HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետին

Բագրատ Խաչատրյան

Սկիզբը 

Հարգելի պարոն Գալստյան, ստացա №17-9-5101  2014 թվականի մարտի 31-ին Ձեր կողմից ստորագրված գրությունը, չեմ թաքցնի, շատ զարմացրեց:

Նախ, Ձեր կողմից նշված բովանդակությամբ դիմում ես չեմ ներկայացրել ճանապարհային ոստիկանություն: Ենթադրում եմ, որ ճանապարհային ոստիկանության քննարկման առարկա է դարձել ՀՀ վարչապետին ուղղված դիմումը, կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին ուղարկված պատճեն: Մյուս կողմից, շատ է հետաքրքրում, ՀՀ կառավարությունում կամ առնվազն ՀՀ Ոստկանության պետը տեղեկացվա՞ծ են ինչ պատասխան եք ինձ ուղարկել, թե` ոչ:

Երկրորդը` չնայած գրության մեջ հիշատակված լինելուն,  Ձեր նամակի ծրարի մեջ որևէ այլ փաստաթուղթ չեմ հայտնաբերել:

Նախընտրեցի պատասխանել հրապարակայնորեն:

Որպեսզի հանրությանը պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը, հարկ եմ համարում անբողջությամբ տեղադրել թե՛ Ձեր գրությունը, թե՛  ս.թ. մարտի 19-ին ՀՀ վարչապետին ուղղված իմ դիմումի պատճենը (իմ դիմումը տեղադրված է բաց նամակի վերջնամասում, կամ կարող եք բեռնել):

Անցնեմ ստացված գրության բուն իմաստի քննարկմանը: Իմ դիմումում բարձրացված հարցերի նկատմամբ Ձեր առարկությունները հիմնականում հիմնվում են Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 23-րդ հոդվածի 6-րդ կետին, որն ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի ճանապարհային երթևեկության անվտանգության աշխատանքային խմբի 2004 թվականի ապրիլի 23-ի TRANS/WP.1/2003/1/Rev.4 փաստաթղթով համալրվել է 2006 թվականի մարտի 28-ից գործող ուղղումներով: Այս ուղղումները, ինչպես նաև 1992 թվականի մարտի 3-ին կատարված և 1993 թվականի սեպտեմբերի 3-ին ուժի մեջ մտած ուղղումները հանդիսանում են  Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի անբաժանելի մաս:

ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված են հստակ տեղեկություններ, թե որ ուղղումները որ միջազգային փաստաթղթին են վերաբերվում, որ միջազգային փաստաթուղթը ներկայումս ինչ ձևով է հարկավոր ընկալել:

Կայքից քաղված այս նկարում պատկերված է, թե Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայում երբ են կատարվել ուղղումներ և ինչ լեզուներով: 

Հաջորդ նկարում պատկերված է, թե Ժնևյան 1971 թվականի մայիսի 1-ի Եվրոպական համաձայնագիր կոչվող Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի լրացումների մեջ երբ են կատարվել ուղղումներ և ինչ լեզուներով:

Բեռնելով նշված երկու փաստաթղթերի 2006 թվականի մարտի 28-ից գործող ուղղումները, կարող եք համոզվել, որ երկու փաստաթղթերի մեջ էլ ուղղումները կատարվել են 2004 թվականի ապրիլի 23-ին, սակայն մեկը ռուսերեն տարբերակում բաղկացած է 23 էջից, համարակալված է որպես TRANS/WP.1/2003/1/Rev.4, վերաբերում է Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիային և 2-րդ էջը սկսկում է հետևյալ նախադասությամբ` 

Մյուսը` ռուսերեն տարբերակում բաղկացած է ընդամենը 3 էջից, համարակալված է որպես TRANS/WP.1/2003/2/Rev.4,  վերաբերում է Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի դրույթները լրացնող Եվրոպական համաձայնագրին, որն ընդունվել է 1971 թվականի մայիսի 1-ին Ժնևում և 2-րդ էջը սկսկում է հետևյալ նախադասությամբ`

Ավելի պարզ և հստակ ներկայացնեմ խնդիրը`


Փորձեք բեռնել և ուսումնասիրեք Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի 2006 թվականից առ այսօր գործող և բոլոր ուղղումներով համալրված տարբերակը, նկարում ներկայացված է կանաչ շրջանակի մեջ: Հուսով եմ` կհամոզվեք, որ, ինչպես նշել էի ՀՀ վարչապետին ուղղված իմ դիմումում, Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի հայերեն տեքստում ներառված չեն 2004 թվականի ապրիլի 23-ին կատարված ուղղումները: Այդ այն դեպքում, երբ 1993 սեպտեմբերի 3-ի ողղումները ներառված են: Ինչ վերաբերվում է կոնվենցիայի 23-րդ հոդվածի 6-րդ կետին, ապա այն նույնպես պետք է լինի բնագիր տեքստին համահունչ (23-րդ հոդվածի 6-րդ կետի ներկայումս գործող բնօրինակ տեքստերը ներկայացված են ՀՀ վարչապետին ուղղված դիմումին կից քաղվածքներում): Այսինքն` կանգառի կամ կայանելու այլ արգելք նախատեսելու հնարավորությունը վերաբերվում է միայն և միայն հեծանիվների և մոպեդների կայանման կարգին:

Ավելացնեմ, որ Ձեր նամակից ինձ համար մութ մնաց հետևյալը`

1. Ինչի՞ կապակցությամբ եք տեղեկացնում ինձ, որ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի կողմից վավերացված է Կոնվենցիան: Նախ, ի գիտություն Ձեզ, ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը և ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագիրը էապես տարբեր հասկացողություններ են: Երկրորդը` ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության №5938-VIII հրամանագրով 1974 թվականի ապրիլի 29-ին վավերացվել է ոչ միայն Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան, այլ նաև այդ կոնվենցիան լրացնող Ժնևում կատարված 1971 թվականի մայիսի 1-ի Եվրոպական համաձայնագիրը: Միաժամանակ տեղեկացնեմ, որ հենց Եվրոպական համաձայնագրի դրույթներով է նախատեսված տրանսպորտային միջոցների կանգառի արգելքը ոչ միայն հետիոտնային անցումների վրա, այլ նաև մինչև 5 մ հետիոտնային անցումներից առաջ: Երրորդը` ինչպես տեսնում եք, այս մասով անգամ Եվրոպական համաձայնագրով (որին ՀՀ չի միացել) նախատեսած Ճանապարհային երթևեկության կանոնների խստացումները վերաբերվում են միայն հետիոտնային անցումներից առաջ գտնվող տարածությանը և չեն փոփոխում   նրանցից հետո կանգառ կատարելու կամ կայանելու կարգը: Նման արգելքը տրամաբանությունից դուրս կլիներ, քանի որ հետիոտնային անցումներից հետո կայանած տրանսպորտային միջոցը չի կարող սահմանափակել վարորդների կամ հետիոտների տեսադաշտը և չի կարող վտանգավոր իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալ: Եվ չորրոդը` ես ինքս էի հիշատակել այս փաստաթղթի մասին ՀՀ վարչապետին ուղղված դիմումի մեջ, և լրացուցիչ տեղեկացվելու կարիք չունեի:

2. Դուք նշում եք, որ Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան չի կարող արգելք հանդիսանալ կանգառի և կայանման համար այլ սահմանափակումներ սահմանելու վարաբերյալ, այն էլ ավելի խիստ, քան նախատեսված է կոնվենցիայով: Ինձ համար պարզ չի, թե ինչով եք ղեկավարվել այս հայտարարությունը անելիս, ուղղակի հիշեցնեմ, թե նման հայտարարությունը որ իրավական հիմքերին է հակասում `

  • ՀՀ սահմանդրության 6-րդ հոդվածից` «Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են»:
  • Նույնն է սահմանված նաև ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ  5-րդ հոդվածի 1-ին կետով` «Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է: Ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն»:
  • Նույն օրենքի 50-րդ հոդված`  «Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած (կնքված) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման։ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային»:

3.  Ի՞նչ է նշանակում Ձեր հետևյալ արտահայտությունը` «Կոնվենցիայի հայերեն տեքստում 23-րդ հոդվածի 6-րդ մասը գրված է ճիշտ այնպես, ինչպես գրված է ՀՀ կողմից վավերացված տարբերակում»: Դուք համարում եք, որ խոսքը գնում է տարբե՞ր փաստաթղթերի մասին և փորձում եք համեմատե՞լ դրանք: Կամ ի՞նչ հիմքերով եք պնդում, որ Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի ՀՀ կողմից վավերացրած հայերեն տեքստը համահունչ է բնօրիկնակին: Այդ հարցը ճանապարհային ոստիկանության իրավասությունների շրջանակներո՞ւմ է: Նկատե՞լ եք, որ ՀՀ վարչապետին ուղղված դիմումի պատճեներն ուղարկվել են ոչ միայն ՀՀ Ոստիկանաթյան պետին, այլ նաև մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների, այդ թվում ՀՀ արտաքին գործերի նախարարին և ՀՀ արդարադատության նախարարին:

4. Դուք նաև նշում եք, «իսկ Կոնվենցիայի` Ձեր (այսինքն` իմ) կողմից նշված ուղղումներին, փոփոխություններին ու լրացումներին Հայաստանի Հանրապետությունը չի միացել»,  ի պատասխան ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` իմ կողմից երբեք որևէ միջազգային պայմանագրին միանալու հարց չի բարձրացվել, չի բարձրացվել նաև որևէ միջազգային պայմանագրի լրացումների վավերացման հարց: Իմ ասածը միակն է` քանի որ, Վիեննայում 1968 թվականի նոյեմբերի 8-ին ընդունված Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան վավերացրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թվականի հոկտեմբերի 25-ի որոշմամբ, ապա բնագիր համարվող հայերեն տեքստը պետք է համապատասխանի օտար լեզվով ստորագրված բնօրինակի ակտուալ բովանդակությանը, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսվածը չպետք է հակասի վավերացված միջազգային պայմանագրի նորմերին: Օգտվելով առիթից, հիշեցնեմ ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ  21-րդ հոդվածի 7-րդ կետը, այն է` «Միայն օտար լեզվով ստորագրված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի` արտաքին գործերի նախարարության հաստատած նույնական հայերեն տեքստը համարվում է հայերեն բնագիր. նման պայմանագրի կիրառման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման անհրաժեշտություն առաջանալու դեպքում հիմք է ընդունվում օտար լեզվով ստորագրված բնագիր տեքստը»:

5. ՀՀ վարչապետին ուղղված դիմումը Դուք տեղ-տե՞ղ եք կարդացել: Չե՞ք նկատել, որ 4-րդ պարբերության մեջ հիշատակվում էր հետևյալը` «ներկայումս Երևան քաղաքի փողոցների վճարովի ավտոկայանատեղերի, այսպես կոչված "կարմիր գծանշումներով" տարանջատված հատվածների և հետիոտնային անցումների միջև հեռավորությունը հաճախ կազմում է 1-2 մետր»:

Ինչո՞ւ չեք անդրադարձել այս հարցին: Ես իհարկե հասկանում եմ Ձեզ, շատ դժվար է հակասել կամայականությունը արգելող «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներին, այն է` «Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որևէ հիմք: Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ: Եթե վարչական մարմինը որևէ հայեցողական լիազորություն իրականացրել է որոշակի ձևով, ապա միանման դեպքերում հետագայում ևս պարտավոր է իր այդ հայեցողական լիազորությունն իրականացնել նույն ձևով: Վարչական մարմինն այդ սահմանափակումից կարող է հրաժարվել, եթե գերակա շահի առկայության պատճառով նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում»: Ասածիս ավելացնեմ, որ ՀՀ օրենսդրությամբ վճարովի ավտոկայանատեղերի համար որևէ առանձնահատուկ մոտեցում սահմանված չէ:

Հիմա փորձեմ բացատրել, թե ինչո՞ւ է Ձեր գրությունը զարմացրել: Նախկինում, երբ ի պատասխան իմ բողոքարկմանը ստացա հետևյալ նամակը,

ապա մերժման մեջ ներկայցված բացատրությունը վերագրեցի, ինչպես Դուք եք ասում, այն «տեխնիկական վրիպակի արդյունք է»:  Ոչ մի ուրիշ տարբերակով չէր ստացվում բացատրել, թե ինչու իմ միակ բողոքարկման դիմումը, որն 2014 թվականի հունվարի 29-ին ստացվել է ճանապարհային ոստիկանոթյան կողմից և համարակալվել որպես Խ-79,  նույնիսկ չի քննարկվել, քանձի «գոյություն ունի ճանապարհային ոստիկանության 2014 թվականի փետրվարի 1-ի թիվ №17/4-1205 որոշումը»: Այլ կերպ ասած` ընդհանրապես հաշվի չեն առնվել իմ հիմնավորած առարկությունները: Ի՞նչ է ստացվում` ամենուր սկզբից գալիս է հունվարի 29-ը, և միայն երեք օր անց  գալիս է նույն թվականի փետրվարի 1-ը, իսկ Ճանապարհային ոստիկանոթյան օրացույցով ճիշտ հակառակն է: Եվ հենց դա է հանդիսացել միակ, թեկուզև ակնհայտ անհեթեթ,  պատճառը իմ բողոքարկման դիմումը մերժելու համար:

Երբ համեմատում ես ներկայացված երկու նամակների բովանդակությունը, ապա հստակ հասկանում ես,  որ մեկը մյուսից շատ չեն տարբերվում: Չէ՞ որ, ըստ Ձեզ, ՀՀ Ազգային ժողովի 2004 թ. հոկտեմբերի 25-ի որոշմամբ Ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիան վավերացվել է, իբր առանց անբաժանելի մաս հանդիսացող, առավելևս, ավելի վաղ կատարված 2004 թ. ապրիլի 23-ի ուղղումների: Հիշեցնեմ, որ ՄԱԿ-ի ավանդապահի (դեպոզիտարիայի) 2005 թ. փետրվարի 11-ի ծանուցման մեջ չկա որևէ գրառում Հայկական կողմի վերապահումներով միանալու վերաբերյալ: Դուրս է գալիս, որ ոչ մի «տեխնիկական վրիպակներ» էլ  տեղի չեն ունեցել, պարզապես նման մոտեցումը ՀՀ Ճանապարհային ոստիկանոթյան որդեգրած քաղաքականությունն է բողոքարկման դիմումներին պատասխանելու համար, և հենց սա է առաջացնում զարմանք և ՀՀ քաղաքացիների արդարացի վրդովմունքը:

Ավարտեմ նամակս հետևյալ հայտարարությամբ` հարգելի պարոն Գալստյան, ինչպես և նշել էին նախորդ  հոդվածի մեկնաբանություններում, Ձեր նկատմամբ որևէ անձնական թշնամություն չունեմ և երբեք չեմ ունեցել: Միևնույն ժամանակ պատրաստակամություն եմ հայտնում հնարավորինս աջակցել Ձեզ վստահված ծառայության ոլորտում օրենսդրությունը բարելավելուն վերաբերվող բոլոր նախաձեռնություններին:

Ի դեպ, համոզված լինենով, որ ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի №955-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք կետեր ողղակիորեն հակասում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը, մտադրված եմ դիմել ՀՀ վարչական դատարան` վերոհիշյալ իրավական ակտերի օրինականությունը վիճարկելու կապակցությամբ: Ներկայումս նախապատրաստվում են համապատսխան հիմքերը:  

2014 թվականի մարտի 19-ին ՀՀ վարչապետին ուղղված իմ դիմումի պատճեն` այստեղ

Մեկնաբանություններ (6)

Բագրատ Խաչատրյան (հեղինակ)
Հարգելի Pogos Pogosyan, ի պատասխան facebook-ում տեղադրած մեկնաբանությանդ, տեղեկացնում եմ` որևէ նշանակություն չունի մտքերը երկար են, թե կարճ: Կա օրենք, որը պարտադիր է բոլորի համար: Ինչ վերաբերվում է, թե “դուրս գալուց մարդկանց տրորումա”, ապա դա բացառվում է, և այդ հարցը կարգավորված է գործող ՃԵԿ-ի 49-րդ կետով, որով`հետընթացն արգելվում է նաև հետիոտնային անցումների վրա: Հիմա գնացեք ու ինքներդ մտածեք, թե ով է չհասկացողը, և ով պետք է լռի:
Հայկ
Սամվել,իսկ նորմալ պատասխանը ձեռք տալիս է?: Եթե նորմալ պատասխանի, բոլոր սխալ կազմված տուգանքների գումարները պետք է ետ վերադարձնի: Ավելի լավ չէ մի երկու բան տուֆտի (կներեք, ավելի հարմար բառ չեմ գտնում դրա մեկնաբանությունները բնութագրելու համար) ու հարցը համարի փակված: Իմ կարծիքով սա ոչ թե իրավական, այլ ավելի շատ հոգեբանական վեճ է: Ոստիկանությունը, ինչպես և մնացած բոլոր պետական կառույցները ապացուցում են, որ իրենք են դրության տերը, մնացածները միայն պետք է ենթարկվեն: Ինչքան մարդկանց շատ ներվայնացնեն, այնքան նրանց աշխատանքը լավ է գնահատվում: Ժողովուդն էլ ընկնում է սթրեսի մեջ և ավելի շատ խախտումներ է անում, ավելի շատ տուգանքներ վճարում:
Գևորք
ԱՊՐԵՍ !!!!!!!!!
Ruben
Txamard txaja, Bravo!!! 10 hat Galstyani pes GAI-i pet ktsali u jeby kdni.
ՍԱՄՎԵԼ
Չեմ հասկանում, ճանապարհային ոստիկանությունում մի հատ խելքը գլխին իրավաբան չկար, որ էտ բոլոր հիմքերը կարգին ուսումնասիրեր ու թյուրիմացություն նամակի տեղը մի նորմալ պատասխան տար:
Karen
Amen inch chat chish u manrakrkit nerkayacvac er. Dran hakapastark chi karox linel. Miak dzevo iranc (Ճո) chlangi tex dnelna. Kam inch ka zarmanalu - dranc mej graget mardo inch gorc uni.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter