HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«10 տարի առաջ դատապարտվեցին երեք անմեղ, պայծառ երեխաներ»

Դպրոցական վերջին զանգից մի քանի տարի անց Բերդի բնակիչ, 18-ամյա Ավետիք Թումանյանը զորակոչվել է բանակ, ծառայել ԼՂ պաշտպանության բանակում, սակայն արդեն 10 տարի է՝ նրան սպասում են տանը: 19 տարեկանում ցմահ ազատազրկման դատապարտված (Վերաքննիչ դատարանի դատավճռով պատիժը փոխարինվել է 15 տարվա ազատազրկման-հեղ.), արդեն 10 տարի անազատության մեջ գտնվող Ավետիքն, ինչպես և նրա երկու ծառայակիցները մեղադրվել են համածառայակից, 18-ամյա Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ, սակայն 10 տարի նրանք պնդում են, որ անմեղ են, պայքարում են քրեական գործի վերաբացման համար: 

«Հետքը» շարքով ներկայացրել է այս ողբերգական պատմության մանրամասները:   

Ավետիք Թումանյանի մայրը՝ տիկին Անահիտը, մեզ հետ զրույցում պատմեց, որ դեպքի մասին իմացել են միայն 20 օր անց՝ 2004թ. հոկտեմբերի 8-ին. «Զանգ ստացա Ղարաբաղից, ինձ հայտնեցին, որ երեխաս սպանության մեջ է կասկածվում: Հետո տղաներին բերեցին Հայաստան: Քննիչ Սերժ Փիլոյանն ասաց՝ մի՛ անհանգստացեք, Ավետիքը դատարանի դահլիճից դուրս կգա: Նոյեմբերին միայն «Նուբարաշենի» բանտում առաջին անգամ ապակիների հետևից տեսանք մեր տղային: Հետո արդեն ցմահ դատապարտյալի կարգավիճակում էր, երկարատև տեսակցության գնացինք, այդ ժամանակ պատմեց, թե ինչ բռնությունների են ենթարկվել, որ իրենց վրա վերցնեն զինվորի սպանությունը: Երբ գնում էինք Վայքի դատարան, կարծես, թատրոնում լինեինք, ներկայացում էր բեմադրված: 30 րոպե էր տևում նիստը, հետո ընդմիջվում էր, կարծես՝ խաղ ու պար լիներ: Բայց մարդկանց ճակատագրեր էին որոշվում: Իսկ հիմնական ցուցմունք տվող «Աղվես» մականունով զինվորին բերում ու արագ տանում էին դատերին՝ պատճառաբանելով, թե նա հիվանդ է: Այդպիսի պահերից մեկի ժամանակ տղաները մի քիչ բորբոքվեցին, դատավոր Լևիկ Պողոսյանն էլ (դատավորը հիմա վաստակած հանգստի է անցել-հեղ.) երեխաներին ասաց՝ խելոք մնացեք, թե չէ ցմահ եմ տալու: Աբսուրդից մեկն էլ այն էր, որ տղայիս վրա դրել էին նաև պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածը, բայց նա շարքային է եղել: Արդեն տասը տարի է մենք պայքարում ենք: Ես լավատես եմ, գիտեմ, որ տղաս անմեղ է, նրա ձեռքերը, նաև մյուս երկու տղաների ձեռքերը արյունոտ չեն, գիտեմ, որ արդարությունը՝ թեկուզ ուշացած, բայց կհաղթանակի, ճշմարտությունը կբացվի սրտացավ մարդկանց շնորհիվ»: 

«Հետքը» զրուցեց նաև զինծառայողներ Ավետիք Թումանյանի ու Սուրիկ Չոբանյանի փաստաբան, պետական պաշտպանությամբ հրավիրված Վահե Մարգարյանի հետ, ով համոզմունք հայտնեց, որ երեք զինծառայողներն էլ անմեղ են. «Եթե ինձ կասկածեմ այդ սպանության մեջ, ուրեմն իրենց էլ եմ կասկածելու: Ես այս պնդումն արել եմ դեռ 10 տարի առաջ: Այդ տղաները պայծառ 19-ամյա երեխաներ էին, հիմա արդեմ 30 տարեկանին մոտ տղամարդիկ: Իմ համոզմունքը չի փոխել, քանի որ ծանոթ եմ ողջ քրեական գործին: Ես պնդում եմ, որ 10 տարի առաջ դատապարտվեցին երեք անմեղ, պայծառ երեխաներ: Նախաքննական մարմինն ու դատարանը ոչ մի ապացույց չեն կարողացել բերել՝ հիմնավորելու, որ նրանք կատարել են սպանություն: Դատավճռի հիմքում մեկ անձի ամընդմեջ փոփոխվող ցուցմունքներն են միայն: Եղբայրներ Կարապետյանների ցուցմուքներն են և վերջ: Ամբողջ մեղադրանքը կառուցվել է նրանց ասածների վրա: Բանն այն է, որ Գրիգոր Կարապետյանի հագուստի վրա են հատնաբերվել արյան հետքեր, և նրա եղբայր Անդրանիկը՝ «Աղվես» մականունով, այդ պահից սկսած փոխել է ցուցմունքները՝ տալով մյուս տղաների անունները»: 

«Հետքը» ևս ծանոթացել է քրեական գործի նյութերին: Սա այն եզակի զինվորական  քրեական գործերից է, որտեղ նշանակվել են անհրաժեշտ բոլոր փորձաքննությունները: 15 հատորանոց քրեական գործում մոտ 15 փորձաքննություն եզրակացություն կա, սակայն դրանցից որևէ մեկում հայտնաբերված չէ Ավետիք Թումանյանին, Սուրիկ Չոբանյանին ու Արթուր Քոչարյանին պատկանող մասնիկ անգամ: Հետևաբար փորձաքննություններով հերքվել է նրանց մասնակցությունը 18-ամյա զինվոր, 4 ամսվա շարքային Արթուր Մեսրոպյանի սպանությանը:  Դեռ հակառակը՝ մատնադրոշմային փորձաքննության արդյունքներով պարզ երևում է, որ իրեղեն ապացույցների, նաև դիակի վրա հայտնաբերվել են չբացահայտված մատնահետքեր: Սակայն նախաքննական մարմինը՝ ՀՀ զինդատախազության ՀԿԳ քննիչները չեն տվել այդ հանգամանքի վերաբերյալ հիմնավորում, չեն պարզել, թե ում մատնահետքերն են դրանք: 

Փաստաբան Վահե Մարգարյանը մինչ օրս իր պաշտպանյալների ընտանիքների հետ կապի մեջ է, չի մոռանում տղաներին, հիմա էլ ելքեր է փնտրում գործի վերաբացման համար: 3 զինծառայողների ծնողների հետ նա հանդիպել է գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Վերջինն ասել է, որ գործը կարող է վերանայվել միայն նոր երևան եկած հանգամանքներով: 

Իսկ նոր հանգամանքներ ունենալու հիմքերը Հայաստանի Հանրապետությունում ոչնչացվում են օրենքով: Օրինակ՝ իրեղեն ապացույցները: Բոլոր դատավճիռների վերջում դատավորներն ընթերցում են՝ իրեղեն ապացույցները ոչնչացնել արտահայտությունը: Իսկ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ զարգացած աշխարհը վաղուց արդեն հին գործեր է վերաբացում: Տասնյակ տարիներ անց դատապարտյալները ճանաչվում են անմեղ ու արդարացման դատավճռով վերադառնում ազատություն: Պետությունները ներողություն են խնդրում ու վճարում աստղաբաշխական թվերի հասնող փոխհատուցումներ: 

Փաստաբան Վահե Մարգարյանն ասում է, որ այս գործն իր սրտից ու մտքից դուրս չի գալիս ու անընդհատ ելքեր է փնտրում, որպեսզի գործն, ի վերջո, վերաբացվի: Այդ նպատակով նա քրեական ողջ գործը հանձնել է փաստաբան Հայկ Ալումյանին, ով փորձելու է իր մասնագիտական գործողություններով օգնել երեք երիտասարդներին՝ իրենց քրեական գործի վերաբացման հարցում: «Հետքի» հետ զրույցում Հայկ Ալումյանն ասաց. «Հիմա դեռ ծանոթանում եմ քրեական գործի նյութերին: Պետք է փորձեմ շարժվել նոր երևան եկած հանգամանքների փնտրման ճանապարհով: Պետք է նաև  փորձել գտնել իրեղեն ապացույցները, միգուցե դրանք դեռ պահպանվում են, թեպետ դատավճռի հիմքում գրված է իրեղեն ապացույցները ոչնչացնել»: 

21-րդ դարում, երբ տեխնոլոգիաների դարաշրջան է, երբ ամեն մի հանրահավաքի ժամանակ քաղաքացիներին տեսանկարահանում ու լուսանկարահանում են տասնյակ ոստիկաններ, քննչական գործողությունների ժամանակ այնքան քիչ է կատարվում լուսանկարահանում, որ այսօր հնարավոր չէ անգամ ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ, օրինակ, 3D մոդելավորմամբ ստանալ հանցագործությունների կատարման մեխանիզմը: Սա ևս կարող էր դառնալ նոր երևան եկած հանգամանք, սակայն տեղազննության վայրը, ինչպես հայտնեց փաստաբան Վահե Մարգարյանը, դեպքից 2 օր անց՝ 2004 թ-ի սեպտեմբերի 23-ին, տեխնիկայով ոչնչացված է եղել, հետևաբար հանցագործության բոլոր հետքերը վերացվել են: «Փոխարենը տեղանքի ամեն մետր քառակուսին լուսանկարելու (գործում տեղանքի ընդամենը մի քանի լուսանկար կա-հեղ.), քննիչները ձեռքով սխեմաներ էին կազմել»,-տարակուսում է փաստաբանը: 

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, նախկին քննիչ, քննչական գործունեության 8-ամյա փորձ ունեցող Մարատ Կոստանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, անշուշտ, սխեմաները կարևոր են, սակայն լուսանկարներն էլ իրենց տեղն ունեն: Նա կարևորեց հանցագործության կատարման վայրում ամեն դետալի լուսանկարումը:     

Հ.Գ. «Հետքը» դիմել է ԱՆ Քրեակատարողական վարչություն «Սևան» ՔԿՀ-ում դատապարտյալ, նախկին զինվոր Ավետիք Թումանյանի հետ հարցազրույց անցկացնելու թույլտվությամբ: Դիմել ենք նաև դատապարտյալին՝ ստանալու նրա համաձայնությունը: Երկուստեք համաձայնության դեպքում կներկայացնենք նրա հետ հարցազրույցը: 

Մեկնաբանություններ (9)

Narek
Hayastan hayastann,,esinch ori hasar,,esinchh datavorner unesss,kasharaker,mtacum en miayn irenc poxii hamar,,pox unenan jahndam te jahel jahel chen gnum korum,,....
SRBUHI
cavalin ayn e vor chgites inchin havatal ham unenq zinvorner voronq ivijakin en nman dajanutyan ham karavarutyun vor karoxe anmex zinvornerin mexadrel ir bace cackelu hamar u aysqanic heto uzum en vor txa uxarkenq banak . Yuraqanchyur cnox kuzi vor ir txan qaj u hayrenaser zinvor lini bayc aysor shat kaskacum em vor mer banak@ ivijakie pashtpanel ir anmex zinvorin...
Նառա
Ամոթ մեր արդարադատությանը,որը իր տգիտության պատճառով հովանավորում է զինվոր սպանողներին, իսկ զինվորի զինակիցներին կամ ընկերներին թաղում բերդի պատերի մեջ փակելով....
LILIT GHABUZYAN
im praktikai @ntacqum miak qreakan patmutyunn e, vorn iskapes hogebanoren canr azdecutyun eunecel indz vra,,,,, namanavan ayn depqic heto erb patahabar imaca vor mterimnerics mek@ Suriki mot @nkern e, ev texyak e ays patmutyan@ yurovi.......
Tatev
Banak@ xraxusum u kopume patanun ujex ev kayun txamard darcnum hasarakutyan hamar. Isk mer banakum hazaravor eritasardneri kyanqer u azatutyunner en xlum. Zrkvelov azatutyunic chesel hasakanum te um kataraci hamares patasxan talis kyanqit tank u lavaguyn tarinerov
TATEV
ara duq vapshe srbutyun uneq
Hayk
Cavalier e de revs nmanatip depqer goyutyun unen
Վեհարի Առաքելյան
Եթե սպանությունը բացահայտող ֆոտոնկարներ լինեին դրանք նույնպես իրեղեն ապացույցների հետ կոչնչացնեին /ճիշտ այնպես, ինչպես ոչնչացրեցին թիվ 90856809 քր. գործում սպանված զինվորի դիակի վրա հրազենային վնասվածքներով ֆոտոնկարներն ու այլ ապացույցները/: ՀՀ ՊՆ բոլոր քննչական ծառայությունները, ինչպես նաև դատարաններն ու դատախազությունները ավելորդ մարմիններ են, քանի որ նրանք իրենց աշխատավարձ-եկամուտները ստանում են քր. գործերը կոծկելու դիմաց:
NY
նոր հանգամանքներ ունենալու հիմքերը Հայաստանի Հանրապետությունում ոչնչացվում են օրենքով: Օրինակ՝ իրեղեն ապացույցները: Բոլոր դատավճիռների վերջում դատավորներն ընթերցում են՝ իրեղեն ապացույցները ոչնչացնել արտահայտությունը:- kakoj marazm,absurd na grani bezumstva.Slov net....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter