեւէ խոչընդոտ չկա: Իսկ Հայաստանի կողմից կայացված որոշման դրդապատճառ էլ Տիգրան Սարգսյանը համարեց այն, որ «համաշխարհային ճգնաժամի արդյունքում իրենք տեսան Եվրամիության ուժեղ եւ թույլ կողմերը, ուսումնասիրեցին նաեւ այդ շրջանում Մաքսային միության երկրների տնտեսությունը եւ արդյունքում որոշում կայացրեցին հօգուտ Ռուսաստանի նախաձեռնած դաշինքի»: Հատկանշական եւ ուշագրավ է, որ ասվածը պարզապես Վլադիմիր Պուտինի խոսքերի բառացի կրկնությունն է, որով վերջինս փորձում է/էր ԱՊՀ այլ երկրների համոզել ու շահագրգռել ՄՄ-ին անդամակցելու հարցում:

Եւ վերջապես, պատասխանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքներին, որ «Հայաստանը փաստորեն Մաքսային միություն է մտնում ոչ թե իրավահավասար գործընկերոջ, այլ ձայնազուրկ հպատակի կարգավիճակով», Տիգրան Սարգսյանը հակադարձեց, թե «այն մտահոգությունը, որ Մաքսային միությանը անդամակցելով Հայաստանը կորցնելու է ինքնիշխանության մի մասը, ճիշտ չէ, քանի որ միության շրջանակներում որոշում կայացնելիս Հայաստանը, օրինակ, Ռուսաստանին հավասար ձայնի հնարավորություն է ստանալու»:

Ֆորս-մաժորը` որպես ելք մի շարք առանցքային խնդիրներ լուծելու համար

Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանին պետք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը տեղի ունենա ոչ թե փետրվարին, այլ ապրիլին՝ ՀՀԿ համաժողովից հետո, որպեզի անհերքելի, ծանրակշիռ ու ամենաթարմ ապացույցները ստեղծվեն մայիսին ընդառաջ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցում իրենց հետեւողականության ու նվիրվածության վերաբերյալ: Մարտի վերջին ու ապրիլի սկիզբին կառավարությունը փոխելու առաջին ու երկրորդ նախագահների միգուցե համաձայնեցված, իսկ միգուցե չհամաձայնեցված գործողությունների պիկին Սերժ Սարգսյնաը Կրեմլին առավել տեսանելի է դարձնում, թե ինչպես են նրանք խոչընդոտում Հայաստանի եվրասիական ինտեգրացմանը: Դրանով, Սերժ Սարգսյանը փաստացի ցուցանում է, որ ռուսական քամիներով իր դեմ դուրս բերված երկու նախագահները հենց իրենք են այս ֆորս-մաժորի պատճառն ու Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտը: Դա առավել անհերքելի կդառնա, եթե երկու նախագահները կամ նրանց թիմերը անխոհեմաբար վարչապետի հրաժարականը եւս համարեն իրենց հերթական ձեռքբերումը, ինչպես որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ը դա արեցին պարտադիր կուտակային բաղադրիչի հարցով ՍԴ որոշումից հետո (դա էլ բավարար է որպես «հանգրվանային իշխանափոխության» գործընթացի մի օղակ):

Այսպիսով, ինչպիսին էլ լինեն Տիգրան Սարգսյանի՝ փակագծեր չբացող հիմնավորումներն իր հրաժարականի վերաբերյալ, դրա տեղի ունենալը հենց այս պահին Սերժ Սարգսյանին թույլ տվեց մի շարք առանցքային խնդիրներ լուծել նախեւառաջ արտաքին քաղաքական ճակատում.

1. ֆորս-մաժորով շրջանցել Հայաստանի համար հերթական վտանգավոր վերջնաժամկետը՝ մայիսը, երբ պետք է պատրաստ լիներ Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու մասին միջազգային պայմանագիրը, իսկ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդն էլ պետք է դրան հավանություն տար իր առաջիկա նիստում. ամենայն հավանականությամբ այդ հարցը կհետաձգվի կես տարի, եթե ոչ ավելի ժամկետով՝ մինչեւ Եվրասիական միության հիշյալ մարմնի հաջորդ նիստը,

2. փարատել բոլոր կասկածները, թե վարչապետը փոխվում է Կրեմլի ճնշմամբ ու այն պատճառով, որ Մոսկվան չի վստահում նախկինում եվրաինտեգրատոր վարչապետին. ՀՀԿ 2-րդ տնտեսական համաժողովում Մոսկվայի ներկայացուցիչներն իրենց գովեստի խոսքերում չափազանց շռայլ գտնվեցին եւ դա Տիգրան Սարգսյանի համար խաղաքարտ է: Ավելին, իբրեւ Կրեմլին հավատարմության նշան, Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Սարգսյանի կառավարությունը անգամ չխուսափեցին Ղրիմի հարցով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի քվեարկության ժամանակ Ռուսաստանի հետ վտանգավոր փոքրամասնության մեջ հայտնվելուց: Դա՝ այն դեպքում, երբ ռուսամետ համարումով եւ Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող ԲՀԿ-ը կողմ արտահայտվեց «ձեռնպահ» քվեարկելու դիրքրոշմանը, իսկ ՀԱԿ-ը առնվազն հեգնեց Հայաստանի «վատ կամպանիան»:

3. Տիգրան Սարգսյանը այս ժամանակահատվածը լիարժեք օգտագործեց Կրեմլին ցույց տալու իր նվիրվածությունը, բայցեւ խուսափելով իր քաղաքական կենսագրությունը խարանով ավարտելուց, այն է՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը մշակելով, ստորագրելով ու Ազգային ժողովում վավերացնելով: Այժմ Տիգրան Սարգսյանը պաշտոնից հեռանում է իբրեւ մեկը, ով ջանք ու եռանդ չի խնայել եվրասիական ինտեգրացիան արագացնելու գործում, սակայն հոգով եղել եւ մնացել է եվրաինտեգրատոր:

4. Անցած ամիսների ընթացքում Սերժ եւ Տիգրան Սարգսյանների այս վարքագիծը եւ նվիրվածությունը եվրասիական ինտեգրացմանը, դրա կապակցությամբ վավերագրված ակնառու փաստերը Մոսկվային թույլ չեն տալու անգամ կազմակերպված դավադրություն տեսնել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության արագացված ընթացքը կասեցնող ֆորս մաժորի՝ կառավարության պլանավորված հրաժարականը կազմակերպման մեջ: Ապացույցներ ստեղծվել են ճիշտ հակառակի համար. դրա մեղավոր են հենց Ռոբերտ Քոչարյանը ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, ովքեր թեպետ խոսքով կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն այն պատկերացնում են ավելի դանդաղ (այդ տեսակետները նույնպես վավերագրված ու հանձնված են թղթին), դրանից զատ՝ գործնականում իրենց քայլերով «վտանգներ ստեղծեցին» «օրինակելի» կառավարության ու եվրասիական ինտեգրացիայի համար:

Թերեւս թվարկվածներին պետք է ավելացնել նաեւ այն, որ այս ֆորսմաժորը Սերժ Սարգսյանին օգնում է խուսափել նաեւ առաջիկայում ղարաբաղյան գագաթաժողովից՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից, ինչի նպատակ դրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը, եւ ինչի համաձայնություն երկու նախագահները տվել են Հաագայում (այս մասին տես համանուն շարքը «Հետք»-ում): Անկախ նրանից, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա ԱԳ նախարարի փոփոխության (Ղրիմի հարցով քվեարկության հետ կապված ԱԳՆ դիրքորոշման վաղաժամ արտահոսքը եւ ապա դրան հակառակ գործելը կամ այլ հանգամանքներ միգուցե նրան դրդեն նաե փոխելու ԱԳ նախարարին), այդուհանդերձ, ժամանակավոր կառավարության հանգամանքը Սերժ Սարգսյանին կօգնի մինչեւ ամառ նաեւ դրանից խուսափելու հարցում: Թերեւս սա առթի է նաեւ ազատվելու ոչ միայն Հայաստանի ներքին, այլեւ Հայաստանից դուրս, այդ թվում՝ Սիրայի Քեսաբում, Լաթաքիայում կամ Հալեպում անվտանգության սուր խնդիրները կանխատեսելու եւ լուծելու անունակ կառավարության անդամներից ու առընթեր մարմինների ղեկավարներից (այս առումով հատկապես ԱԱԾ, նաեւ Սփյուռքի նախարարությունները իրավիճակի պատշաճ զեկուցման կոպտագույն վրիպումներ ունեն, ինչին դեռեւս կանդրադառնանք):

Սակայն Սերժ Սարգսյանն ինքը չէր լինի, եթե այսքանի հետ միասին ու արտաքին քաղաքականության ճակատում իր ախոյաններին հուժկու հարված հասցնելուց զատ նրանց համար պատային իրավիճակ չստեղծեր նաեւ ներքաղաքական հարցերով: Նաեւ հենց դրա համար էր Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին խնդրել հետաձգելու իր հրաժարականը` «հաշվի առնելով հանգամանքը, որ կուտակային կենսաթոշակների հարցը պետք է քննվեր ՍԴ-ում»:

Շարունակելի

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Նախ՝ ցավալի է,որ Հայաստանը իր ԱԶԳԱՅԻՆ շահերից բխող քաղաքականություն (դեռ) չունի: Այսպիսի ազգերը,ի վերջո, հայտնվում են պատմության թանգարաններում: Հետո՝ Հայաստանի ա՛յս կառավարությունն էլ ավելի շատ գողական, քան քաղաքան մտածելակերպ ունի: Ուստի՝ խնդիրը երևի ավելի պարզ է. հետևիր ՓՈՂԻ ու ՆԱՎԹ-ԳԱԶԻ հոսանքին: Ղրիմի ռուսաստանյան անեքսացիան ՓՈԽԵՑ շատ խաղաթղթեր: Այս պահին Ռուսաստանը արդեն նորից սկսում է դառնալ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ թշնամին: Չնայած Պուտինի ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ցուցադրական PR-ային թատրոն-թռվռոցներին՝ առաջիկա 20-30 տարում ԱՄՆ-ն մնալու է աշխարհի ՄԻԱԿ գերտերությունը, որի (կիսա)վասալ ԵՄ-ն ոչ-ռուսական գազ գտնելու հիստերիայի մեջ է: Ուստի՝ ՀԱՏԿԱՊԵՍ հիմա, ոչ ոք ինչ-որ մի Սերժիկի կամ Խաչիկի թույլ չի՛ տա, որ չափից ավելի սիլիբիլի անեն Պուտինի/Ռուսաստանի հետ,որ ռուսական զորք հայտնվի հիմա էլ իրենց ոչ-ռուսական գազի խողովակների քթի տակ (ԼՂՀ-ում): Եթե Հայաստանը ա՛յս պահին մտնի ՄՄ, հաջորդը Սերժիկի հերթն է: ԳԱԶ ու ՆԱՎԹԻ հետ խաղացողը ՎԱՌՎՈՒՄ է:
Hayk
Sxalvum eq, p, Safaryan. Nax, MM-i het paymanagir@ kstoragrvi &isht naxatesvats jamanakin. ... 1 ev 2 naxagahnern el shaaaaaat aveli xelaci en, qan Duq kartsum eq! Giteq inchu?? Vorovhetev joxovrdi 90%-@ kam 99%-@ henc aydpes e uzum, bolor gaxtni u bacahayt socharcumnern aydpes en cuyc talis.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter