HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Օրանժի» սարքած շիլափլավը

«Հետքին» է դիմել «Օրանժ» գրքի մրցանակ 2013-ի պատմվածքի ժանրում ֆեյսբուքյան ամենաշատ ձայները հավաքած Աննիկ Խաչատրյանը՝ նշելով, որ մրցույթը, թերևս, արդար է եղել մինչև եզրափակիչ փուլ:

Հիշեցնենք, որ պատմվածքի ժանրում եզրափակիչ փուլում հայտնվել էր երեք ստեղծագործություն՝ Աննիկ Խաչատրյանի «Վերադարձը», ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը և Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը»:

«Երբ մարտի 28-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում հաղթող պատմվածքի կարճ բնութագիրն էին ներկայացնում, ես վստահ էի, որ իմ պատմվածքն է: Բայց հնչեց Կռոյանի ազգանունը: Ես, ճիշտն ասած, զարմացա: Հասկանում էի, որ ինչ-որ բան այն չէ: Ես դեռ չգիտեի, որ Մհերի պատմվածքը եզրափակչում չեն քննարկել: Անմիջապես հեռացա: Իսկ երբ նույն օրը երեկոյան՝ 20:00-ին, լսեցի «Հ2»-ի լրատվականը, որի տեսագրությունը ուղարկում եմ ձեզ, որտեղ հայտարարվեց հաղթողների անունները, ուր ասվում էր, որ պատմվածքի ժանրում գլխավոր մրցանակի է արժանացել Աննիկ Խաչատրյանը, այսինքն` ես, համոզվեցի, որ անարդար խաղ է խաղացվել: Լսեցի և տեսագրեցի նաև ժամը 23:00-ի լրատվականը: Չէ՞ որ «Հ2»-ին «Օրանժն» էր տրամադրել մրցանակաբաշխության արդյունքները: Իսկական Սոդոմ-Գոմոր ստացվեց... Ամո՛թ «Օրանժին» իր սարքած շիլափլավի, իր կազմակերպած անարդար մրցույթի համար»,- գրել է Աննիկ Խաչատրյանը:

«Հետքը» զրուցեց տիկին Խաչատրյանի հետ, ով ասաց. «Եթե ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը հաղթեր, այսպես չէի բորբոքվի, որովհետև նա հրաշալի պատմվածք է գրել»:

Աննիկ Խաչատրյանը մարտի 29-ին «Օրանժի» գրասենյակից պահանջել է մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի հեռախոսահամարը՝ պարզելու եղելությունը: Իրեն տրամադրել են հետևյալ հեռախոսահամարները` 095987747 և 055000555-1-3-2: Նելլի անունով աշխատակիցը տիկին Խաչատրյանին ասել է, որ իրենց մոտ որպես հաղթող գրանցված է իր անունը, որ գիրքը տպելուց հետո լրացուցիչ կտեղեկացնեն: Սակայն ապրիլի 2-ին «Օրանժի» պաշտոնական կայքում որպես հաղթող տեղադրված էր Կռոյանի ազգանունը:

«Հետքը» ևս փորձեց տեղեկատվություն ստանալ «Օրանժից», սակայն Սաթի ներկայացած աշխատակցուհին նախ խնդրի մասին զեկուցեց համապատասխան բաժին, ապա ասաց, որ մեզ հետ կկապվեն: Սակայն մինչ այս պահը որևէ պարզաբանում չենք ստացել:

Աննիկ Խաչատրյանը կարծում է, որ «Օրանժը» պատմվածքի ժանրում մրցանակաբաշխության ժամանակ թույլ տվեց 3 կոպիտ սխալ. չքննարկեց Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» պատմվածքը, «Հ2»-ի մարտի 28-ի լրատվականում հաղթող ճանաչեց Աննիկ Խաչատրյանին «Վերադարձ» պատմվածքով, իր պաշտոնական կայքում որպես հաղթող տեղադրեց Նարինե Կռոյանի անունը:

Հիշեցնենք, որ «Օրանժի» գրքի մրցույթը ամենամյա է: Այս տարի ներկայացվել է 327 մասնակցության հայտ, որոնցից 121-ը՝ պատմվածքի, 152-ը՝ պոեզիայի, 27-ը՝ վեպ/վիպակի և 27-ը՝ հեքիաթի ժանրում:

Լուսանկարում` «Orange Armenia» ընկերության մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը եւ մրցույթի մոդերատոր Մկրտիչ Մաթևոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter