HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական գինիները կներկայանան մեկ ընդհանուր բրենդով

Հայկական գինին կարող է «կորցնել համը»

Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը (նա նաև «Մարան» գինեգործական ընկերության ղեկավարն է) նշում է, որ այսօր Հայաստանը կանգնել է հայկական գինու «համը կորցնելու» վտանգի առաջ: Այս մասին խոսելիս հայացքը դառնում է մտահոգ: 3 տարի առաջ հայ գինեգործների շրջանում նորաձև է դարձել եվրոպական խաղողի օգտագործմամբ հայկական գինի պատրաստելը:

«Մենք վերցրել ենք եվրոպական բրենդի հիմքը և ուզում ենք զարգացնել այն: Իհարկե, շատ լավ բաներ կան, որովհետև հայը տաղանդավոր է, որովհետև մենք սփյուռք ունենք: Հիմա հարց եմ տալիս՝ արդյո՞ք մենք ճիշտ ճանապարհ ենք ընտրել»,- նշում է Ա. Հարությունյանը, ապա ավելացնում, որ այդ դեպքում Հայաստանը կարող է կորցնել խաղողի հայկական սորտերը: Ըստ նրան՝ բիզնեսի տեսակետից լավ է, քանի որ եվրոպական խաղողը հայկականի անվան տակ ներկայացնելով, «լիքը փող ես աշխատում», իսկ փոխարենը կորցնում ես հայկական խաղողի սորտերը: Հայկական տեղական խաղողի 500 սորտերից (1984 թ. գրականության տվյալներով) այսօր մնացել է մոտ 150-ը , թեև այս թիվն էլ նա համարում է պայմանական:

Ա. Հարությունյանն ասում է, որ գործարանների սեփականաշնորհումից հետո խաղողի շատ սորտեր վերացան և այսօր դժվար է իմանալ դրանց հստակ թիվը: Իսկ եվրոպական խաղողով պատրաստված հայկական գինու մասին խոսելիս պատկերավոր օրինակ է բերում. «Պատկերացրեք մի աղքատ ընտանիքի գեղեցիկ աղջիկ, որը շատ վատ է հագնված, առանց շպարի է, և հանկարծ դու ենթադրություն ես անում, որ այդ աղջիկը լավը չէ: Այդ աղջկա կողքին էլ ունես այլ օրինակ՝ շատ նորաձև հագնված, շպարված, լավ կրթված աղջիկ, և համարում ես, որ այդ աղջիկը շատ լավն է: Այս նույն իրավիճակն էլ խաղողի դեպքում է: Հիմա այդ շպարված ֆրանսիացի հարսնացուին բերում ես Հայաստան և ասում, որ ահավասիկ, սա հայ աղջիկն է: Ես չեմ ասում, թե այս սորտերը չբերեինք, դա էլ զարգացման ճանապարհ է, բայց փոխարենը մեր հայ աղջկան կրթեինք, տեղը տեղին հագցնեցինք և աշխարհին ցույց տայինք, որ սա գեղեցիկ հայ աղջիկն է, աշխարհն էլ տեսներ ու հասկանար դա: Իսկ մենք հակառակն ենք անում. լավ եվրոպականը ներկայացնում ենք որպես հայկական»,- նշում է Ա. Հարությունյանը:

Մինչդեռ, ըստ նրա, ժամանակին աշխարհը Հայաստանն ընկալում էր որպես խաղողի, գինու հայրենիք: «Տեսեք, Նոյին Արարատի գագաթին տեղավորել էին հրեաները: Հրեաները գրեցին, չէ՞, Հին կտակարանը, իսկ, ըստ դրա, աշխարհի վերածնունդը եղավ Նոյով, իսկ առաջին գործը, որ արեց Նոյը, խաղող տնկելն ու գինի պատրաստելն էր»,- նկատում է նա: Իսկ թե ինչու այսօր հայկական գինին լուրջ չի ընդունվում աշխարհում, ինչ փոխվեց գինեգործության հայրենիքում, զրուցակիցս հիմնավորում է պատմական մի շարք փաստերով:

Ինչո՞ւ հայերը գինեգործությունից անցան օղեգործության

 «Պատճառները շատ խորն էին: Մինչ 13-14 դարն աշխարհը ընկալում էր Հայաստանը որպես խաղողի և գինու օրրան, մանավանդ, մոնղոլ-թաթարների ժամանակ այդ գաղափարն ավելի ուժեղացավ, այնուհետ Հայաստանը հայտնվեց ռեակցիոն իսլամ դավանող երկու պետությունների միջև՝ մի մասն օկուպացրեց Օսմանյան կայսրությունը, մի մասը՝ պարսկական խանությունը, որոնք երկուսն էլ արգելեցին գինու արտադրությունը»,- ասում է հայ գինեգործների միության նախագահը:

Նրա կարծիքով՝ մի քանի պատճառներ կային, որոնք հայերին մղեցին դեպի օղու արտադրություն, որտեղից էլ` դեպի կոնյակագործություն: «1604 թ. Շահ Աբասը Հայաստանից քշեց մոտ 300.000 հայ, իսկ 1828 թ. հայերի մի մասը վերադարձավ: Նրանք այն հայերն էին, ովքեր ապրում էին լեռներում: Իսկ լեռներում տարածված էր օղու մշակույթը»,- ընդգծում է նա: Նրա խոսքով՝ Շահ Աբասի օրոք հայերի տեղահանությունից հետո Հայաստան եկան թուրքեր, որոնք բնակվում էին դաշտավայրերում: Նրանք տեխնիկական խաղողը փոխել էին սեղանի խաղողներով, որովհետև նրանց մոտ գինեգործությունն արգելված էր: Լեռներից եկած հայերին արդեն բաժին էին հասել գինեգործության համար ոչ պիտանի խաղողի այգիները: Իսկ ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զինվորներին օղի էր հարկավոր, և հայերը թուրքերից վարձակալած այգիների խաղողով սկսեցին պատրաստել օղի:

Մինչ 1861 թ., ըստ Ա. Հարությունյանին, ցարը օղեգործ հայերից հարկ չէր վերցնում, իսկ 1870-ական թթ. Ֆրանսիայից ներմուծվեց կոնյակի տեխնոլոգիան: «Հայերը մի քանի տարում՝ 3-4, օղեգործությունից կտրուկ անցան կոնյակագործության, վրացիները իներցիայով շարունակեցին զբաղվել գինեգործությամբ: Իսկ ռուս ցարը դիվերսիֆիկացրեց երկու ոլորտները՝ գինեգործության լավագույն տեխնոլոգիաներն ուղղեց Վրաստանին, իսկ կոնյակագործության լավագույն տեխնոլոգիաները՝ Հայաստանին: Եվ Հայաստանը դարձավ ամբողջ Ռուսաստանի կոնյակագործության լավագույն կենտրոնը, իսկ Վրաստանը՝ գինեգերծության»,- ասում է Ա. Հարությունյանը՝ ավելացնելով, որ Խորհրդային Միության ժամանակներում էլ դա կարծրացած մոտեցում էր, ինչը փոխվեց միայն վերջին 5-6 տարիներին:

Նա նշում է, որ Հայաստանը 1 անձի հաշվով խմում է 1,5 լիտր գինի, Եվրոպան՝ 50 լ, մենք խմում ենք այնքան օղի, որքան ռուսները, մոլդովացիները: «Մենք օղի խմող ազգ ենք:  Օղին քաղաքական խմիչք է, օղով լուծում են քաղաքական խնդիրներ: Եթե դու ուզում ես կառավարել մարդուն, իրեն դարձրու ալկոհոլիկ: Դա ռուսական քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն է»,- ընդգծում է գինգործների միության նախագահը:

Ինչո՞վ է զբաղվում գինեգործների միությունը

Հայ գինեգործների միությունը պաշտոնապես հիմնվել է 1997 թ., որը հիմնականում զբաղված է գինեգործության ոլորտի իրավական հարցերով: Միության կազմում այսօր ընդգրկված է 31 ընկերություն, իսկ խոշոր ընկերությունները, ինչպես օրինակ, Երևանի կոնյակի գործարանը, «Նոյը», դուրս են միությունից (նախկինում կոնյակագործները ևս ընդգրկված էին այս միությունում և միայն երկու տարի առաջ ստեղծեցին առանձին միություն): «Խոշորները կարիք չունեն իրավական աջակցության»,- նկատում է Ա. Հարությունյանը, իսկ իր ղեկավարած կառույցը փոքր ու միջին արտադրողների իրավական պաշտպանն է:

«2 տարի առաջ գինեգործները կամ կոնյակագործներն իրենց խնդիրները լուծում էին անձնական ճանապարհներով, այսինքն՝ վարչապետի հետ լավ հարաբերություններ, նախագահի հետ լավ հարաբերություններ, Ազգային ժողովի նախագահի հետ լավ հարաբերություններ, և ճյուղի խնդիրները լուծվում էին անձնական հարթության վրա, որովհետև ստանդարտ իրավական ճանապարհը չէր աշխատում»,- ասում է նա:

Նրա խոսքով՝ նամակները տեղ չէին հասնում «վերևներին», իսկ հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է. վարչապետին կից ստեղծվել են խորհուրդներ, որոնց միջոցով խնդիրը հասնում է տեղ, բայց այդտեղ երկրորդ հարցն է առաջանում՝ խնդրի լուծումը: «Խնդիրը 2 մասից է բաղկացած՝ խնդիրը տեղ հասցնել և լուծել: Հիմա էս պետությունը խնդիրը տեղ հասցնելու ճանապարհը սարքել է, մենք խնդիրը կարողանում ենք հասցնել դիվան բաշուն՝ ամենավերևի ատյաններին ճիշտ ժամանակին, բայց դեռ նույն սկզբունքով է աշխատում, ինչպես առաջ: Կառավարությունից կախվածը շատ արագ լուծվում է, ասում են՝ խնդիրը կա, քննարկում ենք: Բայց հերիք է, որ դա անցնի Ազգային ժողով՝ նույն դանդաղկոտությունը, նույն բյուրոկրատիզմը, ինչ որ ունեինք 2-3 տարի առաջ: Գուցե մե՞նք ենք մեղավոր, որ չենք աշխատում Ազգային ժողովի պատգամավորների հետ»,- ասում է նա:

Հայկական գինին՝ բրենդի ճանապարհին

Արդեն 2 ամիս է՝ Հայաստանում ստեղծվել է «Հայկական գինի» ՀԿ-ն, որի նախագահ ընտրելու են ապրիլի վերջին: Դրան զուգահեռ շուտով ստեղծվելու է նաև հայկական գինու հովանոցային բրենդը, երբ բոլոր արտադրողները, նաև կառավարությունը գովազդում են մեկ բրենդ: Այդ բրենդի մշակման աշխատանքները կառավարությունը պատվիրելու է մի կազմակերպության:

«Պետությունը տրամադրել է մեծ գումար, որպեսզի հայկական գինու բրենդը մշակվի՝ լոգոն, ռազմավարությունը: 1-2 շաբաթից պարզ կլինի, թե որ կազմակերպությունը կհաղթի»,- նշում է Ա. Հարությունյանը: Զրույցի վերջում հավելում է, որ ինքը շատ լավատես է և գիտի, որ հայկական գինին իր արժանի տեղը կգտնի: «Գինու վերածնո՞ւնդն է լինելու»,- հետաքրքրվեցի նրանից: «Այո, հաստատ կլինի: Մեծանում է մի սերունդ, որն այսօր օղի չի խմում»,- ասում է նա՝ կոչ անելով, որ հայերը նախևառաջ հավատան հայկական գինուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter