
«Խմի, որ բան չգրես վրներս». բնապահպանության նախարարության աշխատակիցը` լրագրողներին
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիային (1973) Հայաստանը միացել է 2009թ.: Կոնվենցիան համակարգում է ՀՀ բնապահպանության նախարարությունը` ի դեմս Կենսառեսուրսների կառավարման գործակալության:
Մինչ 2013թ. ամառ կոնվենցիայի համակարգողը Սիրանույշ Մուրադյանն էր, ով, սակայն, մահացավ: Առանձին համակարգող այժմ նշանակված չէ, սակայն համակարգումն իրականացնում է Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը` գործակալության պետ Արտաշես Զիրոյանի գլխավորությամբ:
Չնայած միջազգային կարմիր գրքում գրանցված կենդանիների ներկրման և արտահանման փաստերի մասին մեր հրապարակումներին, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր անհետացման եզրին գտնվող հազվագյուտ կենդանատեսակների առևտրի համար, Արտաշես Զիրոյանը կարծում է, որ իրենք «փայլուն իրականացնում են» կոնվենցիան և «պրոբլեմ չունեն», և իրենց մոտ դա «շատ խիստ է դրված»: Դրանում նա փորձում էր համոզել նաև շվեյցարացի լրագրող Կարլ Ամանին, ով անցյալ շաբաթ ժամանել էր Հայաստան կենդանիների ապօրինի առևտրի մասին ֆիլմ նկարահանելու:
Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի հետ հարցազրույցի էինք: Նշում է, որ իր համար կարևորը կենդանու կամ բույսի լինելու և չոչնչացնելու խնդիրն է, մնացածի մասին, թե ով ինչ ստացավ կամ ինչ գումար վաստակեց, խորանալու ցանկություն չունի, քանի որ ինքը գիտնական է` կենսաբանական գիտությունների թեկնածու:
Ա. Զիրոյանը նշում է, որ վտանգված տեսակների ներկրման և արտահանման համար իրենք թույլտվություն չեն տվել, քանի որ դրանք «վայրի բնությունից չեն ու վերջ»:
Շվեյցարացի լրագրողը նկատում է, որ CITES-ի պատասխանատվության շրջանակներում է ապօրինի ներկրված կենդանիների հայտնաբերման դեպքում կոնֆիսկացնել և արտահանձնել դրանք ծագման երկիր (և քանի որ արդեն հայտնաբերվել են նման դեպքեր), արդյոք պատրաստվում են նախաձեռնել բոնոբորների և շիմպանզների արտահանձնումը: «Է հա, բայց մենք ինչ մեղք ունենք,-արձագանքեց Զիրոյանը: -Մենք իրավունք չունենք, նման իրավական դաշտ չկա: Ես ով եմ: Ես միայն CITES-ի թղթի հիման վրա տալիս եմ համապատասխան թուղթ: Բնապահպանության նախարարությունը, պետական մարմինը, ներքին գործերը կամ ոստիկանությունը թող զբաղվի դրանով»:
Մինչդեռ «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի 8-րդ հոդվածը հստակ սահմանում է.
1. Կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման և դրանց խախտման դեպքում նմուշների առևտուրն արգելելու համար: Այս միջոցները ներառում են.
ա) պատժամիջոցների կիրառում նման նմուշների առևտրի կամ տնօրինման կամ երկուսի համար, և
բ) առգրավելը կամ նման նմուշները վերադարձնելը արտահանող պետությանը:
Դիտարկմանը, թե Հայաստանի համակարգող մարմինը չի պատկերացնում Կոնվենցիայով ստանձնած իր պարտականություները, քանզի հենց ինքը պետք է նախաձեռներ, Ա. Զիրոյանն արձագանքում է. «Ինձ ոչ մեկ չի դիմել, ես ոնց դիմեմ: Որպեսզի դիմեմ, պետք է փաստաթղթեր լինեն, որ ասեմ` էս փաստաթղթերի հիման վրա...: Դա մաքսային կառույցը պետք է դիմի»,- ասաց Արտաշեց Զիրոյանը:
«Դուք արդեն գիտեք, որ «Ջամբո» ակումբում բոնոբո կամ շիմպանզե կա, դուք ստուգել եք, թե ինչպե՞ս է այն հայտնվել Հայաստանում, ունի՞ արդյոք թույլտվություն, թե՞ ոչ»,-հարցրեց Կարլ Ամանը:
«Ոչ, ես նման իրավունք չունեմ»,- պատասխանեց Ա.Զիրոյանը և հավելեց, որ իրենք ոչ մի փաստաթուղթ չեն տեսել:
Արտաշես Զիրոյանը կարծում է, որ վերոնշյալ կոնվենցիան ավելորդ հոգս էր իրենց համար, և ինքը դրա պատճառով դենդրոպարկերի` ծառերի մասնագետներին ստիպում է CITES-ով զբաղվել, մինչդեռ դրա համար ոչ ոք աշխատավարձ չի ստանում: «Անիմաստ մենք ընկանք դրա տակը: Իներցիայով անում ենք»: Ավելին, ըստ ԲՆ աշխատակցի, Կոնվենցիան չպետք է տարբեր հավելվածներ ունենար: Կոնվենցիայով պետք է պաշտպանվեին միայն ամենավտանգված ու անհետացման եզրին գտնվող կենդանիները:
Կարլ Ամանը նկատեց, որ Գվինեային կոնվենցիայի խախտումների հետևանքով արգելվել է արտահանել կամ ներմուծել CITES-ի որևէ տեսակ. այսինքն` CITES-ի անդամ երկներից ոչ ոք այլևս չի ընդունում որևէ կենդանատեսակ այդ երկրից, ինչը տնտեսապես ազդում է երկրի վրա: Նույնը կարող է սպառնալ նաև Հայաստանին, քանի որ ոլորտը չի վերահսկվում: Օրինակ` քանի որ Հայաստանից բավականին մեծ քանակությամբ ձուկ և խավիար է արտահանվում, դրա վրա արգելք դրվի, ինչը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:
«Մենք որևէ խախտում չենք արել»,- շարունակում էր կրկնել Ա.Զիրոյանը` նշելով, որ իրենց պետք չէ ոստիկանի տեղ դնել, իրենք աշխատում են CITES-ի կարգով:
Շվեյցարացի լրագրողին ու գերմանացի օպերատորին ընդունելու համար ԲՆ գործակալությունում մրգերով լի ամաններով հյուրասիրություն էր պատրաստված, իսկ զրույցի կեսից Ա. Զիրոյանը նաև հիշեց սառնարանում պահված «համով հայկական գինու» մասին, և ամեն կերպ համոզում էր մեզ փորձել այն: «Մի քիչ խմի, շատ լավն է, խմի, որ բան չգրես վրներս»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել