HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սերժ Սարգսյանն սկսել է իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու գործընթացը»

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ

-Վարչապետի հրաժարականն ի՞նչ քաղաքական տեղաշարժ կարող է ունենալ: Մասնավորապես, ի՞նչ կփոխի այն կառավարությանն անվստահություն հայտնած խորհրդարանական 4 ուժերի քաղաքական կուրսում:

-Վարչապետի հրաժարականը, բնականաբար, փոխում է քաղաքական դասավորվածությունը: Նախ թուլանում է Սերժ Սարգսյանի ազդեցությունը: Այն, որ Սերժ Սարգսյանը ասաց, որ կնշանակի մի այնպիսի վարչապետ, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, արդեն իսկ նշանակում է, որ թուլանում են և' իր դիրքերը, և' Հանրապետական կուսակցության դիրքերը:

Մինչ այդ հանրապետականների հայտարարությունների տոնայնությանը բնորոշ էր ջունգլիների օրենքներին: Նրանք միշտ հայտարարում էին, որ հզոր են, սակայն մյուս ուժերի հետ հաշվի նստելը վարչապետի ընտրության հարցում արդեն իսկ նշանակում է, որ հարաբերությունները փոխվում են: Այսինքն` արդեն այդքան էլ հզոր չեն:

Եվս մի կարևոր միտում. քանի որ նոր վարչապետը ընդունելի է լինելու նաև մյուսներին, դա նշանակում է, որ նոր վարչապետը չի լինելու միայն հանրապետականների թեկնածուն` անկախ նրանից, թե Հանրապետական կուսակցության անդամ կլինի, թե ոչ: Այսինքն` նոր վարչապետը խորհրդարանում ոչ միայն խորհրդարանական մեծամասնության վրա է հենվելու:

Մենք բոլորս ենք հասկանում, թե ինչ փիլիսոփայության վրա է կառուցված այդ կուսակցությունը: Ոհմակը միավորվում է առաջնորդի շուրջը, և երբ կասկածի տակ է դրվում առաջնորդի ամենազորությունը, ապա ոհմակը սկսում է քայքայվել: Այս առումով մենք կարող ենք ևս մեկ միտում աձանագրել. չի բացառվում, որ մոտ ժամանակները Հանրապետական կուսակցությունը սկսի տարանջատվել տարբեր խմբավորումների:

Բնականաբար, այս նոր իրավիճակը ենթադրում է, որ 4 խորհրդարանական ուժերը պետք է սրբագրեն իրենց մարտավարությունը, ինչպես նաև ռազմավարությունը:

Ըստ էության կարելի է ասել, որ Սերժ Սարգսյանը սկսել է իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու գործընթաց:

-Իսկ արդյո՞ք վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանի տակտիկական քայլը չէր ապրիլի 28-ին ընդառաջ, որով նա հանեց ոչ իշխանական 4 ուժերի օրակարգային հիմնական հարցը:

-Ինչ է նշանակում տակտիկական քայլ: Կա պահանջ և կա այդ պահանջի կատարում: Թե տակտիկական քայլ է, թե մեկ այլ բան, ո՞ւմ է դա հետաքրքրում: Սերժ Սարգսյանը դրանով ցուցադրեց իր թուլությունը, ինչն ունի լուրջ հիմքեր` խորը հանրային անվստահություն, քայքայվող և անհեռանկար տնտեսություն, ձախողված արտաքին քաղաքականություն, անվստահություն անգամ իր թիմակիցների կողմից: Կարծում եմ, որ տակտիկական և այլ տեսակի քայլերի ժամանակը անցել է: Սերժ Սարգսյանը ձախողված պետական գործիչ է, և ժամանակը եկել է, որ հանգստի մասին մտածի, եթե, իհարկե, կկարողանա այն վայելել` տեսնելով, թե ինչ վիճակի է հասցրել երկիրը:

-Լավ, պարոն Դանիելյան, իսկ ո՞վ է վարչապետի ամենահավանական թեկնածուն` ըստ Ձեզ: Ֆեյսբուքյան Ձեր էջում, կարծես, ակնարկ էիք արել:

-Այդ հարցի պատասխանը չունեմ:

-ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն չեն բացառել նորից կոալիցիա մտնելը: Դա չի՞ ենթադրում, որ քաղաքական դասավորությունը կդառնա այնպիսին, ինչպիսին 2008թ. ապրիլին էր` Սերժ Սարգսյանի պաշտոնավարության սկզբում:

-2008-Սերժ Սարգսյանը դեռ նոր էր սկսել նախագահ աշխատել և քաղաքական օրակարգը այլ էր: Հիմա Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, և պայքարը գնում է իշխանության համար: Եթե հիմա կոալիցիա կազմվի, ապա այդ կոալիցիայի արդյունքում հանրապետականների դերը երկրորդական կլինի: Սերժ Սարգսյանը շատ քիչ լծակներ կունենա իրավիճակի վրա ազդելու համար: Առանց խորհրդարանական մեծամասնության նախագահի ազդեցությունը բավականին սահմանափակ է:

-Դուք բավականին վստահ եք խոսում Սերժ Սարգսյանի` իշխանությունը խաղաղ ճանապարհով հանձնելու մասին: Ո՞րն է այդ վստահության հիմքը:

-Իմ կարծիքով, երկու պատճառ կա այդպես մտածելու համար: Առաջին պատճառը Սերժ Սարգսյանի անհատական վարքագիծն է: Նա ոչ թե առճակատման գնացող, այլ ստվերային գործարքների հակված անձնավորություն է. հակապես եթե հաշվի առնենք այն, թե իր գործուեության ընթացքում որքան իրավախախտումներ է թույլ տվել: Նա կաշխատի պայմանավորվել, քան ճակատամարտ տալ: Երկրորդ պատճառը` արտաքին ուժերի վստահությունը բացակայությունն է: Ես նկատի ունեմ միաժամանակ բոլոր որտաքին խաղացողներին: Նա ոչ մի ճակատում հենման կետ չունի:

Մեկնաբանություններ (1)

Rafo
Serj@ Robi het amen inch kanen vor ishxanutyun@ anzni irenz mardun, aylapes irenq koraz en.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter